15.2.08

ԲՌՆԵԼ ԱՐՋԻ ԱՄՈՐՁԻՆԵՐԻՑ

իշխանության կերած բողկերից

Չգիտեմ ով է պրոյեկտի հեղինակը, բայց հեղինակը գտել է նախորդ իշխանության գարշապարը :

Այս տարիներին նախկիններին վարկաբեկելու կամպանիայի հեղինակները անընդհատ որոնումների մեջ են եղել թեմաների անհեթեթության, քննչական գործողությունների անարդյունավետության, վերջին հաշվով, ներկաներին նախկինների հետ համեմատելու՝ գնալով աննպաստ դարձող ընթացքի պատճառով, մասամբ էլ՝ զավզակության հանդեպ մարդկային ընկալունակության բթանալու հետեւանքով: Իր տեսակի մեջ եզակի անամոթությամբ հայտնի եւ խիստ ծախսատար այդ կամպանիան հասարակությանը բերել է միջանկյալ (կազմակերպիչների համար՝ առավելագույն) մի գնահատականի, թե՝ «դուք էլ մի զիբիլ չեք»: Բայց երկու թեմա մնում է ջրի երեսին, թվում է, թե՝ այլեւս շնորհիվ գլխավոր կատարողների կլինիկական առանձնահատկությունների: Մազութին կպած մնալու՝ Սադոյանի շարժառիթներին կանդրադառնանք մի այլ անգամ, հիմա առավել հետաքրքիրը թուրքական կարմիր լոբու միջոցով երկրորդ ցեղասպանության փորձը կանխելու (ցեղասպանության որակումներից մեկն էլ, ի դեպ, տեղում ապրելը անհնարին դարձնելն է) եւ դրան հետեւած մյուս անհեթեթությունների սերիալն է, որը համառորեն մատուցում է դաշնակցական մամուլը: Առաջին հայացքից թվում է, թե էն գլխից զավեշտի վերածված այդ նախաձեռնությունը պիտի հենց հեղինակների կողմից կասեցված լիներ՝ ձախողված լինելու պատճառով: Քի՞չ բաներ են կասեցվել: Բայց՝ առաջին հայացքից:

Պետք է արժանին մատուցել այս մասխարայության հեղինակներին, որովհետեւ մեխը ցանցառությունն է: Դժվար է ասել՝ սկզբի՞ց է մտածված եղել կոնցեպցիան, թե՞ ընթացքում են գտել ոսկե երակը, բայց ի դեմս Գ.Եղիազարյանի, նրանք բռնել են նախորդ իշխանության, այո, ամենաթույլ տեղից եւ էֆեկտիվ սեղմրտում են: Եւ ինչքան շատ են խոսեցնում նախորդ իշխանության Ազգային անվտանգության ծառայության առաջին տեղակալին, որքան անհեթեթ ու բթամիտ են դառնում այդ հարցազրույցները, այնքան անհեթեթ է ներկայանում Տեր-Պետրոսյանի կառավարության պատկերը: Եւ որքան երկարատեւ ժամանակ է ներկա իշխանությունը Գուգուշին թողնում առանց առերեւույթ հատուցման, այսինքն՝ հեռու պահում այս իշխանությունից, այնքան ավելի է նսեմանում նախկինների պատկերը՝ իր կազմի մտավոր կարողությունների ակնհայտ առավելությամբ հանդերձ: Մի Գ. Եղիազարյան ոչնչացնում է նախորդ իշխանության կազմի բոլոր ակնհայտ առավելությունները: Ոչ ոք, իհարկե, չի հավատում ուղեգորգերի մեջ փաթաթած դիակների գոյությանը: Վերջին հաշվով, այսօրվա միջին հայի ընկալումների համար, երբ տասնյակով ու աչքի առաջ են կոտորում, մի դիակով ավել, մի դիակով պակաս (այն էլ վիրտուալ), մի միլիոն դոլարով ավել, մի միլիոնով պակաս, նրանք են գողացել, թե սրանք են գողանում՝ մի հաշիվ է: Եւ թե ով ինչ սպանության թիկունքին է կանգնած, Դեմիրճյանի սպանությունից հետո պարզ է միջին հայի համար: Եւ այս իմաստով Գուգոյի ջրիկությունը լուրջ նշանակություն չունի: Բայց քաղաքականապես ակտիվ, համեմատելու, վերլուծելու հակում ունեցող քաղաքացու տեսակետից, այդ հարցազրույցներում բանականության իսպառ բացակայությունը անվրեպ է խփում նախորդ իշխանությունների վարկին: Եւ որքան շատ են խոսեցնում Գ. Եղիազարյանին, այնքան կասկածի տակ է ընկնում նախորդ իշխանության մտավոր կարողությունը: Եւ ստացվում է, որ նույնիսկ այսօրվա կառավարության (որի կազմը արհեստավարժից սահուն անցավ ձեռնավարժերի), նաեւ պառլամենտի կազմում, որի մեծ մասը սաունայից-սաունա է լողանում, նույնիսկ սրանց մեջ այդ նմուշից չկա:

Թաքնված՝ գուցե կա:

Բայց մարդիկ համեմատում են բացահայտվածը: Բայց նա եղել է այս պետության անվտանգության ծառայության երկրորդ դեմքը: Ավելին՝ առաջին դեմքը՝ օպերատիվ գծով: Եւ ի՞նչ երաշխիք, որ դրանից մի հատ է ընդամենը եղել: Որսորդները մեծախոսում են, թե նույնիսկ Արջն է խոցելի, եթե ձեռնամարտի մեջ սամթը բռնես ամորձիներից, եթե, իհարկե, բախտդ կրկնակի բերի, եւ արջը որձ լինի: Տեր-Պետրոսյանի կառավարությունը խոցելի էլի տեղեր ուներ, բայց «Կարմիր լոբու» սյուժեի հեղինակները՝ ի դեմս Եղիազարյանի՝ բռնել են արջի ամորձիներից: Եւ, ըստ երեւույթին, բաց չեն թողնելու: Իհարկե, կարելի է ասել, որ էդ բանը դրա հետ հետո է պատահել: Բայց կհավատա՞ն:

÷»ïñí³ñ 21.02.2002

Aucun commentaire: