14.11.07

ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ ՁԵՌՔԵՐԸ, ԻՐՈՔ ՈՐ ՇԱՏ ԵՐԿԱՐ ԷԻՆ

Վերջին մի քանի տարիներին ՀՀՇ-ին հայհոյելու շնորհիվ քաղաքական «գործիչ» դարձածները (Վանոն կասեր՝ «ատելության շուրջը հիմա հեշտ է մարդ հավաքել») եւ սատարող որոշ լրատվամիջոցներ իրենց թիրախ են ընտրել ՆԳՆ նախկին նախարար Վ.Սիրադեղյանին եւ նրան վարկաբեկելու համար հաճախակի հիշեցնում են, որ՝ «Վանոն էր ասում, որ իր դեմը խաղ չկա, այդ Վանոյի ձեռքերն էին երկար...»:

Օրերս, ծննդյան տոների կապակցությամբ Մոսկվայից Երեւան եկած ծանոթներիցս մեկի հետ ունեցած զրույցը առիթ դարձավ հիշելու ու համաձայնելու, որ, իրոք, 1994-95թթ. Վանո Սիրադեղյանի դեմը խաղ չկար, որ նրա ձեռքերը այնքան երկար էին, որ դուրս էին գալիս Հայաստանից՝ հասնելով Մոսկվա ու այլուր: Սակայն ի տարբերություն այս «գործիչների», կարծում եմ պետք է Վ.Սիրադեղյանին երկար ձեռքերի ու դեմը խաղ չլինելու համար շնորհակալություն հայտնել, իսկ թե ովքեր խաղ չունեին եւ ում նկատմամբ էին նրա ձեռքերը երկար, կարող եմ ասել: Բայց ավելի լավ է սկսեմ Մոսկվայից ժամանած ծանոթիս հետ ունեցած զրույցից:

Հայաստանում տիրող վիճակի մասին զրուցելիս ծանոթս ուղղակի ապշած հարցնում էր. - «Այս ինչ է կատարվում, մի՞թե սա այն Հայաստանը չի, որ 7-8 տարի առաջ հանցագործները Վանոյի ահից գլուխներն առած փախչում էին ուր կպատահեր, մի՞թե սա այն Հայաստանը չի, որտեղ, ի տարբերություն նախկին խորհրդային մյուս հանրապետությունների, հանցագործ աշխարհի ներկայացուցիչները չկարողացան ձեւավորել քրեական խմբավորումներ, ռեկետ...»:

Նա ինձ հիշեցրեց 94-95թթ. մի անեկդոտ` «Մոսկվայում իրավապահները խորհրդակցության ժամանակ «գլուխ են կոտրում», թե ինչպես հանցագործների դեմն առնեն եւ այդ ժամանակ նրանցից մեկը առաջարկում է. «Եկեք մի քանի ամսով Հայաստանի ՆԳ նախարարին հրավիրենք Մոսկվա, ու ամեն հարց ինքնըստինքյան կլուծվի»: Իսկ ո՞րն էր Վանո Սիրադեղյանի նկատմամբ այդքան մեծ հավատ ունենալու պատճառը: Ծանոթս պատմեց մի դեպք, որը տեղի էր ունեցել իր հետ` 1994թ. մարտին Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում:

Երեւան գալու մտադրությամբ նա այդ օրը «Վնուկովո» օդանավակայանում ցանկացել էր տոմս գնել, բայց ոչ թե տոմսարկղից, այլ ձեռքի վրայից` կրկնակի գնով, քանի որ Մոսկվայում գործող, գողական աշխարհում հայտնի Թեւոսիկի՝ բացառապես հայերից հավաքած հանցագործ խմբի անդամները մի քանի ամիս շարունակ նախօրոք գոյություն չունեցող մարդկանց անուններով գնում էին Երեւան թռչող ինքնաթիռների բոլոր տոմսերը եւ դրանք առնվազն կրկնակի արժեքով վաճառում: Եվ ահա այդ օրը նա փնտրել է այդ վերավաճառողներին ու նրանց չգտնելուց հետո անսպասելիորեն տոմսը իր սահմանված արժեքով գնել է տոմսարկղից: Իսկ երբ բարձրացել է ինքնաթիռ, զարմանքից ապշել է, քանի որ օդանավակայանի տարածքում փնտրած վերավաճառողներին հանդիպել է օդանավում եւ ձեռքներին ոչ թե վերավաճառվող տոմսեր, այլ՝ ձեռնաշղթաներ:

Ընթերցողին պետք է որ ծանոթ լինի այս պատմությունը: Այո, խոսքը 1994թ. մարտի 25-ի մասին է, երբ ՀՀ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի տեղեկացրել էին, որ «Վնուկովո» օդանավակայանում Հայաստանի քաղաքացիներով համախմբված բանդա է գործում, որի զոհն են դառնում Երեւան ուղեվորվել պատրաստվող մեր հայրենակիցները: Այդ ժամանակ Վանո Սիրադեղյանի հանձնարարությամբ՝ ՆԳ տրանսպորտի վարչության պետ Մուրադ Կիրակոսյանի գլխավորությամբ օպերատիվ խումբ ստեղծվեց ու սովորական քաղաքացիների անվան տակ մեկնեցին Մոսկվա, իսկ մի քանի ժամ մնալուց եւ վերավաճառողներից կրկնակի գներով տոմս գնելուց հետո Թեւոսիկի բանդայի անդամներից պահանջել էին իրենց անվտանգ ինքնաթիռ նստեցնել, քանի որ գնված տոմսերը ուրիշների անունով էին: Եվ ահա ինքնաթիռի սանդուղքի մոտ նրանցից 5-ին կալանավորում են: Իսկ դրանից հետո օդանավակայանի տարածքում գործող ռուս միլիցիոներները անակնկալի գալով հասկացել էին, թե ինչ է կատարվում, բայց ոչինչ անել չէին կարող, ստիպված սկսել են համագործակցել մեր ոստիկանների հետ, որի արդյունքում ձերբակալվել էին եւս 7 մարդ:

Հասկանալի է, որ հայ իրավապահները այդ օպերացիան չձախողելու համար պետք է այն խիստ գաղտնի կատարեին: Հասկանալի է նաեւ, որ ոչ Թեւոսիկը եւ ոչ էլ մեկ ուրիշը առանց ռուսական իրավապահների հետ փոխհամաձայնեցնելու նման բացահայտ ձեւով կազմակերպված հանցագործություն չէին կարող կատարել: Հետեւաբար օպերացիայի մասին չպետք է տեղեկացվեին նաեւ ռուս իրավապահները, իսկ միջազգային օրենքները պահանջում են, որ իրավապահները, օտար պետության մեջ որեւէ օպերատիվ գործունեություն իրականացնելիս նախօրոք տեղեկացնեն տվյալ երկրի իրենց կոլեգաներին: Բայց մեր իրավապահները, ինչպես տեսնում եք, այդպես չարեցին:

Փաստորեն Վանո Սիրադեղյանի պահանջով ու պատասխանատվությամբ մեր իրավապահները կատարեցին մի գործողություն, որի իրավունքը օրենքով չունեին: Այսինքն կարող ենք արձանագրել, որ այստեղ Վանոն հանցագործներին իրոք ցույց տվեց իր ձեռքերի երկարությունն ու իր դեմ խաղ չլինելը:

Ճի՞շտ էր Վանոն, թե՞ սխալ, այդ հանձնարարությունը պե՞տք է տար, թե՞ ոչ, որոշեք ինքներդ:


ՎԱՀԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ

Aucun commentaire: