Քիչ հավանական տարբերակ: Այնքան քիչ, որքան պառլամենտի գնդակահարությունն էր հավանական
Հայ ազատագրական շարժումը, թերեւս, թեւակոխում է ամենաուշագրավ փուլը: Սովետական Ադրբեջանի երկու քաղաքացիներ այս օրերին Փարիզում իրականություն էին դարձնում Նախիջեւանը Մայր Ադրբեջանին միացնելու՝ իրենց հայրենակիցների 88-ամյա երազանքը: Ամենահետաքրքիրն այն է, որ երկրի եւս մի կտորը՝ հիմա էլ Մեղրին, հանձնելու ակունքների մոտ որպես հանձնման արարողապետ էլի Դաշնակցությունն է կանգնած լինելու: Մարմնից կտրել գցելու տեսարանի մի հիվանդ: Մի տեսակ թլպատման քավոր:
Առավել հետաքրքիրն այն է, որ ստորագրողներից մեկը հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից: Իսկ վիճակի լրջությունն այն է, որ Հայաստանում դրա հնարավորությունը կարող են լուրջ չընդունել: Եւ մինչ թերմաշ պատգամավորները խմբակցությունից խմբակցություն տեղաշարժերի դադարներին չորրորդ տարբերակ կփնտրեն, որ քննարկեն, մինչ հայ սոցիալիստները զբաղված կլինեն Ամերիկային էքսպանսիայի մեջ մեղադրելով, իսկ Թուրքիային՝ Մեղրիում նոր կոտորած սարքելու մտադրության, մինչ դաշնակները ժողովրդի զգոնությունը կբթացնեն սուտ երդումներով, թե Մեղրին չեն տա... Դաշնակները մասամբ անկեղծ կլինեն, որովհետեւ Պարսկաստանի դաշնակցությունը, բնական է, կտրականապես դեմ կլինի դրան, բայց քանի որ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Լիբանանի դաշնակցությունները, բնականաբար, կողմ կլինեն, Պարսկաստանի ընկերները՝ կուսակցական կարգապահության բերումով մեծամասնությանը ենթարկվելով, միաժամանակ մուռը կպահեն եւ մյուս դաշնակցությունների ու Ամերիկայի քթիցը կբերեն հետո՝ Ախալքալակի միջոցով Վրաստանը խառնակելով: Մանավանդ որ, Վրաստանը չի համաձայնվում իր տարածքով գազամուղ դուրս բերելու Պարսկաստանի առաջարկին՝ պատճառաբանելով, թե իրենք նախապատվությունը տալիս են Ամերիկայի հովանավորած Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա գծին: Եւ պարզ է, չէ՞, որ, Վրաստանի ուղղությամբ սպառնալիքը պիտի պարսկահայ Հրանտ Մարգարյանը կարդար (իսկ Ամերիկայի գծով աշխատում է մյուս ղեկավար թայը՝ Վահան Հովհաննիսյանը): Ոնց որ թե կոմպլեմենտարիզմը այստեղից է գալիս: Համենայն դեպս, այդպես են ներկայացնում իրենց պետությունների իրարամերժ վճիռների ի կատար ածելը՝ անկախ Հայաստանի տարաբախտ արտաքին հարաբերությունների եւ շունուգելի բաժին դարձած ազգային անվտանգության ոլորտներում:
... Եւ ուրեմն, մինչեւ հայ հասարակական միտքը զբաղված կլինի Թուրքիայով, երկրապահի թեւից եւս մի քանի հոգի կխփվեն: Եւ մինչեւ կպարզվի, որ չի բացահայտվում կամ ինքնասպան են եղել, կսկսվեն (եթե ընդդիմությունը այս հողի վրա վտանգավոր դառնա) պատերազմական գործողությունները: Քոչարյանն ու դաշնակները ձեզ համար Տեր-Պետրոսյան ու ՀՀՇ չեն... օպոզիցիա խաղացնեն պատերազմի ժամանակ. անմիջապես ռազմական դրություն կմտցնեն, օպոզիցիոն թերթերը կփակեն ու երկրապահին կքշեն ճակատ. ինչքան կենդանի մնացին, իրենց բախտից է: Ադրբեջանական բանակը ինքնավար մարզի տարածքը շրջանցելով՝ կգրավի իր տարածքները՝ Քելբաջարն ու Լաչինի շրջանը ներառյալ, Կուբաթլուի հետ կօկուպացնի նաեւ Մեղրին, եւ երբ զինադադար հաստատվի, կպարզվի, որ սահմանները ճշտելու անհրաժեշտություն չկա, որովհետեւ մարտ ամսին Փարիզում Մեղրին ու Ղարաբաղը արդեն փոխանակվել են: Իհարկե, մի 120 հոգի այլազգի զինվոր էլ կբերեն՝ ասելու համար, թե դա հողի հանձնում չէ, այլ ժամանակավոր միջոցառում, որ իրագործվում է ճանապարհների դեբլոկադայի ծրագրի շրջանակներում:
Եթե կարողանա, Քոչարյանը կպահպանի Հայաստանում իր պոստը: Եթե ոչ՝ կտեղափոխվի Ղարաբաղ եւ կդառնա դավաճան հայերի համար անձեռնմխելի, որովհետեւ կպարզվի նաեւ, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում այնպիսի կարգավիճակ է ստացել Ֆրանսիայի կամ Ռուսաստանի հովանու ներքո, որ Հայաստանի կարիքը այլեւս չունի: Ահա եւ ձեզ չորրորդ ու դեռ հինգերորդ տարբերակն էլ հետը-միաժամանակ: Եւ զավեշտը այն է, որ այս կերպ Ղարաբաղի հարցը այս պահին լուծվում է: Ուրիշ բան, որ այդ ժամանակ այնտեղ այնքան բնակչություն մնացած կլինի, որ կարելի է համարել, որ չկա: Փոխարենը՝ օտարերկրյա զորք կլինի: Եւ ինչքան ուզես՝ ադրբեջանցի: Բայց անունը կլինի հայկական, ինչպես ժամանակին Նախիջեւանն էր: Եւ կլինի էլի բարոյական հաղթանակ, որովհետեւ 4 հազար քառակուսի կիլոմետրի դիմաց տվել ենք ընդամենը մի քանի հարյուր կիլոմետր: Իսկ դաշնակները ձեռնամուխ կլինեն «հողահավաքի» հաջորդ էտապին կամ, ծայրահեղ դեպքում, կվերադառնան իրենց երկրները՝ իրենց ռեկետի գործին: Եթե կա մեկը, ով այս տարբերակը ֆանտաստիկ է համարում, պիտի բացատրի, թե ինչո՞ւ էին այդպես հապճեպ գնդակահարում Հայաստանի ղեկավարներին եւ 14 տարի կալանք տալիս Սամվել Բաբայանին, ոչ թե 6 կամ 8, որ ավելի հեշտ կլինի բացատրել: 14 տարի, որովհետեւ Քոչարյանը չի բացառում այդ տարբերակով իր երկար գոյատեւումը Ղարաբաղի ղեկավարի պաշտոնին: Իսկ Սամվելը ձերբակալվեց, որովհետեւ միակ խոչընդոտն էր մնացել, որ դեմ էր Հայաստանը Պարսկաստանից կտրելուն: Իհարկե, նախնական որոշումը պառլամենտի գործով ձերբակալելն էր, բայց երբ իրավիճակի հսկողությունը միառժամանակ կորցրին ու չկարողացան երկրապահին էլ համոզել, որ նա է խփել տվել, մի պահ կարկամեցին: Բայց առաջին իսկ հնարավորության դեպքում Ղուկասյանը հաշմանդամ դարձավ: Կարող էր զոհվել: Կարող էր եւ չզոհվել: Մեծ դավաճանությունը շատ զոհեր է պահանջում:
«Բա Լեհաստանը...»,-կասեր Նապոլեոնի լեհուհի սիրուհին: Իսկապես, բա Հայաստա՞նը: Չէ՞ որ կարող են Ռուսաստանին համոզած լինեն: Այսինքն, Ռուսաստանը կարող էր դրան հակված լինել. չէ՞ որ Բաքվի Հռչակագրից հետո Հայաստան-Պարսկաստան գիծը Ռուսաստանի համար այդքան կարեւոր չի դառնում, հատկապես եթե Հայաստանից օտարված Մեղրին հռչակվի ապառազմականացված գոտի եւ փակ լինի նաեւ ռազմական փոխադրումների համար՝ ՆԱՏՕ-ի դեմ: Այս պարագային Ռուսաստանը ամեն ինչ կանի, որ զինվորականությունը այդ մասին իմանա ամենավերջում: Իսկ շարժման 15-ամյակին Լաչինի ճանապարհի վրա կբացվի Սահակյանց-Ահմեդով զույգի հեղինակած բազմանշանակ մի հուշարձան, որը Հայաստանի կողմից կերեւա միանշանակ եռամատ կոմբինացիայի տեսքով՝ «Ստացա՞ք Միացում»:
8.03.2001
Aucun commentaire:
Enregistrer un commentaire