15.2.08

ՍԵՆԵԳԱԼԻ ՍԵՎԱԹՅՈՒՐ ՎՐԻԺԱՌՈՒՆԵՐԸ

Մեր սրտից արյուն էր կաթում այն դժնդակ չեմպիոնատի օրերին, երբ Գերմանիայի մամլիչ թիմը ջարդեց հոլանդական քաջասրունք ֆուտբոլի մեջքը եւ դարձավ աշխարհի չեմպիոն: Գերմանիան կլաս ցույց տվեց այդ չեմպիոնատում, բայց հոլանդացի «եղնիկները» կլասով չզիջելով գերմանացիներին՝ ավելին էին անում, քան ֆուտբոլ խաղալը - նրանք նկարչություն էին անում ֆուտբոլի դաշտում:

Մեզ դժվար էր զարմացնել Բրազիլիայի հավաքականից հետո, որը 90 րոպե (եւ հավելյալ ինչքան ժամանակ էլ որ պետք լիներ) իմպրովիզացիա էր անում՝ աշխարհի ջազմենների ընտրանու զվարթ վիրտուոզությամբ, բայց Կրուիֆի թիմը ապշեցրեց բոլորիս: Մեր սերունդը չներեց Գերմանիայի հիանալի թիմին այն բանի համար, որ իր ժամանակներում անտիֆուտբոլ համարվող հաշվենկատությամբ ջարդեց հոլանդական ֆուտբոլի մեջքը: Մենք արդեն հաշտվել էինք ռացիոնալ ֆուտբոլի, սպորտի կոմերցիալիզացիայի հետ, երբ այդ չարաբաստիկ չեմպիոնատից շատ տարիներ հետո մեզ ավելի մեծ հարված հասցվեց: Անհնար է նկարագրել հին ֆուտբոլասերներիս շփոթվածությունը, երբ հարյուրավոր միլիոնների աչքի առաջ Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականը եզրափակիչ խաղը ծախեց Ֆրանսիայի հավաքականին: Իհարկե, դրանից առաջ էլ կեղտոտություններ եղել էին ֆուտբոլի դաշտերում, քաղաքականությունը խառնվել էր սպորտի գործերին,-կոմունիզմ կառուցողներիս համար դա նորություն չէր, բայց ֆուտբոլի եզրափակիչում խաղ առնել-ծախելը անամոթության գագաթը եղավ: Ոչ ոք չէր հավատում իր աչքերին: Թե քանի էսկադիլիա «Միրաժ» ստացան բրազիլացիները դրա դիմաց կամ քանի տասնյակ նավ սուրճ արտոնյալ պայմաններում արտահանեցին ֆրանսիական շուկա, դա չէ էականը, այլ այն, որ ֆուտբոլը այդպիսով անփառունակ փակեց իր 20-րդ դարը: Եւ նոր դարում դրանից հետո լավ բան սպասելը, կարծես թե, իմաստ չուներ:

Բայց վերեւը Աստված կա: Եւ Սենեգալի թիմը, որ առաջին անգամ է մասնակցում աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին, առաջին իսկ խաղին պատժեց այդպես չեմպիոն դարձած Ֆրանսիայի հավաքականին: Պատժեց ֆուտբոլը սիրողներիս կողմից: Եւ եթե հիշենք նաեւ Կամերունի ճապուկ ու անվախ տղերքին, ովքեր քիչ հեղինակությունների չեն խեղճացրել վերջին չեմպիոնատներին, պատկերացրեք ի՜ նչ յուղ է կապել մեր ֆուտբոլը հենց որպես ֆուտբոլ սիրողներիս սրտերին՝ Ֆրանսիայի հավաքականի խայտառակ պարտությունից եւ այն մտքից, որ գուցե թե վայրենի Աֆրիկայից ասպարեզ են գալիս սեւաթույր վրիժառուների թիմեր, որ վրեժ լուծեն ազնիվ ֆուտբոլի անունից: Այսպիսի անտիգլոբալիզմի եւ այսպիսի «տեռորի» մենք կողմ ենք:

6.06.2002

Aucun commentaire: