Մարկեսը ասում է՝ «Բազմացե´ք, կովեր, կյանքը կարճ է»: Հետեւեք իմաստունի խորհրդին, կերեք ձեր խոտը, կշտացեք ու բազմացեք խելքից դուրս, բայց դուրս մի´ եկեք ձեր փարախի սահմաններից: Մի´ մտեք հայոց լեզվի տաճարը, մի´ շփոթեք այն ախոռի հետ:
Վայելեք սիլոս ու «ախրանա», ման եկեք՝ կոտոշներիդ ժապավեններ կապած, քարշ եկեք արեւելյան քաղաքների բազարներում եւ հաճույքով շնչեք ձեր մանկության հոտը: Փարիզ ընկնելիս՝ անպայման մտեք լիբանանյան ռեստորան ու պատվիրեք քյաբաբ, որովհետեւ ձեր տեսած Եվրոպան սկսվել է Բաքվի նախադուներից ու մեկընդմիշտ ավարտվել Աթենքի արվարձանների բանվորական ճաշարաններով: Անկաշկանդ որոճացե´ք ձեր տխմար մտքերը աշխարհի համաժողովներում, դուք անխոցելի եք: Ոչ պատասխանատվություն է պետք, ոչ հոդաբաշխ լեզու, ոչ առավել եւս՝ ուղեղ, որովհետեւ ամեն ինչի դեմ մի «սպանիչ փաստարկ» ունեք, որ կրկնում եք անցյալ, ներկա ու ապագա ժամանակներով՝ «Բա որ մեզ մորթել են», «Բա որ մեզ մորթում են», «Բա որ հանկարծ մորթեն»... Իրոք, անասնական մտահոգություն: Կովի՝ ձեր հայրենասիրությամբ ձեր հայրենիքը պատկերացրեք որպես անսահմա՜ ն յոնջայի դաշտ եւ կախգլուխ արածելով՝ գնացեք մինչեւ ռաստ կգաք անդունդի: Կովեղեն ձեր թախիծով որոճացեք կոմերիտական հորթանոցի ձեր հիշողությունները, ապա վերստին կերեք, աղտոտեք ու պառկեք թրիքի մեջ, որովհետեւ ձեր իմացած տունն ու հայրենիքը այն է, որից պիտի անասնահոտը անպակաս լինի: Երբ ձեր չանեն հոգնի ծամելուց, ձգվեք դեպի խոսափողները եւ մի մտահոգվեք չորս ոտքի պատճառով, որովհետեւ եթե ձեզ բերել են այդտեղ, ուրեմն ինչ աստիճանի պիտի իջեցված լինի խոսքի արժեքը: Բղավեք ու բառաչեք անկաշկանդ, որովհետեւ ինչ ձայն էլ հանեք, դա կլինի ազգի, հայրենիքի, ժողովրդի եւ, իհարկե, «նվազագույն ախոռի» մասին: Կովի՝ ձեր անմռունչությամբ արածեք ձեր խոտը, կերեք ձեր սիլոսը մինչը տրաքվելը, իսկ մնացածը տրորեք: Տրտինգ տվեք Հայաստանի կանաչ դաշտում, արեք ինչ անում է անտեր յոնջայի արտը ընկած անտեր կովը, բայց մի մտեք մեր հայոց լեզվի տաճարը, դա միակ բանն է, որ մնացել է մեզ:
...Աֆրիկայի զուլուսները մի սահմռկելի սովորություն ունեն, քանի որ «ադաթ» է, որ հյուրին «պատվեն» տան կնոջ անկողնով (հյուրը, սակայն, այնքան ճարպիկ պիտի լինի, որ անակնկալ հայտնվի վրանի շեմին-հյուրընկալելու պայմանն այդ է), քանի որ այդպիսի սովորություն ունեն, որպեսզի ջոկեն, թե երեխաներից ով է իրենցը, ով՝ ոչ, նորածնին դնում են իրիկունը հանդից վերադարձող նախրի ոտքերի տակ, փարախի շեմին: Ենթադրվում է, որ կովը հոտից թե ինչից պիտի հարազատին տարբերի օտարից: Այսպես էլ մենք (այդ հնարամիտ զուլուսների նման) մեր «ազգային իդենտիֆիկացիայի» համար մեր ձեռքով, մեր մանուկ Հանրապետությունը, մեր փոքր երկիրը դրինք փորձության՝ հանդից դարձող տավարի ոտքերի տակ ... Եւ, այդուհանդերձ, մի´ մտեք մեր լեզվի տաճարը, դա միակ բանն է, որ մնացել է մեզ, մնացած ամեն ինչը հարամել եք անասունի պես:
1 commentaire:
Chgitem ova grel, baic shat chishta grel.
!mi mteq mer lezvi tachary!
Enregistrer un commentaire