15.2.08

ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿ

Երբ վերինների խելքը չի հասնում, ներքևիների էլ՝ տանձին չի

.

Արդեն մեկ տարի առաջ հայկական զորքերը դուրս են եկել Ֆիզուլու եւ Հորադիզի գրավյալ տարածքներից: Արդեն մեկ տարի այդ տարածքները ոչ միայն ականազերծվել են (բնականաբար, ականապատման քարտեզները տվել են մերոնք), ոչ միայն վերակառուցվում են Բաքվում ԱՄՆ-ի դեսպանի հսկողությամբ, այլեւ այդ տարածքում բացվել է սակրավորների ուսումնարան՝ ԱՄՆ-ի ֆինանսավորումով:

Գրավյալ տարածքների այդ մասը «հանձնելու» մասին, երեւի թե, բազմակողմ պայմանավորվածության համաձայն, չեն գրում նաեւ Ադրբեջանում: Պայմանավորվածությունը՝ պայմանավորվածություն, բայց չեն կարող ամբողջովին լռել իրենց դիվանագիտական հաջողության մասին, եւ ժամանակ առ ժամանակ ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին հպանցիկ հաղորդում է տալիս անգամ պետական լրատվական ծառայությունը: Հնարավոր չէ, որ Հորադիզի պատմությունը Հայաստանում չիմանան գոնե մի 100 հոգի, բայց դավադրաբար լռում են: Միայն լիբանանցի Ժիրիկն է միանձնյա հիստերիաներ սարքում՝ առանց առարկայի անունը տալու: Ժամանակին Սուլեյման Դեմիրելը ընդամենը երկու գյուղից հայկական զորքի դուրս քաշելու դիմաց խոստանում էր բացել հայ-թուրքական սահմանը, բայց ղարաբաղցիք շանտաժի էին ենթարկում Տեր-Պետրոսյանին, թե՝ մեկ գյուղից դուրս գալը անգամ խուճապի կմատնի Ղարաբաղը: Այսօր զորքերը դուրս են եկել մի ամբողջ շրջանից, սահմանը չի բացվում. ինչո՞ւ: Ինչո՞ւ է Թուրքիան հարյուրապատիկ կարծրացրել դիրքորոշումը եւ պահանջում է հայկական զորքերը դուրս բերել Ադրբեջանի եւ Ղարաբաղի ողջ տարածքից: Բացատրությունը մեկն է. Հայաստանի այս չորս տարիների արտաքին տխմար քաղաքականությունը աներեւակայելի չափերի ամրապնդել է Ադրբեջանի եւ Թուրքիայի դիրքերը տարածաշրջանում: Բայց ի՞նչ են ստացել իշխանությունները մի շրջան, այսուհանդերձ, տալու դիմաց: Մի՞թե եւս մեկ երկրի կողմից ցեղասպանության դատապարտում: Թե՞ նախընտրական նաղդ փող, ասենք՝ Լինսի հիմնադրամի տեսքով: Ասենք թե՝ եւս հինգ երկիր (չէ՞ որ հինգ շրջան է մնացել հանձնելու) ճանաչեցին Ցեղասպանությունը, 10-ի ու 15-ի տարբերությունը արժե՞ փոխել գրավյալ տարածքների հետ: Չէ՞ որ այդ հողերը երաշխիք էին՝ հող Ղարաբաղի կարգավիճակի դիմաց սկզբունքը իրագործելու համար:Ինչո՞ւ են լռում դաշնակները, եթե իրենց ծրագիրը հողահավաքն է, ոչ թե ուրիշի գրավածը հանձնելը: Ինչո՞ւ են լռում բանակի սպաները, ովքեր 97 թվականին դավաճանեցին իրենց գլխավոր հրամանատարին, իսկ հիմա անծպտուն ետ քաշվեցին Հորադիզից՝ առանց որեւէ պայմանի: Ինչո՞ւ ղարաբաղցիք մերժեցին Դեմիրելի առաջարկը: Սոսկ այն պատճառով, որ թո՞ւրք էր: Գյո՞ւղ չէին ուզում հանձնել, թե՞ չէին ուզում Հայաստան գնացքներ մտնեն: Իհարկե, վերջինը:

Հիմա արդեն դաշնակ գործիչները բացահայտ լպիրշությամբ հայտարարում են, որ չեն ուզում Թուրքիայի սահմանը բացվի: Այսինքն, որ չբացվեն նաեւ մյուս սահմանները: Էլ ո՞վ բացահայտ չի ուզում, որ այդ սահմանը բացվի: Բացահայտ՝ միայն Ադրբեջանը: Ոչ բացահայտ՝ Իրանը, որ առանց մրցակցության Հայաստանի վրա սաղացնի շիրպոտրեբի իր աղբը, նաեւ Հունաստանը, որ հայ զանգվածները չիմանան ինչ բան է իսկական լիմոնն ու նարինջը եւ առնեն հունական միրգ ու պտուղ, որ իրենց երկրում օգտագործում են միայն որպես անասնակեր: Համ էլ Հայաստանը դիտում են որպես փուշ Թուրքիայի քամակին՝ թեկուզ եւ ժամանակավոր, բայց անհարմարություն իր թշնամու համար: Իսկ կառավարության մակարդակով հույները բանակցում են արդեն Ադրբեջանի հետ՝ ադրբեջանական գազը ապագայում Թուրքիայից Հունաստան եւ Բալկաններով՝ Եվրոպա քաշելու համար: Եւ Ալիեւը քամահրալից ներողամտությամբ չի բացառում այդ տարբերակը, բայց ասում է՝ հետո, երբ Թուրքիայի պահանջները կբավարարենք:

.

Մայմունություն՝ չումայի ժամանակ

.

Եւ մինչ մեր պայքարի ընկեր Հունաստանը Ադրբեջանի եւ Թուրքիայի համար իր ազգային շահերի բազարն է անում, Արկադի Ղուկասյանը Ստեփանակերտում, ըստ «Մեդիամաքսի», պատմաիրավական սեմինար է, իր խելքով, անցկացնում Մինսկի խմբի համանախագահի, Քավանոյի չէ, այս հերթականի հետ եւ համարյա համոզել է, որ... Բանը այսպես է եղել. Արկադիան հավասարը հավասարի նստած է եղել Մինսկի խմբի ԱՄՆ-ի հերթական ներկայացուցչի հետ եւ քյալլա տալիս է եղել հանուն հայության: Վեճը թունդ է եղել, ինչպես հոլիվուդյան տափակ ոստիկանական ֆիլմերում են երկու մենթ անզիջում լեզվակռիվ տալիս բարոյականության եւ օրենքի խախուտ սահմանի վրա՝ բերման ենթարկված պուտանկի առիթով՝ մի-մի ձեռքը դրած նույն ավտոյի կապոտին: Նախորդ ֆիլմերից հայտնի է, որ երկու րոպե հետո հաղթելու է անմեղության կանխավարկածը, բայց հարցի բարոյական կողմն էլ քննարկման կարիք ունի: Եւ վեճի կուլմինացիոն կետին, երբ թվում է, թե բանը պիտի հասնի օրենքի մեռած մենթի չանին հագցնելուն, այդ պահին մյուսը՝ սոցիալական արդարության կողմնակիցը, բայց անմեղության կանխավարկածը պակաս հարգողը, ատամները սեղմում, մի երկվայրկյան պաուզա է տալիս ու գոչում՝ «Ֆաք յու, Բիլ, չէ՞ որ մենք նապարնիկ ենք»:

Երկրորդը ուշքի է գալիս, ֆիլմի դինամիկան չխաթարելու չափ մտածում եւ հանկարծ լայնաբերան, նեգրաբար զինաթափող ժպտում է. «Յոբ տվայու, հա էլի»: Ուրեմն, Արկադիան, ըստ «Մեդիամաքսի», Պերինային ասում է. «Բայց չէ՞ որ Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի Հանրապետության կազմում»: Ամերիկացին լրիվ մոռացած լինելով, որ ԱՄՆ-ը եւ ՄԱԿ-ը Ադրբեջանի Հանրապետությունը ճանաչել են ադրբեջանական ՍՍՀ-ի սահմաններում, ասում է. «Հա, էլի»: Իհարկե, Արկադիան չի ասել «Մեդիամաքսին», որ Պերինան, իմիջիայլոց, ասած կլինի. «Ղարաբաղն էլ, կարծեմ թե, Հայաստանի կազմում առանձնապես չի եղել»: «Բա սազե՞ց,- նեղացած կլինի Արկադիան ընկերական,-բա Տիգրան Մեծի ժամանակները»: «Քանի՞ հարյուր տարի առաջ»,- միամտորեն պիտի հարցրած լինի ամերիկացին՝ պատմական ժամանակի իրենց չափանիշներով ենթադրելով, որ պարսիկները Ղարաբաղը նվաճած կլինեն շատ-շատ ուշ միջնադարում: «Սորի,-ներողամտորեն խնդացել է Արկադիան,-Մի 1500 տարի էլ ետ գնա»: Այստեղ ամերիկացին, հավանաբար, շշմել է հայերի հիշողության սլացքից: Եւ, գուցե, լինելով «չբացահայտված» հնդկացիների շառավիղ, ում նախնիներին նվաճել են եվրոպացիք, պահանջատիրաբար հուզվել եւ ասել է՝ «Հա, էլի»: Դա՝ ըստ «Մեդիամաքսի» ու Արկադի Ղուկասյանի: Բայց Պերինան, ըստ երեւույթին, լռել է, որովհետեւ եթե համաձայնության գար հայերի հետ, ըստ այդ համաձայնության, ԱՄՆ-ի 250 միլիոն սեւամորթներն ու սպիտակամորթները պիտի երկիրը թողնեն Չինգաչգուկի հետնորդներին եւ ռադ լինեն Աֆրիկա ու Եվրոպա, որովհետեւ այդ է պահանջում պատմական արդարությունն ու Կարմրամորթների Դատը: Չհաշված Կանադայի ֆրանսախոս ժողովուրդն ու անգլոսաքսերը: Չհաշված Լատինական Ամերիկայի նեգրերն ու իսպանացիները, ովքեր ացտեկների ու Մայա ցեղի ժառանգներից երկիրը խլել են բոլորովին վերջերս, եթե համեմատելու լինենք Տիգրան Մեծի ժամանակների հետ: Մանավանդ որ, ի՜ նչ կոտորել են կոտորել բնիկներին, ի՜ նչ կոտորել են կոտորել...

Պատկերացնո՞ւմ եք, ինչ մասշտաբի գործ է բացվում պատմական արդարությունը վերականգնելու գործում: Պլյուս-աֆրիկացիներն ու աֆրոամերիկացիները լրջորեն դրամական փոխհատուցում են պահանջում սպիտակամորթ ամերիկացիներից՝ իրենց նախնիներին ստրկացնելու դիմաց: Եւ միայն նեգրական վտանգից հեռու ռուս ժուռնալիստը կարող էր պահպանել հումորի զգացումը ու առանց պոլիտկոռեկտության ասել՝ «Բա որ դուք էլ մեր նախնիներին բռնում ուտում էի՜ ք ...»: Իսկ որ լուրջ նայենք, ամերիկացու տանձի՞ն է, թե ինչ են դուրս տալիս հայերը եւ ինչ փորձանք են բերում իրենց սերունդների գլխին: Նրանք, հրեն, ֆրանսացու ու ռուսի հետ, խմբակային լուսանկարում հռհռում են Հայաստանի ապագայի վրա (խոսքը եռանախագահների եւ Քոչարյանի վերջին հանդիպման լուսանկարի մասին է-խմբ.): Իսկ ինչի՞ս վրա է հռհռում այդ նույն լուսանկարում Հայաստանը ներկայացնող Քոչարյանը: Որ եւս երկու ամիս ձգեց եւ եւս 10 հազարով պակասեցրեց Հայաստանի բնակչությո՞ւնը... Եւ մինչ մեկը Երեւանում սեպերն է բացել, մյուսը Ստեփանակերտում, իր կարծիքով, Խանքենդի-Վաշինգտոն թազա «օս» է բացում, Թիֆլիսում, Պուտինի եւ Բուշի ներկայացուցիչների ներկայությամբ ստորագրվեց մի համաձայնագիր, որով գազամուղն էլ կանցնի Հայաստանի կողքով:

.

Գազամուղն էլ անցավ Հայաստանի կողքով

.

Մնաց Թուրքիա-Վրաստան երկաթուղին: Ի դեպ, խիստ խորհրդանշական է, որ երբ մի քանի ամիս առաջ Վրաստանն ու Թուրքիան Ստամբուլում թե Անկարայում ստորագրում էին Ախալքալաքով անցնող երկաթուղու կառուցման համաձայնագիրը, այդ նույն ժամանակ Ծաղկաձորում հերթական անգամ «սխոդկայի» էին նստել մի քանի ժուլիկ հայ ու հույն պաշտոնյա, նաեւ մի քանի պարսիկ եւ Ծաղկաձորի մաքուր օդում խզբզում էին Հունաստան-Հայաստան-Իրան եռանկյունին: Տարբերակներ՝ Կուբա-Չինաստան-Հայաստան սուր եռանկյունի, Հունաստան-Կիպրոս-Հայաստան ուղիղ եռանկյունի, Լիբանյան-Սիրիա-Իրաք-Հայաստան զիգզագը... Եւ այլ՝ հոգեկան հիվանդի վառ երեւակայության արգասիք նկարչություն: Մինչդեռ իրական աշխարհում խողովակներն ու ճանապարհները շրջանցում են Հայաստանը: Երկու-երեք տարուց կառուցված կլինի նաեւ Ախալքալաքի երկաթուղին եւ Գյումրի-Նախիջեւան երկաթգիծը, որը մեզ պիտի կապեր մեր չորս հարեւաններից երեքի հետ եւ նրանց միջոցով՝ նաեւ Միջին ու Առաջավոր Ասիայի, նաեւ՝ Եվրոպայի հետ,- այդ գիծը հիմա կծառայի Թավրիզի, Արարատյան դաշտի եւ մեզ սահմանակից թուրքական շրջանների բազարի ժողովուրդ տեղափոխող «էլեկտրիչկաներին»: Իհարկե, դեպքից-դեպք ապրանքատար վագոններ էլ կանցնեն-կդառնան, երբ, ասենք, Իրանը չամիչ եւ կաֆել արտահանելու լինի հատկապես Հայաստան: Վրաստան, Ռուսաստան, Ուկրաինա եւ Եվրոպա իր արտադրանքը Իրանը կհանի Ադրբեջանով: Եւ Հայաստանը ոչ մի քոռ կոպեկ չի ստանա տարածաշրջանների փոխադրումներից, որովհետեւ բոլոր ճանապարհները շրջանցում են Հայաստանը: Այս բանը կարող էին կռահել անգամ հայ բոշեքը, եթե պետականություն ունենային Հայաստանի տարածքի վրա: Բայց պատմականորեն այդ բանը վիճակված էր հայերին, ովքեր տարածաշրջանի երկրների ու ժողովուրդների ապագայի համար վճռորոշ այս տարիներին հնարավոր ու անհնարին ամեն բան արեցին, որ իրենց սերունդները վերջնականապես մնան «Ջերմուկի» հույսին:

Եւ որ երբ Լոսում ապրող երեւանցի տղերքի սիրտը մեկ-մեկ «Ջերմուկ» ուզի եւ դա գտնեն հայկական դուքաններում, Բուրջ-Համուդի ու Ասկերանի տղերքը երկու կոնտեյրներ «Ջերմուկ» Ամերիկա հասցնելը համարեն արտահանում: Դամասկոսում չկծված փախլավա ուտելը համարեն դիվանագիտություն: Ռուս գեներալների պարտյանկաները փաթաթելը համարեն դարավոր բարեկամություն: Չափառից չափառ ժապավեն կապելն ու կտրելը համարեն արտադրության աճ: Ինչ փույթ, որ Հայաստանը օրը-օրի ետ է գնում դեպի Էրիվանի խանության ժամանակները:

.

Էրիվանի խանության ժամանակները

.

Հիմա Երեւանը անդառնալիորեն վերադառնում է անցած դարասկզբի իր կարգավիճակին, երբ ոչ մի առնչություն չուներ Կովկասի եւ Փոքր Ասիայի արդյունաբերության, առեւտրի, քաղաքաշինության բուռն ծաղկման հետ: Բայց ի տարբերություն անցած դարասկզբի, երբ հայությունը անմիջական մասնակցություն ուներ տարածաշրջանի զարգացումներին, այս դարասկզբին մեր դերը լինելու է ստորագույնը: Հայաստանում մնացած, երրորդ կարգի ձեռներեցության ընդունակ տղերքը Երեւանից շարժվելու են երկիրը շրջանցող երկաթուղիների կողմը: Մի բան Ղազախից առնելու-սաղացնելու են Սադախլոյում, մի բան Նախիջեւանից առնել-տանելու են Իգդիր, մի մասն էլ շուլալվելու է Ախալքալաքի երկաթուղու մոտերքը: Արարատի տղերքը կաշխատեն փայ մտնել Հայաստան մտնող իրանական չամիչի գործում, դաշնակ շուստրիները բարեգործականի անվան տակ «տանիք կկանգնեն» Եվրոշուկայում չուտվող Հունաստանի զեյթունի ձեթի՝ Հայաստան ներկրման գործին: Մի երեք հազար հայ միառժամանակ համբալություն կանի Ախալքալաքի ռուսական կայազորի մոտերքում, մի հինգ հազար էլ կօգտվի Գյումրվա ռուսական կայազորի պայոկից... Ղարաբաղցիները ավանդաբար քոչած կլինեն Միջին Ասիա եւ Ռուսաստան: Եւ կբարգավաճեն, որովհետեւ նրանք երբեք այսչափ ստարտային կապիտալով չեն արտագաղթել: Ինչքա՞ն մարդ կմնա ապրելու աշխարհից կտրված այս հողում: Այնքան, ինչքան կարտոֆիլ ու լոբի կտա այս հողը: Ադրբեջանցիները էլի կվարձակալեն Հայաստանի սարերը (որովհետեւ հայերը անասնապահ չեն, այլ պատմության մասնագետ), տարին յոթ ամիս անասուն կպահեն-կապրեն Վայքի, Սիսիանի, Շամշադինի, Ամասիայի, Դիլիջանի, Սեւանի սարերում: Ու երբ հայաստանցիք շաբաթ-կիրակի ուզենան մայովկի գնալ եւ հայավարի ուշ արթնանալով (ոչ այնքան ուշ, որ շփոթես արիստոկրատի հետ, ոչ էլ վաղ՝ աշխատավոր մարդու նման), այդպես անորոշ մի ժամի երբ արթնանան ու փորձեն իրենց անտառներում ու սարերում աղբյուր գտնել՝ մոտը հանգրվանելու համար,- զարմանքով կտեսնեն, որ տասնհինգ տարի առաջվա նման ազերիները արդեն հասցրել են իրենց հարթավայրերից ավելի շուտ տեղ հասնել ու բազմել մեր աղբյուրների գլխին եւ նույնիսկ արդեն քերթել են գառը եւ կրակ են գցել սամովարը: Իսկ Երեւանի շուկաներում տերուտնօրեն կլինի էլի Նախիջեւանի բանջարաբույծ խալխը: Այդքան հայ Երեւանում հաստատ մնացած կլինի, որ Նախիջեւանում բանջարաբոստանաբուծությունը վնասով չաշխատի: Արարատյան դաշտի ժողովուրդը Երեւանի շուկաներում մրցակցությանը դժվար դիմանա, որովհետեւ հայ պագոնավոր ու անպագոն հսկիչը, ինչպես միշտ, օտարից նալոգը կվերցնի ավանդաբար առավել ապահովաբար: Վրացիները, որ տասնյակ միլիոն դոլարներ կունենան միայն խողովակներից, երեւանցիներին կզրկեն ոչ միայն իշխանից, այլեւ սիգից, քանի որ կվճարեն եռակի, եւ ոչ մի ձկնորս ձուկ չի բերի Երեւան: Բարգավաճող Ադրբեջանի մեզ սահմանակից շրջանները էլի լիքը կլինեն խոպանչի հայերով՝ պատշար, ծեփագործ եւ հյուսն: Թուրքիան ժամանակ առ ժամանակ դիվանագիտական թեթեւ ղալմաղալ կսարքի դաղալ Իրանի հետ՝ թե ում էժանագին զիբիլը ինչ քվոտայով սաղացնեն Հայաստանում, որպեսզի վերստին բարիշեն ու որոշեն՝ Շիրակը, Լոռին, Երեւանի կեսը՝ թուրքական սապոնին, Զանգեզուրը, Արարատյան դաշտը, Երեւանի մյուս կեսը՝ իրանական լվացքի փոշուն: Ռուսական կայազորը իր սապոնը պրինցիպիալ կբերի Ռուսաստանից:

.

Մահ կամ աշխատավարձ

.

Իսկ հայ ակադեմիկոսները աշխատավարձ են մուրում: Եւ որպեսզի տպավորություն չստեղծվի, թե ուտել ուզում են Հայ Դատի հաշվին, երբ այդ նույն աշխատավարձի կանտորայից զանգ են տալիս, ակադեմիկոսները ափալ-թափալ պետիցիա են գրում «ազգային հողի վրա», թե՝ չենք տա ոչ մի թիզ հող եւ թույլ չենք տա, որ Թուրքիան կեղծի մեր պատմությունը: Այնինչ, լավ էլ ապրում էին Սովետի կողմից կեղծված պատմության մեջ: Բայց հիմա որոշել են թույլ չտալ դիպչել պատմությանը... Բա մեր ապագան, ա´յ սոված անտերներ: Մի՞թե բոլորդ եք հաջողացրել ձեր թոռներին ուղարկել Ամերիկա: Ասելն ամոթ չլինի, որտեղի՞ց՝ աշխատավարձ, եթե երկիրը չի աշխատում: Եթե ժողովուրդը մակարոն է առնում, այդ մակարոնի վճարը մտնում է բյուջե... բյուջեից վերադառնում է նույն ժողովրդին՝ այս անգամ, իբր, վերմիշելի փող՝ որտեղի՞ց, այսպիսով, աշխատավարձ: Երբ երկրի կոմերցիոն բանկերը դարձել են լոմբարդ եւ փող տալիս են միայն գրավով, եւ այնպիսի տոկոսներով, եւ այնպիսի կարճաժամկետ, որով հնարավոր է միայն մի պարտիա սապոն բերել ու շատ արագ վաճառել՝ որտեղի՞ց աշխատավարձ գոյանա: Երբ երկիրը միայն ադամանդ է տաշում (իսկ ադամանդ տաշելը աշխարհում քվոտա ունի): Երբ ադամանդի ռուսական հումքի ճանապարհին Մոսկվայի հայ հանցագործների ու հայ ակադեմիկոսների սվոդնի միությունն է նստած, ադամանդի իրացման ճանապարհին ռեկետ են անում դաշնակները, եւ այդ ամենը արվում է «հայանպաստ նկատառումներով»՝ ադամանդի ո՞ր մասը հայի աշխատավարձ կդառնա: Երբ հին սովետական ավանդությամբ մի բուռ տաշած ադամանդ դաշնակներին են տալիս՝ թուրքերի դեմ ցույցեր անելու համար, մի բուռ ռամկավարներին՝ թուրքերի դեմ հոդվածներ գրելու համար, երկու բուռ Մոսկվայի ղարաբաղցիներին, որպեսզի տարին չորս անգամ (ամառ-աշուն-ձմեռ-գարուն) Ժիրինովսկին հայտարարի, թե Ադրբեջանը նավթ չունի, իսկ Չիլինգարովը ռուսական մանրմունր չինովնիկներից բաղկացած տուրխմբեր պտտեցնի Մոսկվա-Մալիշկա-Կոնյակի գործարան երթուղով՝ մեկի ջեբը մի քանի կարատ բան դնելով, մյուսի ջեբը մի կես կիլո ոսկի՝ զարդի անվան տակ՝ այս բուռն հայրենասիրական գործունեության ֆոնի վրա՝ ի՞նչ աշխատավարձի մասին է խոսքը:

.

Խաշ՝ ապրիլի 24-ին

.

...Երբ հայկական ադամանդի շուրջը շուլալվում էր Ջիլավյանի բանդան՝ Հայաստանի իշխանությանը ընդդիմադիր (երեւի այն պատճառով, որ խփում էին թաթերին), նրանք գոնե այնքան խելք ունեին, որ ապրիլի 24-ին խաշ չէին դնում «Հայաստանի բարեկամների» համար: Հիմա ամեն ինչ իր տեղը ընկավ: Եւ Հայաստանի գլխավոր ադամանդագործի եղբայրը, որին չգիտես ինչու մեծ գործարար են ասում, թերեւս, այն պատճառով, որ համառուսական գունավոր ժուռնալի շապիկին ու ներդիրում իր ու ընտանիքի լուսանկարներն են տպում՝ ով իմանա հայ ակադեմիկոսների քանի տարվա աշխատավարձի հաշվին (հո ռուսական կառավարությունը թույլ չի տա, որ դա լինի ադամանդից իրենց փայի հաշվին),-այդ «գործարարը», ուրեմն, ցեղասպանապաշտության էքստազի մեջ այս տարի Եղեռնի 87-ամյակը նշելը սկսել է Ժիրինովսկուն հայկական ռեստորանում խաշ տալով... անշուշտ, մոսկվահայության պարագլուխների հետ միասին: Ժիրինովսկին խաշը չի կերել, գրում է «Կոմերսանտը», բայց Եղեռնի օրվա միջոցառումների բացման խոսքով («Չգիտես ինչու, հայերին բացատրելով խաշը եփելու տեխնոլոգիան»,-տարակուսում է թղթակիցը), բնականաբար, խմել է հայերի կենացը: Թերթը չի գրում, թե ինչ է ասել Ժիրինովսկին թուրքերի մասին, հասկանալի է, ինչ ասած կլինի ժամանակին թուրքական բանտ ընկած մարդը՝ այն էլ սպիտակամաշկ: Հայերը փոխադարձաբար խմել են Ժիրինովսկու կենացը, եւ գաղութի ջոջերը շարժվել են հայկական գերեզմանոց: Հետո թե ինչ են արել Մոսկվայի հայերը, ոչ մի նշանակություն չունի: Պատմության մեջ կմնա այն, որ իր ազգությունը ուրացող մի ջհուդ թուրքագետ «հարգել է հայերին» ու Հայ Դատի մոտիվներով հետները խաշ է կերել ապրիլի 24-ին, Քրիստոսի ծննդյան 2002 թվականին:

.

Օղռաշի օրինագիծ

.

Ընդ որում, հայ ազգասերներին ետ չի պահել անգամ այն հանգամանքը, որ իրենց սեղանակիցը այն մարդն է, ում մասին մոսկովյան թերթերը առիթը բաց չեն թողնում գրելու, որ «գերադասում է տղաներին» եւ ինքն էլ առանձնապես չի հերքում այդ պնդումները, ավելին՝ «տղաների» հետ գիրկընդխառն լուսանկարվում է Գեյ-կաֆեներում: Այդպիսիներին հայերը մի ժամանակ ծեծում էին Երեւանի զուգարաններում, հիմա էլ առանձնապես օրուարեւ չեն տալիս, բայց, այ, «ազգի համար», եթե մանավանդ օղռաշը թուրքերին ատում է, նույնիսկ գողականները հետը սեղան են նստում Մոսկվայի «Հինգերորդ անիվ» հայկական ռեստորանում: Մոսկվայում հայի անպետքության ինչպիսի՜ ըմբռնում ռեստորանի տիրոջ կողմից եւ ադամանդի փայլից «թասիբով» տղերքի ինչպիսի կուրացում, որ օղռաշի հետ նստել են սեղան: Ոչ մի սրբություն չի մնացել: Ադամանդ, Հայ Դատ, Սերժիկ, ազգասիրություն` խառնվել են իրար: Եւ շունը միայն տիրոջն է ճանաչում: Եւ անպատվություն չէ այլեւս օղռաշի հետ սեղան նստելը, անպատվություն չէ օղռաշի հետ նույն ֆրակցիայում գտնվելը: Իհարկե, եթե ապրիլի 24-ին արդեն խաշ են դնում, երկրորդ քայլը այն պիտի լինի, որ օրենք ընդունվի Ցեղասպանության մասին: Երրորդ քայլը այն է, որ օրենսդրական նախաձեռնությունը դուրս գա օղռաշներից: Կամ՝ քայլերի հակառակ հաջորդականությամբ:

.

- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -

Շարունակությունը՝

ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿ (մաս 2-րդ)

Aucun commentaire: