ՇՊԻՈՆ ՕՆՈՆ ԵՎ ՅՈՒՐ ԸՆԿԵՐՆԵՐԸ
Երբ գաղտնի ծառայությունները ղեկավարվում են տխմարների կողմից
.
Գաղտնի ծառայությունների կոչումը սեփական քաղաքացիների ու պետության անվտանգությունը ապահովելն է: Ու այդ ապահովումը, բնականաբար, կատարվում է գաղտնի, հակառակ դեպքում այդ ծառայություններին տրված պայմանական անվանումը` գաղտնի, արդարացված չէր լինի:Հայաստանում գաղտնի ծառայությունները այնպիսին են, ինչպիսին պետությունն է ու այն ղեկավարող իշխանությունը` թափթփված, ապաշնորհ ու ոչ պրոֆեսիոնալ:
Սրանում կարող է շատ հեշտ համոզվել յուրաքանչյուր ոք, եթե, ասենք, մասնակցի որեվէ զանգվածային միջոցառման օրինակ` երթի, հանրահավաքի կամ աղմկահարույց դատավարության: Նման միջոցառումների ժամանակ բավական է ընդամենը մի քանի րոպե ուշադրություն դարձնել շուրջբոլորը, եվ նկատելի կլինի, թե ինչպես են իրար ետեվից «ծակվում» մեր գաղտնի կոչվող ոստիկանները: Մեկը փորձում է աննկատելիորեն զրուցել սեփական «հովանոցի» հետ, մյուսը չնայած ավտոմեքենայով է, բայց չի զլանում եվ միջոցառման ողջ ընթացքում իր հետ քարշ է տալիս ինչ-որ ծավալուն սպորտային պայուսակ, երրորդը թեվատակում թաքցրած հաղորդիչի պատճառով ոչ մի կերպ չի կարողանում ձեռքերից մեկը նորմալ իջեցնել:
Մի քիչ ավելի ուշադրության դեպքում կարելի է նաեվ նկատել, թե ինչպես է գյուղակադեմիայի մի հաստլիկ ուսանող ցուցարարներին «վճռական քայլերի» կոչ անելով՝ պրովոկացիոն բնույթի խոսակցության մեջ քաշում, իսկ մոտակայքում կանգնած «ԳԱԶԵԼ» մակնիշի բեռնատարում էլ «ականջավոր» հովանոցի ու «միաչքանի» սպորտային պայուսակի շնորհիվ հնարավորություն են ստանում անթերի տեսագրել պրովոկատորի խայծը կուլ տված միամիտ ցուցարարին :
Եթե ցուցարարներից որեվէ մեկը սադրիչի խայծը կուլ չտա, հոգ չէ՝ գործի են անցնում հայհոյանքների ողջ բառապաշարին անթերի տիրապետող մի քանի կին :
Հետաքրքիր է նաեվ այն, որ ողջ միջոցառման ընթացքում իրար չճանաչող հաստլիկ ուսանողը, «ականջավոր» հովանոցի եվ«միաչքանի» սպորտային պայուսակի տերերը եվ էլի միքանիսը միջոցառումից հետո հայտնվում են հիշյալ «ԳԱԶԵԼ»-ի կամ պետհամարանիշները հաճախակի փոփոխող որեվէ այլ ավտոմեքենայի մեջ եվ ուղեվորվում Նորքի բարձունք կամ Քանաքեռգէս կոչվող թաղամասերի կողմը, ուր, չար լեզուների համաձայն, գտնվում են գաղտնի կոչվող ծառայությունների «կանտորաները» : Առավել ուշադրության դեպքում կարող ենք նկատել նաեվ, որ այդ ավտոմեքենաներից մեկը միջոցառման ավարտից մեկ-երկու ժամ հետո հայտնվում է Նալբանդյան 130 հասցեում, որից հետո, ասում են, ՆԳ նախարարը զբաղված է լինում «դակումենտալ կինո» դիտելով :
Իսկ որոշ ժամանակ առաջ մեր ձեռքն ընկել էր մի փաստաթուղթ, որի բովանդակության արժեքը լրագրողի համար հնարավոր չէ բնութագրել ավելի պատկերավոր, քան ժարգոնային «կայֆ» բառով: Դա իրոք«կայֆ փաստաթուղթ» էր: Բանն այն է, որ այս փաստաթուղթը ոչ մի կերպ, ոչ մի տրամաբանությամբ չէր կարող դուրս գալ ԱԱՆ 2-րդ վարչությունից (հետախուզություն-հակահետախուզություն): Ավելին՝ մենք այն չենք հափշտակել կամ ձեռք բերել այլեվայլ ճանապարհներով: Այն մեզ մոտ հայտնվել է ԱԺ պատգամավոր Մելիք Գասպարյանին պատկանող օբյեկտի՝ տնտեսագիտական համալսարանի ներքնահարկում գործող Xerox-ի կետում գտնվող խոտանված թղթերի կույտից: Նշենք նաեվ, որ պատգամավորի՝ վերը նշված օբյեկտը ԱԱՆ-ից անջատվում է ընդամենը այգով : Փաստաթուղթը պարունակում է ԱԱՆ 2-րդ գլխավոր վարչության այն ժամանակվա պետ Ս.Մելքոնյանի ստորագրությամբ մի որոշում (4 օգոստոսի, 2000թ.), որով նա պարզել ու որոշում է կայացրել«Հեռախոսային եվ այլ խոսակցությունների գաղտնալսման, դրանք ձայնագրառելու» գործողությունները իրականացնելու մասին: Դեռ սա էլ բավական չէ, այս որոշման հետ նույն կույտում նետված են եղել նաեվ սույն որոշումով կատարվող գաղտնալսման գրառման 3-րդ եվ 4-րդ էջերը: Բայց հետաքրքիրն այն է, որ գաղտնալսման արձանագրությունը թվագրված է օգոստոսի 2-ին, իսկ այդ նույն գաղտնալսման համար թույլտվություն ստանալու միջնորդությունը՝ օգոստոսի 4-ին: Այսպիսի բաներ: Իսկ միջնորդության մեջ 2-րդ վարչության պետը գաղտնալսում կատարելու համար դատարանից թույլտվություն է խնդրում այն հիմնավորմամբ, թե տեղեկություններ կան սպանության նախապատրաստման մասին: Փաստորեն, կարող ենք եզրակացնել, որ եթե այս թղթերը նույնպիսի պատահականությամբ, ինչպես մեր ձեռքն էին ընկել, ընկնեին ոմն Կորյունի, Կուկուի կամ գաղտնալսման գրառման մեջ հիշատակվող մյուս անձանց ձեռքը, ապա նրանք հնարավորություն կունենային իրենց գործողությունները ավելի աննկատ դարձնելու եվ չար նպատակները ի կատար ածելու: Իսկ մենք սրան հանգիստ ենք վերաբերվում, քանի որ մի երկրում, ուր անվտանգության ծառայությունները բացառապես զբաղված են մեկը մյուսի կամ երրորդի վրա կոմպրոմատներ հավաքելով, նման երեվույթների վրա զայրանալն անշնորհակալ գործ է:
Վահագն Ղուկասյան
Aucun commentaire:
Enregistrer un commentaire