2.11.20

Ո՞ՒՄ ԱՇԱԿԵՐՏՆ ԷՐ ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ

 Ո՞ՒՄ ԱՇԱԿԵՐՏՆ ԷՐ ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ



Ծանոթանալով (մեղադրական եզրակացության մեջ) հոկտեմբերի 27-ի գործով ձերբակալվածների ցուցմունքներին, մասնավորապես այդ ցուցմունքներում Նաիրի Հունանյանի կողմից Վազգեն Սարգսյանին սպանելու պարտադիր պայմանին, ստանում եմ այն տպավորությունը, որ ինչ-որ տեղից լսել կամ կարդացել եմ այդ ցուցմունքները, բայց քանի որ համոզված եմ, որ երբևիցե այդ ցուցմունքների մասին չեմ լսել ոչ մեկից ու այն ոչ մի տեղ չեմ կարդացել, սկսեցի փորփրել հիշողությունս և հասկացա, որ այդ ցուցմունքներում Վազգեն Սարգսյանին վերացնելու պահանջը ինձ ծանոթ է ոչ թե հոկտեմբերի 27-ի գործից,
այլ տարիներ առաջ բացահայտված մեկ այլ ահաբեկչական կառույցի գործով ձերբակալվածների ցուցմունքներից, որոնք նույնպես ծրագրել էին հեղաշրջում կազմակերպել և այն ամբողջովին իրականացնելու համար առաջին պայմանն էին համարել այն ժամանակվա պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին վերացնելը: Եվ ահա ցանկություն ունեցա կրկին անգամ վերանայել 1995թ.-ին բացահայտված թիվ 622002595 քրեական գործը կամ, ինչպես ընդունված է ասել, «31»-ի գործը:
ՈՒշադրությամբ կարդալով և զուգահեռներ անցկացնելով այս երկու քրեական գործերում` հասկանալի է դառնում, որ երկուսն էլ կատարվել են նույն նպատակով, և երկուսում էլ ձեռագիրը նույնն է: Նպատակներին կանդրադառնամ մեկ այլ անգամ, հիմա ուղղակի կրկնվող ձեռագրերի այն հատվածի մասին, որում երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանին սպանելը նրանց կողմից համարվել է պարտադիր պայման: Չեմ փորձի ընթերցողներին մատուցել իմ վերլուծությունը, այդ պատճառով էլ կփորձեմ ուղղակի մեջբերումներ անել վերոգրյալ երկու գործերով ձերբակալվածների ցուցմունքներից` եզրակացություններն ու վերլուծությունները թողնելով ընթերցողին: Կմեջբերեմ երկու քր. գործերի մեղադրական եզրակացություններում ցուցմունքների միայն այն պարբերությունները, որոնք մասնավորապես վերաբերվում են 1995 թվին պաշտպանության նախարար և 1999 թվին ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանին սպանելու հրահանգներին:
Եվ այսպես. թիվ 622002595 քրեական գործ /այսուհետև` «31»-ի գործ/:
1. Գործով մեղադրյալ Մանվել Վասիլի Եղիազարյանը իրեն մասնակիորեն է մեղավոր ճանաչել, ՀՀ քրեական օրենսգրքի /քր. օր.-ի/ 15-61 հոդվածի 1-ին մասով իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել, որ իշխանությունը զավթելու նպատակով դավադրություն անձամբ ինքը չի կազմակերպել, այլ դավադրության մեջ իրեն ներգրավել են «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ղեկավարներ Վահան Հովհաննիսյանը և Գառնիկ Իսագուլյանը, որոնց ազդեցության տակ ընկնելով ինքը մասնակցել է հեղաշրջման նախապատրաստման աշխատանքներին... Իսկ ինչ վերաբերում է ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի նկատմամբ տեռորիստական ակտի նախապատրաստմանը, ապա այդ առաջարկը կատարվել է Վահան Հովհաննիսյանի կողմից, որին ինքը դեմ է եղել:
Հատոր 2, գործ-թերթ /այսուհետ` գ.թ./ 120-124, 178-179:
2. Մեղադրյալ Մանվել Եղիազարյանը ցուցմունք է տվել այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին վերացնելու խոսակցությունը վարել է Վահան Հովհաննիսյանը հունիսի 27-ի հավաքի ժամանակ հայտարարելով, որ հարկավոր է վերացնել Վազգեն Սարգսյանին...
Հատոր 2, գ.թ. 88-100, 125-128:
3. Մեղադրյալ Աշոտ Քաջիկի Ավետիսյանը առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել լիովին և ցուցմունքներ տվել այն մասին, որ դժգոհ լինելով ներկա իշխանությունների վարած քաղաքականությունից, ընդգրկվել է Դաշնակցության կողմից դավադրությամբ իշխանությունը զավթելու նպատակով կազմակերպված խմբի կազմում, կատարել է տարբեր գործողություններ, այդ թվում` նախապատրաստական աշխատանքներ է տարել ՀՀ նախագահի և մյուս բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ տեռորիստական ակտ նախապատրաստելու ուղղությամբ...
Հատոր 8, գ.թ. 175-181,187-189:
4. Մեղադրյալ Աշոտ Քաջիկի Ավետիսյանը ցուցմունք է տվել և Վահան Հովհաննիսյանի հետ կատարված առերեսման ժամանակ պնդել է, որ Գագիկ Կարապետյանից իմացել է նաև, որ Վահան Հովհաննիսյանի գիտությամբ Գառնիկ Իսագուլյանը և Մանվել Եղիազարյանը ծրագրել են հեղաշրջման նախօրյակին առճակատել ՆԳ և Պաշտպանության նախարարությունները, որի առիթը պետք է հանդիսանար մահափորձը Վազգեն Սարգսյանի նկատմամբ:
Հատոր 1, գ.թ. 72-80, հատոր 8, գ.թ. 155-159:
5. Գործով մեղադրյալ Կարեն Հազարապետի Կարապետյանը ցուցմունք է տվել այն մասին, որ ինքը մասնակցել է սույն թվականի հուլիսի 27-ին Ջրաշենում կազմակերպված հավաքին: …Հավաքի ընթացքում խոսվել է նաև այն մասին, որ հեղաշրջման հաջող ելքի համար պետք է սպանել պետության ղեկավարներից մեկին: Վահան Հովհաննիսյանն ասել է, որ իրենց շատ է խանգարում պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը և քանի դեռ նա կա, կխանգարի հեղաշրջման իրականացմանը: Այդ պատճառով էլ ինքը հասկացել է, որ մահափորձ է նախապատրաստվում Վազգեն Սարգսյանի դեմ: Բացի Վ. Սարգսյանից խոսք է գնացել նաև կառավարության ղեկավարներից մեկին վերացնելու մասին, բայց կոնկրետ ում` չի լսել:
Հատոր 5, գ.թ. 30-34:
6. Մեղադրյալ Տիգրան Վարդգեսի Ավետիսյանը ՀՀ քր. օր.-ի 67 հոդ., 59 հոդ.-ի 1-ին մասով, 209 /պրիմ/ հոդվածով, 232 հոդ. 1-ին մասով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել լիովին և ցուցմունքներ տվել...
Քր. օր.-ի 15-61 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում Տ.Վ. Ավետիսյանը իրեն մեղավոր չի ճանաչել ցուցմունքներ տալով այն մասին, որ Արարատի շրջանի Սուրենավան գյուղի շրջակայքում գտնվելու ժամանակ խմբի մյուս անդամների միջև խոսակցության ընթացքում լսել է ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի դեմ նախապատրաստվող տեռորիստական ակտի մասին...
Հատոր 5, գ.թ. 78-81:
7. Մեղադրյալ Գագիկ Զավենի Կարապետյանը ցուցմունք է տվել այն մասին, որ... հավաքի ընթացքում /հուլիսի 27-ին Ջրաշենում/ Վահան Հովհաննիսյանը թղթի վրա գրել և գծել է, թե դաշնակցությունը ինչքան ուժեր է տրամադրելու, իսկ Մանվել Եղիազարյանն ու Ռուբիկ Ասատրյանը` ինչքան: Երբ հավաքի ժամանակ Վահան Հովհաննիսյանը ասել է, թե պետք է սպանել Վազգեն Սարգսյանին, հետո նոր սկսել հեղաշրջումը, ինքը չի համաձայնվել` ասելով, որ ինչ պարտադիր է դա անել, սակայն Արմեն Ռոստամյանը, որն իր կողքին է նստած եղել, պնդել է, որ սպանությունը անհրաժեշտ է կատարել: Ասվել է նաև, որ պետք է օգտագործել Վազգեն Սարգսյանի և ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի լարված փոխհարաբերությունները: Այսինքն, Վ. Սարգսյանին վերացնելու դեպքում բոլորը կմտածեն, որ Վ. Սիրադեղյանն է դա կազմակերպել, երկրապահ ջոկատի տղաները ոտքի կկանգնեին, և կգործեր հեղաշրջման մեխանիզմը: Բացի Վ. Սարգսյանից ակցիա էր կազմակերպվելու նաև հանրապետության նախագահի դեմ:
Հատոր 12, գ.թ. 174-179, 230-237:
Իր նշված ցուցմունքը Գագիկ Կարապետյանը պնդել է Վահան Հովհաննիսյանի հետ առերես հարցաքննության ժամանակ, միաժամանակ նշելով, որ Ջրաշենի հավաքի վերջում Վ. Հովհաննիսյանը այրել է թղթի վրա կատարված իր գրառումները:
Հատոր 1, գ.թ. 87-96:
8. Մեղադրյալ Վահան Հովհաննիսյանը նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքներում ընդունելով մեղադրյալներ Մանվել Եղիազարյանի, Աշոտ Ավետիսյանի, Գագիկ Կարապետյանի և մյուսների հետ հանդիպումներ ունենալու հանգամանքը` տարբեր պատճառաբանություններ է բերել... Ցուցմունքներում Վ. Հովհաննիսյանը չի հրաժարվել Ջրաշենի` հուլիսի 27-ի հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարար Վ. Սարգսյանի վերաբերյալ տեղի ունեցած խոսակցություններից, սակայն Վ. Սարգսյանի անունը կապել է միտինգներից մեկի ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետ` նշելով, որ եթե խաղաղ ցուցարարների վրա կրակողների ետևում իսկապես Վ. Սարգսյանն է, ապա վաղ թե ուշ նա շատ վատ կպատժվի հենց կրակողների պատճառով:
Հատոր 1, գ.թ. 30-36,87-96:
Ընթերցողներին հիշեցնեմ, որ Ջրաշենի հանդիպումը տեղի է ունեցել ոչ թե 1996թ. սեպտեմբերի 26-ից հետո, այլ 1995թ. հունիսի 27-ին: Այսինքն` խաղաղ ցուցարարների վրա կրկելու մասին, նրա արած հայտարարությունը իրականության հետ ոչ մի կապ չունի :
Այսքանով արձանագրենք, որ «31-ի» գործով մեղադրյալներ Վահան Հովհաննիսյանն ու մյուսները իշխանությունը զավթելու նպատակով, ի թիվս այլ մեղադրանքների, դավադրության իրականացման և տեռորիստական ակտի նախապատրաստական գործողություններ կատարելու համար կանգնեցին դատարանի առաջ: Ճիշտ է, Վահան Հովհաննիսյանը դատարանում հրաժարվեց նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքներից, բայց, այնուամենայնիվ, իր ելույթում /դատարանում/ ոչ դատապարտելի արարք համարեց բոլոր այն գործողությունները, որոնց համար իրենք մեղադրվում էին: Մեջբերեմ այդ ելույթից մի հատված.
«...բայց զավեշտականը այն է, որ հասարակության զգալի մասը արդարացնում է մեզ ոչ այն պատճառով, որ մենք անմեղ ենք, իսկ մեղադրանքը անհեթեթ է հնչում, այլ հակառակը` գտնելով, որ եթե մենք արած լինեինք այն, ինչում մեզ մեղադրում են, ապա ճիշտ կլինեինք...»:
Կրկին անգամ ընթերցողին հիշեցնեմ, որ «31»-ի գործով ձերբակալվածներին, ի թիվս այլ մեղադրանքների, մեղադրում էին Վազգեն Սարգսյանի դեմ ծրագրավորված մահափորձի համար, եւ զինված պետական հեղաշրջում կատարելու համար : Իսկ Վահան Հովաննիսյանը շեշտում է` «...եթե արած լինեինք այն, ինչում մեզ մեղադրում են, ապա ճիշտ կլինեինք»:
Իսկ հիմա «31»-ի գործից անցնեմ «Հոկտեմբերի 27-ի» գործով ձերբակալվածների ցուցմունքների միայն այն հատվածներին, որտեղ Վազգեն Սարգսյանին սպանելը Նաիրի Հունանյանը համարել է իրենց գործի առաջին և գլխավոր պայմանը:
Եվ այսպես.
թիվ 62207199 քրեական գործ /այսուհետև` «Հոկտեմբերի 27-ի» գործ/
1. Գործով մեղադրյալ Կարեն Հրաչիկի Հունանյանի ցուցմունքներով այն մասին, որ... ՀՀ վարչապետի և ԱԺ նախագահի սպանությունները եղել է Նաիրիի նախաձեռնությունը, որին ինքն ու Է.Գրիգորյանը համաձայնվել են: Վարչապետի սպանության հանձնարարականը Ն. Հունանյանը մեկ անգամ ևս տվել է դեպքի նախորդ օրը և դեպքից անմիջապես առաջ: Նաիրիի հետ ԱԺ-ում եղել է երկու անգամ: Դեպքի օրը, տանից դուրս գալուց առաջ, մեկ անգամ ևս գծել է սխեմա ու իրեն բացատրել և ցույց տվել վարչապետի և մյուսների նստելու տեղերը: Եղբայրը` Նաիրին, կատարել է դերաբաշխում և ղեկավարել է խմբի գործողությունները, ինքը կուրորեն հավատալով եղբորը` ամեն ինչում ենթարկվել է նրան:
Հատոր 21, գ.թ. 4-9, 189-191: Հատոր 22, գ.թ. 6-9, 233-234:
2. Գործով մեղադրյալ Էդուարդ Գարեգինի Գրիգորյանի ցուցմունքներով այն մասին, որ... հեղաշրջման, ԱԺ-ն գրավելու իր մտադրության մասին Նաիրի Հունանյանը իրեն հայտնել է դեռևս 1999թ-ի օգոստոս ամսին, իր վերջնական համաձայնությունը տվել և խմբում ներգրավվել է սեպտեմբերի վերջերին... Սեպտեմբեր ամսին ԱԺ-ում Ն. Հունանյանը ցույց է տվել այն տեղը, որտեղ կանգնում են թիկնապահները, իսկ տանը մեկ անգամ ևս գծագրել, բացատրել է դռների, կառավարության անդամների նստելու տեղերը, իրենց գործողությունների հերթականությունը, որոնց թվանշանները դրվել է իր կողմից... Հարձակումը նախատեսված է եղել հոկտեմբերի 13-ին, սակայն Նաիրի Հունանյանի որոշմամբ հետաձգվել է... Հոկտեմբերի 26-ին, երբ խմբում ներգրավվելու նպատակով նրանց տուն էր հրավիրվել Դ. Բեջանյանը, Ն. Հունանյանը մեկ անգամ ևս ասել է վարչապետի սպանության անհրաժեշտության մասին...
Հատոր 21, գ.թ. 46-49, հատոր 22, գ.թ. 158-160,...
3. Գործով մեղադրյալ Վռամ Վարազդատի Գալստյանի ցուցմունքներով այն մասին, որ հեղաշրջման մտադրության մասին իրեն ասել և խմբում ներգրավվելու առաջարկը իր քրոջ որդու` Նաիրի Հունանյանի կողմից արվել է դեռևս 1999թ. սեպտեմբերին... Հոկտեմբերի 23-ին Ն.Հունանյանը, եղբայրը` Կարենը և ընկերը` Էդուարդ Գրիգորյանը, եկել են Մարտունի ու հաջորդ օրը` 24-ին, իրեն բերել են Երևան: Զենքերը արդեն պատրաստ էին, առկա էին, Ն. Հունանյանը նախապես ասել է, որ պետք է սպանել Վ. Սարգսյանին, գծել և ցույց է տվել իրեն, թե ոնց պետք է մտնեն ԱԺ նիստերի դահլիճ, որտեղ են նստում միլիցիոներները և այլն, որին հետևել է հարձակումը:
Հատոր 26, գ.թ. 4-9, 169
Վահագն ՂՈՒԿԱՍՅԱՆ,
Հայկական Ժամանակ
2001թ. հունիս

Aucun commentaire: