15.2.08

ՀԵՐԹԱԿԱՆ ԽԱՌՆԱԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԸ

Դուք նկատե՞լ եք, որ «Հայլուրը» սկսվում է վանդակաճաղերով: Ոչ թե դատարանի դահլիճի ճաղերով, ինչպես եղել է ամեն օր վերջին երկու տարին, այլ ձեւավորման տեսքով: Հայաստանի առօրյան վերաճել է սիմվոլի:

Հազիվ թե այլախոհ մեկը սղցրած լինի ձեւավորման գլխավոր գաղափարը: Հազիվ թե երկրի ղեկավարի մտահղացումը լինի: Ավելի շուտ, այս տարիներին ենթակաները լավ են հասկացել «կլյուչնիկի» նրա ճաշակը: Վերջացավ մի դատավարություն, վերջանում է մյուսը, նաեւ ամեն օր չէ, որ նիստ է լինում, այնինչ երկաթե ճաղեր ժողովրդին հարկավոր է ցույց տալ ամեն օր: Համ էլ՝ չեն մոռանա անցած դատավարություններն ու անցած «ռեժիմը»: Ձեռքի հետ էլ 27-ի դատավարությունը հեռուստադիտողը այս ձեւավորման միջոցով կկապի նախկին դատավարությունների, նույնն է թե՝ նախկին իշխանությունների հետ: Ինչ խոսք, ճարպիկ է մտածված ներքին գործածության համար, բայց, այ, դրսի նայողի համար հուսահատեցուցիչ է: Մենք՝ Եվրոպա, Ամերիկա ապրողներս, որ հնարավորություն ունենք նայելու հարյուրավոր ալիքներ հարյուրավոր երկրներից, չենք տեսել մի երկրի հեռուստատեսություն (նույնիսկ երեկվա մարդակերների), որ վանդակաճաղի տեսքով ներկայացնի իր երկիրը աշխարհին: Ձեր ներսում, սիրելի հայրենակիցներ, ինչքան ուզում եք կերեք իրար: Գնդակահարեք պառլամենտի մնացած մասը, սպանեք եւս մի դատախազ, թունավորեք միմյանց ու պառլամենտում խոսեք «սխոդկի» լեզվով, բայց անջատեք ձեզ ու մեզ արբանյակային կապից, թե չէ աշխարհում արդեն ոչ թե կոտորված ազգի կերպարը ունենք, այլ ինքներս մեզ կոտորողի: Իհարկե, մեր կողմից ելքը հեռուստացույցը անջատելն է: Բարեբախտաբար, հարյուր-հազարավորները միջոցներ չունեն Հ1-ը նայելու, իսկ ունեցողները այդպես էլ անում են, բայց կա մազոխիստի իմ տեսակը, որն ամեն օր մի լավ բանի սպասելով՝ իրեն խոշտանգում է:

Այդ հեռուստաէկրանին, եթե դատավարություն չկա այդ օրը, ուրիշ ոչ մի բան չկա: Սովետական ժամանակների հանրապետական միակ ալիքի նման: Նույնիսկ ավելի ձանձրալի, որովհետեւ կյանք չկա: 5 րոպե պոմիդոր հավաքելն են ցույց տալիս, 5 րոպե՝ պոմիդոր ճզմելը, եւս 5 րոպե՝ հարցազրույց պոմիդոր ճզմողի հետ, մնացած 5 րոպեն այն մասին, որ ոմանք ուզում են վերադառնալ իշխանության: Ծրագիրը վերջացավ: Հաղորդավարները ակնհայտորեն ձանձրանում են եւ, երեւում է, սպասում են նոր դատավարության: Իսկ մինչեւ նոր դատավարություն օրումեջ պիտի խոսեն պոմիդորի ու ֆոլգայի մասին, եթե, իհարկե, Ա. Մանուչարյանի նման մեկը մեջտեղ չընկնի: Ձանձրույթը այնքան հոգեմաշ է, արյան ծարավը այնքան առօրյա, որ հեռուստաընկերները տաքանում ու չեն հասկանում, որ Աշոտ Մանուչարյանը իրենց կողմից է: Որ նա հերթական անգամ ուզում է փրկել Քոչարյանին: Մանուչարյանը այդ գործին առաջին անգամ կպավ 27-ից հետո: Եւ Գ. Հարությունյանի հետ իր նպատակին հասավ: Իհարկե, նա ասում էր՝ Հայաստանն է փրկում: Բայց ով այդպես չի ներկայացնում իր մութ հեղափոխական գործերը: Չէ՞ որ 1914 թվականին ռուս-թուրքական պատերազմում թուրքական բանակ հայերի զորակոչը բոյկոտող ազգային գործիչներն էլ էին ուզում փրկել Արեւմտյան Հայաստանը:

Մանուչարյանը երկրորդ անգամ ակտիվացավ՝ փրկելու Ղարաբաղը՝ պառակտումից: Ուրիշ բան, որ երկու դեպքում էլ լավ բան չստացվեց: Եթե Հայաստանում, փաստորեն, նպաստեց 27-ի քննության շեղմանը (ինչի դեմ որ հիմա պայքարում է) եւ կասեցրեց տրամաբանական իշխանափոխությունը, ապա Ղարաբաղում արագացրեց Ղուկասյանի ոտքերին կրակելը: Եւ երկու դեպքում էլ անուրանալի ծառայություն մատուցեց Քոչարյանին: Բայց Մանուչարյանը Մանուչարյան չէր լինի, եթե եղածով հանգստանար: Եւ ահա հերթական անգամ փորձում է փրկել Քոչարյանին՝ այս անգամ 27-ի եւ 22-ի դեպքերը արեւմուտքի հետ կապելու միջոցով: Եւ չգիտես ինչու, այդ շարքից բաց թողնելով «մանր-մունր» սպանությունները (երկրի գլխավոր դատախազի՝ իր կաբինետում, պաշտպանության նախարարի՝ սպառազինությունների գծով տեղակալի, ներքին զորքերի հրամանատարի, Տիգրան Հայրապետյանի), ինչպես նաեւ մանրանալով Բաբայանի դատավարության վրա, մոռանում է «առօրյա» դատավարությունները նախորդ իշխանության նախարարների դեմ: Նա Քոչարյանին հաստատ փրկել է ուզում, իսկ ավելորդ տաքանալը նրանից է, որ նա այլ կերպ խոսել չգիտի եւ, բացի այդ, խղճի խայթ է զգում, որովհետեւ 98-ին շատ բան է արել «համազգային թեկնածուի» շուրջ զանազան սոցիալիստների, «սիմերի» ու «միաբանությունների», «դեմոկրատների» ու գողականների համախմբելու ուղղությամբ: Մի բան, ինչը «իսկականից» մոռանում են բոլորը, հատկապես դաշնակցությունը, ում, բացի ամեն ինչից, Աշոտի հետ կապում է Կոմինտերնի հեղափոխական տեռորի նվիրական գաղափարը: Բայց, այ, երախտամոռություն առայժմ չի ցուցաբերում աշխատակազմը, միայն մեղմորեն կշտամբում է «էկզոտիկայի» համար: Արդյո՞ք սոսկ երախտագիտությունից: Չեմ կարծում: Երախտագիտության գործում՝ նրանք չկան: Ասում են՝ երախտագիտությունը քաղաքական գործոն չէ. կարծում են՝ իրենք քաղաքական գործիչ են: Աշխատակազմը Մանուչարյանին չի կպնում այն պատճառով, որ նա Քոչարյանին մեղադրում է միայն իմանալ-չհայտնելու մեջ:

Հետո Մանուչարյանը Մեղրիի հարցում ընդհանուր բաներից բացի, հավանաբար, մանրամասներ էլ գիտի: Լինելով Վազգեն Սարգսյանի (հետագայում՝ Արամ Սարգսյանի) վերջին երեք տարիների ոչ պաշտոնական (իրեն դուր կգար՝ «գաղտնի») խորհրդականը, հավանաբար, մանրամասնություններ գիտի Մեղրին հանձնելու պլանից, գուցե եւ՝ ո´չ բանավոր աղբյուրներից: Մեղքը արեւմուտքի վրա գցելով, Մանուչարյանը մի կողմից թեթեւացնում է Քոչարյանի մեղքը (թեեւ պարզ չէ՝ այս դեպքում ի՞նչ «մեղմացուցիչ դեպք հանցանաց» կարող է լինել սահմանների անձեռնմխելիության երաշխավորի համար), մյուս կողմից տուրք է տալիս իր անկեղծ ռուսասիրությանն ու հիվանդագին հակաիմպերիալիստական կրքին:

Ամենայն հավանականությամբ, Վազգեն Սարգսյանը Վաշինգտոնում հասկացել էր (իսկ խորհրդականը իմացել), որ տարածքների փոխանակման հարցը արեւմուտքը լրջորեն չի էլ դիտարկում, եւ որ նման մի ցնորական բան կարող է հղանալ միայն Մեղրու եւ Հայաստանի հետ կապ չունեցող երկու մարդու գլխում՝ Ալիեւի եւ Քոչարյանի: (Դրանից է, որ Մինսկի խումբը ծուլորեն նետում է՝ դուք ոնց որ որոշեք): Եւ հասկանալի է, որ այդ պլանին դեմ չէ Թուրքիան, որը այդ դեպքում միանգամից դուրս է գալիս միջին Ասիա: Անշուշտ, Ամերիկային էլ ձեռ է տալիս այդ տարբերակը (վերջին հաշվով լուծում է), բայց հազիվ թե այդքան միամիտ է, որ լրջորեն հետապնդի մի խնդիր, որը ակնհայտորեն դեմ է Ռուսաստանի, Պարսկաստանի, ինչո՞ւ չէ, նաեւ Հայաստանի ռազմավարական շահերին միաժամանակ: Այդպիսի միտք կարող է ծագել ոչ միայն Հայաստանի հետ կապ չունեցող, այլեւ իրականության զգացումը բոլորովին կորցրած (մեկը՝ ծերության պատճառով, մյուսը՝ չգիտես ինչի) երկու անձանց գլխում: Միտք, թե հնարավոր է, որ Ռուսաստանն ու Պարսկաստանը թույլ տան Մեղրին ՆԱՏՕ-ի համար դարձնել կամուրջ՝ Թուրքիան ու միջին Ասիան իրար կապող: Դա հնարավոր չէ նույնիսկ այն դեպքում, եթե Հայաստանում հայ մնացած չլինի բացի Քոչարյանից: Եւ իզուր է նա այդ ուղղությամբ աշխատում, քանի որ ծայրահեղ վիճակում Պարսկաստանը իր զորքերը կմտցնի Զանգեզուր՝ առանց մեկնումեկին հարցնելու: Այնպես որ, Ալիեւ-Քոչարյան պլանը դատապարտված էր գլխանց, եւ արեւմուտքը կարիք չուներ Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի անմեղ արյանը: Արեւմուտքին հարցը լուծելու համար շատ քիչ բան էր պետք՝ ընդամենը քննարկման դնել «Հայկական հարցը», մնացածը մեր գլխին կսարքենք ինքներս:

Ուրեմն Մանուչարյանի վարկածը այնքան արժեք ունի, ինչքան արժեք ունեցավ նրա խորհրդատվությունը Վ. Սարգսյանի համար: Լավ էր, Արամ Սարգսյանը էժան պրծավ (՞): Իսկ Մանուչարյանի «սպեցիֆիկ» խորհրդատվությունը հիմա անցնում է Քոչարյանի վրա: Ու թեեւ Մանուչարյանն է հրաժարական պահանջում, դրանից ամենեւին էլ չի բխում, որ դրա կարիքը չկա: Լրիվ հակառակը: Հրաժարականը Քոչարյանի միակ փրկությունն է՝ անկախ այն բանից՝ գիտակցո՞ւմ է նա դա, թե՞ ոչ: Եւ հիվանդ լինելու վարկածը կարող է միայն նպաստել դրան: Այդ առաջին հայացքից է թվում, թե նա անձի անվտանգության խնդիր ունի հրաժարականից հետո: Տապալելով «ապազգային» իշխանությունը, երկու տարի «մաքուր ազգային» քաղաքականություն վարելով եւ դատարկելով Հայաստանը, նա այնքան ծառայություններ է մատուցել մեծ տերություններին ու հարեւան երկրներին, որ ապահով ու պաշտպանված կարող է ապրել այդ երկրներից ցանկացած մեկում: Իհարկե, անձամբ պիտի ավարտին հասցնի Բաբայանի դատը, իր ձեռքով պիտի փակի 27-ի գործը, որ եւս մի անգամ իր դեմ շուռ չգա: Բայց կարող է նաեւ կիսատ թողնել: Իր ծառայությունները օտարներին՝ իր անվտանգության երաշխիքն են ընդմիշտ: Բայց հրաժարականը պիտի լինի պատճառաբանված, ասենք՝ հիվանդության պատճառով: Պատճառաբանված հրաժարականը ազատում է բազմաթիվ պարտավորություններից: Մանր-մունր, այդ թվում՝ Ղարաբաղի ու Հայաստանի ժողովրդի առաջ ստանձնած պարտավորությունները դնենք մի կողմ: Առաջին հերթին նա պիտի պատասխան տա բանակցությունների ֆորմատին մասնակից երկրներին՝ հաշտության դաշինքը տապալելու համար: Չէ՞ որ իշխանության զավթումը ներվել էր միայն մի պայմանով՝ որ ստորագրի համաձայնագիրը: Այլ բան է, որ ինքը՝ իր գյուղացի լինելով, որոշել է «մատների վրա խաղացնել» քաղաքականության եւ դիվանագիտության գայլերին: Դա կարճ կոչվում է «բեսպրեդել», ինչը չեն ներում ոչ միայն հանցավոր աշխարհում, այլեւ այդ շրջապատում: Նաեւ պիտի պատասխան տա հատկապես ամերիկահայերին. բա ասում էիր՝ լավ կլինի, որ հարցը մտնի Կոնգրես: Այդ ինչպե՞ս պատահեց, որ համ փողը գնաց-կորավ, համ հարցը տապալվեց, համ ԱՄՆ-ի բազաները մնացին Թուրքիայում, գումարած՝ Թուրքիան սկսեց նավթ ու գազ առնել Իրաքից, գումարած՝ արագորեն զարգանում են Թուրքիայի հարաբերությունները Ռուսաստանի հետ, իսկ Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերությունները վերաճում են ստրատեգիականի, գումարած՝ թուրք-վրացական զորախաղեր են անցկացվում Ջավախքի մատույցներում, իսկ վրացահայերի հույս՝ ռուսական զորքերը դուրս են գալիս Ախլքալակից եւ Վրաստանից, գումարած՝ հայերը չեն կարող Թուրքիա մտնել (եղած 30.000-ն էլ կընկնի աշխարհե-աշխարհ), իսկ Ռուսաստանը հայկական ատոմակայանից հոսանք է վաճառելու Թուրքիային, այնինչ հայի դերը լինելու է՝ տուրբինների սպասարկող եւ ռադիացիայի պատանդ:

Եւ չպատճառաբանված հրաժարականի դեպքում պիտի պատասխան տա դաշնակներին. այդ ի՞նչ իրավունքով է իրենց լքում սովից կատաղած այս երկրում, իրենց մեծաբերան «ազգային» քաղաքականության ավերակների տակ: Բայց նա չի կարող, նրան թույլ չեն տա այդպես անպատասխանատու (ինչպես եկել էր) թողնի գնա: Նվազագույնը, որ պիտի անի, տոնավաճառների մոտերքից հավաքած այս ազգային ժողովը պիտի ցրի: Ոչ թե այն պատճառով, որ մեծամասնություն չի կազմում: Մեծամասնությունը էլ ո՞նց է լինում, երբ 130-ից 125-ը նախագահի կողմն են: Պարզապես պետք է իր հետ տանի կամ իրենից առաջ ուղարկի, կամ զոհաբերի, մի խոսքով, իրենց սովորական փնթի առօրյային վերադարձնի այս երեք տարիներին իրեն սպասարկած, Սամվելի ու Սերժի (այսինքն՝ բանակի) փողերով սարքած գրպանի հիստերիկ, միայն «մազութով» հայտնի կուսակցություններին ու խմբակցություններին: Չուզենա՝ կստիպեն: Տարածաշրջանի կայունության համար հանձնառություն ունեցող երկրները թույլ չեն տա, որ իրենից հետո երկիրը դարձնի գողական պառլամենտի ու գողական բանակի «ռազբորկի» առարկա: Ահա այս հեռանկարի վտանգից է Մանուչարյանը հրապարակ նետվում: Ում կողմից՝ էական չէ: Կարեւորը Մանուչարյան-ինտրիգանի անսխալ զգացողությունն է, որ ուր-որ է վրա է հասնում հերթական խառնակության ժամը:

.

22.11.2000

Aucun commentaire: