28.10.07

Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԸ ԳԼԽԱՎՈՐ ՎԿԱՆԵՐԻՑ Է

Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԸ ԳԼԽԱՎՈՐ ՎԿԱՆԵՐԻՑ Է

ՈւՍՏԻ, ՉՊԵՏՔ Է ՏԵՂՅԱԿ ԼԻՆԵՐ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԻՆ

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո հարուցված քրեական գործի նախաքննությունն իրականացնող մարմնի ղեկավար Գագիկ Ջհանգիրյանը իր հրավիրած մի քանի ասուլիսում, ի թիվս այլ հայտարարությունների, տեղեկացրեց նաեւ, որ նախաքննության ընթացքի վերաբերյալ ինքը պարբերաբար զեկուցում է Ռոբերտ Քոչարյանին:
Այդ ասուլիսներից մեկի ժամանակ պարոն Ջհանգիրյանը լրագրողներին տեղեկացրեց նաեւ, որ ի թիվս այլ վկաների՝ հարցաքննվելու է նաեւ Ռ.Քոչարյանը:
Բնականաբար, հարց է ծագում. ինչպե՞ս էր քրեական գործով նախաքննություն իրականացնող մարմինը նույն քրեական գործով անցնող վկային տեղեկացնում նախաքննության ընթացքի մասին, եւ, արդյո՞ք դրանով իսկ զինդատախազը չէր խախտում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածներ: Զինդատախազի կողմից թույլ տրված այս օրինախախտումը, ոմանց կարծիքով, արդարացի է, քանի որ, վերջիններիս հավաստմամբ, խոսք է գնում ոչ թե շարքային քաղաքացու, այլ՝ ՀՀ Սահմանադրության պահպանման երաշխավորի մասին: Մի կողմ դնելով Ռ.Քոչարյանի՝ վերը նշված պաշտոնում ոչ օրինական լինելու փաստը, ցանկանում եմ այդպես մտածողներին հիշեցնել, որ՝ համաձայն ՀՀ Սահմանադրության հոդված 1-ի Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է, իսկ 6-րդ հոդվածում պարզորոշ նշված է. «Բոլորը հավասար են օրենքի առջեւ եւ առանց խտրականության հավասարապես պաշտպանվում են օրենքով»: Տեղեկացնեմ նաեւ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վկային վերաբերող 86-րդ հոդվածով վկան մնում է վկա: Ինչեւիցե, եւս մեկ անգամ արձանագրենք, որ վկան մնում է վկա, եւ օրենքն էլ չի սահմանազատում վկայի կարգավիճակը՝ հաշվի առնելով նրա զբաղեցրած պաշտոնի կարեւորությունը: Հետեւաբար, տեղի ունեցածը կարելի է համարել օրենքի կոպիտ խախտում:
Զինդատախազի կողմից թույլ տրված այս օրինախախտումը մեկնաբանելու ցանկությամբ՝ հոկտեմբերի 6-ին դիմեցի «Ազդակ» ակումբի հյուր, Փաստաբանների միջազգային միության նախագահ, «Հոկտեմբերի 27»-ի գործով Վազգեն Սարգսյանի իրավահաջորդների պաշտպան Տիգրան Ջանոյանին: Տեղեկացնեմ նաեւ, որ նույն հարցի պարզաբանման համար դեռեւս մեկ տարի առաջ էի դիմել «Հայոց Տուն» հասարակական կազմակերպության հյուր պարոն Ջանոյանին: Այն ժամանակ պարոն Ջանոյանը պատասխանեց հետեւյալ կերպ. «Ընդհանրապես, քրեական գործով անցնող վկային տեղեկություններ տալը օրենքով արգելվում է: Բայց ես չեմ կարող ասել՝ տեղի ունեցածը օրենքի խախտո՞ւմ, է թե՞ ոչ, քանի որ ես դեռեւս քրեական գործին ամբողջովին չեմ ծանոթացել եւ տեղյակ չեմ, թե՝ Ձեր կողմից մատնանշված անձը, որպես վկա, գործով անցնո՞ւմ է, թե՞ ոչ»: Իսկ ահա մեկ տարի անց պարոն Ջանոյանը նույն հարցին պատասխանեց այս կերպ. «Նախաքննությունն իրականացնող մարմինն ինքն է որոշում, թե որ վկային ինչ չափով կարող է տեղեկություններ տալ, եւ այստեղ՝ օրենքի խախտում չեմ տեսնում»: Կարծում եմ, պարոն Ջանոյանի այս պատասխանը ճիշտ կլիներ, եթե խոսքը կոնկրետ հարցաքննության վերաբերեր, սակայն, ինչպես նկատեցիք, հարցը վերաբերում էր զինդատախազի այն հայտարարությանը, ըստ որի, նա Ռ.Քոչարյանին պարբերաբար զեկուցել էր նախաքննության ընթացքի մասին: Տեղեկացնեմ նաեւ, որ «Հոկտեմբերի 27»-ի գործով նախաքննության նյութերում բազմիցս ենք հանդիպում արձանագրությունների, որոնցով կոնկրետ վկաներ նախազգուշացվում են նախաքննության տվյալների հրապարակման անթույլատրելիության մասին, սակայն՝ Ռ.Քոչարյանին վերաբերող նախազգուշացման նման արձանագրություն քրգործում չկա, ինչը նշանակում է, որ վերջինս կարող էր առանց պատասխանատվություն կրելու, ցանկացած ժամանակ ինֆորմացիայի արտահոսքի աղբյուր հանդիսանալ:
Պարոն Ջանոյանը, պատասխանելով նաեւ իմ երկրորդ՝ «Արդյոք նախաքննության մարմնի կողմից օրենքի խախտում չէ՞ր գործով անցնող վկային, թերեւս, կարելի է ասել՝ ամենակարեւոր վկային՝ Ռոբերտ Քոչարյանին դեպքից 7,5 ամիս հետո՝ 2000թ.-ի մայիսի 15-ին հարցաքննելը» հարցին, նշեց, որ, իրոք, տեղի ունեցածը օրենքի խախտում էր: Պարզաբանեմ, թե ինչու եմ կարծում, որ Ռ.Քոչարյանը պետք է համարվեր գլխավոր վկա. միայն Ռ.Քոչարյանի հետ «բանակցելուց» հետո էր գլխավոր ոճրագործը համաձայնվել զենքը վար դնել ու սեփական կամքով գնալ մահապատժի դատապարտվելու: Հասկանալի է, որ օրինական նախաքննության ու դատաքննության դեպքում: Անիմաստ է կարծել, թե այդ բանակցություն կոչվածի ընթացքում հնարավոր էր Նաիրի Հունանյանին խաբել. անիմաստ է, քանի որ խոսքը չի վերաբերում շարքային քրեականի, այլ բավականին կրթված, քաղաքական գործիչների նիստ ու կացին լավատեղյակ, բնավորություններին քաջածանոթ, ՀՀ-ում գործող օրենքներին քաջատեղյակ անձնավորության, որին դժվար թե կարողանային դատարկ խոստումներ տալով խաբել, մանավանդ, համաձայն դեպքից հետո ԱԺ դահլիճում պատանդ մնացածների զգալի մեծամասնության վկայության, տեռորիստները սկզբնական շրջանում շատ ագրեսիվ պահվածք են ցուցաբերել եւ սպասելիս են եղել սատարող, օգնող ուժերի՝ իրենց ծրագրի երկրորդ մասն իրականացնելու համար: Հիշենք նաեւ, որ նրանք սպանություններն իրագործելուց անմիջապես հետո անարգել հեռանալու հնարավորություն են ունեցել, բայց չեն փախել, ավելին՝ հայտարարել են, որ նիստ է գումարվելու եւ հետաքրքրվել են՝ քվորումներս որպես վահան կանգնեն դահլիճի դռների առջեւ:
Այսինքն, այս ամենը վկայում է այն մասին, որ դահլիճ ներխուժելուց մոտ 2 ժամ հետո է միայն Ն.Հունանյանն իրեն խաբված զգացել: Հետեւաբար, նմանատիպ իրավիճակում անհավանական է, որ նա առանց Ռ. Քոչարյանից կամ մեկ ուրիշից լուրջ երաշխիքներ ստանալու կամովին համաձայնվեր ու գնար գնդակահարվելու:
Մի պահ շեղվելով թեմայից՝ ընթերցողի ուշադրությունն եմ ուզում հրավիրել Ն.Հունանյանի կողմից ԱԺ դահլիճում ուղիղ եթեր պահանջելու հանգամանքին, որը «բանակցության» նախնական փուլում ամեն գնով մերժել էր Քոչարյանը. «...ես, ելնելով ստեղծված իրավիճակից, որոշեցի հանդիպել նրա հետ՝ նախապես մերժելով նրան ուղիղ եթեր տրամադրելու պահանջը ՝ ձեռնպահ մնալու համար սադրիչ հայտարարություններից» / հատված Ռ.Քոչարյանի ցուցմունքից՝ հատոր 12 գ.թ. 54 /: Բնականաբար, հարց է առաջանում. երկրի գերագույն իշխանության վրա ձեռք բարձրացնելուց, բարձրաստիճան պաշտոնյաներին սպանելուց, մի շարք պաշտոնյաների մարմնական ծանր վնասվածքներ հասցնելուց եւ վերջապես՝ սեփական ձեռքերից թափված արյունը տեսնելուց եւ իրեն խաբված զգալուց հետո հնարավո՞ր էր, որ մարդասպանը ուղիղ եթերում հնչեցներ, թե որն էր իր արարքի իրական պատճառը, եւ ովքեր են իր ետեւում կանգնած իրական կազմակերպիչները: Կարծում եմ, պատասխանը միանշանակ է՝ հնարավոր էր: Իհարկե, հնարավոր էր նաեւ, որ նա ոչինչ էլ չասեր, բայց քանի որ երկու տարբերակներն ել հնարավոր էին, ուրեմն ոմանց անհրաժեշտ էր ամեն գնով խոչընդոտել Ն.Հունանյանին ուղիղ եթեր տրամադրելը: Ինչպես նկատում ենք, Ռ.Քոչարյանը մերժել է: Պատահականությո՞ւն էր դա, թե՞ դիտավորություն՝ չենք կարող ասել, բայց հաստատապես կարող ենք ասել, որ այն մտահոգությամբ, որով Քոչարյանը պատճառաբանում է ահաբեկչին ուղիղ եթեր չտրամադրելը՝ անտրամաբանական է:
Ինչեւէ, կարծում եմ, որ այսքանն էլ էր բավական Գագիկ Ջհանգիրյանի գլխավորած՝ նախաքննությունն իրականացնող մարմնին, որպեսզի նա հասկանար, թե քրեական գործում որքան կարեւոր վկա է Ռոբերտ Քոչարյանը եւ նրան չտեղեկացներ նախաքննության ընթացքի մասին, ավելին՝ նրան՝ Քոչարյանին պարտավոր էին հարցաքննել նախաքննության առաջին օրերին, ոչ թե 7 ու կես ամիս հետո միայն, որը ոչ այլ ինչ էր, քան ձեւականություն:

8.10.2001թ.

Aucun commentaire: