1.11.07

ԵՍ ՈՐԵՎԷ ՋԱՆՔ ՉԵՄ ԽՆԱՅԻ (21.09.2007)



ԵՍ ՈՐԵՎԷ ՋԱՆՔ ՉԵՄ ԽՆԱՅԻ


Սիրելի բարեկամներ. 16 տարին ե´ւ շատ կարճ, ե´ւ շատ երկար ժամանակ է՝ նկատի ունենալով մեր Հայաստանի պատմությունը:

Եթե ոչինչ չասենք, բավական է հիշել, որ մեր նորանկախ պետությունը արդեն հինգ անգամ ավելի երկար կյանք է ունեցել, քան Հայաստանի առաջին անկախ Հանրապետությունը: Մենք հասկանում էինք, որ անկախությունը դժվար ճանապարհ է լինելու մեզ համար, ոչ միայն նրան հասնելու ճանապարհին, այլ նաեւ հետագայում, քանի որ սա սովորական անկախություն չէր, սա նույնիսկ գաղութատիրությունից ազատվելու փորձ չէր, քանի որ այստեղ լուծվում էր ոչ միայն քաղաքական անկախության խնդիրը, այլեւ հասարակարգի բոլոր համակարգերի փոփոխության խնդիրը. կոմունիստական գաղափարախոսությունից անցում դեպի դեմոկրատիա, կենտրոնացած պլանային տնտեսությունից անցում դեպի ազատ շուկայական տնտեսություն, բացարձակապես զրոյական արտաքին հարաբերություններ ունենալուց արտաքին հարաբերությունների նոր համակարգ ստեղծելու մի փոփոխություն: Էլ չեմ ասում` սեփական բանակ, սեփական պետական կառույցներ ունենալու մի ճանապարհ: Դժվար է, իհարկե, մարդկանց բացատրել, թե ինչպիսի օբյեկտիվ խնդիրներ գոյություն ունեին եւ այսօր էլ գոյություն ունեն, եւ դեռ տասնյակ տարիներ դրանք պետք է գոյություն ունենան մեր ճանապարհին: Չխոսած այն մասին, որ բացի այս ամեն ինչից, որ հատուկ էին Խորհրդային Միության բոլոր հանրապետություններին, մենք ունեինք նաեւ Ղարաբաղյան պատերազմ, մենք ունեինք 300 հազար փախստական, մենք ունեինք աղետի գոտի, որից տուժել էր 500 հազար մարդ: Ես չեմ պատկերացնում, որ որեւէ` մեզնից շատ ավելի հզոր պետություն այսպիսի դաժան բեռի տակ կարողանար հասնել այն բանին, ինչին հասավ մեր ժողովուրդը եւ մեր պետությունը: Այսօր, այդ ամենը ասելով, ես ուզում եմ ընդգծել, որ անկախության 16-րդ տարին, թեեւ թվում է սովորական, ոչ հոբելյանական, բայց նկատի ունենալով առաջիկա նախագահական ընտրությունները` ես համարում եմ շրջադարձային տարի: Մենք այսօր կանգնած ենք ճամփաբաժանի առջեւ, մեծ երկընտրանքի առջեւ: Ունենք երկու ճանապարհ. մեկը՝ պահպանել այն, ինչ այսօր գոյություն ունի, այսինքն՝ պետության, ավելի շուտ` իշխանության վերից վար կոռումպացված, հանցագործ մի վարչակազմ, որի հարաբերությունները կարգավորվում են ոչ թե օրենքներով, ոչ թե ժողովրդի կամքով, ոչ թե քաղաքական երկխոսությամբ, այլ գողական աշխարհի կարգ ու կանոնով: Լիովին մաֆիոզ, մինչեւ վերջին երանգը ստրուկտուրիզացված մի ռեժիմ, որը մեզ այսօր արդեն գլորել է երրորդ աշխարհի այսպիսի ռեժիմների շարքը, եւ այս իշխանության գոյատեւումը չի խոստանում, որ մենք կարող ենք երբեւէ դուրս գալ այս վիճակից: Ուրեմն այսօր խնդիրը այս համակարգը կազմաքանդելու, այս համակարգից ազատվելու խնդիրն է: Եւ ամենակարեւոր խնդրի մասին. անցել է արդեն 16 տարի. մեր իշխանության օրոք` ութ, ավելի քիչ` յոթ ու կես, սրանց օրոք` ավելի շատ: Ես ցավով եմ ընդգծում, որ մեր ժողովրդի մեջ (դա գուցե նաեւ մենք ենք մեղավոր, որ չկարողացանք բացատրել, չկարողացանք հասցնել նրան) չկա այն գիտակցությունը, որ այսօր հայ ժողովրդի առջեւ կանգնած, Հայաստանի առջեւ կանգնած, մեր պետության առջեւ կանգնած գերագույն խնդիրը, որից կախված է ե´ւ Հայաստանի ապագան, ե´ւ մեր ժողովրդի բարօրությունը, ե´ւ մեր տնտեսության բարգավաճումը, Ղարաբաղի հարցի կարգավորումն է: Եթե չլինի այդ գիտակցությունը, ինձ թվում է` ոչինչ անել պետք չէ: Գնալ, մտնել մեր տները եւ սպասել, թե ինչպես է Հայաստանը, ինչպես ասացի, վերածվում երրորդ աշխարհի մի երկրի, որի միակ կապիտալը լինելու է աշխատանքի արտահանումը: Ուրիշ ոչինչ չունենք: Այսօր արդեն մեր աշխատուժը կազմում է մեր բյուջեի եւ մեր համախառն ներքին արդյունքի մի զգալի մասը, եթե ոչ բախտորոշ: Պետք է հասկանանք` սա չեմ ասում, որպեսզի թեւաթափ լինենք. Հայաստանը ունի ռեսուրսներ, Հայաստանի ամենամեծ ռեսուրսը նրա բացվածությունն է աշխարհի առջեւ, երբ մեր սահմանները բացվեն դեպի Թուրքիա, դեպի Ադրբեջան, դեպի Իրան. չխաբվեք, մենք Իրանի հետ ճանապարհ չունենք: Մեղրին ճանապարհ չէ տնտեսական զարգացման համար: Ճանապարհը Ջուլֆայի երկաթգիծն է (որը անցնում է Նախիջեւանով-խմբ.): Եթե չբացվենք արտաքին աշխարհ, եթե այդպես մնանք փակված, մենք կվերածվենք բնատնտեսության, որի վախճանը շատ աղետալի կարող է լինել: Մենք կկորցնենք ոչ միայն Ղարաբաղը, այլ նաեւ կմտածենք Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման մասին:

Այս իշխանությունների ամենամեծ հանցանքը, ինձ թվում է, հենց այստեղ է կայանում: Ղարաբաղի հարցի կարգավորումը այս տասը տարիների ընթացքում համարյա թե հասել է անհուսալի վիճակի: Եթե դուք հետեւում եք Ադրբեջանի արձագանքներին, ապա կտեսնեք, որ նրանց դիրքը քանի գնում` կոշտանում է: Այսուհետեւ նրանք ոչ մի փոխզիջման չեն գնալու: Ես չգիտեմ՝ ինչ է հնարավոր անել՝ այս վիճակից դուրս գալու համար: Բայց, կրկնում եմ, այս վիճակը դեռեւս անհուսալի չեմ համարում, հնարավոր է փորձել, վերադառնալ նորմալ երկրների շարքը: Ես մնացյալ խնդիրների լուծումը շատ լավ տեսնում եմ, հնարավոր է այս կոռուպցիոն կառույցը լիովին կազմալուծել, կազմաքանդել, հնարավոր է վերականգնել Հայաստանում օրենքի իշխանությունը, հնարավոր է դատարանները, դատախազությունը, իրավապահ մարմինները վերածել իրենց բուն ֆունկցիան կատարող օրգանների, այլ ոչ թե այս մաֆիոզ կառույցների հանցանքները թաքցնող եւ միայն քաղաքական հետապնդումների գործիք ծառայելու միջոցի:

Հնարավոր է եւ շատ իրական՝ վերականգնել դեմոկրատական ազատությունները Հայաստանում: Այսօր նրանք (իշխանությունները-խմբ.), փակված 17 հեռուստաալիքների էկրանների ետեւում, բարիկադավորված, ուզում են մեր ժողովրդին ցույց տալ բոլորովին մի ուրիշ աշխարհ. դա տեսել ենք, դա բրեժնեւյան շրջանի Խորհրդային Միությունն է, եւ ըստ էության էլ՝ այսօրվա վիճակը շատ նման է բրեժնեւյան շրջանի լճացման տարիներին:

Վերջերս մի միտք արտահայտվեց, որ Հայաստանում իշխանության փոփոխություն հնարավոր չէ, քանի որ իշխանության ճգնաժամ չկա: Ճիշտ է՝ առերեւույթ իշխանության ճգնաժամ չկա, կառուցվում են Հյուսիսային պողոտայի շենքերը, ամեն օր նոր ռեստորաններ են բացվում, նոր տներ են կառուցվում եւ այլն, եւ այլն: Բայց ճգնաժամը չկա առերեւույթ: Առերեւույթ ճգնաժամն այնքան վտանգավոր չէ. տեսանելի ճգնաժամը վտանգավոր չէ: Մենք ունեցել ենք էներգետիկ ճգնաժամ, հաղթահարել ենք: Մենք ունեցել ենք ֆինանսական ճգնաժամ. Խորհրդային Միության ամբողջ տնտեսական համակարգը՝ ռուբլու գոտին, փլուզվեց, դա նույնպես հաղթահարվել է: Մենք ունեցել ենք պատերազմի ճգնաժամ, հաղթահարել ենք: Շատ ավելի դժվար է հաղթահարել անտեսանելի, աներեւույթ ճգնաժամը, որը լճացումն է: Լճացում, որը բերում է պետության հիմքերի բացարձակ նեխման ու փտման: Խորհրդային Միությունը կործանվեց ոչ թե 1991-ին, այլ կործանվեց Բրեժնեւի լճացման տարիներին: Բանից պարզվեց, որ այդ պետությունը խաղալիք է, այլեւս հիմքեր չուներ, ջրերը մաշեցրել էին այդ հիմքերը: Այսօր նույն վիճակն է, ամենավտանգավոր վիճակը, որովհետեւ դա չի տեսնվում, չի երեւում, ժողովուրդը չի գիտակցում, եւ դժվար է ժողովրդին հասցնել. ասացի արդեն՝ հեռուստատեսությունը փակ է, թերթերն ի զորու չեն այդ արգելքը հաղթահարելու: Ինչեւէ, սա մեկ ճանապարհն էր, որ այսօր կանգնած է մեր առջեւ:

Մյուս ճանապարհը մեր արժանապատվությունը վերականգնելու, ժողովրդին իր երկրի տերը դարձնելու ճանապարհն է եւ պետական այն բոլոր կառույցների առողջացման ճանապարհը, որոնք ես արդեն նշեցի: Դա հնարավոր է իրականացնել: Թեեւ իշխանությունները շատ հզոր են՝ շատ հզոր են իրենց իրավապահ մարմիններով, իրենց, հատկապես, պետական ապարատով, նկատի ունեմ՝ նախագահից մինչեւ վարչապետ, նախարարներ, մարզպետներ, թաղապետեր` գումարած ամբողջ իրավապահ մարմինների աստիճանավորումները: Ես այս շարքում չեմ ընդգրկում, այսպես կոչված, օլիգարխներին, դա բոլորովին ուրիշ թեմա է: Մի խաբվեք, հրաժարվեք անգամ այս բառից: Սա ե´ւ վիրավորական, ե´ւ սխալ տերմին է, որը մտավ ռուսաստանցի մի քաղաքական գործչի թեթեւ ձեռքով: Դրանք ձեռնարկատերեր են, դրանք գործարարներ են: Եւ նրանք այդ իշխանության սյուները չեն, եթե կուզեք իմանալ, գործարարներն այդ իշխանության զոհերն են: Նրանք երջանիկ կլինեին գործելու օրենքի դաշտում, հարգվելու հասարակության կողմից եւ իրենք իրենց հարգելու: Այդ բարեգործություններով այդ հարգանքը չեն նվաճի: Եւ մի մտածեք, թե այդ մարդիկ հարկեր չեն վճարում, նրանք վճարում են այդ հարկերը, գուցե եւ ավելին, քան պիտի վճարեին օրենքով: Բայց այդ հարկերը չեն մտնում բյուջե, նրանք մտնում են գիտեք՝ ում գրպանը: Եւ վերջապես, մեր ժողովրդին պետք է մենք հասցնենք այն գիտակցությունը, թե ինչից է կախված իր վիճակի բարելավումը: Առաջին հերթին՝ ասացի այս համակարգի, կոռուպցիոն համակարգի վերացմամբ, երկրորդ՝ Ղարաբաղի հարցի լուծմամբ, երրորդ՝ շրջափակումների վերացմամբ, չորրորդ՝ հարեւանների հետ նորմալ բարիդրացիական հարաբերությունների հաստատմամբ, եւ վերջապես՝ իրենց կամքով, որը գլխավորն է: Մեր ժողովուրդը պետք է հասկանա, սա արդեն այստեղ հավաքված մեր բոլորի պարտականությունն է` հասցնել նրան, նրա գիտակցությանը, որ իր ձայնը վաճառելով 20 կամ 50 դոլարով` նա պետք է իմանա, որ այդ մարդուց դրանով այս իշխանությունները կորզում են 5 հազար դոլար: Կորզում են իրենց երեխաների ապագան, կորզում են, վերջապես, այս երկրի բախտը: Հիմա՝ անձամբ իմ մասին: Ես գիտեմ՝ այս երեկոյից դուք ինչ ակնկալիքներ ունեք: Չեմ թաքցնում, չեմ էլ կարող սեթեւեթել, ես հետեւում եմ այս պրոցեսներին, որոնք ընթանում են: Բոլորս հասկանում ենք, որ իսկապես բախտորոշ վիճակ է, եւ բոլորս հասկանում ենք, որ պետք է դուրս գալ սրանից: Բանալին էլ բոլորը ճիշտ են ըմբռնել: Այս իշխանություններից ազատվելու միակ ճանապարհը առկա բոլոր քաղաքական ուժերի, բոլոր հասարակական, մտավոր, հոգեւոր ուժերի համախմբումն է մեկ միասնական թեկնածուի շուրջ: Ուրիշ ճանապարհ չկա, այս տասը տարվա փորձը ցույց տվեց, որ մնացած ճանապարհները հաջողություն չեն բերում:

Հիմա՝ ես կողջունեի ցանկացած մեկին, որը կհավակներ այդ միասնական թեկնածուի դերին, եւ նրան կհաջողվեր իր շուրջը համախմբել բոլոր ուժերին: Եւ իմ ամբողջ կարողությամբ, իմ ազդեցությամբ ես կնպաստեի այդ պրոցեսին: Ինչ վերաբերում է ինձ, ասեմ՝ ես այսօր դեռ որոշում չունեմ: Ես դեռ ուսումնասիրում եմ, ես դեռ կշռում եմ, ես դեռ քննում եմ: Իմ մոտեցումը զուտ քաղաքական է: Ես չեմ կարող առաջնորդվել էմոցիաներով: Արկածախնդրությունը խորթ է իմ խառնվածքին: Մինչեւ ես չիմանամ իմ կատարելիք քայլերի արդյունավետությունը, ես քայլ չեմ անի:

Կա, իհարկե, մթնոլորտի փոփոխություն, կա տրամադրությունների փոփոխություն, բայց դա դեռեւս այսօրվա իմ գնահատականով, ինչպես ասում են, կոնդիցիայի չի հասել, եւ դժվար է հասցնելը, ինչպես ասացի: Դժվար է, քանի որ հեռուստատեսությունը 17 ալիքով ամեն օր մտնում է երկու միլիոն հայի տուն: Դրա հաղթահարելու ձեւերը մենք պետք է գտնենք: Ասացի՝ ես դեռ որոշում չունեմ եւ երբ որ որոշում կայացնեմ՝ այո կամ ոչ, ես համոզված եմ, որ կարող եմ ձեզ տալ իմ բացատրությունները, որոնք ձեզ համար կարող են համոզիչ լինել: Միայն մի բանում մի կասկածեք, որ եթե տեսնեմ` որեւէ օգտակար դերակատարություն կարող եմ ունենալ այս ժողովրդին եւ մեր երկիրը, մեր պետությունը այս վիճակից դուրս բերելու գործում, ես որեւէ ջանք չեմ խնայի: Շնորհակալություն:


ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

21.09.07
Երեւան

Aucun commentaire: