ՀՀ հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը
03 փետրվար, 1998թ.
Սիրելի հայրենակիցներ,
Իշխանության ձեզ հայտնի մարմինների կողմից ինձ ներկայացվել է հրաժարականի պահանջ:
Նկատի ունենալով, որ ստեղծված իրավիճակում Նախագահի սահմանադրական լիազորությունների կիրառումը հղի է երկրի ապակայունացման լուրջ վտանգով, ես ընդունում եմ այդ պահանջը եւ հայտարարում իմ հրաժարականը:
Զերծ եմ մնում որեւէ մեկնաբանությունից կամ գնահատականից՝ իրադրությունը չսրելու նպատակով: Միայն հարկ եմ համարում նշել, որ իշխանության ճգնաժամում Արցախի հարցի արծարծումն ընդամենը պատրվակ էր: Խնդիրը շատ ավելի խորն է եւ կապված պետականության հիմնադրույթների, խաղաղության ու պատերազմի այլընտրանքի հետ: Իսկ կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Արցախի համար, եւ ով է իրականում ծախում այն:
Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել. պարզապես Հայաստանում խաղաղության եւ արժանապատիվ հաշտության կուսակցությունը պարտություն է կրել: Բարդույթների մեջ չպետք է ընկնել. խաղաղության կուսակցությունը պարտություն է կրել մեզնից շատ ավելի զարգացած հասարակություններում, ինչպես, օրինակ, Իսրայելում: Բայց ե´ւ Իսրայելում, ե´ւ Հայաստանում դա անցողիկ է, ընդամենը ժամանակավոր նահանջ: Միեւնույն է, վաղ թե ուշ խաղաղությունը հարթելու է իր ճանապարհը:
Կոչ եմ անում ձեզ` ցուցաբերել զսպվածություն, պահպանել երկրի անդորրը եւ անցկացնել նոր Նախագահի օրինական, քաղաքակիրթ ընտրություններ: Դա կլինի ութ տարվա ընթացքում ձեզ հետ միասին մեր ստեղծած պետության հասունության վկայությունը եւ արտաքին վարկի պահպանման գրավականը:
Նոր Նախագահին մաղթում եմ ամենայն հաջողություն ի շահ եւ ի բարօրություն մեր ժողովրդի:
Հայտնում եմ ձեզ իմ խորին շնորհակալությունը անցած տարիներին իմ նկատմամբ ցուցաբերած վստահության եւ աջակցության համար:
Շնորհակալություն եմ հայտնում նաեւ իմ բոլոր զինակիցներին, ովքեր մշտապես անվերապահորեն եղան եւ մնում են իմ կողքին:
Եթե ընդունել եմ հրաժարականի որոշում, հավատացեք, դա նշանակում է, որ այլընտրանքը մեր պետության համար համարել եմ ավելի վտանգավոր:
Եթե արել եմ ինչ-որ լավ բան, չեմ ակնկալում որեւէ երախտագիտություն, չարածիս ու սխալներիս համար հայցում եմ ձեր ներողամտությունը:
Բարին ընդ ձեզ:
30.10.07
ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ 03.02.1998թ
Inscription à :
Publier les commentaires (Atom)
Aucun commentaire:
Enregistrer un commentaire