Հիմա Վանո Սիրադեղյանի ժամանակն է, մենք էլ՝ նրա լավ-վատ ժամանակակիցները. ընդամենը: Հարյուր տարի հետո, եթե ծերացած մեր ժողովրդին հաջողվի ողնաշարն ուղղել ու կյանքի ժողովուրդ դառնալ, մի ամբողջ ժամանակ հենց նրա անունով է կոչվելու, ինչպես այսօր ասում ենք ,Չարենցի ժամանակ... Լավ պետություն չենք ունեցել՝ չկարողացանք գնահատել ու պահել Լեւոն Տեր-Պետրոսյանին, բանակ չենք ունեցել՝ չկարողացանք գնահատել ու պահել Վազգեն Սարգսյանին, մշակույթ էլ հո´ ունեցել ենք, մշակույթի կորուստ էլ հո´ ունեցել ենք, ինչո՞ւ չենք կարողանում գնահատել ու պահել եզակի մի գրողի՝ մի Սիրադեղյանի...
Միքայել Հայրապետյան
բանասիրական գիտությունների թեկնածու
Վաղը նոյեմբերի 13-ն է: Այսինքն՝ լրանում է Հայաստանի 3-րդ Հանրապետության հիմնադիրներից մեկի` հայ ազգի տաղանդավոր գրող, քաղաքական ու հասարակական գործիչ Վանո Սիրադեղյանի ծննդյան 56-ամյակը:
Ցավում եմ, որ հանգամանքների բերումով հնարավորություն չունեմ Ձեր ձեռքը սեղմելու ու շնորհավորելու հետ մեկտեղ շնորհակալություն հայտնելու Ձեր կատարած բոլոր այն լավ գործերի համար, որոնք նպաստել են հայ հասարակության մտավոր ու ֆիզիկական բարեկեցությանը: Համոզված եմ` այսօր աշխարհի որ ծայրում էլ գտնվեք, ուշի-ուշով հետեւում եք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, ուստի առիթից օգտվելով իմ եւ իմ ընտանիքի անունից խորին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ: Շնորհակալություն, որ նախկին սովետական հանրապետություններից Հայաստանում միայն չձեւավորվեցին «ռեկետ» կոչվող հանցավոր խմբավորումները: Շնորհակալություն, որ 93-94թթ. սկսեցինք հանգիստ քնել, որ այլեւս մթին դուրս գալը վտանգավոր չէր: Շնորհակալություն, որ փորձում էիք սովետական միլիցիային ազգային ոստիկանություն դարձնել: Որ պատերազմող երկրի թիկունքը մաքուր պահեցիք գողերից ու ավազակներից: Որ Ն նախարար եղած ժամանակ ավելին արեցիք Երեւանի համար, քան մինչ այսօր եղած բոլոր քաղաքապետները: Շնորհակալություն, որ Զանգուի ձորը մաքրվեց աղբանոցից, որ մոռացված մանկական երկաթուղին վերադարձրեցիք մանուկներին: Շնորհակալություն, որ շրջանավարտներին երկնքից ծաղիկներ էիք ուղարկում, որ երգող շատրվաններն էիք վերագործարկում: Շնորհակալություն, որ առանց Ձեր սեփական անձը գովազդելու ավերակների վերածված «Դինամո»-ի (այժմ` Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտ) վերանորոգումը սկսեցիք, որը վերագրվեց ներկարարական աշխատանքներ ու դրամահավաքների շոու կազմակերպողներին: Շնորհակալություն, որ դառնալով քաղաքապետ` մեզ ազատեցիք շաբաթներով շքամուտքերում տարածված աղբահոտից, որ ԺԵԿ-երից տեղեկանքներ ստանալու համար դժվարություններ չէինք ունենում բնակվարձերի պարտքերի համար: Շնորհակալություն, որ Ադմիրալ Իսակովի պողոտայում ամեն շաբաթ ավտովթարներ ու մահվան դեպքեր այլեւս չեն գրանցվում: Շնորհակալություն, որ այսօր էլ հազարավոր ոստիկաններ իրենց անհատական զրույցներում փառք են տալիս Վանո Սիրադեղյան նախարարին: Ու էլի շատ-շատ շնորհակալություն...
Այս շնորհակալություններս Ձեր կողմից հասարակության ի նպաստ կատարածի համար են, ունեմ նաեւ իմ անձնական շնորհակալությունը, որ իմ քաղաքական հայացքները ձեւավորվել են 1990 թվին՝ կարդալով «Հայք»-ի թիվ 7-ում Ձեր գրած «Ո՞րն է մեր ճամփան» արժեքավոր հոդվածը: Շնորհակալ եմ նաեւ« որ այսօր էլ եք շարունակում գրել, ուրախ եմ նաեւ, քանզի գիտակցում եմ, որ «ԱՓՍՈՍ ԷՐ ԵՐԵԽԱՆ» ու«ՄԻՋԱՆՑՔԻ ՍԻՐՈՒՆՆԵՐԸ» փայլուն ու խորիմաստ պատմվածքները կարող էր գրել միայն առողջ ու բացարձակապես խիղճը մաքուր մարդը:
Կրկին շնորհավորում եմ Ձեր ծննդյան օրը եւ ցանկանում միայն լավն ու բարին: Հուսով եմ, որ ոչ հեռու ապագայում ամեն թյուրիմացություն կպարզվի, եւ ժողովուրդն էլ բարձրաձայն կասի, թե ով ով է, ու ես էլ հնարավորություն կունենամ Ձեր ձեռքը բռնած շնորհավորելու ու ներողամտություն հայցելու, որ չեմ կարողացել արժանավույնս պաշտպանել Ձեզ:
Առողջ եղեք, ողջ եղեք:
Լավագույն ցանկություններով`
ՎԱՀԱԳՆ ՂՈւԿԱՍՅԱՆ
Aucun commentaire:
Enregistrer un commentaire