15.2.08

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ

կազմակերպված լինում է բանդան

Բանդան, մարզական թիմը, կուսակցությունը: Մի խոսքով, հազարավոր բաներ, բացի պետությունից: Պետական կառավարման եղանակները դասակարգված են՝ միապետություն, սահմանադրական միապետություն, հանրապետություն, դիկտատուրա, կուսակցապետություն, նախագահական կառավարում, նույնիսկ կիսանախագահական կամ կիսապառլամենտական կառավարում, բայց չկա կազմակերպված պետություն հասկացություն:

Ինչո՞ւ է Քոչարյանը զարգացնում բանդայի տերմինոլոգիան պետության վերաբերյալ: Այն նույն նպատակով, ինչ նպատակով 98 թվականին դաշնակցությունը շրջանառության մեջ դրեց «համազգային թեկնածու» եվ «ճիշտ ընտրություններ» հասկացությունները՝ մարդկության համար ընդունելի եվ, որ առավել կարեվոր է, բոլորի համար հասկանալի «արդար», «համընդհանուր», «դեմոկրատական» հասկացությունների փոխարեն: Եւ ահա Դեմիրճյանի ձայները «համազգային թեկնածուի» կողմից գողացվելուց ընդամենը չորս տարի հետո մտավորականները էլի շրջանառության մեջ են դրել «համազգային թեկնածու» սովետական հասկացությունը: Մտավորական բառի արմատը, կարծեմ թե, միտք բառն է, բայց մտքի նշույլ դուք տեսնո՞ւմ եք այստեղ, երբ «ընտրություններ» եվ «համազգային թեկնածու» հասկացությունները ի մի են բերվում: Չէ՞ որ դրանք մեկը մյուսին ժխտող հասկացություններ են: Թե ով էր թեկնածուներից համազգայինը՝ ընտրությունն է որոշում, բայց եթե «համազգայինը» արդեն նշանակել եք, էլ ի՞նչ ընտրության մասին է խոսքը: Էլ ինչի՞ է պետք ընտրությունը՝ մայմո՞ւն ենք խաղացնում թե՞ «համազգային թեկնածու»: Անալտերնատիվ ընտրություններում «Կուսակցության եվ անկուսակցականների անխախտ բլոկի միահամուռ վճռականությամբ մեր ձայնը տանք»... «համազգային թեկնածուին»... հա՞: Այն էլ՝ «արդար ընտրություններ ապահովելով». ես ճի՞շտ եմ հասկացել: Ո՞նց եք կարոտել, հարգելիներս, սովետական ձեր ջահելությանը, երբ ոչ միայն չալաղաջը բոլ էր, այլեվ երբ դեռ թե´ կլիմաքսն էր յոթ սարի ետեվ եվ թե´ իմպոտենցիան էր աներեվակայելի հեռու: Եւ, բնականաբար, այդ ժամանակները անձրեվը սիմֆոնիա էր, ոչ թե ռեվմատիզմի բուն, ձյունը թոքաբորբի առիթ չէր, այլ գալիս էր, որ դահուկ քշենք ու ձնագնդի խաղանք մեր քարտուղարուհու-ասպիրանտուհու հետ, սառը ջուրը ճակատին թրջոց դնելու համար չէր, այլ պարզապես խմելու, իսկ շոգը մի ավելորդ անգամ դոշութիկունք մերկացնելու պատրվակ էր, ոչ թե, որ ծերացած շան նման դեպի ստվերը քարշ գաս ու հեվաս՝ լեզուդ դուրս գցած: Այդ ջահելությունն էր անդարդ, ոչ թե սիստեմն էր լավը, անաստվածներս: Դեռ ուշ չէ համակերպվել բնության կարգի հետ, աթեիստներս: Բայց ետ գնալը՝ ետ գնալ, գուցե ավելի ետ գնանք դեպի անուղեղ մանկության հեքիաթները եվ ընտրություններին ղո՞ւշ թռցնենք: Եւ որպեսզի ղուշը իջնի ոչ թե պատահական մարդու, այլ «համազգային թեկնածուի» ուսին, ղշի ոտից թել ենք կապում, բարա՜ կ, մտավորականի ուղեղի ծալքերից հյուսած անտեսանելի (այսինքն՝ «թափանցիկ») թել եվ թելից քաշում-քաշքշում ենք այնքան ժամանակ, մինչեվ ղուշը, զզված, նստի հարկավոր մարդու ուսին: Ճիշտ մարդու ուսին: «Ճիշտ ընտրել»՝ նշանակում է կոնկրետ մարդու ընտրել: Ոչ թե խելացի, ոչ թե դեմոկրատ, ոչ թե ծրագիր ունեցող մարդու, այլ ում որ պետք է: «Ում որ պետք է»-ն նշանակում է առանց համեմատելու, առանց այլընտրանքի եվ միջոցների առաջ խտրություն չդնելով: Այսինքն, անօրինական ընտրություններ: Ասել է թե՝ ընտրությունների իմիտացիա: «Թափանցիկը», «բացը» եվ այս շարքի այլ հասկացությունները օրենքի տեսակետից դեռ մի կերպ մեկնաբանել հնարավոր է (չնայած օրենքը այն է, որ չի մեկնաբանվում), «ճիշտը» չի մեկնաբանվում: Կամ, որ միեվնույն է, մեկնաբանվում է ցանկացած կերպ, եվ մեկնաբանությունը կարելի է վերաձեվակերպել ցանկացած պահի: Այսինքն, սահմանում չկա, ասել է թե՝ չկա սահմանափակում: Եւ որ ամենակարեվորն է՝ չի պարտավորեցնում: Եթե դուք («մտավորականներով») համաձայնության եք եկել կազմակերպված լինելու ընդհանրական գաղափարի շուրջ, «կազմակերպվածության» մասնավոր դրսեվորումներին առարկելու բարոյական իրավունք չունեք: Օրինակ, դուք իրավունք չունեք պահանջելու, որ դատավորը դատը վարի բացառապես դատավարական օրենսգրքի տառին համապատասխան, որովհետեվ, երբ ձեր նախագահի հետ համաձայնության էիք գալիս, որ ազգն ու պետությունը պիտի կազմակերպված լինեն, նա ձեզ չի խոստացել, որ կազմակերպված պիտի լինի գործող օրենքի տառին համապատասխան, եվ դուք էլ չեք պահանջել, որ այդպես լինի: Այսինքն, դուք որպես պարտնյորներ չեք ճշտել տերմինը, չեք սահմանել, ընդհանուր հայտարարի չեք եկել, թե ինչ է նշանակում կազմակերպված: Եւ չէիք կարող ճշտել, որովհետեվ դա ոչինչ չի նշանակում: Կամ նշանակում է ամեն ինչ, բացի օրենսդրորեն ամրագրված հասարակական փոխհարաբերությունները: Որպեսզի երկու կողմի պայմանավորվածությունը ինչ-որ բան նշանակի եվ պարտավորեցնելու ուժ ունենա, այն պետք է՝ ա. արձանագրվի պայմանագրի (Սահմանադրության, օրենքի) տեսքով եվ բ. հասկանալի լինի հնարավոր արբիտրի (ասենք՝ միջազգային իրավունքի) տեսակետից: Իսկ «ազգային» կամ բանդիտական, կամ ըստ նախասիրության, հասարակ կազմակերպության (ասենք, «Արաղը թթու խիարով գերադասողների ընկերության») սկզբունքով կոնսենսուսի եկող հասարակությունն ու դրանով առաջնորդվողը իրեն քշում է անիրավության ծուղակը: Այսինքն, դու որպես ազգ ու հասարակություն քեզ քշում ես լուսանցք, քեզ դնում ես օրենքից, կամ բոլորին հասկանալի, ընդունված կանոններից դուրս եվ ներսում՝ քո Արմենիքենդում, քո Գլենդելում, քո Բուրջ Համուդում, քո Հավլաբարում, քո Հայաստանի Հանրապետությունում հարաբերվում ես մեծ աշխարհին անհասկանալի կանոններով՝ «ճշտով» «կազմակերպվածորեն» եվ այլն: Բայց սրանք «Չայնա Թաունի», «Տաբորի», «Բոշի թաղի», վերջին հաշվով՝ բանդայի ապրելու կարգ է, ոչ թե ազգի ու պետության: «Կազմակերպվածը» բեսպրեդելի տեսակետից նույնն է, ինչ «հեղափոխական նպատակահարմարությունը» կամ «սոցիալիստական օրինականությունը»: Եւ երբ իշխանությունը փակում է հեռուստականալը, դու լիասիրտ չես կարող ասել, որ դա «ճիշտ» չէ եվ «կազմակերպված պետության» դեմ քայլ է, որովհետեվ դու դրանից առաջ ոչ թե ալտերնատիվ ընտրություն ես արել, այլ «ազգային նկատառումից ելնելով» «ճիշտ», «կազմակերպված» ինչ-որ միջոցառում ես անցկացրել «համազգային թեկնածուի» շուրջը: Եւ ապա, չէ՞ որ «կազմակերպված» երկրներում (Հյուսիսային Կորեա, Կուբա, Իրաք եվ այլն) գոյություն ունեն միայն պետական կլաններ: Այս պարագայում դու առարկելու տեղ չունես, որովհետեվ քո «ճիշտ թեկնածուն» քեզ չի խոստացել ոչ դեմոկրատիա, ոչ միապետություն, ոչ դիկտատուրա: Նա խոստացել է առաջնորդվել «ազգային շահերով»: Իսկ Սահմանադրությունը այդպիսի ձեվակերպումով պարտավորություն չի դնում նախագահի վրա: Նա խոստացել է կազմակերպվածություն: Իսկ կազմակերպվածությունից չի բխում ո´չ բազմակարծություն, ո´չ ալտերնատիվ ընտրություն: Ամենաշատը, որ նա խոստացել է, եվ դու ականջդ կախ համաձայնել ես՝ ընտրությունների «թափանցիկությունն» է, որը նույնպես հասկանալի չէ, որովհետեվ թափանցիկ ասելով նա կարող էր նկատի ունենալ այն, որ բոլորը տեսնում են, թե ով ում օգտին է քվեարկում: Ընտրությունները չեն լինում թափանցիկ կամ անթափանց, այլ լինում են փակ եվ բաց: Այսինքն, փակն էլ կարելի է բացի նման անել, բայց երբ դու ուզենաս բացատրել Արբիտրին, թե ինչի մասին է քո մտահոգությունը, չես կարող այդ բանը անել, որովհետեվ նախապես չես ընդունել հանրությանը հասկանալի եվ հանրության կողմից ընդունված կանոնները: Կամ՝ գիտական սահմանումները: Գիտական այն իմաստով, որ դեմոկրատական պրոցեդուրաները օպտիմալության հասցնելու վրա տասնյակ ժողովուրդներ եվ միլիոնավոր մարդիկ մի քանի հարյուր տարի կյանք են դրել ու արյուն են թափել եվ հանգել ձեվակերպումների, որոնք առավել քիչ են ենթակա մեկնաբանությունների, հետեվաբար եվ՝ խեղաթյուրումների: Այն էլ նորություն չէ, որ ամեն բանդիտական խմբավորում սկսում է «կազմակերպվելուց», եվ ամեն ստահակ «կազմակերպված» մագլցում է «ազգային շահի» պատվանդան:

13.11.2002

Aucun commentaire: