9.5.10

Պատասխանս` «Սիվիլիթասին»

Նախորդը` «Հայրիկ, սա այն մարդն էր չէ՞, որ ...»

- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -


Օրերս Վարդան Օսկանյանի ,,Սիվիլիթաս հիմնադրամ,,-ից, տնօրեն` Սալբի Ղազարյանի ստորագրությամբ, էլեկտրոնային մի նամակ ստացա:

Չնայած նամակը բազմահասցե չէր, այն սկսվում է` ,, Հարգելի Վահագն Ղուկասյան…,,: Այսինքն` անհատական է, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն բավական երկար ժամանակ անունս միայն «ՀԺ»-ի կայքում, «Կարծիքների բաժնում» կամ իմ բլոգում` այստեղ է հանդիպում, ենթադրում եմ, որ հենց այստեղից էլ արժանացել եմ «Սիվիլիթասի» ուշադրությանը: Այս հանգամանքն էլ հաշվի առնելով, որոշեցի ինձ ուղղված անհատական այդ նամակի պատասխանը հենց այստեղից էլ հրապարակավ հնչեցնել:

Ես դավաճանների հետ չեմ շփվում
.

Հարգելի տիկին Սալբի Ղազարյան, շնորհակալ եմ Ձեր առաջարկության համար, բայց ես այն ընդունել չեմ կարող, քանի որ «Սիվիլիթաս» -ի հետ միշտ ասոցացվում է Վարդան Օսկանյանի անունը: Իսկ իմ հաշվարկով նա դավաճան է…

Պարզաբանեմ ասածս.

Ձեր նամակը բաղկացած է 4 պարբերությունից: Առաջին երկուսը Վ.Օսկանյանի և Ձեր ելույթների մասին տեղեկատվություն է` երբ, ինչ առիթով, որտեղ, ինչի համար: Երրորդ և չորրորդ պարբերությունները նույնպես ինֆորմացիոն բնույթի են, բայց դրանք զուտ տեղեկատվական չեն, այլ` «Սիվիլիթաս»-ի հետ կոնտակտի մեջ մտնելու առաջարկություն(ներ): 3-րդը` համագործակցել իրական կյանքում, 4-րդը` համագործակցել «Սիվիլիթաս»-ի վիրտուալ տարածքում` բլոգում…

… Ճիշտն ասած որ մտքիս դնեի, լավ էլ «յուղոտ պատառ» կկպցնեի: Այն էլ` երկարաժամկետ, բայց… Բայց դա ինձ խորթ է: Ինչո՞ւ: Չէ՞ որ սա նույնն է թե Օսկանյանի հետ միասին` սեղանի մի կողմում նստեմ…

Նստեմ ու սկսեմ մտածել այն մասին, որ իմ հետ սեղանի նույն կողմում նստած «հայրենասեր» ներկայացող(վող) սույն պարոնը` արտգործնախարար աշխատած տարիներին` մի ուրիշ սեղանի շուրջը նստած` Մեղրին թուրքին տալու-չտալու-փոխանակելու հարց է քննարկել…

Ընդիմախոսս հիմա կասի` ««Մեղրիի հարցը» Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակ էլ է եղել, բարձրացվել…» Դա ճիշտ է, եղել է, բայց «հարց» կոչվածը նախագահների մակարդակով քննարկման սեղանի վրա երբեք չի դրվել, չէ՞: Այսինքն` ի սկզբանե մերժվել է… Վանո Սիրադեղյանն էլ հենց էդ օրերին իր պատմվածքների նոր ժողովածուն հրատարակեց` «Ձեռքդ ետ տար ցավի վրայից» վերնագրով: Կարդացածները տեղյակ են, որ Վանոն այդ պատմվածքում, Աստծո կողմից հայերիս նվիրված ԲՆԱԿԱՆ ԴԱՐՊԱՍԻ` Մեղրիի ստրատեգիական նշանակության մասին էլ է ասում…

«Մեղրիի հարց» ասվածը ոչ մի դեպքում չի կարող բարձրացվել: Դա թրքալեզու ցեղերի մուրազն է, սա պարզ է, հասկանալի է, բայց հայաստանցու համար նման հարց գոյություն չի ունեցել, ու չի էլ ունենալու: Դա դավաճանություն է : Պետական դավաճանություն…

Էս դեպքում էլ ընդդիմախոսս կասի` «Բայց չէ՞ որ իրենք չեն համաձայնվել, մերժել են…»: Ես էլ ասում եմ, որ երբ այդ մակարդակին են հասցրել նոր մերժել, դա նշանակում է, որ «հարց» կոչվածը ընդհանուր առմամբ իրենց համար ընդունելի է եղել: «Գնի» հետ համաձայնության չեն եկել` մերժել են: Իսկ կմերժեի՞ն, եթե Հեյդար Ալիևը չմեռներ…

Այ սա էլ տեղին հարց է, որովհետև` 2003թ.-ի նոյեմբերի 25 ին ԱԺ-ում Վարդան Օսկանյանի ելույթում ճիշտ հակառակի մասին խոսող մտքեր եմ արձանագրել. «Քի Ուէսթը ընդունելի էր, սա էլ է ընդունելի լինելու: Կարեւոր է Իլհամ Ալիեւի դիրքորոշումը` կշարունակի հոր ճանապարհը, թե…»: - Մի խոսքով, կարճ որ կապենք, կստացվի` Հեյդար Ալիևը մեռավ ու Քի Ուէսթը ձախողվեց, կամ Ավետիս Հարությունյանի ձևակերպածով ասենք` «Հակառակ մեր կամքին, Մեղրին մնաց ՀՀ կազմում»:

… Ես պարզ մարդ էմ, դիվանագետ չեմ, ու իմ պարզ տրամաբանությամբ էլ հասկանում եմ, որ եթե նախագահների մակարդակով բանակցությունների ժամանակ «տարածքներ փոխանակելու» հարց է քննարկվում, կամ թեքուզ` չի քննարկվում, բայց բանակցությունների սեղանին է դրված, ուրեմն դա նշանակում է, որ մինչև այդ արտաքին գործերի նախարարների մակարդակով առնվազն մի-քանի նախնական հանդիպումների ժամանակ այդ թեման եղել է, քննարկվել է: Եվ ուրեմն, Մեղրիի հարցը Քոչարյան-Ալիև բանակցությունների սեղանին հասնելու փաստը արդեն հաստատում է, որ այն քննարկվել է …

2005թ.-ի նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում (Ղարաբաղի հարցի քննարկման ժամանակ), Վ.Օսկանյանը պատգամավորների առջև կանգնած սուտ էր խոսում, ասում էր. «Ինձ համար Մեղրիի հարց չկա: Վստահ ենք, Մեղրիի հարց չկա: Ո՞նց էք պատկերացնում, որ որևէ մեկը Մեղրին տա: Նախագահը ո՞նց կարող է Մեղրին տալ: Մենք սխալ եզրակացություններ ենք անում…»

- Ասում եմ սուտ էր խոսել, որովհետև ասվածը շարունակել է հետևյալով` «Մենք ազգովին կորոշենք` ուզում ենք, թէ` ոչ: Նախագահը, արտգործնախարարը չեն գնում, ստորագրում, ժողովրդի կարծիքը պիտի իմանանք…»

- Ուշադրություն դարձրեք ասում է` «…ազգովի կորոշ_ԵՆՔ» և ոչ թե` «նման հարցերը ազգովի են որոշում»: Ինչպես նաև` «ժողովրդի կարծիքը պիտի իման_ԱՆՔ»: Ոչ թե` իմանա_Ն, այլ` իմանանՔ: Հայաստանցիներս արդեն տեսել ենք, թե Ժողովրդի կարծիքը Օսկանյանի իշխանությունը ինչպես է իմանում` 1 000 000 նկարված ձայնով կազմակերպված սահմանադրության հանրաքվե և այլն…

Իր այդ ելույթի ժամանակ, եթե չեմ սխալվում, պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս, Օսկանյանը մի անգամ էլ «նալին ու մեխին» միաժամանակ խփեց. Դարձյալ փորձեց հրաժարվել, բայց ճիշտ հակառակը ստացվեց. «Մենք չենք ընդունում այդ տարբերակը: Համանախագահները փորձել են համոզել, մենք մերժել ենք: Շիրակը նախագահին բաց տեքստով առաջարկեց` եթե հարցում զիջում անես, հարցը մինչեւ վերջ կտանեմ: Նախագահն ասաց` պատրաստ չեմ…»: Ոչ թե` Ո’Չ, այլ` «պատրաստ չեմ…»: Այս արտահայտությունը, կարծում եմ, լրացուցիչ մեկնաբանության կարիք չունի:

.

Վահագն Ղուկասյան,

Մայիս, 2010թ.




1 մեկնաբանություն:

tzitzernak2 a dit…

I hope you don't mind:

http://tzitzernak2.blogspot.com/2010/05/on-civilitas-oskanyan-and-meghri.html