«Կրակեմ-ծեծեմ Հրաչը»
Կալանավայրերի վարչությունում 1986թ. մի փախուստի դեպք է գրանցվել: Երեւանում դատապարտյալների համար նախատեսված կենտրոնական հիվանդանոցից (ՑԲ) ազգությամբ ռուս, մահապատիժը 15 տարվա ազատազրկմամբ փոխարինված, վտանգավոր մի ռեցիդիվիստ, նախապես մանրակրկիտ ուսումնասիրել է փախուստի հնարավոր տարբերակները, ինչպես նաեւ հիվանդանոցում ծառայություն կատարող վարչական աշխատակիցներին, մասնավորապես` տագնապի ազդանշանը հնչելուց հետո նրանք առաջնահերթ ինչ գործողություններ կիրականացնեն: Եվ քանի որ փախուստը հաջողությամբ իրականացրել է, ուստի կարող ենք հաստատապես ասել, որ հանցագործը չի սխալվել իր հաշվարկներում:
Այս պատմությունը ակամայից հիշեցի, երբ ծանոթանում էի «Հոկտեմբերի 27»-ի քր.գործով վկա, ԱԺ (այժմ արդեն նախկին) պատգամավոր Ժիրայր Գեւորգյանի ցուցմունքներին: Սակայն այս մասին քիչ հետո, այժմ ընթերցողին մի քանի բառով ծանոթացնեմ «ՑԲ»-ից կատարված այդ փախուստի մասին, որը ինչ-որ չափով նմանություն ունի «27»-ի գործի հետ, ավելի ճիշտ, տագնապի կանչով դեպքերի վայր առաջինը հասած իրավապահների գործելաոճին:
Այսպես, կալանավայր-հիվանդանոցի ադմինիստրատիվ աշխատակիցները փախուստի մասին իմացել են միայն 3 ժամ հետո, չնայած այն հանգամանքին, որ փախուստի պահին հնչել էր տագնապի ազդանշանը: Պարզվել է, որ փախուստն իրականացնողը իրեն միանալու առաջարկություն է արել ընդամենը մի քանի ամիս առաջ դատապարտված մի երիտասարդ ու անփորձ կալանավորի՝ «նորեկի»: Գիշերով միասին դուրս են եկել բակ, աննկատ հասել վարչական շենքի մոտ, առաջին պատի վրայով բարձրացել վարչական շենքի տանիք: Իսկ այստեղից անաղմուկ անցնելը ուղղակի անհնարին է եղել ազդանշանային ցանցի միացված լինելու պատճառով: Ռեցիդիվիստը վարչական շենքի տանիք բարձրանալուց անմիջապես հետո, երբ հնչել է տագնապի ազդանշանը, նա դիտավորյալ հրել ու դեպի արգելված գոտի է նետել իր «ընկերոջը»՝ նորեկին, իսկ ինքը առանց ժամանակ կորցնելու անցել է փշալարե ցանցից այն կողմ ու աննկատ հեռացել: Եվ ընդամենը վայրկյաններ հետո այնտեղ հասած պահակախումբը` տեսնելով փախուստի անհաջող փորձ կատարած նորեկին, առանց հարցնելու, թե ինչպես է հայտնվել այնտեղ, անմիջապես «գործի» է անցել՝ քացու տակ առնելով նրան եւ այն աստիճան, որ վերջինս 2-3 ժամ հետո, այն էլ միայն բժշկական օգնություն ստանալուց հետո է ի վիճակի եղել խոսելու ու հայտնելու ինչն ինչոց է...
Փաստորեն կարող ենք արձանագրել, որ փախուստն իրականացվել էր ոստիկան-պահապանների պատճառով, որոնք իրավիճակը ճիշտ գնահատելու ու համարժեք գործողություններ անելու փոխարեն առիթը բաց չէին թողել հաճույք ստանալ մարդ (թեկուզ կալանավոր) ծեծելուց:
Այժմ անդրադառնանք «Հոկտեմբերի 27»-ին. դեպքից ընդամենը 25-30 րոպե հետո ԱԺ հասած ՆԳ բարձրաստիճան աշխատակիցներին, որոնք հանդիպելով ԱԺ դահլիճից առաջինը (ոստիկանների համար առաջինը) դուրս եկած պատգամավորին, անմիջապես ձեռնամուխ են եղել իրենց հոգեհարազատ գործելաոճին:
Իսկ դահլիճից դուրս եկած անձը պատգամավոր Ժիրայր Գեւորգյանն է եղել: Ահա թե այդ մասին ինչ է գրում Ժ.Գեւորգյանը իր ցուցմունքում.
«2 թե 3 անգամ դրանց (ահաբեկիչների_Վ.Ղ.) հրամանի ներքո պառկեցինք եւ նստեցինք: Նստելուց հետո ահաբեկիչներից մեկը հրամայեց, որպեսզի մեկը դահլիճից դուրս գա եւ տեղյակ պահի ԱԺ շենքում եղած մարդկանց, որ նրանք դուրս գան շենքից, իսկ հակառակ դեպքում նրանք սպառնում էին, ասելով, որ կգնդակահարեն դահլիճում եղած յուրաքանչյուրին: Այդ ժամանակ ահաբեկիչներից մեկը մատնացույց արեց ինձ եւ ստիպեց, որ ես դահլիճից դուրս գամ եւ ասված պահանջը փոխանցեմ շենքում գտնվողներին: ...դահլիճից դուրս գալով ես միջանցքում տեսա արդեն մահացած Արմեն Արմենակյանին: Ավելի շփոթված ես մի կերպ աստիճանից ուզում էի իջնել ներքեւ դեպի միջանցք, երբ այդտեղ տեսա հավաքված մի խումբ մարդկանց: ոռացին` ձեռքերդ վերեւ, ես ձեռքերս վերեւ բարձրացրած իջա ներքեւ, որտեղ ինձ ստուգեցին եւ ստուգումից հետո զենքի ոչ մի տեսակ չհայտնաբերելուց հետո սկսեցին մի քանիսը գոռգոռալով հարցեր տալ իմ ով լինելու մասին, չթողեցին նույնիսկ ասել ինչի համար եմ ես դուրս եկել: Հասցրեցի նաեւ ասել (իրենց հարցից հետո), որ ես «Միասնություն» դաշինքից եմ, ԱԺ պատգամավոր Ժիրայր Գեւորգյանն եմ: Դրանից հետո նրանք հայհոյեցին եւ դրանցից մեկը` կլոր դեմքով սպիտակախառն մազերով եւ թիկնեղ մի մարդ սկսեց ինձ խփել աջից-ձախից ինչքան հնարավոր էր, ինչպես հնարավոր էր: Ես միայն մի բան ասեցի, որ ես մեռնեմ էլ, ոչինչ, Վազգենին նայեք, կարող է դեռ կենդանի լինի: Եվ այդպես մի քանի անգամ եւ մի քանի րոպե խփելուց հետո սկսեցին հարցեր տալ...», /հատոր 10, գործ թերթ 8-11/:
Նշենք նաեւ, որ Ժ.Գեւորգյանին դրանից 20-25 րոպե հետո բժշկական օգնություն է ցուցաբերվել: Նրա գլխին առկա է եղել բաց՝ արնահոսող վերք: Հետագայում իր ցուցմունքներում նա գրել է, որ այդ վերքը երեւի ստացել է դահլիճում գետնին պառկելիս, սակայն քրեական գործում առկա ԱԺ դահլիճում եղած հետքերի արձանագրության մեջ Ժ.Գեւորգյանի նստած եւ պառկած տեղերում (5-րդ շարքի 5-րդ տեղ_Վ.Ղ.) որեւէ արյան հետք չկա: Կարծում եմ այս հանգամանքով էլ պայմանավորված էր դեպքից հետո տարածված այն տեղեկությունը, որ Ժ.Գեւորգյանը նույնպես վիրավոր է, որը հետագայում հերքվեց: Իսկ օրեր հետո արդեն շատերն էին խոսում այն մասին, որ նա ոչ թե դահլիճում է վնասվել, այլ այն ստացել է միջանցքում ոստիկանների ծեծելու պատճառով:
Ինչպես նկատեցիք, վերեւում հիշատակված վաղեմի պատմության մեջ ծեծողները բարձրաստիճան պաշտոնյաներ չէին, այլ պահպանություն իրականացնող բառադի պրոպրչիկներ, բայց այս դեպքում բառադին ոչ թե շարքային, այլ ԿԳԲ-ի եւ ՆԳՆ-ի երկարամյա պաշտոնյա, տվյալ ժամանակ միլիցիայի գնդապետ, վերջին ամիսներին Ռ.Քոչարյանի «թեթեւ» ձեռքով գեներալի տիտղոսին արժանացած, ՀՀ քրեական ոստիկանության պետ Հրաչյա Հարությունյանի (Կրակեմ Հրաչի) մասին է:
Այժմ վերլուծենք տեղի ունեցածը եւ հասկանանք, թե ինչ պետք է արվեր, որ չի արվել եւ ինչ պիտի չարվեր, որ արվել է:
Այսպես, ահաբեկչության ահազանգը ստանալով եւ դեպքի վայր մեկնելով` օպերատիվ աշխատակիցները պարտավոր էին առաջին հերթին ԱԺ շենքն ու տարածքը վերահսկողության տակ վերցնելով ձեռնամուխ լինել ստույգ տեղեկություններ ստանալուն՝ ահաբեկիչների քանակի, նրանցից յուրաքանչյուրի պահվածքին ու ձեռքին եղած հրազենի տեսակի (ների), ով որ հատվածում է գտնվում, ովքեր են ավելի ագրեսիվ եւ այլ ցանկացած մանրամասներ, որպեսզի անհրաժեշտության դեպքում (ահաբեկիչներից ում հետ կարելի է բանակցության եզրեր գտնել, ծայրահեղ դեպքում «շտուրմ» կազմակերպելիս անվտանգության նկատառումներով ահաբեկիչներից որ մեկին պետք է առաջնահերթ վնասազերծել եւ այլն) ամեն րոպե պատրաստ լինեին համապատասխան գործողության: Այս տեսակի տեղեկություններ ստանալ նրանք կարող էին միայն տարբեր առիթներով դահլիճից դուրս եկած անձանցից, քանի դեռ հնարավորություն չէր ընձեռվել դահլիճ «գործուղել» հատուկ տեխնիկայով (միկրոտեսախցիկներ, ձայնորսիչներ...) «զինված» որեւէ անձի: Ասենք, օրինակ, ահաբեկիչների հանձնարարությունը կատարելու պատճառով դահլիճից դուրս եկած մեկին զինեին հատուկ տեխնիկայով ու պատասխան տանելու առիթով ետ ուղարկեին:
Քրեական գործի նյութերից, մասնավորապես, գաղտնալսումների արձանագրություններից պարզ է դառնում, որ այն իրականացվել է ոչ թե դահլիճի ներսից ու որ շատ կարեւոր է տարբեր հատվածներից, այլ «մեր փառապանծ» օպերատիվ աշխատակիցները դահլիճում կատարվող խոսակցությունները ձայնագրել են ԱԺ ողջ տարածքում սփռվող ռադիոյից, որը ոչ միշտ է եղել հասկանալի ու լսելի): Իսկ պատգամավոր Ժիրայր Գեւորգյանի հետ կատարվածը խոսուն ապացույց է այն բանի, որ Հրաչյա Հարությունյանի ղեկավարած օպերատիվ աշխատակիցները չեն էլ փորձել տեղեկություններ ստանալ դահլիճում տեղի ունեցածի մասին:
Հարց է առաջանում, ինչո՞ւ, միգուցե նրան չի´ հետաքրքրել, միգուցե շատ էլ լավ տեղյակ է եղել, բայց ԱԺ-ում է հայտնվել ոչ թե մասնագիտական պարտականությունը կատարելու, այլ սեփական «Կրակեմ» մականվանը համապատասխան գործողություններ իրականացնելու համար (օրինակ, ինչպես որ վարվեց մանկավարժական ինստիտուտում):
Սրանք մեղադրանքներ չեն, մենք հարգում ենք անմեղության կանխավարկածը, սրանք ընդամենը ենթադրյալ հարցեր են, որոնց կարող ենք ավելացնել նաեւ այս մեկը՝ միգուցե որեւիցե դիտավորություն չկա, այլ ուղղակի Հրաչյա Հարությունյանի մասնագիտական գիտելիքները չեն բավարարել, եւ նա հերսը հանել է իրեն պատահած (անձեռնմխելի կարգավիճակ ունեցող) պատգամավորից, սկսել է ծեծել՝ աջից-ձախից ինչքան հնարավոր էր, ինչպես հնարավոր էր դաժանորեն խփելով...
Ի դեպ, սրանք մեղադրանքներ չեն «Հոկտեմբերի 27»-ի առումով, իսկ Հ.Հարությունյանի կողմից անձին ծեծելու ու մարմնական վնասվածքներ հասցնելու համար դատախազությունը պարտավոր էր քր.գործ հարուցելու, անկախ այն հանգամանքից՝ տուժողը բողոքում է թե ոչ, քանի որ միայն քննությամբ եւ բժշկական ստուգմամբ պետք է որոշվեր հանցագործության ծանրության առկայությունն ու աստիճանը («Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը պարտավոր են իրենց իրավասության սահմաններում քրեական գործ հարուցել հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում...», ՀՀ քր. դատ. օր. հոդված 27.»:
Հ.Գ. Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ վերջին տարիներին ՀՀ-ում տեղի ունեցած բոլոր աղմկահարույց քր.գործերի օպերատիվ հետախուզական գործողությունները հանձնարարվել են Հրաչյա Հարությունյանին, որոնց արդյունքները գոհացրել են միմիայն քոչարյանական վերնախավին, բայց ո´չ երբեք՝ հասարակությանը:
ՎԱՀԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ
19.05.2003թ.
___________________________________________________________
Այժմ Հրաչյա Հարությունյանը ՀՀ Ազգային Անվտանգության վարչության պետի տեղակալն է:
31.10.2007թ
Aucun commentaire:
Enregistrer un commentaire