30.10.07

ԿՐԿՆՎՈՂ ՁԵՌԱԳՐԵՐ

ՊԱՏՎԵՐՎԻՐԱՏՈՒՆ ՆՈՒՅՆ ՏԵՂԻՑ Է, ԿԱՏԱՐՈՂՆԵՐՆ ԷԼ՝ ՆՈՒՅՆՆ ԵՆ
(ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ)
Սույն թվականի ապրիլի 23-ին եւ 30-ին «Օրրան» թերթում տպագրած իմ երկու հրապարակումների մեջ, ես կոնկրետ փաստեր մատնանշելով հիմնավորեցի Տիգրան Նաղդալյանի սպանության կապակցությամբ ամենահավանական վարկածը, որում, ի տարբերություն նախաքննությունն իրականացնող մարմնի, հիմնավորել եմ սպանության մոտիվը: Ինչպես նաեւ ընթերցողի ուշադրությունը հրավիրեցի այն հանգամանքի վրա, որ Նաղդալյանի սպանությունն իր ձեւով եւ հետագա քննչական գործողություններով հիշեցնում է ՊՆ փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը, դրանցում զուգադիպություններից բացի նույնն էին նաեւ ձեռագրերն ու դերակատարները՝ ՀՀ գլխ. դատախազության քննիչները:

Այժմ, Տ.Նաղդալյանի սպանության կապակցությամբ ընթացող նախաքննության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններն ու մամուլում տպագրված տարակարծիք տեղեկությունները վերլուծելով, կարծում եմ` կարելի է բավարար չափով պատկերացում կազմել, թե ինչ մանրակրկիտությամբ է այն նախապատրաստվել եւ, որ կարեւոր է, թե ի սկզբանե որն է եղել հետին նպատակը:

Սպանության նախապատրաստական գործողությունները առողջ վերլուծության ենթարկելիս` կարելի է նաեւ տրամաբանական կապ գտնել առաջին հայացքից այս հանցագործության հետ կապ չունեցող, նախորդ տարվա աշնանը տեղի ունեցած ու մինչ այժմ չբացահայտված մեկ այլ ոճրագործության դրդապատճառի հետ, որը, ըստ երեւույթին, կատարվել էր միայն այն բանի համար, որպեսզի դրանով կանխվեր հետագայում Տիգրանի սպանության կապակցությամբ հնարավոր միջազգային աղմուկն ու դրանից բխող հետեւանքները: Խոսքը լրագրող եւ ՀՀ-ում լրագրողների իրավունքների պաշպանությունն իրականացնող Մարկ Գրիգորյանի նկատմամբ 2002թ. հոկտեմբերի 22-ին կատարված մահափորձին է վերաբերում:

Նշված երկու քր.գործերի օպերատիվ հետախուզական գործողությունները իրականացվել են ՀՀ քրեական հետախուզության գլխ. վարչության պետ Հրաչյա Հարությունյանի եւ նրա տեղակալ Կարեն Հակոբյանի ղեկավարությամբ: Կրկնում եմ՝ այս երկու քր.գործերը կապվում են միմյանց հետ: Առաջարկում եմ միասին վերլուծել փաստերը:

Սակայն մինչ դրանց անցնելը, ավելի լավ պատկերացում ունենալու համար, ընթերցողին նախ տեղեկացնեմ, թե ովքեր են Հ.Հարությունյանն ու Կ.Հակոբյանը, առաջարկում եմ մի փոքր ետ գնալ եւ շատ համառոտ անդրադառնալ նրանց մասնագիտական անցյալին:

Հրաչյա Հարությունյան- 1994թ. աշխատելով ՀՀ ԱԱՊՎ-ում` որոշ անախորժություններ է ունեցել ՊՆ նախարար Վազգեն Սարգսյանի հետ: Վերջինիցս թիվ 229 իր աշխատասենյակում մի քանի ապտակ եւ Հայաստանը 48 ժամվա ընթացքում լքելու ուլտիմատում ստանալով, հեռացել եւ մի քանի տարի ապրել է Բուլղարիայում: 1998 թ. ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Սերժ Սարգսյանի հովանավորությամբ վերադարձել եւ նշանակվել է ՀՀ ՆՆ ԿՀԴՊ / 6-րդ / վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ, 1999 թ. մինչ այսօր զբաղեցնում է Քրեական Հետախուզության լխավոր վարչության / ՔՀՎ/ պետի պաշտոնը:

Կարեն Հակոբյան- մինչեւ 1998թ. աշխատել է 6-րդ վարչությունում՝ որպես ավագ օպերլիազոր, համապատասխան՝ իրավաբանական կրթություն չունենալու /նա սովորել է ԵՊՀ մեխանիկայի ֆակուլտետում/ պատճառով նրա կոչումը միլիցիայի մայորից չի բարձրացել: 1998թ. Հրաչյա Հարությունյանի` 6-րդ վարչության պետի տեղակալ նշանակվելուց ամիսներ անց Կ. Հակոբյանը իր անձնական գործերը հանձնել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ, որտեղ տարեկան 1-2 անգամ այցելելուց հետո ստացել է իրավաբանի դիպլոմ, ինչի շնորհիվ հնարավորություն է ստացել նշանակվելու սպանությունների բաժնի պետի տեղակալի, պետի, իսկ հետագայում՝ ՔՀՎ պետի տեղակալի պաշտոններում:

Վերջիններիս մասնագիտական գործունեության մեջ եւ 1998 թ. Հայաստանում տեղի ունեցած բոլոր աղմկահարույց գործերում կա մի շատ տարօրինակ ու նաեւ կասկածելի զուգադիպություն: Բանն այն է, որ Հրաչյա Հարությունյանի եւ Կ. Հակոբյանի` մինչեւ ՀՀՎ տեղափոխվելը, Հայաստանում տեղի ունեցած բոլոր աղմկահարույց սպանությունների ու մահափորձերի կապակցությամբ ստեղծված օպերատիվ հետախուզական խմբերը ղեկավարվում էին 6-րդ վարչությունում աշխատող Հ.Հարությունյանի եւ Կ.Հակոբյանի կողմից: Հիշեցնեմ դրանք՝ գլխ. դատախազ Հենրիկ Խաչատրյանի սպանությունը, Արծրուն Մարգարյանի, Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ կատարված մահափորձերը, Վահրամ Խորխոռունու, Արծրուն Մարգարյանի սպանությունները... Իսկ ահա ՔՀՎ տեղափոխվելուց հետո Հայաստանում տեղի ունեցած բոլոր աղմկահարույց դեպքերի օպերատիվ հետախուզությունը այլեւս չի վստահվել 6-րդ վարչությանը, այլ դարձյալ նրանց: Դրանցից էին «Հոկտեմբերի 27»-ի գործը, «Հոկտեմբերի 27»-ից հետո՝ մանկավարժական ինստիտուտում հայտնված եւ ուսանողներին պատանդ վերցրած «տեռորիստիկի» դեպքը: Ի դեպ, հետադարձ հայացքով այս դեպքին նայելիս թվում է, թե այն կազմակերպվել էր միայն տպավորություն ստեղծելու համար, որ Հայաստանում ամենուր տեռորիզմի մթնոլորտ է, եւ որ զինված ձեւով պատանդներ վերցնելով տեռորիստները ընդամենը ցանկանում են հանդիպել Քոչարյանին: Իսկ այս դեպքում տարօրինակն այն էր, որ դասախոսներից մեկը ահաբեկչին հրել ու դուրս էր նետել լսարանից, որի ընթացքում վերջինիս ձեռքից զենքը վայր էր ընկել, իսկ միջանցքում դարանակալած Հրաչյա Հարությունյանը, փոխանակ առանց զենքի գետին տապալված ահաբեկչին վնասազերծեր, երկու դիպուկ կրակոցով, որոնցից երկրորդը կրծքավանդակին, հավիտյան լռեցրեց նրան:

Ինչեւէ, շարունակենք Հ.Հարությունյանի եւ Կ.Հակոբյանի օպերատիվ «բացահայտումները», որոնց արդյունքները գոհացրել են միայն իշխանություններին, բայց ոչ ժողովրդին: Նրանք էին ղեկավարում նաեւ Մուշեղ Սաղաթելյանի հետ ստեղծված աղմկոտ գործի օպերատիվ հետախուզական միջոցառումները, նաեւ ամիսներ առաջ լրագրող Մարկ Գրիգորյանի նկատմամբ կատարված մահափորձի եւ այսօր էլ Տիգրան Նաղդալյանի սպանության գործով օպերատիվ հետախուզական միջոցառումները: Հիշատակելով Մարկ Գրիգորյանի նկատմամբ տեղի ունեցած մահափորձի դեպքը, եկեք մի փոքր անդրադարձ կատարենք Մարկ Գրիգորյանի մինչեւ մահափորձը եւ դրանից հետո կատարած մասնագիտական գործունեությանը, մանավանդ որ այն որոշակի առումով կապվում է թե´ Հրաչյա Հարությունյանի եւ Կարեն Հակոբյանի հետ եւ թե´ Տիգրան Նաղդալյանի սպանության փաստի ու այդ կապակցությամբ իրավապահների հետագա գործունեության հետ:

Այսպես, Մարկ Գրիգորյանը ճանաչված լրագրող լինելուց բացի, նաեւ լրագրողների իրավունքների պաշտպանությամբ էր զբաղվում: Նյու Յորք մեկնած ցանկացած հայ լրագրող ծանոթացել ու իր հետ Հայաստան է բերել «Լրագրողների Իրավունքների Պաշտպանության Կոմիտե» / CPJ/ միջազգային ամենահեղինակավոր կազմակերպության ամենամյա թողարկումները, որոնցում նշվում են աշխարհի ցանկացած մասում լրագրողների նկատմամբ տեղի ունեցած իրավախախտումները: աղտնիք չի, որ հայաստանյան լրագրողների նկատմամբ տեղի ունեցած իրավախախտումների մասին CPJ-ին տեղեկացնում էր Մարկ Գրիգորյանը: Իսկ CPJ-ն իր հերթին բողոքի նամակ էր հղում երկրի ամենաբարձր ղեկավարներին: CPJ-ն նաեւ այնքան ազդեցիկ ու հեղինակավոր կազմակերպություն է, որ նրա հրապարակած փաստերը հիշատակվում են նաեւ ԱՄՆ դեպարտամենտի տարեկան զեկույցներում: Իսկ «Amnesti International» (AI) միջազգային հայտնի իրավապաշտպան կազմակերպությունը CPJ-ի ամենամյա թողարկումներում նշված փաստերի կապակցությամբ հետեւողական պայքար է սկսում, ընդհուպ մինչեւ օրինախախտում կամ բռնություն կիրառած պաշտոնյային պատասխանատվության ենթարկելը: Բերեմ մեկ օրինակ: Խնդրում եմ իմ կողմից անհամեստություն չհամարեք, որ բերածս օրինակը վերաբերվում է ինձ, ուղղակի ավելի քաջատեղյակ եմ, ինչպես նաեւ բերածս փաստի հետ առնչվում են եւ´ CPJ, եւ´ AI կազմակերպությունները, եւ´ Մարկ Գրիգորյանը, եւ´ Հրաչյա Հարությունյանն ու նրա տեղակալ Կ. Հակոբյանը:

Այսպես, երբ 2000թ. հուլիսի 5-ին Հ. Հարությունյանն ու Կ.Հակոբյանը ինձ լրագրողական գործունեությանս համար անօրինական ձեւով բերման ու ֆիզիկական բռնության ենթարկեցին, եւ այդ մասին տպագրվեց իմ հայտարարությունը, Մարկ Գրիգորյանը հանդիպեց ինձ, տեղեկացավ մանրամասներին, անձամբ տեսավ բռնության հետքերը, ծանոթացավ բժշկական տեղեկանքին եւ այդ մասին տեղյակ պահեց CPJ-ին: Հաջորդեց Ռ.Քոչարյանին ուղղված CPJ-ի նամակ-բողոքը /19,06,2000թ./: Իսկ ամիսներ անց AI-ն իր բողոքները ուղղեց Ռ.Քոչարյանին, Վարդան Օսկանյանին, Հայկ Հարությունյանին եւ գլխ. դատախազ Ա.Թամազյանին: Դրանից հետո Բաղրամյան-26 հասցեով Քոչարյանին ուղղված հարյուրավոր բողոքներ էին անընդհատ ստացվում աշխարհի տարբեր ծայրերում գտնվող AI անդամներից / AI-ն աշխարհում սփռված մոտ 1 միլիոն անդամ ունի/: Ճնշումն այնքան մեծ էր, որ ՀՀ գլխ. դատախազությունում ստիպված սկսեցին նյութեր նախապատրաստել, որի արդյունքում հարցաքննվեցինք ես՝ որպես տուժող, իսկ Հրաչյա Հարությունյանը՝ կասկածյալ:

Կարծում եմ բերված օրինակը շատ հասկանալի ձեւով ասում է, թե որքան կարեւոր ու մարդասիրական գործ էր անում Հայաստանում լրագրողների ոտնահարված իրավունքները պաշտպանող Մարկ Գրիգորյանը: Բայց ինչպես տեսնում ենք Մարկ Գրիգորյանը իր նկատմամբ տեղի ունեցած մահափորձից հետո, որից հրաշքով կենդանի մնաց, ահաբեկվեց եւ ինչպես ինքը Լոս Անջելեսի «Վարագույր» հեռուստահաղորդմանը տված հարցազրույցում հայտարարեց, երկրորդ անգամ ծնվելուց հետո հասկացավ, թե որքան շատ է սիրում կյանքը: Ի դեպ, մինչեւ մահափորձին հաջորդող 2-րդ օրը երեկոյան Մարկ Գրիգորյանը բավականին համարձակ հայտարարություններ էր անում, իսկ դրանից հետո նա դարձավ ավելի զգուշավոր: ործընկերներիցս շատերը նրա զգուշավորությունը փորձեցին կապել նրա մոտ ՀՀ ԱԺ նախագահի օգնականի այցելությամբ, եւ երեւի դա միայն այն պատճառով, որ նրանք չէին ճանաչում Մարկ Գրիգորյանի զգուշավոր ու ահաբեկված դիրքորոշմանը նախորդող ժամերին նրան այցելած ՔՀՎ պետի տեղակալ Կարեն Հակոբյանին:

Այժմ եկեք հասկանանք, թե Տիգրան Նաղդալյանի սպանությունից հետո ինչ կաներ Մարկ Գրիգորյանը, եթե ամիսներ առաջ նրա նկատմամբ տեղի չունենար այդ մահափորձը: Իհարկե, այդ դեպքում նա աշխարհին կներկայացներ Նաղդալյանի սպանության առավել հավանական վարկածները, ինչպես նաեւ ողջ աշխարհը կիմանար, թե ինչպես են ՀՀ ՔՀՎ աշխատակիցները իրենց կամ գլխ. դատախազության ձեռքով, Նաղդալյանի սպանության պատրվակով հետապնդում իշխանությունների համար ոչ ցանկալի լրագրողներին, խոչընդոտում ու առգրավում նրանց լրագրողական գործունեությանը անհրաժեշտ տեղեկություններն ու անհրաժեշտ սարքավորումները: Հասկանալի է, չէ՞, որ այս ամենը իրենց բացասական ազդեցությունը կթողնեին ՀՀ-ում նախագահական ընտրությունների վրա: Եվ ուրեմն փաստերի ու տեղի ունեցած այս ամենի համատեքստում կարող ենք նաեւ եզրակացնել, որ Տիգրան Նաղդալյանի սպանությունը կազմակերպված էր ոչ միայն այն իրագործելու, այլ նաեւ դրան հաջորդող իրադարձությունների հնարավոր զարգացումները կանխելու նպատակով:

ՎԱՀԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ
08.03.2003

Aucun commentaire: