Մայր Թեկնածուն եւ Սիամի բալեքը
Մարդիկ ժամանակին համաքայլ են գնում: Այնքան համաքայլ, որ չես հասցնում ոչ միայն ինչ-ինչ օրինաչափություն արտածել, այլեւ անհնար է դառնում արձանագրել անգամ կերպարանափոխությունների այն հաճախականությունը, որ մատուցում են Հայաստանի քաղաքական ուժերն ու անձերը:
Դեռ մի հարյուր տարի առաջ այդ կերպով քաղաքականությամբ զբաղվելը առանց խղճի խայթի կարելի էր անվանել մարմնավաճառություն, բայց մարմնավաճառությո՞ւնն է պրիմիտիվացել, թե՞ քաղաքականությամբ զբաղվելն է բարդացել,-պարզ չէ, միայն թե այն, ինչով զբաղվում են քաղաքական կազմակերպությունները այսօրվա Հայաստանում դժվար է չարքաշ մարմնավաճառության հետ համեմատելը, որովհետեւ նրանք (քաղաքական անձերն ու ուժերը) այդ բանը անում են ոչ թե կեղծ ու խլացած մնչոցով կամ լռելյայն աշխօրը վաստակելով (ինչպես կոլեգաները), այլ անթաքույց հաճույքի հարայհրոցով, մի բան էլ՝ րոպե անց դառնում են դեպի ընտրողները կույսի մունաթով ու դեմքները ծամածռում են ազգային հոգսերի մտահոգությամբ: Եւ այստեղ արդեն աշխատում են լեզվով-հայրենիք, արդարություն, մաքուր ձեռքեր, ժողովրդավարություն, ծովից-ծով եւ այլն: Այսինքն, մի կողմից գործածվելով իշխանության կողմից, մյուս կողմից, գործից չկտրվելով՝ բռնաբարում են ժողովրդի հեշտ տրվող ականջը: Ընդ որում, դա անում են իրար հերթ չտալով՝ տեսարանը սարքելով խմբակային:
Մի կողմ դնենք Դաշնակցությունը, որը բոլշեւիզմի եւ նացիոնալ-սոցիալիզմի անհաջող վերապրուկ է: Մի կողմ դնենք նաեւ ԱԺՄ-ն, որ դաշնակցության ծաղրն է՝ «համաշխարհային ազգի» մասին զառանցանքի եւ նվազագույն զամբյուղի միջեւ իրեն արհեստականորեն ճղող: Մի կողմ դնենք նաեւ Արթուրի արհեստածին խումբը, որը անցած ձմռանը այնքան էր վախենում կորցնել «թռչելու» պահը, որ ամեն երկուշաբթի պահանջում էր արտահերթ նախագահական ընտրություններ, ամեն ուրբաթ կոչ էր անում «կայունության»: Իսկ «Կայունության» մասին խոսելը ուղղակի անհարմար է: Մեր աննամուս ժամանակների տիպական օրինակը ՍԻՄ-ն է կամ «Իրավունքը», կամ «Միաբանությունը», որը իր տեսակի մեջ կատարյալ դարձավ միայն Գեղամյանով ու Նապոլեոնով: «Հայկական ժամանակի» Ավետիս Բաբաջանյանի մատաղ հոգին չի կարողանում ըմբռնել-ինչի՞ց է, որ ՍԻՄ-Միաբանությունը պաշտպանելով Սամվել Բաբայանին, միաժամանակ պաշտպանում է նաեւ Քոչարյանին: Զարմանալու ուրիշ հետաքրքիր բան կա-այդ ի՞նչ փողերով է մի քանի հոգուց բաղկացած կուսակցությունը շուրջ տասը տարի անխափան թերթ տպագրում, երբ բազմամարդ կուսակցությունների թերթերը տպագրվում են ընդհատումներով... Միայն թե ինքնաֆինանսավորման մասին հեքիաթները եկեք պատմենք ապագա սերունդներին:
Եթե այդ հարցի պատասխանը որոնելու լինենք, կմոտենանք այսօրվա հարցի պատասխանին, որովհետեւ կպարզվի, որ Ղարաբաղյան կլան կոչվածը Հայաստանում ընդդիմադիր թերթեր սկսել է ֆինանսավորել դեռ ա՜ յն ժամանակներից: Իսկ այն ժամանակ Բաբայանն ու Քոչարյանը դեռ միասին էին: Իսկ Հրանտ Խաչատրյանը ընդդիմադիր դարձավ, որովհետեւ Շարժման առաջին համագումարում նրան ծեծեցին: Ծեծեցին, որովհետեւ ելույթ ունեցավ, բայց ամբիոնից չէր ուզում իջնել: Իսկ չէր ուզում իջնել, հավանաբար, այն պատճառով, որ նրան ղեկավար կազմում ընտրելու մտադրություն չունեին: Գուցեեւ վրեդնի բնույթի բերումով: Հիմա Քոչարյանին պաշտպանում է, որովհետեւ նախ՝ մուռը հանելու ամբիոն է տվել վաղուց, ապա եւ՝ 99 թվականի ընտրություններում Միաբանության գաղափարը ոչ թե Սամվելինն էր, այլ Քոչարյանինը՝ ընդդեմ «Միասնության»: Եւ անունն էլ գտնված էր հարմար- ընտրողը հեշտ կշփոթեր «Միասնությունը» Միաբանության հետ, ինչպես շփոթում են տափակ բաները: Իսկ դա պարզապես ներկայացվում էր իբրեւ անհնազանդ Բաբայանի քմահաճություն: Այնինչ, լրջորեն ծրագրված էր պառլամենտի ձայները կիսել: Չստացվեց: Եւ ներիշխանական պայքարը ողբերգական ընթացք ունեցավ:
Հիմա Ղարաբաղյան կլանի չստացված մեծամասնությունը այդպես էլ չստացված, բայց հարմարավետ երկփեղկված (երկու ծիծ ծծելու համար) շարունակում է պաշտպանել Քոչարյանին: Միաժամանակ լինելով Մավրիկին օպոզիցիա: Չհաշված, իհարկե, նախկին իշխանությունը: Բայց այս հարցում ջուխտ ղեկավարները հետեւողական են: Գեղամյանին չեն ծեծել, բայց նրա համար տասը ծեծը գերադասելի կլիներ, քան 91 թվականին քաղսովետի նախագահի պաշտոնից զրկվելը: Ի դեպ, այդ պաշտոնում նա լեգիտիմ չէր: Կենտկոմն այդ ժամանակ այնքան թուլացած էր, որ չկարողացավ քաղսովետի որոշում կայացնել տալ, եւ Գեղամյանը պաշտոնավարում էր անօրինական (ինչպես հիմա՝ իր բոսը), ինչը բացառիկ դեպք էր այդ երկրի պատմության մեջ: Բայց երկրում արդեն բարդակ էր, եւ ժամանակը գտնում էր իր տիպերին: Եւ երբ հրաժարական տվեց, նա չդարձավ սովորական աբիժնիկ, այլ խստագույնս վիրավորվեց, որովհետեւ չէր հասկանում, թե էլ ի՞նչ են ուզում իրենից, եթե ՀՀՇ վարչության անդամներին մեկ առ մեկ երդվում էր, որ կծառայի շրջկոմի վերջին հրահանգչի նման, ինչպես ծառայել էր Դեմիրճյանի որդիներին՝ բաժակ լցնելով, ափսեն փոխելով, կրակի ծուխը ափով տղերքի աչքերի դեմից քշելով... եւ շրջկոմի քարտուղար դարձել: Եւ ամենակարեւորը՝ լեզվով առավելագույնս ճարպիկ աշխատելով: Ժամանակի թելադրանքով այն ժամանակ դա անում էր ինտերնացիոնալի ֆրոնտում, հիմա անում է պահանջատիրության ճակատում: Երկու բնագավառում էլ, ի դեպ, պահանջվում է լեզվին զոռ տալու՝ կինտոյի կարողություն, բացառելով, սակայն, կինտոյի արհեստին բնորոշ իմպրովիզացիան ... Ասելս այն էր, որ այնքան էր վրդովված, որ այդ օրվանից սկսեց զբաղվել բիզնեսով. (չար լեզուներն ասում են, թե մետաղի ջարդոն արտահանելով: Ճիշտ է, մետաղ ծախելն էլ բիզնես է, ինչպես ամեն բիզնես: Բայց Գեղամյանը ժխտում է, որ ինքը զբաղվել է դրանով, բայց եւ հրաժարվում է ասել, թե ինչով է զբաղվել քաղաքականությունից պարապ ժամանակ: Գուցե այն պատճառով, որ մի տեսակ չի բռնում «մաքուր ձեռքերի», թալանի դեմ զորագրվելու եւ այլ ջրիկությունների հետ: Գուցե նաեւ այն պատճառով, որ քաղաքական ասպարեզ վերադարձը այս դեպքում կարող է բացատրվել նրանով, որ երկրում մետաղի ջարդոնը վերջացել է): Չլինի՞ նոր «բիզնես-ծրագիր» կա, եւ Քոչարյանի հետ մեր աչքերին թոզ փչելու համար անունը դրել են տնտեսության զարգացման կառավարական ծրագիր: Սպեցիֆիկ բիզնեսի այդ ոլորտը պիտի որ նրանց շատ հնուց մերձեցրած լինի: Իսկ աշխարհահայացքով ու արնախմությամբ հո նույն կոմունիստն են:
Միայն թե Քոչարյանը հազիվ թե «բիզնեսմենի» իր բանականությունը այդքան կորցրած լինի, որ արարատցիներին դուրս մղելով՝ տնտեսական ու իշխանության ոլորտից, տեղը տա ապարանցիներին: Թեեւ ի՞նչ իմանաս: Կարող է՝ արյունն է քաշում: Եթե բազայի կառավարիչ ապարանցի Նապոլեոնն է պրեզետանցի անում Գեղամյանի ծրագիրը, պարզ է, չէ՞, դա ինչ ծրագիր է: Գեղամյանի շրջկոմական ու «բիզնեսմենական» անցյալն էլ նկատի առնելով՝ պիտի ենթադրել, թե դա ինչ մոդել է լինելու: Գտնում են մի երկիր (լավ կլինի՝ սոցիալիստական), որը երկաթուղային հաղորդակցություն ունի Հայաստանի հետ, թուղթ են ստորագրում «հավերժ միասին լինելու» վերաբերյալ եւ պատրաստվում են ԳՈՍՍՆԱԲ-ի գծով Հայաստան մտնող գնացքակազմերով «կենտրոնացված առաքումները» բազաներում ու պահեստներում տեղավորելուն... այս անգամ հանրապետության ողջ մասշտաբով: Մյուս կողմից սկսում են բաշխելն ու ծախելը Հայաստանից դուրս: Ինչքան որ զինադադարը տեւեց: Խառնակության ժամի դեպքում կա փորձված տարբերակը: Սասունցի Դավթի կամ Սասնա Ծռերի նման ջոկատ ես ստեղծում Մաշտոցի շրջանում (կադրերը դեռ կան, կամանդիր-դատախազ Համլետը արդեն «վետերաններին» հավաքագրել է), որի առաջին ու հիմնական գործը լինում է արդյունաբերական ապրանքների պահեստների ունեցվածքը տները տանելը (ինչպես դա պատահեց Մաշտոցի շրջանում տեղավորված բազայի հետ): Մնացած ժամանակը անց ես կացնում գողոնը իրացնելով դրսում ու ներսում:
... ՀԱԲ-ը, շրջկոմների քարտուղարների ջոկատների անվան տակ ստեղծած բանդաների համեմատ, անմեղ նարկոմաններից ու խակ հայրենասերներից բաղկացած անարխիստների մի խումբ էր: Այդ բանդաները Հայաստանը տանում էին ուղիղ Վրաստանի ուղիով, եթե ժամանակին չզինաթափվեին: Իհարկե, երբ պատերազմը սկսվեց, ճակատ գնացին ոչ թե պահեստը «վերցնողները», այլ իրոք երկիրը պահող երիտասարդությունը, այդ թվում՝ Ապարանի հրաշալի երկրապահ ջոկատը: Հատկանշական է, որ երկու անձերի կազմակերպությունները ոչ թե միացան, այլ թեթեւակի կցվեցին, որպեսզի ազատ լինեն ժամանակ առ ժամանակ մեկը ՀԺԿ-ի հետ խաղեր տալու, մյուսը՝ Սամվելի, դաշնակների կամ էլի ինչ-որ մեկի հետ, նայած մոմենտին: Եւ իրենց անիմաստ թեկնածությունն էլ դրել էին նախագահական ընտրություններին՝ միայն նախորդ իշխանությանը հայհոյելու համար: Այսինքն, այդ մասը իրենց հաճույքն էր: Հիմնական պատվերը այն էր, որ թեկնածուների միջեւ օրենքով հավասար բաժանվող հեռուստաժամանակը զբաղեցնեն (կամ գողանան) Մայր Թեկնածուի օգտին: Եւ եթե Գեղամյանից առաջ ՍԻՄ-ը համ «իրավունքի պաշտպան» էր, համ դաշնակցական, Գեղամյանով ստացավ եւս մի դեմք, հայտնի չէ դեռ ինչ, բայց որը թույլ է տալիս ոչ թե պարզունակ շուռ գալ այս կամ այն երեսով, այլ եռանիստ-եռադեմ պտտվել կոնյուկտուրայի առանցքի շուրջ: Այնպես, որ չբռնվեն մի դիրքի վրա: Եւ չկարծեք, թե անհարմար պահի բռնվելու դեպքի համար պատճառաբանություն չունեն: Դաշնակների հայտնի միտքը զարգացնելով՝ կասեն, թե հանուն ազգի պատրաստ են ցանկացած դիրքի: Խոսքը, իհարկե, դիրքորոշման մասին է:
19.04.2001
Aucun commentaire:
Enregistrer un commentaire