27.10.07

ՔՈՉԱՐՅԱՆԻ ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՈՒՄ էՐ ՁԵՌՆՏՈՒ «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»

Ընդհանրապես, լրագրողների եւ քննիչների գործողությունների միջեւ որոշակի ընդհանրություն է առկա. հարցեր տալով՝ ստանալ ցանկալի հարցի պատասխանը.
Քննիչների դեպքում այն կոչվում է հարցաքննություն, լրագրողների դեպքում՝ հարցազրույց: Քննիչները տիրապետում են հարցաքննություններ անցկացնելու տարբեր մեթոդների, դրանց թվում նաեւ խաչաձեւ հարցաքննությունների անցկացումը, որը լրագրողական գործողություններում նման է մամուլի ասուլիսներին: Խաչաձեւ հարցաքննությունների էությունը կայանում է նրանում, որ երկու կամ ավելի քննիչներ իրար հաջորդող հարցեր են տալիս հարցաքննվողին: Առաջին հայացքից հարցերը կարող են նաեւ ուղղակիորեն ոչ մի կապ չունենալ հարցաքննության թեմայի հետ, դրանք ավելի շուտ «պրոֆիլակտիկ» նպատակ են հետապնդում. շփոթության մեջ գցել հարցաքննվողին, որի արդյունքում վերջիններս շփոթության մեջ հնարավոր է, իրենց համար ոչ ցանկալի, բայց նախաքննության համար շատ կարեւոր մանրամասներ ,բերաններից թռցնեն,:
Այս առումով հոկտեմբերի 27-ի քր.գործը ուսումնասիրելը խիստ ուշագրավ է, քանի որ խաչաձեւ հարցաքննությունների ոչ մի դեպքի չենք հանդիպում: Սա, թերեւս, կարելի է բացատրել այն հանգամանքով, որ կոմունիստական դաստիարակություն ստացած ,մեր, իրավապահները գերապատվությունը պրոֆեսիոնալ մեթոդներին տալու փոխարեն ,տուրք, են տալիս ֆիզիկական բռնություններին՝ ծեծ ու ջարդի միջոցով ցուցմունքներ կորզելուն: Ինչեւէ, սա ընդունենք որպես նախաբան եւ անցնենք բուն թեմային:
Եվ այսպես, 2001 թ.-ի դեկտեմբերի 14-ին Ռոբերտ Քոչարյանի՝ լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ տեղի ունեցածը ոչ այլ ինչ՝ էր, քան խաչաձեւ հարցաքննություն: Ինչպես խաչաձեւ հարցաքննությունների ժամանակ, այնպես էլ այդ ասուլիսի ժամանակ մեկ պատասխանողին ուղղված բազմաթիվ, իրար հետ ոչ մի կապ չունեցող հարցեր հնչեցին, ի շարս դրանց՝ նաեւ Ա1+ հեռուստաընկերության լրագրող Գեղամ Վարդանյանի հարցը՝ ուղղված Քոչարյանին: Հարցն ուղղակիորեն վերաբերում էր պատգամավոր Շավարշ Քոչարյանի կողմից ներկայացված Սահմանադրության բարեփոխումների նախագծին, ինչի առթիվ Ռ.Քոչարյանը պատասխանեց.
«Եթե Շավարշ Քոչարյանը ուզում է ունենալ իր նախագիծը, ապա առնվազն ինքը պետք է փորձի դառնալ նախագահ, որից հետո հանդես գա իբրեւ այդ սահմանադրական բարեփոխումների սուբյեկտ՝ հանդես գա ժողովրդի առջեւ: Չկա երկրորդ նախագիծ եւ չի լինելու երկրորդ նախագիծ, ուզում են մարդիկ զբաղվեն, քննարկեն, խնդրեմ զբաղվեք, քննարկեք. չի լինելու երկրորդ նախագիծ, կամ առնվազն պետք է ունենալ Ազգային Ժողովում մեծամասնություն, ոչ թե միայն մեծամասնություն, այլ երկու երրորդ, քանի որ եթե նախագահը համաձայն չէ այդ տարբերակի հետ, ուրեմն Ազգային Ժողովը պետք է երկու երրորդով դա ընդունի: Եթե իրենք ունենան ԱԺ-ում երկու երրորդ, ապա ես չգիտեմ ես այստեղ ինչ եմ անում, ուրեմն ես չպետք է լինեմ կամ այդ Ազգային Ժողովը չպետք է լինի: Կարծում եմ, այստեղ եւս բանաձեւը հստակ է եւ պարզ է»:
Ընթերցողներին առաջարկում եմ մի կողմ դնել Սահմանադրությանը վերառնչվող թեման եւ Ռ.Քոչարյանի այս պատասխանի փակագծերը բացել՝ խաչաձեւ հարցաքննության արդյունավետ մեթոդով:
Ռոբերտ Քոչարյանը երեւի ինքն էլ չգիտակցեց, որ ասաց մի բան, որը մեկ այլ պարագայում երբեք չէր ասի, քանի որ այն ոչ այլ ինչ էր, քան՝ ինքնախոստովանություն, որ ԱԺ-ում որեւիցե ուժի կամ խմբի կողմից երկու-երրորդ ունենալու դեպքում ինքը ոչինչ է, եւ նման դեպքերում, ըստ իր տեսակետի, կամ ինքը չպիտի լինի, կամ Ազգային Ժողովը: Փաստորեն, եթե հետադարձ հայացք նետենք 1999 թվականին ձեւավորված եւ մինչեւ «Հոկտեմբերի 27»-ը գործող Ազգային Ժողովի դասավորվածությունը, ապա կնկատենք, որ այն ժամանակ Քոչարյանի համար ԱԺ-ում կար այդ ոչ ցանկալի մեծամասնությունը: Այսինքն, ստացվում է, որ ԱԺ-ում մինչեւ «Հոկտեմբերի 27»-ը կար հենց այն մեծամասնությունը, որն ի վիճակի էր անկախ Ռ.Քոչարյանի կամքից ցանկացած որոշում (այդ թվում նաեւ՝ Սահմանադրության նոր նախագիծ) ընդունել: Այսինքն՝ մինչեւ «Հոկտեմբերի 27»-ը ԱԺ-ում պատգամավորների այնպիսի դասավորվածություն կար, երբ Քոչարյանը չէր հասկանում, թե ինքը ինչ է անում այնտեղ՝ նախագահի բազկաթոռին, իր իսկ ձեւակերպմամբ՝. «...ես չգիտեմ ես այստեղ ինչ եմ անում...», իսկ նման դեպքում նա ելքը տեսնում է այսպես. կամ առանց իրեն, կամ՝ առանց երկու երրորդ ունեցող ԱԺ-ի, իր խոսքերով՝ «...ուրեմն ես չպետք է լինեմ կամ այդ Ազգային Ժողովը չպետք է լինի...»:
Փաստորեն, «Հոկտեմբերի 27»-ից հետո այդպես էլ եղավ՝ քայքայվեց ու այսօր արդեն, ԱԺ-ում գոյություն չունի այդ երկու երրորդ կոչվածը:
Փաստորեն, Ռոբերտ Քոչարյանը խոստովանում է, որ մինչեւ «Հոկտեմբերի 27»-ը ՀՀ ԱԺ-ում Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի շուրջ համախմբված մեծամասնությունը իր համար անընդունելի էր, այսինքն՝ իրեն ձեռնտու չէր, իսկ Նաիրի Հունանյանի ձեռքով կատարված այդ բոզիտղությունից հետո ԱԺ-ում ստեղծված իրավիճակը իր սրտովն է, այսինքն՝ խիստ ձեռնտու է իրեն:
Ստացվում է, որ Մուշեղ Սաղաթելյանը, Վարդան Պետրոսյանը, ինչու չէ, նաեւ ես` ազատ լրագրող Վահագն Ղուկասյանս ու էլի շատ շատերը, այդ կեղտոտ ահաբեկչության կազմակերպման մեջ զուր չենք կասկածել Ռ.Քոչարյանին, եւ, եթե մենք ընդամենը կասկածում ենք, ապա նա դեկտեմբերի 14-ին հասկանալի հայերենով խոստովանեց, որ իր պատկերացմամբ հանրապետությունում չի կարող միաժամանակ լինել եւ´ նախագահ, եւ´ ձայների գերակշիռ մեծամասնություն ունեցող ԱԺ, կրկին հիշեցնեմ իր խոսքերը. «...ուրեմն ես չպետք է լինեմ կամ այդ Ազգային Ժողովը չպետք է լինի...»: Իսկ ընդհանրապես, եթե մարդը իր առջեւ նման` «կամ ես, կամ՝ հակառակորդս» խնդիր է դնում, ուրեմն նա առաջին հերթին ամեն ինչ անում է իր հաղթանակը տոնելու համար: Եվ ուրեմն՝ Քոչարյանն ինքը պետք է առաջին հերթին մտածեր ու գործի դներ ամեն հնարք, որպեսզի չլիներ ոչ թե ինքը, այլ՝ մեծամասնություն ունեցող Ազգային Ժողովը: Իսկ ընդհանրապես Ազգային Ժողովից «պրծնելու» մեկ Սահմանադրական տարբերակ կար` լուծարելը (որի մասին Վազգեն Սարգսյանի կենդանության օրոք Քոչարյանը նույնիսկ կատակով ռիսկ չէր անի արտահայտվել), իսկ անօրինական տարբերակը գլխատելն էր, որն էլ իրագործվեց Ն.Հունանյան տականքի ձեռքով:
Ի դեպ, ,Հոկտեմբերի 27,-ից հետո՝ «Ահաբեկիչների թիկունքում կա՞ն կազմակերպիչներ եւ ովքե՞ր կարող են լինել» հարցին, բազմաթիվ քաղաքական գործիչներ կամ այդպիսիք հորջորջվողներ պատասխանում էին. «Երբ պարզվի, թե ում էր ձեռնտու, ովքեր օգտվեն, նրանց մեջ էլ պիտի տեսնել այդ կազմակերպիչներին»:
Վերջացնելով՝ ուզում եմ թերահավատորեն, այդուհանդերձ աղոտ մի հույս փայփայել, որ անջատված մասով նախաքննությունն իրականացնող մարմինը ուշադրությամբ կդիտի 2001թ.-ի դեկտեմբերի 14-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի տեսագրությունը եւ լրացուցիչ հարցաքննության կհրավիրի Ռ.Քոչարյանին:

Հ.Գ. Ինչ վերաբերում է այսուհետ ԱԺ-ում Սահմանադրության կամ որեւէ այլ նախագիծ անցկացնելու կապակցությամբ ձայների մեծամասնություն հավաքելու՝ պատգամավորների ցանկությանը (եթե, իհարկե, դա ներկայիս ղեկավարությանը ձեռնտու չլինի), ապա ի սեր Աստծո խորհուրդ չեմ տա. Ի՞նչ իմանանք, Հայաստանում՝ «ԴՐՈ» կառույցի բացահայտումից առաջ քանի նախկին սկաուտ են Ն.Հունանյանի պես դաշնակցությունից հեռացված եղել:


17.12.2001թ.

Aucun commentaire: