25.5.21

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ՝ ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԻ ՀԵՏՆՈՐԴ

[Skaut rob[3].jpg]

Հուլիսի 29-ին Ռոբերտ Քոչարյանն այցելել էր Բյուրական ու միացել այդ ժամանակ այնտեղ գտնվող 550 ՀՄԸՄ-ականներին, ասել է թե՝ սկաուտներին, եւ նրանցից էլ ստացել էր իր պատվավոր նվերը՝ սկաուտական վզկապ, ինչպես նաեւ արժանացել«Առաջին սկաուտ» կոչմանը: 
Այս առումով, կարծում եմ՝ միայն այն, որ միաժամանակ այդքան սկաուտներ են հավաքվել մի տեղ, արդեն լուրջ մտահոգության տեղիք պետք է տա: Ընթերցողին հիշեցնեմ, որ հոկտեմբերի 27-ից մեկ-երկու օր առաջ այդ սկաուտներից մի քանիսը, իրենց հիմնադրի հետ միասին, գտնվել են ՀՀ ԱԺ բուֆետում ու ինչ-ինչ հարցեր քննարկել, իսկ արդյունքում տեղի ունեցավ ոճրագործությունը, որից էլ ակնհայտորեն օգտվեց ապօրինի ձեւով ՀՀ նախագահի աթոռին տիրացած Ռ.Քոչարյանը: 
Մենք կարող էինք այս դեպքին չանդրադառնալ, կարելի էր նաեւ ընդամենը կարծիք հայտնել, որ Քոչարյանը երեխա տարիներից հակում է ունեցել կարմիր վզկապի, կամ ինչպես գործընկերուհիս կասեր՝ վիզկապի նկատմամբ, ու հենց դա է եղել սկաուտներին այցելելու պատճառը: Սակայն, ինչպես արդեն ասացի, այստեղ լուրջ անհանգստանալու տեղ ունենք: 
Ասածս հիմնավորելու եւ այդ ամենը հասկանալու համար ընթերցողին նախ առաջարկում եմ ուսումնասիրել եւ հասկանալ, թե իրականում ինչ են իրենցից ներկայացնում Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միություն (ՀՄԸՄ) -ականները, կամ, այսպես կոչված, սկաուտները, երբ է այն մուտք գործել ՀՀ, ովքեր են ղեկավարում այն եւ, իհարկե, ինչ կապ ունեն սկաուտները հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետ: 
Եվ այսպես: Նախ՝ պարզաբանման համար ասենք, որ Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միությունը՝ (ՀՄԸՄ) ԱՄՆ-ում ստեղծված կառույց չէ, նույնիսկ հակառակը՝ այն ղեկավարվում է՝ ԱՄՆ-ին մշտապես վտանգներով սպառնացող արաբական տարածաշրջանից՝ Լիբանանից: Այսպես՝ ՀՄԸՄ-ն ղեկավարում է նրա Կենտրոնական Վարչությունը (ԿՎ)՝ իր 13 անդամներով: ԿՎ-ում 5 պատասխանատու պաշտոններից 4-ը, ատենապետի, ատենադպիրի եւ սկաուտական ներկայացուցչի, գանձապահի եւ «ՄԱՐԶԻԿ» պաշտոնաթերթի պատասխանատուների պաշտոնները, վստահված են լիբանանցի ներկայացուցիչներին: Ավելացնենք նաեւ, որ ՀՄԸՄ Կենտրոնական Վարչությունը գտնվում է Լիբանանում: Այո, ճիշտ նույն՝ ՀՅ Դաշնակցության պես այն ղեկավարվել է Լիբանանից: Ի դեպ, ասենք, որ ՀՄԸՄ-ն հիմնադրվել է 1918 թվականին՝ Պոլսում: Իսկ Հայաստանի երրորդ հանրապետություն այն առաջին անգամ ոտք դրեց 1990 թվականին՝ ուսանողական շարժման մի քանի դաշնակցականամետ ակտիվիստների նախաձեռնությամբ: 
Ահա թե ովքեր են նրանցից մի քանիսը՝ ՀՄԸՄ Երեւանի մասնաճյուղը հիմնադրել ու ղեկավարել է նախկին դաշնակցական ու ներկայիս մարդասպան-տեռորիստ Նաիրի Հունանյանը: ՀՄԸՄ-ի առաջին անդամներից են եղել Կարեն Հունանյանը, նրանց քեռի Վռամ ալստյանը, նրանց ընկեր Էդիկ Գրիգորյանը: Ինչպես նկատեցիք, հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճ ներխուժած 5 տեռորիստներից 4-ը նախկին դաշնակցական-սկաուտներն են: 
Կարծում եմ՝ ընթերցողին կհետաքրքրեն եւս մի քանի անուններ, որոնք նույնպես կանգնած են սկաուտական շարժման ակունքներում, նախկին ու ներկա դաշնակցականներ են, ինչպես նաեւ նրանցից յուրաքանչյուրն ինչ-որ չափով առնչվում է հոկտեմբերի 27-ի հետ: Թվարկենք նրանցից մի քանիսին՝ 
1. Նաիրի Հունանյանի վաղեմի ընկեր, Ռ.Քոչարյանի իշխանության կարկառուն պահապան, նախկին դաշնակցական եւ ներկայումս Հանրային հեռուստաընկերության ղեկավար Տիգրան Նաղդալյան: 
2. Ն.Հունանյանի վաղեմի ընկեր, նախկին դաշնակցական եւ Ռ. Քոչարյանի ներկայիս ռեֆերենտ Բագրատ Եսայան: 
3. Տեռորիստ Հունանյանների մտերիմ բարեկամ, վերջին տարիներին Քոչարյանի իշխանությունից Հայաստանի ծանր արդյունաբերության ոլորտից իր «բաժինը» ստացած, նախկին ու ներկա սկաուտ, 1960թ. Իրաքում ծնված Սերոբ Տեր-Պողոսյանը, որին, ի դեպ, Կ.Հունանյանը առաջարկել էր ամուսնանալ իր մայրիկի հետ, ինչպես նաեւ նրանից էր 300 դոլար վերցրել ու վճարել գնված զենքերից մեկի համար: 
4. Ն.Հունանյանի հիմնադրած ՀՄԸՄ-ի հետագա եւ ներկա (1999թ. դրությամբ) ղեկավար, 1994թ.-ին՝ «ԴՐՈ», իսկ 1999թ.՝ «Հոկտեմբերի 27» տեռորիստական գործողությունների կապակցությամբ նախկին կալանավոր, նախկին դաշնակցական եւ Ռ.Քոչարյանի իշխանության ներկա պահապան, Հանրային հեռուստաընկերության փոխտնօրեն Հարություն Հարությունյան: 
5. 10 տարի առաջ Ն.Հունանյանի երաշխավորությամբ ՀՅԴ անդամ դարձած, 1994թ.՝ «ԴՐՈ» տեռորիստական կառույցի արխիվների պատասխանատուն լինելու, թիվ 112 կոդը կրելու ու «Քերոբ» ծածկագրված օպերացիային (Աշոտ Ներսիսյանի եւ նրա կնոջ սպանությանը) տեղյակ լինելու համար 4 տարի դատապարտված, նախկին ՀՄԸՄ-ական եւ ներկա դաշնակցական, «Երկիր» թերթի գլխ. խմբագիր Գեղամ Մանուկյան: 
6. Ն.Հունանյանի նախկին ծանոթ, սկաուտների ու դաշնակների ղեկավարման վարչական կենտրոն Լիբանանի քաղաքացի, ըստ Հրանտ Մարգարյանի՝ 1994թ.-ին «ԴՐՈ» տեռորիստական կառույցի վարչության անդամ, թիվ 160 կոդը կրող ու այդ գործով փախուստի մեջ գտնվելով հանդերձ՝ 1997թ. աշնանը Երեւանի փողոցներում Ն.Հունանյանի հետ հանդիպած, 1998-2000թթ. Արցախում հայ արիների դպրոց հիմնադրած, ասել է թե՝ սկաուտներ դաստիարակած, «Մարտի 22»-ի ահաբեկչության գործով դատապարտված Վարդան Թաշճյան: 
Սիրելի ընթերցող, ահա սա է ՀՄԸՄ-ն Հայաստանում, որը հիմնադրվել է Նաիրի Հունանյան կոչված վիժվածքի պիղծ ձեռքով, եւ ահա այս ՀՄԸՄ կոչվող կազմակերպության 550 անդամ միաժամանակ հավաքվում են Բյուրականում՝ Արագած լեռան լանջին ու այնտեղ Ռ.Քոչարյանին են շնորհում «Առաջին սկաուտ» կոչումը: 
Փաստորեն կարող ենք արձանագրել, որ Ռոբերտ Քոչարյանը սույն թվականի հուլիսի 29-ից դարձավ Նաիրի Հունանյանի հիմնադրած սկաուտական շարժման անդամը: Կարծում եմ՝ այսքանն էլ բավական է, որպեսզի ընթերցողը գոնե մոտավոր պատկերացում ունենա, թե ովքեր են եւ իրենցից ինչ են ներկայացնում Հայաստանի սկաուտները: 
Իսկ ընթերցողների այն հատվածը, որ, այնուամենայնիվ, վերոբերվածը քիչ համարեց սկաուտներից վտանգ տեսնելու առումով, առաջարկում եմ ուշադրությամբ կարդալ «Հոկտեմբերի 27»-ի քրեական գործի ցուցմունքներից մեջբերված բոլոր այն հատվածները, որոնք վերաբերում են սկաուտներին: Կարծում եմ՝ դրանք այնքան պարզ են, որ ցանկացած մեկնաբանություն ավելորդ կլինի: Ես ընդամենը կնշեմ ցուցմունքի հեղինակի տվյալները, քրեական գործի հատորներն ու գործ-թերթերը: 
Սակայն մինչ դրանք ներկայացնելս, տեղին եմ համարում ընթերցողին հիշեցնել «Հայկական Ժամանակ» օրաթերթի լավագույն հեղինակի՝ Ավետիս Հարությունյանի գրվածքներից մի քանի տող՝ 
«...Իսկ իր (Դեմիրճյանի_Վ.Ղ.) շրջապատում չգտնվեց մեկը, մեծաբերան անուղեղ գնդապետներից, որ մարդու ուշադրությունը մի քիչ էլ դարձներ այլ կողմ՝ Ազգային Ժողովի միջանցքներում մշտապես պլաշչներով վխտացող, ձիագողի վազվզող աչքերով, լղար ու գունատ, գունատ ու մորուքավոր, անսեռ-անտարիք, անպաշտոն ու պաշտոնավոր սկաուտ թուլեքի վրա...» 
«Հատակին պառկածների դավադրությունը», Հայկական Ժամանակ, 19.12.2001թ. 
Սկաուտներին վերաբերվող հատվածներ «Հոկտեմբերի 27»-ի քրեական գործի ցուցմունքներից՝ 
1. ԲԱՐԱՏ ԵՍԱՅԱՆ (Ռ.Քոչարյանի ռեֆերենտ) - «Դեպքին նախորդող ժամին մենք ունեցել ենք պայմանավորվածություն միասին Ազգային Ժողով գնալու մասին, որտեղ հանդիպել ենք Վահան Հովհաննիսյանին, Անդրանիկ Մանուկյանին, Շավարշ Քոչարյանին: Հանդիպումը կայացել է ժամը 14.05-15.05: Հանդիպման նպատակն է եղել ստեղծել «Սկաուտությանը աջակցող պառլամենտական խումբ», «վստահ կարող եմ ասել, որ Հարություն Հարությունյանը, որը Նաիրի Հունանյանին մոտիկից չի ճանաչել, չէր կարող ներգրավված լինել այս նողկալի հանցագործության մեջ: Հարկ եմ համարում ավելացնել, որ Հարությունը սկաուտական շարժման մեջ ներգրավվել է 91թ. ամռանից հետո... Նաիրի Հունանյանն արդեն իսկ արտաքսվել էր կազմակերպությունից», «Ես եւ Նաիրի Հունանյանը, լինելով սկաուտական շարժման սկզբնավորման ակունքներում, հետագայում ունեցել ենք անձնական մեկ կոնֆլիկտ.» /հատ.11 գ.թ. 196-197/: 
2. ՌՈԲԵՐՏ ՍԵԴՐԱԿԻ ՔՈՉԱՐՅԱՆ (ԼՂՀ քաղաքացի)- «Հարություն Հարությունյանին, ըստ էության, չեմ ճանաչում: Ինձ հիշեցրել են, որ իմ՝ վարչապետ կամ նախագահ աշխատելու ժամանակահատվածում, սկաուտական շարժման հետ կապված ինչ-որ ֆորումի ժամանակ ընդունել եմ խմբով, որը ես չեմ բացառում» / հատ.12 գ.թ. 48/: 
3. ՆԱՐԻՆԵ ԴԻԼԲԱՐՅԱՆ (լրագրող)- «Ես հոկտեմբերի 26-ին ԱԺ-ում եղել եմ 12.00-ից, բուֆետ իջել եմ 13.30-ից՝ Մկրտչյան Նարինեի հետ, Նաիրի Հունանյանը նստած էր Նաիրի Բադալյանի եւ ինձ անծանոթ սկաուտների հետ, մյուս սեղանին նստած էր Բագրատ Եսայանը, որ բարեւեց Նաիրիին, մի քանի խոսք փոխանակեց, ապա նստեց Աննա Իսրայելյանի կողքին, որի հետ Ռուզան Խաչատրյանն էր՝ «Ազատություն» ռ/կ-ից, Մարիետա Մակարյանը, մի պահ նստեց Խաչատուր Սուքիասյանը, մենք նստած էինք մի սեղանի շուրջ, հետո Բագրատ Եսայանը հեռացավ: Ես եւ Նարինե Մկրտչյանը եւս դուրս եկանք, իսկ Նաիրին իր ընկերների հետ մնաց, ինձ թվում է նրանց մեջ էր նաեւ Կարենը, բայց վստահ չեմ», «Բագրատ Եսայանին բարեւեցի եւ կատակեցի ՀՅԴ-ի մասին: Ալինան (Վահան Հովհաննիսյանի քարտուղարուհին է-Վ.Ղ.) սկաուտների հետ էր, Վ.Հովհաննիսյանին տեսել եմ սկաուտների հետ միջանցքում, բայց՝ ոչ բուֆետում: Սկաուտներից որեւէ մեկին չեմ ճանաչում, իսկ որ նրանք սկաուտներ են, այդ մասին ողջ ԱԺ-ին է հայտնի ... Բ. Եսայանը նստած էր Աննա Իսրայելյանի սեղանի շուրջ, իսկ Հունանյան Նաիրին՝ սկաուտների: Բացի բարեւից՝ ես չգիտեմ, Նաիրի Հունանյանը Բագրատի հետ զրուցե՞լ է, թե՞ ոչ: Չեմ տեսել» / հատ.12 գ.թ. 156/: 
4. ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ (լրագրող) - «Բագրատը 10-15 րոպե մոտեցել նստել էր մեր սեղանի շուրջ, այնուհետեւ մոտեցել է ընկերներին՝ ճիշտ մեր թիկունքում նստած վեց երիտասարդներին, որոնք սրճում էին ու շատ կամաց ինչ-որ բան էր քչփչում: Երբ Բագրատը մեր սեղանից մոտեցավ այդ տղաներին, աղջիկները ճանաչեցին այդ երիտասարդներին, եւ չեմ հիշում, թե ով էր ասաց, որ սկաուտներն են: Բագրատի մյուս մոտենալուց կատակով ասացինք, թե ինչ է՝ սկաուտների բանակո՞ւմ եք անում ԱԺ-ում, թե՞ իշխանության ձգտում», «...արագ բարձրացա աստիճաններով եւ չեմ հիշում՝ 2-րդ հարկի որ կողմում, միջանցքում՝ պատերի մոտ, կանգնած էին երկու երիտասարդ՝ շատ հանգիստ, ձեռքերը գրպաններում, նրանք առաջին հայացքից ինձ ծանոթ թվացին, բայց չկարողացա մտաբերել, թե որտեղ եմ տեսել: Երբ փորձեցի շրջվել դեպի նիստերի դահլիճ տանող միջանցքը, արդեն այնտեղ ոստիկաններ ու զին. ոստիկանության աշխատողները չթողեցին ու պահանջեցին շենքից դուրս գալ... Նույն ճանապարհով դուրս եկա, բայց արդեն մի քանի րոպե հետո այդ տղաները չկային, հիշեցի, որ նրանց տեսել եմ նախորդ օրը բուֆետում, սկաուտների սեղանի շուրջ: Հոկտեմբերի 28-ին ցերեկվա ժամը 15-15.50 գտնվում էի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ: Նորից լրագրողներով փորձում էինք վերլուծել կատարվածը եւ հարցազրույցներ էինք անում, այդ պահին ես հիշեցի 26-ին բուֆետում կատարվածը, որը ինձ անհանգստացնում էր ու փորձեցի իմ մտահոգությունը կիսել: Նարինեն ու մի քանի լրագրողներ հիշեցին ու նորից զարմացանք, այդ պահին Վահանը (Վարդանյան, «Հայոց աշխարհ») ինձ կոպտեց ու փորձում էր արդարացնել, որ սկաուտները կապ չունեն: Ես էլ նրան բացատրում էի, որ ես նրանց չեմ մեղադրում, սակայն նրանց այդքան երկար ժամանակ ԱԺ-ի բուֆետում գտնվելը, եւ ընդհանրապես նրանց ներկայությունը ինձ համար անհասկանալի էր: 28-ի գիշերը՝ 12.40-ի մոտ, հեռախոսը զանգահարեց: Ես լսափողի մյուս կողմում միայն սպառնալիքներ լսեցի մի տղամարդու ձայնով, որը խոսում էր կակազով կամ լեզուն ատամների արանքում պահած: Առաջին պահին կարծեցի, թե սխալ են զանգահարել, բայց երբ հնչեցին՝ եթե չես ուզում դու էլ վերանաս, բերանդ փակիր խոսքերն, անմիջապես կախեցի լսափողը» /հատ.12 գ.թ. 162-163/: 
5. ՏԻՐԱՆ ՆԱՂԴԱԼՅԱՆ (ՀԱՀ տնօրեն)- «1991թ. կեսերից զբաղվել եմ նաեւ Հայաստանում սկաուտական շարժման հիմնադրման գործունեությամբ՝ հիմնականում պատասխանատու լինելով արտաքին կապերի, մասնավորապես՝ համաշխարհային սկաուտական շարժման հետ առնչությունների համար», «Նշեմ, որ 1990-91թվերին Նաիրի Հունանյանի հետ շփվել եմ նաեւ ՀՄԸՄ շրջանակներում, ուր ինքը ղեկավարում էր Երեւանի վարչությունը, իսկ ես՝ սկաուտ խորհուրդը: 1991-ին լրագրողական բուն գործունեության անցնելով՝ այդ կազմակերպության հետ առնչություններս սահմանափակվել են, իսկ Ն. Հունանյանը, ինձ հասած տեղեկություններով, հեռացվել է ՀՄԸՄ-ից: Կարեն Հունանյանի եւ Էդիկ րիգորյանի հետ ինձ ծանոթացրել է Նաիրի Հունանյանը՝ 1990 թվից: Երկուսին էլ գիտեի որպես ՀՄԸՄ անդամներ, սակայն հատուկ առնչություններ չենք ունեցել՝ բացառությամբ 1991թ.-ի հունիսին Խորհրդային առաջին պատվիրակության կազմում համաշխարհային սկաուտական կազմակերպության կենտրոնակայան կատարած այցի, ուր ինձնից բացի ընդգրկված էր նաեւ Էդիկ րիգորյանը»: «ՀՈւԴ-ի շրջանում նա հիմնականում առնչվել է «Ղարաբաղ» կոմիտեի գործիչների հետ, որ հետագայում կազմեցին ՀՀՇ վերնախավը: Նրանցից որեւէ մեկին հատուկ չեմ կարող առանձնացնել: Հետագայում, մասնավորապես սկաուտական կազմակերպության շրջանում, շփվել է ՀՅԴ այդ շրջանի ղեկավարների հետ» / հատ.12 գ.թ. 187,191,194/: 
6. ՌՈՒԶԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ (լրագրող) - «Սկաուտական կազմակերպությունից տեսել եմ (հոկտեմբերի 26-ին՝ ԱԺ բուֆետում-Վ.Ղ.) Հարությունին, ազգանունը կարող եմ ճիշտ չհիշել: Ճանաչում եմ, որովհետեւ տղաս ամռանը սկաուտական ճամբարում է եղել, եւ նրա ինչպես լինելու մասին Հարությունից էի տեղեկանում: Հարությունին տեսել եմ Անդրանիկ Մանուկյանի հետ, ասացի Բագրատն էլ է այստեղ, ասաց՝ ասա, որ ես այստեղ եմ: Ճաշարանում Բագրատին մեր սեղանից կանչեցին (ինքը կողքի սեղանին էր նստած) «Այս ի՞նչ է, սկաուտներով բանակո՞ւմ եք անում», ծիծաղեցին իրենք էլ, մենք բոլորս էլ: 
Կապված այս հարցի հետ, հոկտեմբերի 27-ից հետո ինձ զանգահարեց Թեքեյան մշակութային միության մամուլի պատասխանատու Մարիետա Մակարյանը. «Հիշո՞ւմ ես՝ դու սկաուտներին ասացիր, թե եկել եք բանակումի, Ազգային ժողովը գրավելու, ովքե՞ր էին այդ սկաուտները»: Ես ասացի, «Լսիր, ի՞նչ սկաուտներ»: Հետո հազիվ տեղը բերեցի, թե ինչի մասին է խոսքը, որովհետեւ Բագրատ Եսայանին՝ որպես սկաուտ, միայն կատակի համար էի նշել: Մարիետա Մակարյանին, իրոք, ամսի 26-ին մեր սեղանի շուրջ մի պահ տեսել եմ» /հատ.13 գ.թ. 66,70/: 
7. ՏԵՐ-ՊՈՂՈՍՅԱՆ ՍԵՐՈԲ (սկաուտ, գործարար) - «Ձեր հարցին այն մասին ճանաչո՞ւմ եմ արդյոք եղբայրներ Նաիրի եւ Կարեն Հունանյաններին՝ պատասխանում եմ, որ այդ եղբայրների հետ ես ծանոթացել եմ 1990 թվին, ԱՄՆ-ում, երբ նրանք սկաուտական խմբի հետ այցելել են ԱՄՆ: Այն ժամանակ ես ԱՄՆ-ի ՀՄԸՄ-ի (Հայ մարմնակրթական ընդհանուր միություն եւ սկաուտներ) մարզական ընդհանուր պատասխանատուն էի եւ շրջանային վարչության անդամ: Եղբայրները թվով այլ 10 պատանիների հետ եկել էին ներկա գտնվելու ՀՄԸՄ-ի եւ սկաուտների միության կողմից կազմակերպված ամենամյա խաղերին», «1991 թվ. մայիսին ես այցելեցի ... Երեւանի «Հրազդան» մարզադաշտում կազմակերպված տոնի կապակցությամբ պատահաբար ստադիոնում ինձ տեսավ Կարեն Հունանյանը, մենք գրկախառնվեցինք որպես հին ծանոթներ եւ ՀՄԸՄ-ի սկաուտական եղբայրներ» /հատ.14 գ.թ. 33-34/ : 
8. ՎՌԱՄ ԱԼՍՏՅԱՆ (նախկին սկաուտ) - «Կարենը եղել է ՀՄԸՄ անդամ, 1990 թ.-ից երեւի մինչեւ 1992 կամ 1993 թ.: Թե խի դուրս եկավ ՀՄԸՄ-ից, չգիտեմ, որը հանդիսանում է ՀՅԴ-ի ստորին օղակը» /հատ.26 գ.թ. 67/: 
9. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (Ն.Հունանյանից հետո` սկաուտների առաջնորդ) -»Հանդիպումը տեղի ունեցավ Վահան Հովհաննիսյանի աշխատասենյակում, որից հետո ժամը 15.00-ին ես դուրս եկա Ազգային ժողովից եւ գնացի Ազգային հեռուստատեսություն: Հանդիպմանը ինձ հետ մասնակցեց նաեւ Բագրատ Եսայանը, որը աշխատում է ՀՀ նախագահի աշխատակազմում որպես ռեֆերենտ եւ հանդիսանում է Հայաստանի Ազգային սկաուտական շարժում կազմակերպության կենտրոնական վարչության ատենապետը» / հատ.34 գ.թ. 7/: 
10. ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆ (ՀՀ-ում սկաուտների հիմնադիր, ոճրագործ) -»եղբայրս՝ Կարեն Հունանյանը, ծնվել է 1974 թ., 1989 թ. անդամակցել է Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միությանը՝ իբրեւ սկաուտապետ: 1990-ին առաջին անգամ մասնակցել է Լոս Անջելեսում կայացած նավասարդյան խաղերին Հայաստանի անդրանիկ պատվիրակության կազմում», «Կարենը 300 դոլար վերցրել էր մեր ծանոթ ամերիկահայ Սերոբ Տեր-Պողոսյանից», «Բագրատ Եսայանին ուսանողական շարժման մեջ ես եմ ներգրավել... Հետագայում նրան ծանոթացրել եմ նաեւ արտասահմանից եկող տարբեր դաշնակցական ղեկավարների հետ, ներգրավել եմ ՀՄԸՄ-ի մեջ», «Ես Տիգրան Նաղդալյանին ճանաչում եմ եւ մտերիմ եմ եղել 1988-ից... Ստեղծել եմ ուսանողական կազմակերպություն՝ Տիգրանին ընդգրկել եմ, թերթ եմ հրատարակել՝ Տիգրանին մասնակից դարձրել,ՀՄԸՄ ստեղծել, իրեն Սկաուտ Խորհրդի ատենապետ նշանակել», «ՀՄԸՄ-ի իմ հիմնած Երեւանի մասնաճյուղը՝ առանց այդ իրավունքը ունենալու, լուծարել է ՀՅԴ Կենտրոնական Կոմիտեն: Դրանից հետո ես, հարյուրավոր այլ ՀՄԸՄ-ականներ ուղղակի ինքներս դադարեցինք մասնակցել այդ գործին: Իմ ատենապետ եղած ժամանակ Հ.Հարությունյանը ՀՄԸՄ-ական չի եղել, այլ կարծեմ եղել է շարքային դաշնակցական: Ես նրան դաշնակցությունից գիտեմ եւ ոչ թե ՀՄԸՄ-ից», «ժամանակին . Մանուկյանին ընդգրկել եմ ՀՄԸՄ-ի շարքերը, հետագայում ԱՄՆ մեկնելուց նրան էլ եմ տարել: Ապա օգնել, երաշխավորել եմ, որ ՀՅԴ անդամ դառնա» /հատ. 17 գ.թ. 5, գ.թ. 67, հատ.19 գ.թ. 88-89, 92, 94, «ՀՄԸՄ-ը ստեղծել եմ եւ դրա առաջնորդն եմ եղել», հատ. 20 գ.թ. 80/: 
Սիրելի ընթերցող, սա էր ամբողջը, սիրով կցանկանայի իմանալ քո կարծիքը: Սակայն փաստը մնում է փաստ, որ հուլիսի 29-ին Ռոբերտ Քոչարյանն ուրախությամբ ընդունեց Նաիրի Հունանյանի հիմնադրած սկաուտական կազմակերպության խորհրդանիշը՝ կարմիր վզկապը: 
Վահագն ՂՈՒԿԱՍՅԱՆ 
օգոստոս 2002թ 

Aucun commentaire: