29.10.07

«ՀԱԶԱՐ ԱՓՍՈՍ ՄՈԼՈՐՅԱԼ ՍՊԱՐԱՊԵՏԻՆ»

«ՀԱԶԱՐ ԱՓՍՈՍ ՄՈԼՈՐՅԱԼ ՍՊԱՐԱՊԵՏԻՆ»

Այս օր Մարտի 5 է, երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը:
Ցավոք, Վազգենը արդեն 3 տարի է, ինչ չի կարող նշել սեփական ծնունդը, որովհետեւ նա սպանվեց:
Սպանվե´ց 88-ին սկսված ազգային ազատագրական ՇԱՐԺՄԱՆ վրա արձակված կրակոցներից, սպանվե´ց Հայաստանի անկախության, ազատագրված Լեռնային Ղարաբաղի վրա արձակված, բոլորիս վրա արձակված կրակոցներից:
Այս օրը` մարտի 5-ը, նշանավորվում է նաեւ մեկ այլ առիթով, որը ուղղակիորեն կապված է Վազգենի սպանության հետ, ավելի ճիշտ՝ այն կանխելու փորձի հետ, քանի որ 1999թ.-ի մարտի 5-ին, երբ Վազգեն Սարգսյանը իր մտերիմների (ի թիվս՝ նաեւ ապագա դավադիրների ու դավաճանների) հետ նշում էր իր ծննդյան 40-ամյակը, այդ նույն ժամանակ «Առավոտ»-ի խմբագրությանը հանձնվեց մի հոդված (10.03.99թ.), որը ամիսներ հետո տեղի ունենալիք դավադրության, Վազգենի սպանության կանխման նպատակով հեղինակի` քաղաքագետ, քաղաքական վերլուծաբան ու հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի կողմից արված վերջին փորձն էր: Այո, ցավով ենք նշում վերջին, քանի որ, մինչ այդ էլ Տիգրանը բազմաթիվ անգամներ գրում ու զգուշացնում էր սպասվող սադրանքի մասին: Իսկ վերջինն էր, քանի որ այդ հոդվածից 3 օր հետո` մարտի 8-ի գիշերը Տիգրանը ավտովթարի զոհ դարձավ, որ ավելի ճիշտ կլինի եւ հիմքեր էլ կան հաստատապես ասելու` սպանվեց:
1998-ի աշնանը Վազգեն Սարգսյանին նամակով լուրջ նախազգուշացում արեց նաեւ Վանո Սիրադեղյանը. «Ռոբերտը (կամ չգիտեմ` ով-ովքեր) գտել են Վ.Սարգսյանին չեզոքացնելու միակ տարբերակը... Հայաստանը նրանց ատում է, այդ ատելության համար վրեժխնդիր են լինելու երեւելի անհատների հանդեպ: Այնպես որ, միայն քեզնով գործը չի ավարտվելու... Եղած խաղի կանոններով յոթ ամիս դու կրվում ես: Փոխիր խաղի կանոնները... Արա, քանի դեռ Դեմիրճյանի գլուխը չեն կերել»:
Տիգրան Հայրապետյաննը ցանկացելէր հանդիպել Վազգենին: Ընթերցողին հիշեցնեմ, որ 1999թ.-ի մարտի 8-ից, այսինքն՝ ավտովթարից մի քանի օր առաջ Տիգրանը հեռախոսազրույց էր ունեցել ՊՆ փոխնախարար Վահան Շիրխանյանի հետ եւ խնդրել՝ հանդիպում կազմակերպել Վազգեն Սարգսյանի հետ: Դրանից ուղիղ մեկ ամիս առաջ Արծրուն Մարգարյանի՝ Վազգեն Սարգսյանին ուղղվա´ծ նամակը տեղ չհասավ, իսկ Արծրունը սպանվեց փետրվարի 9-ին: Ամիսներ հետո կարեւոր հարցով Վազգեն Սարգսյանի հետ հանդիպման պայմանավորվածություն էր ձեռք բերել Էդուարդ Եգորյանը, բայց այն տեղի չունեցավ, քանի որ օգոստոսի 10-ին Եգորյանը... հանկարծամահ եղավ:
Իսկ իր վերջին հրապարակումով Տիգրան Հայրապետյանը մեզ հուշում էր նաեւ իրեն սպասվող վտանգի մասին, բայց մենք այն չնկատեցինք: Չնկատեցինք այնպես, ինչպես անտեսել էինք նրա նախօրոք արված գրեթե բոլոր նախազգուշացումները:
Տարիների հեռվից մեկ անգամ եւս վերընթերցենք Տիգրանի՝ այլեւս մարգարեական նյութերը, փորձենք, գոնե այսօր վերարժեվորել, հասկանալ այն ամենը, որ շատ հստակ, մեկ առ մեկ ասում էր մեզ Տիգրան Հայրապետյանը` 97-ի վերջերից մինչեւ 99-ի մարտի 5-ը ընկած ժամանակահատվածում:
Դրանք ներկայացնելով ընթերցողին՝ որեւէ բան ապացուցելու խնդիր չեմ հետապնդում, ավելորդ մեկնաբանությունների կարիք եւս չկա, քանի որ ամեն ինչ շատ պարզ ու հստակ է ձեւակերպված, քանի որ ժամանակն արդեն իսկ ապացուցել է Տիգրան Հայրապետյանի ճշմարտացիությունը: Մեզ մնում է միայն դրանք օղ անել ու ականջներիցս կախել, որպեսզի հետագայում մեզ հասած ճշմարիտ խոսքերին քամահրանքով չվերաբերվենք, իսկ հետագայում՝ չարիքը տեսնելուց հետո հետին թվով այն՝ չկոչենք «հայի բախտ»:
Եվ այսպես,
«Վախենամ, որ Երեւանի փողոցները կարմիրով ներկելու հեռանկարն արդեն հիմնավոր արմատներ է գցել ազգիս առաջնորդների գիտակցության խորին շերտերում»: Կրկին հիշեցնեմ, որ այս խոսքերը գրելուց («Անմեղսունակության կանխավարկածը», 5.03.1999թ.) ուղիղ երեք օր հետո Երեւանի փողոցներից մեկը` Բաղրամյան պող. մի հատվածը Տիգրան Հայրապետյանի կարմիր արյունով ներկվեց:
Այս նույն հրապարակման մեջ նա գրում է. «Հայավարի հարցերը լուծելու հերթական քայլը կարելի էր նաեւ արհամարհել, եթե գործողությունը անմիջապես չհետեւեր պաշտպանության նախարարի ելույթին, ուր նա ողջախոհության եւ զինադադարի կոչ արեց: Կասկածից վեր է, որ սադրանքն ուղղված էր հանրապետությունում հասարակական համաձայնության եզրեր գտնելու առողջ մտածողության դեմ: Սադրանքը նաեւ ուղղված էր անմիջականորեն պաշտպանության նախարարի դեմ, որն այսօր ամենահակասական զգացմունքներն է ապրում: Գոնե հասկանու՞մ են պարոնայք, թե ինչի են դրդում զինվորականությանը եւ ուր են տանում երկիրը: Ազգային շահը գիտակցող բոլոր քաղաքական գործիչներից եւ ուժերից առավելագույն ողջախոհություն է պահանջվում, որպեսզի, Վազգեն Սարգսյանի նախաձեռնությունների հետեւողական տապալմամբ, վերջակետ չդրվի ՇԱՐԺՄԱՆ վրա: ՇԱՐԺՈՒՄԸ պետականությունն է, անկախությունը, ազատագրված Լեռնային Ղարաբաղը, ազգային անվտանգության գլխավոր երաշխիքը եւ ՇԱՐԺՈՒՄԸ կարմրա-դարչնագույն աղետից անհրաժեշտ է պաշտպանել հնարավոր բոլոր միջոցներով: Չի կարելի թույլ տալ, որպեսզի 21-րդ դարի սկիզբը եւս նշանավորվի «ինքնապաշտպանության» արյան բաղնիքներով: Իսկ ՇԱՐԺՄԱՆ պարտությունը դա է գուժում»:
Այս հրապարակման ավարտն էլ ոչ պակաս մարգարեական է. «Եթե ամենամոտ օրերս բարձրագույն ատյանից մեղայական չհնչի, եթե, տեւտոնական կեցվածքից հրաժարված, իշխանությունը չընդունի իր ոչ այնքան պարկեշտ կեցվածքի մեղքը հայ հասարակության առջեւ, եթե չդիմի քաղաքական ընդդիմությանը` իրավահավասար հիմքի վրա ազգային համաձայնություն ձեռք բերելու որակապես նոր փորձ կատարելու առաջարկով, ապա «Սպայի տնից» հաջորդ հուղարկավորության ընթացքը խիստ կանխատեսելի է լինելու»:
Իսկ ահա 98-ի մայիսի 26-ին «Առավոտում» տպագրված` «Հերթական հեղաշրջմանը ընդառաջ» հրապարակման մեջ նա գրում է. «... Այո´, շրջապատի` մերձավորների, իսկ ավելի ուշ` պարզապես զանգվածային արյունահեղությունը կրկնահանցագործության առարկայական ուղեկիցն է: Կարելի է ձեւացնել, թե չենք նկատում հախուռն սկիզբը: Իսկ ավելի ճիշտ` հենց այդպես էլ անում ենք` ձեւացնում ենք: Սակայն զգուշացե´ք, մեծարգո տիկնայք եւ պարոնայք, սառը ցինիզմով, չարախինդ ոգեւորությամբ եւ կամ բութ անտարբերությամբ սպարապետին կառափնարան ուղեկցելով` բացում եք սեփական ինքնաոչնչացման ճամփան: Այս խմորումը սպառնում է առատ արյուն տանել՝ Հայրենիք, պետականություն, անցյալի հիշատակ ու ապագայի երազ տանել»:
Իսկ այս հրապարակման վերջին բառերը ուղղակի ցնցող են. «Իսկ առայժմ, կեցցե´ հերթական հեղաշրջումը, հազար ափսոս մոլորյալ սպարապետին... «: Կրկնում եմ, այս խոսքերը գրվել են 98-ի մայիսի 26-ին:
Առավել ցնցող են 98-ի մարտի 4-ի ասուլիսի ժամանակ Տիգրանի հետեւյալ բառերը. «Բայց ինձ համար ամենացավալին պաշտպանության նախարարի կեցվածքն է: Մարդ, որ կենդանի լեգենդ է եւ հայրենիքի պաշտպանության գաղափարից դուրս այլեւս չի ընկալվելու՝ դեմ է դուրս եկել հայրենիքին: Սա ի՞նչ անհեթեթ ազգային ճակատագիր է. հաղթանակած զորավարը դատապարտված է զոհ դառնալ քաղաքական մանր-մունր ինտրիգներին: Համարձակություն ունեցեք տպագրելու այս խոսքերը. Վազգեն Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի անօրինական իշխանության առաջին զոհն է լինելու: Արքայադավությունը մեծագույն մեղք է, պարոն նախարար»:
Եթե բացենք 97-99թթ. ընթացքում տպագրված` «Նոր Ուղի», «Շրջան», «Օրագիր», «Առավոտ» թերթերը, ապա կհամոզվենք, որ այսօր իրականություն դարձած շատ իրողությունների մասին էր մեզ նախազգուշացնում Տիգրան Հայրապետյանը: Դրանք չենք կարող ներկայացնել զուտ ծավալի առումով, ուստի եզրափակենք նրա եւս մեկ մարգարեական հրապարակումից մի հատված ներկայացնելով, որը տպագրվեց 1998թ.-ի հոկտեմբերի 3-ին «Օրագիր» թերթում. «... Այս վարչակարգըե իր կամքից անկախե բավական արագ արտավիստական միավոր դարձավ ողջ արտաքին աշխարհի համար: Մեկ այլ պարագայումե եթե իրադարձությունները շուրջ բոլորը նման տեմպեր չունենայինե կարելի կլիներ մի 2-3 տարի պարզունակե բայց հոխորտալիե դրանով իսկ տպավորիչ հայրենասիրություն խաղալե ազգ «դաստիրակել»՝ սեփական կերպով ու նմանությամբե սփյուռք պարեցնել եւ ստիպելե որ Նաիրին էլ պար մտնի՝ ավտոմատների ու ավտոմատավորների առատությանը ղուրբան...»
Այս ամենից հետո, այս կամ այլ բազմաթիվ նախազգուշացումներից հետո մի բնական հարց է առաջանում. ի՞նչ էր մտածում Վազգեն Սարգսյանը, իսկ փաստ է նաեւ այն, որ Վազգենը այդ ամենը հանգիստ լսում ու անհանգստության ոչ մի նշան իսկ ցույց չէր տալիս: Կարծում եմ, անհանգստության ոչ մի նշան ցույց չտալուն երկու պատճառ է լինում` 1. Անհանգստանալու կարիք չկա, քանի որ տեղյակ է եւ ամեն ինչ վերահսկվում է: Բայց, ինչպես տեսանք, ոչինչ էլ չէր վերահսկվում, եւ ուստի առաջին տարբերակը բացառվում է: Իսկ չանհանգստանալու 2-րդ տարբերակը կարող էր լինել ստուգողական բնույթի` Պատկերացնենք, որ Վազգենի շրջապատում գտնվողներից մեկը՝ «իքս»-ը նրան առաջարկում է ստուգողական միջոցառում իրականացնել, որպեսզի դրանով պարզեն, թե ով ինչպես է տրամադրված Վազգեն Սարգսյանի հանդեպ, այսինքն, այդ կերպ երեւակելով նրա տակը քանդելու, մահափորձ կազմակերպելու եւ նմանատիպ մտադրություններ ունեցողներին: Պարզ է, չէ,՞ թե նման պայմանավորվածությունից հետո ինչպես կվերաբերվեր Վազգենը հիշատակածս բոլոր նախազգուշացումներին. իհարկե, պետք է մտքում ծիծաղեր, քանի որ դա, ըստ իրեն, «իքս» անձնավորության «ստուգողական» նպատակով իրականացվող միջոցառումն էր սոսկ: Պարզ է նաեւ, որ նման առաջարկություն անող «իքս»-ը պետք է հատուկ ծառայությունից լիներ եւ ոչ՝ շարքային (ասենք օրինակ՝ չեկիստի բազմամյա փորձ ունեցող Սերժ Սարգսյանը): Բայց սա, ինչպես վերը նշեցի, զարգացումների մտացածին փորձ է: Երեւակայությունը՝ երեւակայություն, բայց չմոռանանք, որ ասածս համընկնում է հատուկ ծառայությունների գործելաոճին, իսկ որ հատուկ ծառայությունները իրենց մեղքի բաժինն ունեն «Հոկտեմբերի 27»-ի գործում, պատկերացնել պետք չէ, քանի որ՝ հաստատ է:
4-ը մարտի 2002թ.

2 commentaires:

HH a dit…

Hargeli Vahagn, sa, kartsum em, shat lav klini henc ays orerin hraparakel Hayastani mamulum, kartsum em, karogh e shat ogtakar linel.

Վահագն Ղուկասյան a dit…

Հարգելի «հհ» տեղեկացնեմ որ այս նյութը տպագրվել է մամուլում «Չորրորդ Իշխանություն» թերթում, ինչպես նաեւ՝ իմ «Դիտորդի Վարկածը_3» գրքույկում: