27.10.07

ՏԵՌՈՐԻՍՏՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 97-Ի ԱՇՆԱՆԻՑ ԵՆ ՀՐԱՎԻՐՎԵԼ

ՙՀոկտեմբերի 27՚-ի քրեական գործի նյութերում (հատոր 15, գործ թերթ 8-11) որպես վկա է հարցաքննվել լիբանանահայ լրագրող, 1985-ից ՀՅԴ անդամ, 1997թ.ին ՀՅԴ շարքերից հեռացված Վարդան Թաշճյանը, որը 2000 թվին ԼՂՀ-ում, տեռորիստական գործունեությանը մասնակից լինելու համար հայտնվեց մեղադրյալի աթոռին:
Հիշեցնեմ, որ ՙԴրո՚-ի եւ ՙ31՚-ի գործերի բացահայտումից հետո պարզվեց, որ մեղադրյալներից շատերը նախապես հեռացված էին եղել դաշնակցությունից: Հիշեցնեմ նաեւ, որ ՀՅԴ-ից հեռացվածների թվում են նաեւ Նաիրի Հունանյանը, նրա խմբի անդամներից` Վ.Գալստյանն ու Է.Գրիգորյանը:
Վարդան Թաշճյանի անունը ուշադրությանս արժանացավ, քանի որ ինձ ծանոթ էր նախ` 1994 թվին բացահայտված ՙԴրո՚ ահաբեկչական կառույցի քր. գործից, ապա 2000թ.-ի մարտի 22-ին ԼՂՀ-ում տեղի ունեցած ահաբեկչության գործից. Միանգամից նշեմ, որ ՙԴրո՚-ի գործի բացահայտումից հետո, երբ գաղտնազերծվել է ՙԴրո՚-ի արխիվը (արխիվի պատասխանատուն է եղել եղամ Մանուկյանը, որը կրել է թիվ 112 գաղտնահամարը), պարզվել է, որ Վ.Թաշճյանը ՙԴրո՚-ի գործով հանդիսացել է կադրերի պատասխանատուն եւ կրել է թիվ 160 գաղտնահամարը: Սակայն Վ.Թաշճյանը չի հայտնվել ՙԴրո՚-ի գործով մեղադրյալների կողքին, քանի որ հասցրել է ճողոպրել եւ գտնվել է հետախուզման մեջ: ՙՀոկտեմբերի 27՚-ի գործում Վարդան Թաշճյանի ցուցմունքները առաջին հայացքից որեւէ կարեւորություն չէին ներկայացնում, եթե, իհարկե, այնտեղ չլիներ նրա ու Նաիրի Հունանյանի հանդիպումներից մեկի ժամանակագրությունը: Վ. Թաշճյանը նշում է, որ Ն. Հունանյանի` Եվպատորիա, իսկ իր Լիբանան մեկնելուց հետո նրանք հանդիպել են 1997 թվի աշնանը` Երեւանի Մաշտոցի պողոտայում:
Կրկնում եմ եւս մեկ անգամ` 1997 թվականի աշնանը, այսինքն, այն ժամանակ, երբ ՙԴրո՚-ի գործով բոլոր ձերբակալվածները գտնվում էին բանտարկության մեջ: Եվ ահա, այդ նույն ժամանակ Վ. Թաշճյանը առանց որեւիցե վախի գալիս է Հայաստան, եւ դա դեռ քիչ չէ, ազատ զբոսնում է Երեւանի կենտրոնում: Բնականաբար, հարց է առաջանում. ումի՞ց պետք է վախենար Վ.Թաշճյանը, իհարկե, ՆԳ եւ ԱԱ նախարարության աշխատակիցներից, իսկ թե ինչու նման մտահոգություն չի ունեցել նա, չենք կարող ասել, բայց քանի որ նա նման ռիսկի չի դիմել 1994-96թթ., այսինքն` Վանո Սիրադեղյանի ՆԳ նախարար եղած ժամանակ, այլ Երեւան է եկել 1997-ին, ապա կարող ենք ենթադրել, որ նրա ռիսկը պայմանավորված է եղել Ն եւ ԱԱ համակարգերի միացումով, այսինքն` Սերժ Սարգսյանի պաշտոնավարմամբ:
1997 թվականի աշունը կարեւորվում է նաեւ նրանով, որ ճիշտ այդ ժամանակ էին Հայաստանում տեղի ունենում 1998-ի իշխանափոխության նախապատրաստական գործողությունները: 1997-ի աշնանը տեղի ունեցավ թավշյա հեղաշրջումը: Բայց հնարավոր էր, չէ՞, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա թիմակիցները չնախընտրեին ՙհարցի՚ խաղաղ լուծման տարբերակը, եւ արդյունքում տեղի ունենար ուժերի բախում:
Այո, հնարավոր էր, եւ ուրեմն` չենք կարող բացառել, որ Ն.Հունանյանի, Վ.Թաշճյանի, ինչո՞ւ չէ, նաեւ ՙԴրո՚-ի գործով ՙ10-րդ բաժանմունք՚ ծածկանունը կրող եւ դարձյալ փախուստի մեջ գտնվող մեկ այլ կասկածյալ, ՙդաշնակ Ժիրոյի՚ 97-ին Հայաստան գալու հանգամանքը պատահական չի եղել, եւ դեռ չգիտենք, թե քանի նախկին կամ ապագա տեռորիստներ էլ են 97-ի աշնանը Հայաստան եկել կամ հրավիրվել: Նկատենք, որ ի տարբերություն Վ.Թաշճյանի ու Ժիրոյի, Ն.Հունանյանը 97-ին իրավապահներից թաքնվելու խնդիր չուներ: Մյուս կողմից, սակայն, Ն.Հունանյանը անգրագետ չէր, եւ բացառվում է, որ նա ծովափնյա Եվպատորիայում 15.000 դոլարով տունը վաճառեր ու Հայաստան գար միայն նրա համար, որ ՙԲանգլադեշի՚ տոնավաճառում տիպերի ՙբիզնես՚ աներ:
Իսկ Հայաստանում, ինչպես տեսանք, ուժերի բախում տեղի չունեցավ, քանի որ 4-5 ամիս դիմակայելուց հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, որովհետեւ այլընտրանքը համարեց մեր պետության համար ավելի վտանգավոր: Իսկ ահա 97-ի աշնանը Հայաստան եկած նախկին ու ապագա տեռորիստների համար իշխանափոխության ժամանակ ՙգործ՚ չգտնվեց, բայց հետագայում ՙգործ՚ գտնվեց, եւ նրանք ցույց տվեցին իրենց դեմքերը. Նաիրի Հունանյանը` ՙՀոկտեմբերի 27՚-ով, Վարդան Թաշճյանը` ՙՄարտի 22՚-ով: Հիշեցնեմ նաեւ, որ ինչպես Ն. եւ Կ.Հունանյանները, այնպես էլ ՙԴրո՚-ի գործով կալանավորվածներից մի քանիսը մինչեւ դաշնակ դառնալները սկաուտներ էին եղել, իսկ Վարդան Թաշճյանը ԼՂՀ պաշտպանության բանակին կից ՙՀայ արիների՚ դպրոց էր հիմնել ու զբաղվում էր նրանց ՙկրթությամբ՚, ասել է թե` սկաուտներ էր դաստիարակում:
Հիշեցնեմ նաեւ, որ ՙ27՚-ի գործով մազապուրծ եղած, հայտնի սկաուտ Հարություն Հարությունյանին, որը պարզվում է ՙԴրո՚-յի փաստաթղթերում թիվ 1401 գաղտնահամարն էր կրել: Այն ժամանակ նա ձերբակալվել էր, սակայն դարձյալ ՙփաստերի անբավարարության՚ պատճառով 10 օր հետո ազատ էր արձակվել: ՀՀ քր.դատօր-ի հոդ. 35, մաս 2-րդով: Այսինքն` նույն հոդվածով, որով փրկվեց ՙ27՚-ի գործից:

Հ.Գ. Ի դեպ, 1994-97թթ.-ին Նաիրի Հունանյանն ու Վարդան Թաշճյանը հանդիպել են, թե` ոչ, չեմ կարող ասել, բայց որ Ն.Հունանյանի միջնորդությամբ Վարդանի քույրը` Լիլիթ Թաշճյանը հայտնվել է Ղրիմի մարզում եւ մինչ այսօր (2001թ.) Սիմֆերոպոլում զբաղեցնում է Ղրիմի հայ համայնքի` մամուլի գծով պատասխանատուի պաշտոնը, հաստատ է:

Երեւան, 2002թ.

Aucun commentaire: