29.10.07

ԻՆՉՈ՞Ւ ՄԱՐԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ

ԻՆՉՈ՞Ւ ՄԱՐԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ

«Համագործակցություն եւ ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության նախագահ, Կովկասի Մամուլի ինստիտուտի փոխտնօրեն, հայտնի հասարակական եւ իրավապաշտպան գործիչ, պրոֆեսիոնալ լրագրող Մարկ Գրիգորյանի նկատմամբ հոկտեմբերի 22-ին կատարված մահափորձը լուրջ մտահոգության տեղիք տալով հանդերձ, պատասխան ակնկալող մի շարք հրատապ հարցեր է առաջացրել.

1. Մահափո՞րձ էր այն, թե՞ վախեցնելու, ահաբեկելու նպատակով կատարված ակցիա:
2. Ո՞վ կամ ովքե՞ր կարող են լինել ահաբեկչության հեղինակները, այսինքն՝ ո՞րն է հարձակման պատճառը:
3. Ինչո՞ւ Մարկ Գրիգորյանի նկատմամբ, արդյո՞ք դա կապված էր նրա մասնագիտական գործունեության հետ:


Եվ այսպես.

1. Տեղի ունեցածը մահափո՞րձ էր, թե ոչ: Կարծում ենք, միանշանակ մահափորձ է եղել, եւ հիմք ընդունելով մեր կողմից դեպքի վայրի մանրակրկիտ ուսումնասիրությունը, կարող ենք ավելացնել, որ միայն երջանիկ պատահականությանն է պետք շնորհակալություն ասել, որ այն ողբերգական ավարտ չի ունեցել: Հիմնավորեմ ասվածը. ինչպես նկարագրում է տուժողը, այն պահին, երբ ինքը ավարտել է Մոսկովյան-Բայրոն փողոցների խաչմերուկի հատումը, թիկունքից վազելով իրեն է մոտեցել միջին տարիքի մի տղամարդ, պայթուցիկը նետել իր առջեւ եւ վազելով անհետացել:
Նկատենք, որ պայթուցիկը նետվել է ճամփեզրին, եւ եթե չլիներ բազալտե եզրաքարը (բորդյուրը), ապա... (պայթյունի հետեւանքով կարծր բազալտից 13-15սմ մի կտոր կիսվել է, 8 սմ բարձրության եւ 50 սմ երկարության հատվածում նռնակի բեկորներից առաջացած 84 հատ խոր հետքեր են առկա եզրաքարի վրա) ... այսինքն, հասկանալի է, թե ինչ հետեւանքներ կարող էր լինել, եթե մի քանի վայրկյան շուտ կամ ուշ գցեին պայթուցիկը, եւ պայթյունը տեղի ունենար ոչ թե գետնի ու եզրաքարի անկյունում, այլ բաց տարածության վրա: Հետեւաբար տեղի ունեցածը, իրոք, սպանության առանձնակի դաժանությամբ կատարված փորձ է եղել ու նաեւ շատերի կյանքի համար վտանգավոր, այսինքն՝ սրանք ծանրացուցիչ հանգամանքներ են, որոնք էլ հիմք են տալիս քննիչին կիրառել ՀՀ քր.օր.-ի 15-99 հոդվածը:
2. Ո՞վ կամ ովքե՞ր կարող են լինել մահափորձի կազմակերպիչները:
Միանգամից ու նաեւ հաստատապես կարող ենք ասել, որ կենցաղային հողի վրա տեղի ունեցած միջադեպի վարկածը ի սկզբանե բացառվում է եւ ոչ թե 50, 70 կամ 90, այլ միանգամայն 100 տոկոսով: Մարկ Գրիգորյանին ճանաչող ցանկացած անձ կարող է հաստատել ասվածը առ այն, որ չէր կարող իր էությամբ բարեհամբույր եւ բացառիկ դաստիարակության ու կուլտուրայի տեր, մեծ ինտելեկտով օժտված, ամենուր բարի համբավ վայելող անձնավորությունը երբեւիցե որեւիցե մեկի հետ անձնական թշնամություն ունենալ: Հետեւաբար բացառելով կենցաղային հողի վրա կատարվածը, այսինքն՝ անձնական թշնամությունը, կարող ենք ասել, որ կատարվածի պատճառը լրագրողի մասնագիտական գործունեությունն է:
Այսինքն, կարող ենք եզրակացնել, որ մահափորձը կատարվել է կա´մ ի պատասխան լրագրող-իրավապաշտպանի կողմից մինչ այս կատարած որեւէ գործունեության համար, այսպես ասած՝ վրեժխնդրություն է, կամ էլ ահաբեկչությամբ փորձ է կատարվել կանխելու ոմանց համար խիստ տհաճ կամ վտանգավոր բացահայտում:
3. Ինչո՞ւ Մարկ Գրիգորյանի նկատմամբ:
Այն, որ Մարկ Գրիգորյանը կիրթ, բարեհամբույր եւ չափազանց ինտելեկտուալ մարդ է, հայտնի է թե´ հարազատներին, թե´ մտերիմներին ու հարեւաններին եւ էլի շատ-շատերին: Բայց, կարծում ենք, «Ինչու՞ Մարկի նկատմամբ...» հարցի պատասխանը փնտրելիս շատ կարեւոր է նաեւ գնահատել Մարկ Գրիգորյանի հասարակական գործունեությունը: Այո´, հանձինս Մարկ Գրիգորյանի, գործ ունենք հասարակական ու ինչու չէ նաեւ քաղաքական գործչի, պրոֆեսիոնալ լրագրող-վերլուծաբանի ու լրագրողների ոտնահարված իրավունքների պաշտպանի հետ: Եվ նաեւ շատ կարեւոր է այն, որ Մարկ Գրիգորյանը որպես այդպիսին ճանաչվում է ոչ միայն Հայաստանում, այլեւ իր բոլոր լավ կողմերով հանդերձ՝ նաեւ ԱՊՀ ու արտասահմանյան այլ երկրներում:
Այսինքն, այս ամենը խոսուն ապացույց են այն բանի, որ եթե որեւէ թեմայի շուրջ վերլուծում ու հրապարակավ կարծիք է արտահայտում Մարկ Գրիգորյանը, ապա այն անմիջապես շատերի (միջազգային չափանիշներով) ուշադրությանն է արժանանում: Եվ ահա պարզվում է, որ միջազգային մակարդակով մեծ հեղինակություն վայելող պրոֆեսիոնալ ու բառիս բուն իմաստով բացարձակապես անկողմնակալ լրագրողը եվրոպական լրատվամիջոցներից մեկի համար հոկտեմբերի 27-ի երրորդ տարելիցին նվիրված հոդված է պատրաստում, այն էլ ոչ թե այս կամ այն դրվագին վերաբերող, այլ վերլուծական հոդված: Հայաստանաբնակներիս մեծ մասը պատկերացրեց, չէ՞, թե ինչ եզրակացության էր գալու անկողմնակալ լրագրողը: Կարծում եմ, պատկերը մոտավորապես հետեւյալն էր լինելու, եթե ընդդիմադիր թերթերում իրենց հասցեագրված մեղադրանքների կապակցությամբ ՀՀ ներկայիս իշխանությունները առանց կոնկրետ փաստերը հերքելու փորձում են արդարանալ, թե «ընդդիմադիրներից այլ բան չեն սպասում», ապա նույնը չէին կարողանալու անել անկողմնակալ Մարկ Գրիգորյանի դեպքում: Մնում է ավելացնել, որ Մարկ Գրիգորյանի պատրաստած հոդվածը տպագրվելու էր Անգլիայում, այսինքն՝ միջազգային լեզվով, եւ ուրեմն, տեռորիզմը մերժող, դատապարտող ողջ աշխարհի ուշադրությունը եւս մեկ անգամ հրավիրվելու էր հոկտեմբերի 27-ի թե´ դեպքերի եւ թե´ շարունակվող ընթացքի վրա:
Կարծում ենք, հենց այստեղ էլ գտնվում է «Ինչո՞ւ Մարկ Գրիգորյանի նկատմամբ, եւ արդյո՞ք դա կապված էր նրա մասնագիտական գործունեության հետ» հարցի պատասխանը:
Հ.Գ. Ավելորդ չէ նաեւ հիշեցնել, որ ահաբեկիչների թիրախում հայտնված պրոֆեսիոնալ լրագրող-վերլուծաբանը նույնպես այն կարծիքին է, որ տեղի ունեցածը կապված է Լոնդոնում գտնվող լրագրողական կազմակերպություններից մեկի խնդրանքով հոկտեմբերի 27-ի ահաբեկչության երրորդ տարելիցի կապակցությամբ իր կողմից հոդված պատրաստելուն: Հիշեցնենք, որ այդ հոդվածը գրելու համար Գրիգորյանը հարցազրույց է ունեցել մի շարք քաղաքական գործիչների եւ իրազեկ անձանց հետ եւ ուսումնասիրել դեպքի կապակցությամբ բազմաթիվ փաստաթղթեր:
Ի դեպ, Մարկ Գրիգորյանին հարցաքննող քննիչներից բացի, Նոր Նորքի շտապօգնության գիտաբժշկական կենտրոն են այցելում նաեւ ՀՀ ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները: Մասնավորապես վարչության պետ Հրաչյա Հարությունյանի տեղակալ Կարեն Հակոբյանի ներկայությունը երկու տարբեր՝ լավ եւ վատ կարծիք է առաջացնում. լավը այն է, որ Կ. Հակոբյանը սպանությունների գծով իրոք պրոֆեսիոնալ մասնագետ է, որը հիմք է տալիս կարծելու, որ ահաբեկիչները փրկություն չունեն: Իսկ վատն այն է, որ ՆԳՆ ՔՀԳՎ-ն վերջին 3-4 տարիներին կատարած «բացահայտումներից» (նկատի ունենք քաղաքական ենթատեքստ ունեցող աղմկահարույց գործերի օպերատիվ հետաքննությունները՝ Արծրուն Մարգարյանի եւ Վ. Խորխոռունու սպանությունները, հոկտեմբերի 27-ի ու Մուշեղ Սաղաթելյանի գործերով օպերատիվ հետաքննությունը...) ոչ մեկը չի գոհացրել հայ հասարակությանն ու քաղաքական շրջանակներին, հետեւաբար Կ.Հակոբյանի ներկայությունը թույլ է տալիս նաեւ մտահոգվելու, որ հանկարծ այս գործում էլ որպես գլխավոր վկա չհայտնվի ՆԶ նախկին բժիշկ Հրանտ Պապիկյանը ու ինչ-ինչ հեքիաթներ պատմի:


ՎԱՀԱԳՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ

27.10.2002թ.

Aucun commentaire: