15.2.08

ՀՅԴ-ԻՆ ՓՈՒՌԸ ՏԱԼՈՒ ՏԱՐԲԵՐԱԿԸ

ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱԼԻԲԱՆ.

.

Հայաստանը այս 13 տարիներին այնքան քաղաքական, նյութական, մարդկային ռեսուրսներ վատնեց Ղարաբաղի վրա, որ հասավ մի սահմանի, որից հետո սկսվում է պետականության հիմքերի խարխլումը: Հայկական բանակի անպարտելիության մասին դատարկախոսությունը վկայում է միայն իշխանության պատասխանատուների անամոթության, իսկ կուսակցապետերի՝ մուխաննաթության մասին, ովքեր համերաշխորեն թյուրիմացության մեջ են պահում ժողովրդին, հավատացնելով, թե որեւէ բանակ կարող է ուժեղ լինել աղետյալ թիկունք ունեցող երկրում:

Իսկ իրողությունն այն է, որ Հայկական բանակի թիկունքը հայ-ռուսական անցյալ ռազմական համագործակցության եւ անցյալ հաջողությունների հիշողությունն է սոսկ: Դարձյալ այդ չարաբաստիկ հայկական հիշողությունը... Իրական թիկունքը երկրի տնտեսությունը պիտի լիներ, որ գոյություն չունի, եւ ժողովրդի միաբանությունը, որը անհնար դարձավ «27»-ից հետո: Թշնամին, բնականաբար, գիտի այդ մասին: Մնում է սեփական ժողովրդին չխաբել: Կամ գոնե, «մարտական ոգին բարձր պահելու համար», այն չափով խաբել, որ անակնկալը աղետալի հետեւանքներ չունենա: Ադրբեջանին պատերազմական գործողություններից ետ է պահում ոչ թե հայկական բանակի անպարտելիության միֆը, այլ որ մեծ տերությունները դեռեւս դեմ են պատերազմին: Այսինքն, մեր անվտանգության հիմնական երաշխիքը մեծ տերությունների՝ տարածաշրջանում խախուտ խաղաղությունը պահպանելու կամքն է, ոչ թե բանակը: Բայց այդ ռեսուրսը անսպառ լինել չի կարող: Առավելեւս, որ թվացյալ հավասարակշռության այդ վիճակը պայթեցնում է ինքը՝ Հայաստանը ներսից՝ տնտեսական անկումով եւ դեմոգրաֆիկ աղետով:

Եթե ռազմական եւ քաղաքական «հավասարակշռություն» դրսից ապահովելը լինում է դիվանագիտական միջոցներով եւ օպերատիվ միջամտությամբ, ապա Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռության այնպիսի խախտումը, որը առաջ է գալիս Հայաստանի հայաթափումով եւ տնտեսական պոտենցիալի ոչնչացումով,-այդպիսի անհավասարակշռությունը ուղղելու համար տասնամյակներ եւ տասնյակ միլիարդներ են հարկավոր լինում: Այդ մռայլ հեռանկարը այսօր կարծես թե առավել հստակ պատկերանում է Ռուսաստանին: Հայ-ադրբեջանական հակամարտության՝ ընդհանուր առմամբ Ռուսաստանին ձեռնտու ընթացքը չափազանց երկարեց: Հարցի լուծման հետագա ձգձգումը հղի է Հարավային Կովկասում հարաբերական հավասարակշռության նվազագույն շեմի անկումով, ինչը չի կարող ձեռնտու լինել Ռուսաստանին՝ Ադրբեջանի տնտեսական հզորացման ներուժի ակնհայտ առկայության պայմաններում: Պետք չէ չափազանցնել ռուս մի քանի գործարարների՝ Հայաստանում ներդրումներ անելու պատրաստակամության նշանակությունը: Դա ավելի շատ քաղաքական ակնարկ է, քան տնտեսական շահագրգռության դրսեւորում: Բայց եւ խոսում է այն մասին, որ Ռուսաստանը, որին արգելված չէ տարածաշրջանում պահպանել իր քաղաքական եւ տնտեսական ազդեցությունը (ինչպիսին պահպանել են Արեւմտյան պետությունները իրենց նախկին գաղութներում), անհանգստացած է տարածաշրջանի երկրներից մեկի դատարկվելու սպառնալի չափերից:

Ռուսաստանի համար հակամարտության չկարգավորված վիճակը մնում է վտանգավոր նաեւ այնքանով, որքանով չի բացառվում մի վիճակ, երբ Ադրբեջանը, ներքաղաքական անակնկալ զարգացումների բերումով, կարող է կտրուկ շրջադարձ անել դեպի Թուրքիա - ՆԱՏՕ եւ Ռուսաստանին կանգնեցնել Թուրք-Ադրբեջանական Ընդհանուր պետության նման մի բանի եւ Կասպից ծովի ափին ՆԱՏՕ-ի ուժերի ներկայության փաստի դեմ հանդիման: Համենայն դեպս, այնքան անհեթեթ գաղափար չէ, որքան Հայաստան-Բելառուսինը: Եթե ավանտյուրիստները իշխանությունը զավթեցին Հայաստանում, ի՞նչ երաշխիք կա, որ նրանց եղբայրները չեն զավթի Ադրբեջանում: Իհարկե, այս տարբերակը «հայ-ռուսական հակաիսլամական ճակատի» հիվանդների մանկության երազանքն է... բայց ոչ Ռուսաստանի, որը այսպիսով հայ-ռուսական ֆիկտիվ դաշինք ստանալով՝ Արեւմուտքին ճանապարհ է տալիս դեպի Կասպից ծով ու Միջին Ասիա, ինչը կանխելու փորձը կհանգեցնի արդեն մեծ պատերազմի: Հետեւաբար, Ռուսաստանին այսօր Հայաստանում պետք չէ մի իշխանություն, որը Ռուսաստանին կներքաշի մի պատերազմի մեջ, որի մասշտաբներն ու հետեւանքները անկանխատեսելի են Ռուսաստանի համար:

Ռուսաստանին Հայաստանում պետք չէ մի իշխանություն, որից բխող նվազագույն վտանգը այն է, որ շարունակելով ձգձգել կոնֆլիկտի լուծումը՝ հայաթափում է Հայաստանն ու Ղարաբաղը այն աստիճան, որ անհնար է դառնում ապագայում դրանք որպես զսպող միջոց օգտագործել Ադրբեջանի հնարավոր քաղաքական տատանումների դեմ: Ռուսաստանը դեռ հնարավորություն ունի Ղարաբաղը պահպանել որպես հայաբնակ շրջան, միաժամանակ իր ռազմական ներկայությունը ապահովելով Ադրբեջանում՝ ոչինչ որ ժամանակավորապես, ոչինչ որ՝ խաղաղարար ուժերի տեսքով: Քոչարյանը խանգարում է այդ հնարավորության իրագործմանը: Մեկ տարի հետո կարող է ուշ լինել, թեկուզեւ այն պատճառով, որ անակնկալ պատերազմի հետեւանքով ռուսական Գենշտաբին համակիր Երկրապահի՝ որպես ազդեցիկ ուժ Հայաստանի քաղաքական դաշտից վերանալուց հետո անհնար կլինի ոչ միայն Ղարաբաղի ինքնավարությունը պահպանելը ի հակակշիռ Ադրբեջանի, այլեւ հարցականի տակ կլինի Հայաստանում ռուսական ազդեցության պահպանումը: Եթե հոկտեմբերի 27-ից հետո Ռուսաստանը պաշտպանեց Քոչարյանին՝ անակնկալի գալով, է´լ առավել՝ Բաքվի հետ իր հարաբերությունների «չեփած» լինելու պատճառով, հիմա իրադրությունը այլ է: Եւ Ռուսաստանը պիտի որ արդեն պատրաստ լինի Քոչարյանի պաշտոնանկության գործընթացին:

Երկրապահը, ՀԺԿ-ն եւ Ռուսաստանի կամքը բավական են ապահովելու համար Քոչարյանի վաղաժամկետ քաղաքական մահը: Այս կացությունից նրան կարող է փրկել հետեւյալը-հոկտեմբերի 27-ը բարդել դաշնակցության վրա (մանավանդ որ, сами нарываются), հանգիստ թողնել Մեղրին, գոհանալ 50 հազարանոց Ղարաբաղով՝ Ադրբեջանի կազմում (իսկ այդ ե՞րբ է ավելին եղել, եթե չհաշվենք նաեւ թուրքերին) եւ իշխել եւս 6 տարի: Կամ՝ գնալ Ռուսաստան գեներալական թոշակի: Չէ՞ որ անհիշելի ժամանակից ամեն ղարաբաղցու նվիրական իղձն է եղել կոմանդիր դառնալ ռուսական բանակում: Այդ ի՞նչ մի գերբնական ուժ պիտի լիներ, որ այս մի բացառությունը աներ: Չկա այդպիսի ուժ: Եւ ուրեմն՝ վերադարձը դեպի Մայր Ռուսաստան մնում է խիստ հավանական: Մանավանդ որ, դաշնակներին փուռը տալով՝ 1999-ի ընտրությունների նման մի նոր ընտրարշավի հնարավորություն է բացվում նույն ՀԺԿ-ի եւ Երկրապահի ուժերով: Ճիշտ է, Վազգենի ու Դեմիրճյանի բացակայության պայմաններում արդյունքը այդ կազմակերպությունների համար նույնքան հաղթական չի լինի, բայց կորցրածնե´րն ինչ է, եթե գործը առաջ է գնալու առանց արյունի... Որն, ի դեպ, պարտադիր չէ, որովհետեւ (հասկանում եք) ոչ Արամն է Վազգեն, ոչ Ստեփանը՝ Դեմիրճյան, ոչ էլ նույնիսկ Բազեյանը՝ Մարգարյան: Իսկ ինչո՞ւ ոչ: Չէ՞ որ սրանով նա շարունակում է լուծել այն միակ հարցը, հանուն որի այսքան տարիներ գնացել է ամեն ինչի... իշխանության հարցը: Ասում եք՝ իշխանությունը ինքնանպատակ լինել չի՞ կարող: Եւ միջոց է նպատակին հասնելո՞ւ համար... Նախ՝ մարդը գիտի: Հետո՝ իշխանությունը վտանգավոր միջոց է, իսկ հաճախակի գործածելու դեպքում դառնում է սեփական կյանքի համար վտանգավոր: Իսկ երբ խելքը չի զորում նպատակը պարզել եւ դարձնել խնդիր, իշխանության կրողը ինքն է դառնում միջոց կամ գործիք: Ինչի՞ միջոց եւ ի՞նչ անելու համար՝ դա արդեն միջոցի գիտենալիք բանը չէ: Միջոցը եթե չի կարող նպատակ լինել, առավել եւս չի կարող նպատակ ունենալ: Դժվարը մեկ անգամ միջոց դառնալն է: Եւ անկախ այն բանից՝ օգտագործողը զզվող է, թե ոչ, օգտագործած բանը քաղաքականության մեջ տափին չի մնա:

.

28.03.2001

Aucun commentaire: