17.11.07

ԴԵԳԵՆԵՐԱՏՆԵՐԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Ինչպես հիշում եք, սույն թվականի փետրվարի 25-ին «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը հրավիրվել էր Երեւանի Կենտրոն-Նորք-Մարաշ համայնքների դատախազություն, դատախազին կից ՀԳԿ քննիչ Սերգեյ Աբրահամյանի մոտ, որտեղ քննիչը պրն Փաշինյանին մեղադրանք էր առաջադրել, որպեսզի պարզեր՝ ՀՀ ՔԱՎ պետը դեգեներա՞տ (այլասերված) է, թե՞՝ ոչ:
.
Հիշեցնեմ նաեւ, որ Կենտրոն-Նորք-Մարաշ համայնքների դատարանում մերժվեցին ՀԳԿ քննիչ Սերգեյ Աբրահամյանի նախապատրաստած նյութերը եւ ի հեճուկս իրենց՝ Նիկոլ Փաշինյանը չհայտնվեց ճաղավանդակի ետեւում, այսինքն՝ քննիչը պարտվեց, եւ չարդարացրեց «մեծն լոչչիկի»՝ Ս.Երիցյանի հույսերը, այսինքն, պատվիրատուն դժգոհ մնաց: Բայց այս մասին շատ է խոսվել, իսկ ես կցանկանամ ընթերցողներին տեղեկացնել ՀԳԿ քննիչ Ս.Աբրահամյանի մեկ այլ «կարկատած» գործին, որի պատվիրատուն, ի տարբերություն Ս.Երիցյանի, ավելի հզոր է, նաեւ ՀԳԿ քննիչի անմիջական շեֆն է:
.
Այսպես, ՀԳԿ քննիչի պաշտոնում հայտնված Ս.Աբրահամյանին ճանաչում եմ արդեն 4 տարի : Առիթի մասին, դեռ այն ժամանակ՝ «Առավոտ» օրաթերթի 2000թ. փետրվարի 3-ի համարում Սերգեյ Աբրահամյանի հասցեին լուրջ մեղադրանք եմ հնչեցրել չեղած տեղից քրեական գործեր սարքելու համար: Խոսքս վերաբերվում է «Վահան Հարությունյան եւ մյուսներ» քրեական գործի նախաքննության ընթացքում տեղի ունեցած քննչական մի գործողության, որին ես հրավիրված եմ եղել մասնակցելու որպես ընթերակա:
.
Ինչեւիցե, կարծում եմ ավելորդ չէ եւս մեկ անգամ անդրադառնալ այդ նենգ ու ստոր գործողությանը, որը կազմակերպվել է Ս. Աբրահամյանի շեֆի՝ Աղվան Հովսեփյանի կողմից, իսկ պատվիրատուն էլ ապարանցի դատախազի շեֆեր են:
.
Եվ այսպես: Ուսումնասիրենք քր.գործի նյութերը : 1998թ. ՀՀ դատախազությունում հարուցված թիվ 62202499 քր. գործի նյութերին ծանոթանալուց հետո հասկանալի է դառնում, թե ինչու մի շարք ծանր մեղադրանքներից հրաժարվող Արմեն Տեր-Սահակյանը այդպես էլ չընդունեց իրեն հասցեագրվող մեղադրանքները եւ դատապարտվեց մահապատժի, իսկ նույն գործից անջատված մասով՝ վերը նշված քր.գործում, նույնպես մի շարք ծանր մեղադրանքների առումով խուսափողական բնույթի ցուցմունքներ տվող Սահակ Բալյանը հայտարարում է, որ ինքը սպանել է, բայց թե դիակները ով եւ որտեղ են թաղել, ինքը չգիտի: Հասկանալի է, որ Ս.Բալյանի նման ցուցմունքը իրավաբանորեն հիմք չէր կարող ունենալ, նման դեպքում պետք է հայտնաբերվեին դիակները: Բայց ահա, որոշ ժամանակ հետո Սահակ Բալյանը ընդունում է իրեն հասցեագրված մեղադրանքները ու հայտարարում, որ ինքն է ե´ւ սպանել, ե´ւ թաղել ու նա դատապարտվում է 15 տարվա ազատազրկման: Նկատենք նաեւ, որ ըստ մեղադրանքների Սահակ Բալյանը, ի տարբերություն Արմեն Տեր-Սահակյանի, մեղադրվում էր անձամբ մի քանի անձի սպանությունը կատարելու մեջ, բայց նա անհամեմատ ավելի մեղմ պատիժ ստացավ: Նկատենք նաեւ, որ բացի իր վերջին՝ 15.05.1999թ. տված ցուցմունքից, մնացած բոլոր 8 ցուցմունքները Ս.Բալյանը անձամբ չի գրել եւ նույնիսկ անձամբ չի էլ կարդացել, այլ, ինչպես ցուցմունքների վերջում գրված է՝ «ցուցմունքս ինձ համար ընթերցվեց բարձրաձայն, իմ խոսքերից, ճիշտ է, որի համար ստորագրում եմ» :
.
Սրանով չեմ ուզում կասկածի տակ դնել քննիչի կողմից գրված այս ցուցմունքների համապատասխանելիությունը, բայց նաեւ չենք կարող բացառել, որ պրոֆեսիոնալ դարձած քննիչները կարող էին մի բան գրել, բայց մեկ ուրիշ բան կարդալ: Կարելի է նաեւ համեմատել Արմեն Տեր-Սահակյանի եւ Վահան Հարությունյանի պատժատեսակների մեջ, քանի որ, ըստ մեղադրանքի, նրանք, կրկնում եմ, ըստ մեղադրանքի, երկուսն էլ սպանություն կատարելու հանձնարարություն են ստացել եւ այդ հանձնարարությունը փոխանցել են իրենց ենթականերին, եւ ահա Վահան Հարությունյանը դատապարտվում է 7 տարվա բանտարկության, իսկ Ա.Տեր-Սահակյանը՝ մահապատժի: Սա իրոք հանելուկ էր, որի լուծումը մեզ ներկայացրեց Ա.Տեր-Սահակյանը, իսկ հետագայում տեղի ունեցած քննությունն ու դատավճիռները հաստատեցին նրա ասածները:
.
Հիշեցնեմ, դատարանում բազմիցս հնչած Ա.Տեր-Սահակյանի հայտարարությունները՝ «Աղվանը (դատախազ Ա.Հովսեփյանը ... Վ.Ղ.) զենքը դնում էր գլխիս ու ասում՝ Վանոյի վրա ցուցմունք տուր», «Աղվանը ասում էր՝ հայտարարիր, որ Վանոն քեզ պատվիրել է սպանություններ կատարել, փոխարենը քեզ գառանտիա ենք տալիս մի 7 տարվա դատավճիռ եւ մի երկու տարուց՝ ազատություն»: Ճշմարտացի՞ էին Ա.Տեր-Սահակյանի հայտարարությունները, թե՞ ոչ, հիմքեր ունե՞նք ասելու, որ ճիշտ էր, իհարկե՝ ունենք, քանի որ Վահանը հայտարարեց այն ամենը, ինչ առաջարկում էին Արմենին եւ ստացավ 7 տարի, այսինքն հենց այնքան, որքան որ Արմենը նախօրոք հայտարարում էր, որ խոստանում էին իրեն:
.
Վահան Հարությունյանի մորաքրոջ տղան՝ Սահակ Բալյանը, որը սկզբում Ա.Տեր-Սահակյանի նման իրեն մեղավոր չի ճանաչում, հետագայում նախընտրում է Վահան Հարությունյանի տարբերակը, իսկ թե որն էր նրա վարքագծի փոփոխման պատճառը, կարող ենք ենթադրել: Ընթերցողը կհարցնի. «Իսկ այս ամենի հետ ի՞նչ կապ ունի «Կենտրոնի» դատախազի օգնական, ՀԳԿ քննիչ Ս.Աբրահամյանը»: Բանը նրանում է, որ Ս.Աբրահամյանը 4 տարի առաջ ոչ թե համայնքի, այլ ՀՀ գլխավոր դատախազին կից ՀԳԿ քննիչ էր եւ իր հատուկ դերակատարումն է ունեցել Սահակ Բալյանի հարցաքննությունների ընթացքում:
.
Նախաքննության ընթացքում Սահակ Բալյանը պահվել է ԱԱ քննչական մեկուսարանում: Վերջերս հաճախակի է հնչում եւ հիմնավոր է այդ տեսակետը, որ ԱԱ մեկուսարանում կալանավորների կյանքը ավելի ապահով է, քան ՆԳ մեկուսարանում, եւ ահա քր. գործի 33-րդ հատորի գ.թ. 41-ում հանդիպում ենք Ա.Հովսեփյանի 03.09.98թ. կայացրած որոշմանը (տես՝ sb0309), որով Սահակ Բալյանը տեղափոխվում է ՆԳ թիվ 5 քննչական մեկուսարան: Մի քանի օր հետո Սահակ Բալյանը քննչական խմբի ղեկավարին նամակ (տես՝ sb1509) է գրում, որում հայտնում է, որ իրեն կրկին հարցաքննեն, քանի որ ինքը հիշել է կարեւոր մանրամասներ. «Վահան Հարությունյանը անձամբ ինձ իր կաբինետում բերանացի տվել է հրաման հայրենիքի դավաճաններին գնդակահարելու մասին...»:
.
Սահակ Բալյանի վերը նշված նամակը մակագրվել է նախաքննության մարմնի անդամներից մեկի՝ ՀԳԿ քննիչ Սերգեյ Աբրահամյանի վրա: Սահակ Բալյանի կողմից գրված նամակը կասկածելի է այն բանով, որ այն գրվել է բավականին վարժ ձեռագրով, գրագետ եւ դրանում բացակայում են տառասխալները, իսկ Ս.Բալյանի կողմից իր իսկ ձեռքով գրված բոլոր ցուցմունքների վերջավորությունները (տես՝ sbst1-sbst2) խոսում են այն մասին, որ Ս.Բալյանը հաճախակի է սխալներ թույլ տալիս, վարժ չի գրում, այլ շատ դանդաղ եւ դժվարությամբ է շարում բառերը, այսինքն՝ ակնհայտ է 18.09.98թ. թիվ 5 քննչական մեկուսարանից Ս.Բալյանի անունով գրված նամակի եւ ցուցմունքների վերջում նրա ձեռքով գրվածների ձեռագրերի տարբերությունը:
.
Իսկ ահա սեպտեմբերի 11-ին Ա.Հովսեփյանը դարձյալ մի որոշում է կայացնում (տես՝ sb1109) եւ ընդամենը 8 օր առաջ Ն քննչական մեկուսարան տեղափոխված Սահակ Բալյանին դարձյալ տեղափոխում են ապահով՝ ԱԱ մեկուսարան: Այդ 8 օրերի ընթացքում Ն մեկուսարանում ինչ է կատարվել Ս.Բալյանի հետ, չենք կարող ասել, բայց նաեւ չենք կարող բացառել, որ Ս.Բալյանի համար նախաքննության ընթացքի վատ վերջանալու դեպքում նա էլ Ա. Տեր-Սահակյանի նման կարող էր վեր կենալ ու հայտարարել, որ, ասենք, օրինակ, Աղվանը իր գլխին էլ է ատրճանակը պահել, կամ ասենք՝ շշի վրա է նստեցրել եւ պահանջել, որ Վանոյի դեմ ցուցմունք տա:
.
Չափազանց ուշագրավ է նաեւ այն, որ կրկին ԱԱ մեկուսարան տեղափոխելուց հետո Սահակ Բալյանի նկատմամբ քննչական խմբի վերաբերմունքը փոխվել է, եւ, դեռեւս նախաքննությունը չավարտված, նախաքննության մարմնի ղեկավարը բավարարել է Ս.Բալյանի հոր խնդրանքը եւ 22.10.98թ. թույլատրել է որդու հետ տեսակցություն: Մեկ ամիս հետո, այս անգամ առանձին տեսակցության (տես՝ 2311) խնդրանքով դիմել է նաեւ Ս.Բալյանի կինը, եւ նոյեմբերի 27-ին բավարարվել է նաեւ այդ խնդրանքը (տես՝ 2711): Նմանատիպ մի խնդրանք էլ բավարարվել է, եւ Ս.Բալյանը իր ծննդյան օրը՝ դեկտեմբերի 17-ին է հնարավորություն ստացել առանձնատեսակցություն ունենալու կնոջ հետ: Հիշեցնեմ նաեւ 1998թ. շրջանառվող այն խոսակցությունները, ըստ որոնց Վանոյի դեմ ցուցմունքներ տալու դեպքում Ս.Բալյանին խոստացել են «գժի թուղթ», որով նա կխուսափի պատասխանատվությունից: Եվ ահա, կարծես թե սին չէին այդ խոսակցությունները, քանի որ հատոր 33-ի գործ թերթեր 65-ից 77-ում կան բազմաթիվ փաստաթղթեր այն մասին, որ Ս.Բալյանը ենթարկվել է դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննությունների, որում չնայած Ս.Բալյանը ճանաչվել է մեղսունակ, բայց համաձայնվենք, որ մինչեւ փորձաքննության ավարտը այդ հանգամանքն էլ ինչ-որ չափով կարող էր իր ազդեցությունը ունենալ Ս. Բալյանի վրա: Եվ ահա 1999թ. մայիսի 15-ին Ս.Բալյանը հարցաքննության ժամանակ ոչ թե հրաժարվում է մեղադրանքից, այլ հայտարարում, որ ինքն իրեն մեղավոր չի ճանաչում, քանի որ ինքը զինվոր է եւ Կարեն Ռաֆայելյանին եւ Արթուր Հովհաննիսյանին սպանելով ինքը ընդամենը հրաման է կատարել եւ որոնց թաղել է Նուբարաշեն-Վարդաշեն ճանապարհին:Իրավաբանությանը ծանոթ ցանկացած անձ լավ գիտի այն կարեւոր հանգամանքը, որ որքան էլ անձը հայտարարի, թե այս կամ այն հանցագործությունը ինքն է իրականացրել, միեւնույն է, այդ հայտարարությունը պիտի հիմնավորվի իրեղեն ապացույցներով, իսկ սպանության դեպքերում գլխավոր իրեղեն ապացույցն է համարվում դիակների առկայությունը: Այսինքն, Սահակ Բալյանը՝ ընդունելով, որ ինքն է կատարել 1994թ. հունվարին անհայտ կորած Արթուր Հովհաննիսյանի եւ Կարեն Ռաֆայելյանի սպանությունները, ապա Սահակ Բալյանը պարտավոր է քննիչներին մատնանշել, թե այդ դեպքում որտեղ են դիակները: Այսինքն, նախաքննության ընթացքում պետք է կատարվի տեղազննություն, եւ հայտնաբերվեն դիակները:
.
Ընթերցողներին վերեւում տեղեկացրել եմ, որ անձամբ այս քր. գործում, որպես ընթերակա մասնակից եմ եղել, խոսքս վերաբերվում էր Ս.Բալյանի կողմից մատնանշված Վարդաշեն-գազալցակայան-Նուբարաշեն ճանապարհների խաչմերուկին հարող ամայի տարածքում տեղի ունեցած տեղազննությանը, որի մասին մանրամասնորեն գրել եմ «Առավոտ» օրաթերթում եւ այժմ էլ այն եւս մեկ անգամ նպատակահարմար եմ գտնում հանձնել ընթերցողների դատին, եւ թե ինչ դերակատարում ուներ ու կատարեց տվյալ տեղազննությունը կատարող Աղվան Հովսեփյանին կից ՀԳԿ քննիչ Սերգեյ Աբրահամյանը:
.
1998թ. ՆԳ 6-րդ վարչության աշխատակիցների կողմից հրավիրվել եմ վարչություն: Որտեղ ինձ առաջարկեցին որպես ընթերակա մասնակցել ինչ-որ սպանության քր.գործի՝ կոնկրետ դիակների հայտնաբերման: Տեղանքը, որտեղ պիտի փնտրեին թաղված դիակները, գտնվում էր Նուբարաշենի ճանապարհին, գազալցման կայանի հարեւանությամբ: Օպերաշխատակիցների եւ կալանավորի, որի անունը Սահակ էր, խոսակցությունից ես հասկացա, որ մինչեւ այդ օրը տվյալ տարածքից մոտ 4-5 կմ հեռավորությամբ մի քանի տեղ փնտրվել են որոնվող դիակները: Այդ օրը բերեցին հող քանդող մեքենա, եւ մինչեւ երեկոյան ժամը մոտավորապես 21.00-21.30-ը քանդել են հողը 10-15 մետր շառավղով: Անարդյունք վերադարձել ենք վարչություն եւ համապատասխան արձանագրություն կազմելուց հետո պայմանավորվել ենք հաջորդ օրը նույնպես մասնակցել որոնումներին, ու ես մեկնել եմ տուն: Հաջորդ օրը ժամը 9-ին ես վարչությունում էի, մենք մեկնեցինք նույն տեղը: Նորից նույն հատվածը քանդուքարափ արեցինք, փնտրվող դիակները չգտանք, փոխարենը մարդու մի քանի ոսկոր գտնվեց հենց գետնի վրա, որոնք, ըստ իրենց բժշկի, մեծահասակ կնոջ ոսկորներ էին: Նշեմ, որ առաջին օրը քանդելու համար բերվել էր «Բելառուս» մակնիշի մեքենա, իսկ այդ օրը բերվեց ավելի հզոր մեքենա: Հողը քանդվել է ավելի խորը՝ մոտավորապես 4-5 մ խորությամբ: Նշեմ նաեւ, որ առաջին օրը, որպես երկրորդ ընթերակա մասնակցած տղան երկրորդ օրը մեզ հետ չէր եւ երկրորդ ընթերակա հրավիրվեց տեղում՝ գազալցման կայանից մի տարեց կին, որը մեզ հետ չվերադարձավ վարչություն:
.
Վարչությունում դատախազության քննիչը ինձ առաջարկեց ստորագրել արձանագրության համար նախատեսված բլանկը ու մի քանի թղթեր: Ես հրաժարվեցի, քանի որ բլանկում ու թղթերում ոչինչ լրացված չէր: Քննիչը ինձ բացատրեց, որ իմ ժամանակի խնայման համար է ասում, որ եթե ինքը լրացնի, ես ստիպված կլինեմ մի երեք ժամ սպասել: Նորից իմ մերժումը լսելով, ինձ առաջարկեց դրսում սպասել, ու ինքը աստիճաններով իջավ ներքեւ: Ես սպասում էի ինձ ընթերակա հրավիրող աշխատակցի սենյակում, մեկ-երկու րոպե հետո հեռախոսազանգ հնչեց, աշխատակիցը վերցրեց լսափողն ու ասաց. «Լսում եմ, Հրաչիկ Վազգենիչ, հենց հիմա գալիս եմ»: Եվ դուրս եկավ սենյակից: Մի քանի րոպե հետո վերադարձավ ու ինձ հարցրեց, թե ինչո՞ւ չեմ ստորագրել այդ թղթերը, ու բացատրեց, որ ոչ մի պրոբլեմ չունեմ, ավելորդ չսպասելու համար են ասում, սակայն ես գերադասեցի սպասել: Նա իջավ ներքեւ եւ մոտ 5 րոպե հետո վերադարձավ քննիչի հետ: Քննիչը ինձ հրավիրեց աշխատասենյակ, սկսեց լրացնել արձանագրությունը, որից հետո ես ստորագրել եմ այն ու գնացել տուն: Նշեմ նաեւ, որ արձանագրություն լրացնելը «3 ժամվա» փոխարեն տեւեց ընդամենը 30-40 րոպե:
.
Մոտավորապես մեկ շաբաթ հետո լրատվամիջոցներից իմացա, որ Ն աշխատակիցները կալանավոր Սահակ Բալյանի մատնանշած տեղում հայտնաբերել են Արթուր Հովհաննիսյանի ու Կարեն Ռաֆայելյանի դիակները, միայն այդ ժամանակ եմ հասկացել, որ իմ ներկայությամբ փնտրվող դիակները, ըստ քր. գործի, կապված են Վանո Սիրադեղյանին առաջադրված քրեական գործի հետ: Մի քանի օր հետո, պատահմամբ, 6-րդ վարչության աշխատակիցներից իմացա, որ նշված դիակները գտնվել են նախապես, իմ ներկայությամբ 2 օր շարունակ մանրակրկիտ փնտրված վայրում:
.
Վերհիշելով իմ ներկայությամբ երկու օրերին կատարված դիակների որոնման աշխատանքները, ես բացառում եմ, որ ընդամենը մեկ շաբաթ հետո այնտեղից կարող էին 4-5 տարվա վաղեմություն ունեցող դիակներ հայտնաբերել:
.
Փորձեմ թվարկել իմ մեջ կասկած առաջացնող հանգամանքները.

1. Սահակ Բալյանը նշում էր, որ դիակները թաղելու համար իրենք փոս չեն փորել, այլ բնական փոսի մեջ դնելով ծածկել են քարերով, որը հետագայում, մի քանի ամիս հետո, ծածկվել է այդ տարածքում շինարարական աշխատանքներ կատարողների կողմից: Իսկ մեր կողմից փորված հողի տարբեր շերտերին նայելով՝ պարզ երեւում էր, որ 4-5 մետր խորությամբ քանդել ենք մի քանի տասնյակ տարիների ընթացքում ամրացած հողը, ինչպես նաեւ շրջապատին նայելով պարզ երեւում էր, որ վերջին տարիների կատարված շինարարական աշխատանքների պատճառով այնտեղ հողի մակերեսը հազիվ 1-2 մետրով բարձրացած լիներ:
.
2. Ինձ համար կասկածելի է նաեւ, որ դիակները տարիների ընթացքում պնդացած հողի տակից չեն գտել, այլ գտնվել է ընդամենը մեկ շաբաթ առաջ քանդված հողի տակից, եւ քանի որ փաստաբան Ջանոյանը հեռուստատեսությամբ նշեց, որ հայտնաբերված ոսկորները եւ հագուստների մնացորդները չեն ուղարկվել փորձագիտական հետազոտման, ապա չի բացառվում, որ շահագրգիռ անձինք նոր քանդված հողի տակ նետեին որոնվող գույնի փտած լաթեր ու մարդկային ոսկորներ:
.
3. Կասկածելի էր նաեւ, որ Սահակ Բալյանը լավ չէր հիշում այդ տեղը եւ մինչեւ այդ երկու տարբեր տեղանք էր մատնանշել, մոտ 4-5 կիլոմետր այդ տեղից հեռու: Եթե Ս.Բալյանը չհիշեր իր կողմից առաջին եւ երկրորդ անգամ մատնանշված տեղերը, ապա հասկանալի կլիներ, քանի որ ամայի, ոչնչով չհիշատակվող հատվածներ էին: Բայց վերը նշված 3-րդ հատվածը չհիշել չէր լինի, քանի որ մի քանի կարեւոր ճանապարհների խաչմերուկ էր, եւ, ի տարբերություն նախորդ նեղ ու հողածածկ ճանապարհների, այդտեղ ավելի լայն ու ասֆալտապատ էր: Ինչպես նաեւ նա չէր կարող չհիշել, քանի որ, ըստ իր պատմածի, նա այնտեղ բազմաթիվ անգամներ եղել էր:
.
4. Եթե քննիչը որեւէ դիտավորություն չուներ, ապա ինչո՞ւ էր ինձ արձանագրության համար նախատեսված դատարկ թղթեր տալիս ստորագրելու եւ նշում, որ լրացնելու համար մոտ 3 ժամ կպահանջվի, այն դեպքում, երբ այդ արձանագրության կազմելը տեւեց ընդամենը 30-40 րոպե:
.
5. Եթե քննիչը որեւէ դիտավորություն չուներ, այլ ուղղակի իմ ժամանակն հաշվի առնելով էր ցանկանում, որ ես ստորագրեմ այդ դատարկ թղթերը, ապա ինչո՞ւ իմ մերժումը լսելուց անմիջապես հետո գնաց 6-րդ վարչության պետի տեղակալի մոտ եւ նրան տեղեկացրեց, որ չեմ ստորագրում դատարկ թղթերը:
.
Ընթերցողը հասկացավ, թե ինչու էի հրապարակման սկզբում քննիչ Ա.Աբրահամյանին պրոֆեսիոնալ «գործ սարքող» համարում:
.
Ինձ մնում է ավելացնել, որ 2000թ. փետրվարի 3-ին «Առավոտում» իմ կողմից հրապարակված այս փաստը, փաստորեն, լուրջ մեղադրանք էր ՀԳԿ քննիչ Ս.Աբրահամյանի հասցեին, սակայն հրապարակումը տպագրվելուց հետո ոչ ոք չի փորձել հերքել իմ ասածները: Միակ գործողությունը որ եղավ, այն էր, որ հրապարակումը տպագրվելուց ընդամենը մի քանի օր հետո ինձ իմ արհեստանոցից մի քանի ոստիկան հրավիրեցին ՆԳՆ քրեական հետախուզության վարչություն՝ պետի մոտ, որտեղ վարչության պետ Հրաչյա Հարությունյանի (Կրակեմ Հրաչի) որքան գիտեմ տեղակալը՝ Կ.Հակոբյանը, որ նաեւ 98-ին ինձ ընթերակա հրավիրող անձն էր, ինձանից պահանջում էր բանավոր բացատրություն, թե ինչու եմ այդ գրել, իսկ երբ նա ինձ ասաց, որ ինքը կհայտարարի, որ իմ գրածները սուտ են, ես պատասխանեցի. «Եթե սուտ է, դատի տվեք»: Զրույցը ավարտվեց նրանով, որ կգա ժամանակը, եւ ես շատ կփոշմանեմ իմ այդ քայլի համար: Հիշեցնեմ նաեւ, որ այդ դեպքից հետո, երբ ես գրեցի «Դիտորդի վարկածը» գրքույկը, ինձ դարձյալ տարան քր. հետախուզության վարչություն, եւ Հրաչյա Հարությունյանն ու Կարեն Հակոբյանը դաժան ծեծի ենթարկեցին, որի առիթով միջազգային «Amunist International» կազմակերպությունը իր բողոքները (տես՝ 1, 2 ) ուղարկեց, բայց, ի տարբերություն «հոկտեմբերի 27-ի» գործով նախկին մեղադրյալներ Ն.Բադալյանի եւ Հ.Հարությունյանի, ինձ ծեծի ենթարկելու փաստի առթիվ հարուցված քր.գործը կարճվեց Կենտրոն-Նորք-Մարաշ համայնքների դատախազության ՀԳԿ քննիչների կողմից:

Մնում է միայն ավելացնել, որ եթե 1998-2000 թթ. իշխանական քարոզչամիջոցներին հաջողվում էր նմանատիպ «գործերով» ինչ-որ չափով վարկաբեկել Վանո Սիրադեղյանին, ապա այսօր դա նրանց չի հաջողվում, քանի որ ժողովուրդը այժմ կարողանում է տարբերել, թե ով ով է, եւ ում պաշտոնավարության օրոք է իրեն ավելի ապահով ու արժանապատիվ զգում:

Հ.Գ. Ընդհանրապես սպանությունների գործով հետաքննություններ անցկացնելու համար նախաքննության մարմինը պետք է նաեւ ապացուցի սպանության անհրաժեշտության դրդապատճառը՝ մոտիվը: Իսկ թե որն էր Ա.Հովհաննիսյանին եւ Կ.Ռաֆայելյանին սպանելու անհրաժեշտությունը, Աղվան Հովսեփյանը հայտարարեց՝ Վանո Սիրադեղյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար 1999թ.-ի հունվարի 25-ին ներկայացրեց ՀՀ Ազգային ժողովին, որը երկու խոսքով կարելի է համարել անհեթեթություն, սակայն այս փաստին կանդրադարնամ, մեկ այլ՝ «Հետադարձ հայացք Աղվանի հեքիաթին» հրապարակումումով:

Aucun commentaire: