Հայաստանը կմիանա Բաքվի հռչակագրին
.
ինչի մասին էլ որ այն լինի
.
Հայկական ցրված ուշադրությունը արժե հրավիրել այն հանգամանքի վրա, որ փաստաթղթերից մեկը կոչվում է Բաքվի դեկլարացիա, իսկ տեղանուններով կոչվում են հետպատերազմյան շրջանի սահմաններ որոշող եւ ազդեցության ոլորտներ ճշտող պայմանագրերը՝ Յալթայի, Բաթումի, Բրեստի, Լոզանի, Ալեքսանդրապոլի... Հիշո՞ւմ եք: Հետեւաբար, պատերազմը մեզ համար է շարունակվում, նրանց համար ոչ միայն ավարտվել է, այլեւ գիտեն թե ինչպես:
Բայց սա՝ հասկացողների համար: Իսկ ով ավանդաբար գլուխը մտցնելու է Արարատյան դաշտի աղուտների մեջ եւ բաց քամակով վայելելու է Ախալքալաքից Հայաստան քշված եւս մեկ տասնյակ ԲՏՌ-ի ներկայությունը, այդպիսիներին ոչինչ չի օգնի: Նրանցը միշտ էլ եղել է ետին թվով ազատագրական երգեր հորինելը... Հայրենիքի եւս մի կտորի կորստյան մասին: Այդ մեկ տասնյակ ԲՏՌ-ները կամ նման մի բան կհետեւի Բաքվի հռչակագրին, ինչպես դրան նախորդել էր ինչ-որ անմիտ թղթերի ստորագրումը Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարների կողմից: Եւ այդ ակնհայտ չնչինությունը, որը սեմուշկա ծախող աղջկա կողքով անցնող սուպերմենի՝ «Ո՞նց ես, թութուշ» ռեպլիկի (ուշադրության) արժեքը ունի, կարող է դարձյալ մտքեր ծնել Թուրքիայի հարեւանության մտքից մթագնած ուղեղներում:
Բայց Ռուսաստանը կարող է սադիստաբար այդ ժեստն էլ չանել: Կարող է եւ անել, եթե որոշած լինի վերջնականապես հիմարացնել հայկական կողմին: Չքաշվեց, չէ՞, երկու պետությունների (ռուս-ադրբեջանական-խմբ.) հարաբերությունները նոր աստիճանի բերելու միտվող բանակցությունները պսակել Հռչակագրով, դրանով իսկ ավարտած համարելով հայ-ադրբեջանական պատերազմը եւ կանխորոշելով արդյունքը՝ ելակետ ունենալով Ադրբեջանի տերիտորիալ ամբողջականությունը: Եթե հակառակը լիներ, Հռչակագիրը կկոչվեր Երեւանի հռչակագիր:
Հիմա Հայաստանի կառավարիչներին մի բան է մնում անել. հնարավորին չափ սահմանափակել ռուսական հեռուստաալիքների մուտքը Հայաստան, որպեսզի Հայաստանի եւ Ղարաբաղի հայությունը առավելագույնս ուշ իմանա (լավ կլինի՝ բոլորովին չիմանա), որ Հռչակագրի մեզ հայտնի բովանդակության համաձայն, Ադրբեջանը իր նավթի մի մասը արտահանում է Ռուսաստանի տարածքով, ռուսական գազը մտնում է Ադրբեջան (հետագայում էլ գուցե այդտեղով՝ Պարսկաստան), Ռուսաստանում ապրող ադրբեջանցիները գրանցում են ստանում, վիզային ռեժիմ չի մտցվում երկու երկրների միջեւ, ռուսական ռադիոլոկացիոն բազան մնում է Ռուսաստանին, ռուսական նավթ ու գազ արդյունահանող «Լուկօյլ» հանրահայտ ընկերությունը 250 միլիոն դոլար է ներդնում հին հանքահորերը (Բաքվի-խմբ.) համատեղ շահագործելու համար... Այս մեկը, գուցե, Կասպից ծովի ընդերքը բաժանելու մասին համաձայնագրի թղթապանակից է:
.
«Հայի բախտը» թեմայով միջանկյալ զեղումներ
.
... Հիմա հայ մարդը պիտի մորմոքվի. «Այ, եթե «Լուկօյլի» ղեկավար Ալեքպերովի նման մի հայ օլիգարխ ունենայինք Ռուսաստանում»... Причем Ալեքպերովը, երազողներս: Եւ ապա, որտեղի՞ց պիտի օլիգարխ առաջանար: Ի՞նչ հողի վրա: Ավելի ճիշտ՝ ինչ ընդերքի ու պաշարի հիմքի վրա: Մի կոնյակ ունենալով, այն էլ մի թիզ հողի վրա, այն էլ մի կլիմայի պայմաններում, երբ հասույթի մի մասը աշնանը թաղում են վազի հետ,-այդ գործից օլիգարխ կծընվի՞: Թե՞ վարդագույն տուֆից: Գուցե հանքային ջրից ու տոմատի՞ց: Բայց քարով չէ՞ որ կառուցում էին միջնադարում: Չէ՞ որ Բուլղարիան այնքան պոմիդոր է թափում, որքան աճեցնում է Հայաստանը, իսկ հանքային ջրերից գոյացած՝ Թուրքիայի ամենափոքր գետը Հրազդանի չափ է: Ճիշտ է, ավելի մեծ գետեր էլ ենք ունեցել: Շատ բան ենք ունեցել: Բայց դա պատմություն է, իսկ պատմությունը մեզ ապագա չէ:
Մերը Սերժ Ջիլավյանն է, որի հույսով ապրում էր ռուսահայ ու հայրենաբնակ մտավորականությունը 10 տարի: Եւ տասը տարվա մեջ հազիվ հասկացավ, որ ոչ միայն փող չունի, այլեւ վերջին քսան տարին կամ բանտերում է եղել, կամ պարտքատերերից փախած՝ միաժամանակ հաջողացնելով գլխավորել Հայկական կոնգրես կոչվող բանը, որի ղեկավար կազմի մնացած մասը ակադեմիկոսներ էին եւ այլ տիտղոսավոր հայեր: Բանը վերջացավ նրանով, որ համանախագահ ակադեմիկոսին դեկտեմբերին ձերբակալեցին՝ 5 հազար դոլար կաշառք վերցնելիս:
Հիշո՞ւմ եք դաշնակցության աֆորիզմներից մեկը. «Ամեն գրպանահատ կարող է դաշնակցական դառնալ, բայց դաշնակցականը չի կարող գրպանահատ դառնալ»: Կարելի է տեղերը փոխել եւ քաղաքական իմաստով ավելի համոզիչ կլինի, բայց զարգացնենք միտքը՝ ըստ վերոհիշյալ դեպքի. ակադեմիկոսը չի կարող գրպանահատ լինել, բայց ընկերություն անելով ջեբկիրի հետ՝ օրերից մի օր կնստի:
Դե, հրեական համայնքի հայտնի դեմքերին էլ հետապնդում են, կառարկի բանիմաց մեկը: Այո, հետապնդում են. բայց մեկին 800 միլիոն դոլար վարկ վերցնելու եւ մասամբ վերադարձնելու համար, երկրորդին՝ մի քանի միլիարդ դոլար աշխատելու: Եւ երկուսին միասին՝ իշխանությանը անհաշտ ընդդիմություն լինելու համար: Իսկ հայկական համայնքի ղեկավարներից մեկին ձերբակալում են մի քանի հազար կաշառքի համար, մյուսին ժամանակ առ ժամանակ միլիցիան բանտ է գցում՝ «քցված» պարտատերերից պաշտպանելու համար: Ընդ որում, ոչ միայն իշխանությանը չեն ընդդիմանում, այլեւ համագործակցում են: Ընդ որում՝ ամենաստորին օղակների հետ:
Չէ, մերի մակարդակը, իրոք, ուրիշ է: Եւ այլ մակարդակ չէր էլ կարող լինել, քան ապահովիչ արտադրողների դեմ գավառապետության մակարդակով ընդվզելը, ազգային վերածննդի ծրագիր ներկայացնող իշխանության մակարդակն է եւ ազգային անվտանգությունը «թուրքական կարմիր լոբուց» պաշտպանող «գործիչների» մահացած ուղեղը: Ներսը ինչ է, թե դուրսը ինչ լիներ:
Եւ ի՞նչն է հատկանշական. որ թե´ Ջիլավյանը, թե´ «լոբու» Գուրգենը «Վ.Հարությունյան եւ մյուսներ» գործով «անցնում են» որպես տուժող կողմ: Առավել հատկանշականն այն է, որ ով պիտանի է երկրին ու ժողովրդին, գնդակահարում են նույնիսկ Պառլամենտում՝ առանց վրիպելու, իսկ ովքեր անպիտան են ամեն առումով՝ կա´մ ոտքին է կպչում, կա´մ ենթարկվում են հեռակա մահափորձի: Այսինքն՝ պայմանական: Մի խոսքով՝ վիրտուալ: Այն դեպքում, երբ երկուսն էլ պատրաստի թիրախ են, մեկը՝ իր ծավալուն մարմնով ու այն կառավարելու անհամապատասխան ուղեղով, մյուսը՝ չնայած ճպուռի ծավալին, ավելի ցայտուն է եւ խոցելի, որովհետեւ սիրում է հագնվել նախշուն թիթեռի նման՝ թարմ խոտի կամ ալ դագաղի գույնի կոստյում, ծաղկազարդ վերնաշապիկներ եւ ճերմակ փողկապ:
.
- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -
«Հավելում՝ «Հայի բախտը» թեմայով միջանկյալ զեղումներին
Aucun commentaire:
Enregistrer un commentaire