28.10.07

ԱՐՄԵՆԱԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻՆ ՍՊԱՆՈՂՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ´


Հոկտեմբերի 27-ին ԱԺ ներխուժած ոճրագործների զոհը դարձավ նաեւ պատգամավոր Արմենակ Արմենակյանը, սակայն, ի տարբերություն մյուս զոհերի, նա սպանվեց ԱԺ նիստերի դահլիճին կից կարմիր ֆոյեում:


Սկզբում լուրեր տարածեցին (դաշնակցական Աղվան Վարդանյանի հարցաքննության նյութերից, պարզվել է, որ նա է այդ կեղծ լուրը «Հայոց Աշխարհ»-ի միջոցով տարածողը), իբր թե Ա.Արմենակյանից պահանջել են զենքը եւ չենթարկվելու համար են արձակել մահաբեր կրակոցը: Հետո սպանության դրդապատճառը ներկայացվեց, որ իբր պատգամավորից պահանջել են կքանստել (պպզել), իսկ նա հերոսին վայել կեցվացքով, չի ենթարկվել, որին հետեւել են կրակոցները: Կարծում եմ՝ այս երկու վարկածներն էլ մտացածին են, կեղծ են, եւ Ա.Արմենակյանին հերոս ներկայացնելով նպատակ են հետապնդում նրա սպանության իրական պատճառները գործի բացահայտմամբ շահագրգիռ անձանց ուշադրությունից շեղել: Ինչ վերաբերում է Արմենակ Արմենակյանի անձնավորությանն ընդհանրապես, հերոս լինելուն, ապա համոզված եմ, որ այդպես էլ կա, եւ նրա անցկացրած կյանքն ու մարտական ուղին դրա խոսուն ապացույցն էին:
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16:50-ից 17:10-ը ընկած ժամանակահատվածում, ԱԺ նիստերի դահլիճին կից միջանցքում եւ նրան հարակից տարածքում տեղի ունեցած հայտնի ու անհայտ իրադարձություններին, նույն միջանցքում նստած Ա.Արմենակյանի կողմից ակամա ականատես` վկա լինելու հանգամանքը ավելի լուրջ պատճառ պետք է որ հանդիսանար ոճրագործների կողմից նրան հավիտյան լռեցնելու, քան պպզելու պահանջին չենթարկվելու համար նրա վրա արձակված մեկական ռեժիմով 3 կրակոցը, այդ թվում նաեւ՝ ստուգողական կրակոցը : Իսկ ի՞նչ էր տեղի ունեցել ժամը 16:50-ից 17:10-ը ընկած ժամանակահատվածում: Փորձեմ մեղադրական եզրակացության մեջ տեղ գտած մի քանի մեղադրյալների եւ վկաների ցուցմունքներից մեջբերումներ անելով, դրանցում էական հակասությունները արձանագրելով՝ դրանց հնարավոր լինել-չլինելը տրամաբանորեն վերլուծելով հիմնավորել համոզվածությունս այն մասին, որ Ա.Արմենակյանին կրակել ու սպանել են՝ ի դեմս նրա վերացնելով շատ կարեւոր վկայի, եւ հաստատ կրակել է Նաիրի Հունանյանի խմբից մեկը, բայց այդ անձնավորությունը մեզ հայտնի կալանավորված 5 տեռորիստների մեջ չի:
Մինչեւ բուն նյութին անցնելը՝ ստորեւ բերածս փաստարկները ամբողջովին ըմբռնելու համար ընթերցողին առաջարկում եմ միասին վերարտադրել ԱԺ դահլիճում դեպքի ժամանակ կատարված տեսագրության առաջին մի քանի րոպեները, դրանց ժամանակաընթացքի (վայրկյանների, րոպեների) ճշգրիտ հաշվարկները կատարելու եւ ԱԺ տարածքի որոշ հատվածների հեռավորությունների չափման օգնությամբ կատարենք վերլուծություն:

Եւ այսպես՝
Հոկտեմբերի 27-ին ժամը 17:10-ի սահմաններում, նախարար Լ.Բարխուդարյանը պատասխանում էր պատգամավորներից մեկի հարցերին, երբ «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգը ձեռքին ԱԺ նիստերի դահլիճի 1-ին դռնից ներս ներխուժեց Կ.Հունանյանը կրակոցներ արձակելով վարչապետի եւ մյուսների ուղղությամբ...., նրանից ուղիղ 4 վայրկյան հետո կրակոցներ արձակելով դահլիճ մտավ Ն.Հունանյանը: Նրանց արձակած կրակոցները տեւել են 11-12 վայրկյան, Կ.Հունանյանը դահլիճ ներխուժելու պահից, 11-12 վայրկյան կրակոցներ արձակելուց հետո 42 վայրկյան դահլիճում է մնում, այդ ընթացքում վարչապետի նկատմամբ դիակապտություն կատարելուց հետո է միայն առաջին անգամ դուրս գալիս «կարմիր ֆոյե». մինչեւ նրա կրկին դահլիճ մտնելը միջանցքից ոչ մի կրակոցի ձայն չի լսվում: Միջանցքից առաջին անգամ կրակոցների եւ պայթյունի ձայն լսվում է Կ.Հունանյանի առաջին անգամ դահլիճ ներխուժելու պահից ուղիղ 1 րոպե 29 վայրկյան հետո: Անտեղյակների համար նշեմ նաեւ, որ Ա.Արմենակյանը սպանվել է «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգի մեկական ռեժիմով արձակած կրակոցներից, ԱԺ նիստերի դահլիճի 1-ին դռնից 8 քայլ հեռավորության վրա նստած ժամանակ: Տեղեկացնեմ նաեւ,որ գործով ձերբակալված ոճրագործների ձեռքին «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ եղել է 2 հատ՝ Կ.Հունանյանի եւ Դ.Բեջանյանի (Բեջանովի) մոտ: ԱԺ վարչական շենքի կենտրոնական մուտքից (3-րդ պահակակետ) մինչեւ ԱԺ նիստերի դահլիճի 1-ին դուռը (երկրորդ հարկ բարձրացող աստիճաններով հանդերձ) 200 քայլ է: ԱԺ պարետի տեղակալի աշխատասենյակից մինչեւ ԱԺ նիստերի դահլիճ ՝ կարմիր ֆոյե շտապ հասնելու համար պահանջվում է մոտ 30 վայրկյան: Ժամանակաընթացքի եւ տարածությունների հաշվարկները կատարել եմ անձամբ, որոնք ստորեւ բերածս ցուցմունքների եւ կատարելիք վերլուծության համար շատ կարեւոր են:

Անցնեմ ցուցմունքներին, դրանք կներկայացնեմ չակերտներում:
«Ն.Հունանյանի կողմից Կ.Դեմիրճյանի եւ Յու.Բախշյանի վրա արձակվել են ստուգողական կրակոցներ: Նույն կերպ է վարվել Կ.Հունանյանը Ա.Արմենակյանի նկատմամբ»: /մեղադրական եզրակացություն, էջ 12/
Այս փաստը՝ ստուգողական կրակոցները ապացուցում է այն, որ Ա.Արմենակյանին սպանելու համար ոճրագործները լուրջ պատճառ են ունեցել: Իսկ ստուգողական կրակոցների փաստը հաստատվել է դատափորձագիտական հետազոտության այն եզրակացության հիման վրա, որով ապացուցվել է, որ կրակոցները արձակվել են մեկական ռեժիմով:
Ա.Արմենակյանին սպանելու մեղադրանքը նախաքննության մարմնի կողմից առաջադրվել է Կ.Հունանյանին: Ըստ մեղադրական եզրակացության, նա ընդունում է այդ (ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ Ա.Արմենակյանի սպանությունը իր վրա վերցնել-չվերցնելով բազմաթիվ սպանություններ կատարած Կ.Հունանյանի մեղադրանքի ծանրության աստիճանը ոչնչով չի փոխվում): Իր ցուցմունքներով նույնն է փորձում ապացուցել Վ.Գալստյանը, սակայն այդ ցուցմունքները եւ նախաքննության մարմնի եզրակացությունը անարժանահավատ եւ անտրամաբանական են: Հակված եմ կարծելու, որ դրանով նպատակ են հետապնդում թաքցնել Ա.Արմենակյանի վրա կրակող՝ ԱԺ դահլիճ ներխուժելու պահին նախասրահից Ն. եւ Կ.Հունանյանների թիկունքը պահող, գործով չբացահայտված եւս մեկ տեռորիստի:
«Մեղադրյալ Վռամ Գալստյանը իր ցուցմունքներում նշում է, որ կարմիր ֆոյեյում՝ նիստերի դահլիճի առաջին դռան դիմաց պատուհանի տակ դրված նստարանին, նստած է եղել մի տղամարդ, որին ինքը չի ճանաչել, հարցրել է, թե ինչու է նստած այնտեղ եւ պահանջել է՝ թողնի գնա կամ մտնի դահլիճ, սակայն վերջինս ոչինչ չի պատասխանել եւ տեղից չի շարժվել: Այդ պահին դահլիճից դուրս է եկել Կ.Հունանյանը, հարցրել՝ էդ ինչ բազար եք անում, եւ նրա վրա կրակահերթ է արձակել» /Մեղադրական եզրակացություն, էջ 93 /
«Գործով վկա, ԱԺ շենքի պարետի տեղակալ Խ.Հովհաննիսյանի ցուցմունքներով այն մասին, որ ժամը 17:10-ի սահմաններում իր աշխատասենյակում, ռադիոյով լսելով կրակոցների ձայնը, դուրս գալով աշխատասենյակից՝ բարձրացել եւ գնացել է դեպի դահլիճ: Դահլիճին կից սրահում տեսնելով նստած (1-ին դռնից ընդամենը 3,5- 4 մետր հեռավորությամբ- Վ.Ղ.) Ա.Արմենակյանին՝ մոտեցել է նրան: Հաջորդ պահին դահլիճից դուրս է եկել տեռորիստներից մեկը (Կ.Հունանյանը)...: Երբ Ա.Արմենակյանը փորձել է վեր կենալ՝ կրակել է նրա վրա»: /Մեղադրական եզրակացություն, էջ 75/
Վերը նշված երկու ցուցմունքներում տեղ գտած հակասություններից բացի, ակնհայտ է, որ դրանք կեղծ են եւ անտրամաբանական, քանի որ ըստ այդ ցուցմունքների, ստացվում է՝ տեռորիստները ներխուժել են դահլիճ, 11-12 վայրկյան կատարել կրակոցներ, 1 րոպեից ավելի հայոյել, իսկ այդ ընթացքում Ա.Արմենակյանը չիմանալով հանդերձ, թե ովքեր են եւ ինչ է կատարվում դահլիճում, հանգիստ նստել է միջանցքում եւ նույնիսկ Վ.Գալստյանի « թող գնա կամ մտի դահլիճ» պահանջին ոչինչ չի պատասխանել: Ինչպես նկատեցիք Խ.Հովհաննիսյանը կրակոցներ լսելուց հետո իր աշխատասենյակից դեպի կարմիր ֆոյե շտապելու դեպքում պիտի հասած լիներ առնվազն 30 վայրկյան հետո: Տրամաբանական կլիներ, եթե Կ.Հունանյանի դահլիճ ներխուժելու եւ առաջին կրակոցները արձակելուն զուգահեռ Ն.Հունանյանը կամ Վ.Գալստյանը Ա.Արմենակյանի վրա կրակած լինեին, բայց քանի որ նրանց երկուսի ձեռքին էլ եղել է «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգ եւ ոչ թե «ԱԿՄ», ապա նրանք նույնպես բացառվում են: Ինչպես արդեն նշեցի, երկրորդ՝ «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգը գտնվում էր Դ.Բեջանյանի մոտ, բայց նա նույնպես չեր կարող լիներ, քանի որ ինչպես իր, այնպես էլ եւս 5 մեղադրյալների ցուցմունքներով ինքն ու Է.Գրիգորյանը ԱԺ տարածք եւ վարչական շենք մուտք են գործել առաջին խմբից մի-քանի րոպե հետո: Հետեւաբար վարչական շենքի մուտքից մինչեւ կարմիր ֆոյե (3-րդ պահակակետից երկրորդ հարկ բարձրացող աստիճանները ներառյալ 200 քայլ է) Դ.Բեջանյանը կարող էր հասնել 2-3 րոպեից ոչ շուտ: Այս առումով բերեմ մի քանի ցուցմունք:
«Մեղադրյալ Դ.Բեջանյանի ցուցմունքներով այն մասին, որ ռադիոընդունիչով կրակոցները լսելուց հետո Է.Գրիգորյանի հանձնարարությամբ Ա.Կնյազյանին եւ Հ.Ստեփանյանին (սրանք Բաղրամյան պող.-ից՝ 2-րդ պահակակետից ԱԺ տարածք չեն մտել-Վ.Ղ.) հայտնել է ավտոմեքենայով փողոցը փակելու անհրաժեշտության մասին ու վերցնելով ինքնաձիգը´ մտել են ԱԺ «: /մեղադրական եզրակացություն, էջ 86/
«Մեղադրյալներ Ա.Կնյազյանի եւ Հ.Ստեփանյանի նույնաբովանդակ ցուցմունքներով»: /մեղադրական եզրակացություն, էջ 86/
«Գործով մեղադրյալ Ավետիք Մինասյանի ցուցմունքներով այն մասին, որ ինքը ծառայություն է կատարել վարչական շենքի թիվ 3 պահակակետում…: Իսկ ինչ վերաբերվում է կրակոցներից անմիջապես հետո ԱԺ վարչական շենք մուտք գործած մյուս երկու տեռորիստներին՝ Է.Գրիգորյանին ու Դ.Բեջանյանին, ապա այդ պահին մի քանի րոպեով հեռացել է պահակակետից ու նրանց մուտքը չի նկատել: /մեղադրական եզրակացություն, էջ 29/
«Գործով վկա, դասակի հրամանատար Ա.Հակոբյանի ցուցմունքներով այն մասին, որ կրակոցները լսելուց անմիջապես հետո վաշտի հրամանատար .Հակոբյանի ցուցումով ... դուրս գալով հարթակի վրա, ձեռքի շարժումներով հանձնարարել է 2-րդ պահակակետում ծառայություն կատարող Ա.ասպարյանին անհապաղ փակել դարպասները» : /մեղադրական եզրակացություն, էջ 124/ Վերը նշված ցուցմունքներից ակնհայտ է դառնում, որ իրենց ձեռքին «ԱԿՄ» ինքնաձիգներ ունեցող Կ.Հունանյանը եւ Դ.Բեջանյանը հանգամանքների բերումով չէին կարող կարմիր ֆոյեում նստած Ա.Արմենակյանի վրա կրակել այն նույն պահին, երբ դահլիճում հնչեցին առաջին կրակոցները: Հետեւաբար հարց է առաջանում՝ ո՞վ եւ ինչու՞ կրակեց: Կարծում եմ այս հարցերի պատասխանը թաքնված է գործով վկաներ՝ նախկին մեղադրյալ Նաիրի Բադալյանի եւ ԱԺ-ում պահպանություն կատարող գումարտակի հրամանատար Միշա Մանուչարյանի հետեւյալ ցուցմունքներում:
«Գործով վկա Ն.Բադալյանի ցուցմունքներով այն մասին, որ նիստերի դահլիճ տանող աստիճանների մոտ (Ա.Արմենակյանի նստած տեղից 4-5 մետր հեռավորության վրա_Վ.Ղ.) Ն. Հունանյանը իրեն է հանձնել կարմիր գույնի թղթապանակը եւ եղբոր ու քեռու հետ բաճկոնների տակից հանելով ինքնաձիգները՝ վազելով բարձրացել ու ներս են խուժել դահլիճ»: /մեղադրական եզրակացություն, էջ 77/
«Գործով վկա Մ.Մանուչարյանի ցուցմունքներով այն մասին, որ բարձրանալով նիստերի դահլիճին կից կարմիր ֆոյե, վերջին դռան մոտ տեսել է ՀՀ Սոցիալական ապահովության նախարար Ռազմիկ Մարտիրոսյանին՝ երկու անծանոթ անձանց հետ զրուցելիս, որը հետագայում մտել է դահլիճ: Սրահում տեսել է նաեւ պատգամավոր Ա.Արմենակյանին: Իրեն է մոտեցել առաջին դռան մոտ ծառայություն կատարող միլիցիոներ Անդրանիկ Դարբինյանը, անցել նստել է ճեմասրահի առաջին սեղանի մոտ : Նույն սեղանին է մոտեցել Մուշեղ Մովսիսյանը, որը մի քանի րոպեից հետո գնացել է: Քիչ անց նկատել է դահլիճ մտնող տեռորիստներից մեկին...»: /մեղադրական եզրակացություն, էջ 66/
Միշա Մանուչարյանի եւ Նաիրի Բադալյանի՝ վերը նշված ցուցմունքները վերլուծելով հասկանալի է դառնում, որ` 1. Արմենակ Արմենակյանը գտնվելով կարմիր ֆոյեում՝ նույնպես տեսել է սոցապահովության նախարար Ռ.Մարտիրոսյանին եւ նրա հետ զրուցող երկու անծանոթներին: 2. Հաստատ տեսել է առաջին դռան (որտեղից ներխուժել են տեռորիստները) մոտ ծառայություն կատարող միլիցիոներին, որն իր պահակակետը լքել գնացել էր (զարմանալիորեն չի ձերբակալվել), ճեմասրահի առաջին սեղանի մոտ, որտեղ նրան էր մոտեցել ու մի քանի րոպե զրուցել Մուշեղ Մովսիսյանը: 3. Ա.Արմենակյանը պետք է, որ տեսած ու լսած լիներ իրենից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա գտնվող, ճեմասրահ բարձրացող աստիճաններին կանգնած Ն.Հունանյանի, նրա եղբոր ու քեռու եւ Ն.Բադալյանի միջեւ տեղի ունեցած գործողություններն ու խոսակցությունները: 4. Համոզված եմ, որ ողջ մնալու դեպքում Ա.Արմենակյանը այսօր մեզ կասեր՝ ոճրագործները զենքերը իրենց շորերի տակից են հանել, թե նրանց մեկ ուրիշն է փոխանցել, եւ եթե երկրորդ վարկածն է, ապա ո՞վ էր այդ մեկ ուրիշը : 5. Մինչեւ դահլիճ ներխուժելը ձերբակալված ոճրագործների հետ միայն 6 ամիս հոկտեմբերի 27-ի գործով ձերբակալված Նաիրի Բադալյանն է զրուցե՞լ թե՞... : 6. Պատահականությու՞ն էր արդյոք, երբ 1-ին դռան առջեւ ծառայություն կատարող ոստիկանը տեռորիստների դահլիճ ներխուժելուց առաջ մի քանի րոպեով իր պահակակետը թողել եւ մոտ 12 մետր հեռացել է: 7. Արդյոք նա հենց այնպե՞ս էր հեռացել, ինչ-որ մե՞կն էր հրահանգել, ասենք, օրինակ, մոտ կես տարի հոկտեմբերի 27-ի գործով ձերբակալված պատգամավոր Մուշեղ Մովսիսյանը:
Այո, այս ամենը՝ ժամը 16:50-ից 17:10 ընկած ժամանակահատվածում ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում եւ նրան կից տարածքում տեղի ունեցած իրադարձությունների հավաստի պատասխանը մենք կիմանայինք, եթե չսպանվեր Ա.Արմենակյանը: Այս երեք անձանց՝ Ռ.Մարտիրոսյանի, Մ.Մովսիսյանի եւ Ն.Բադալյանի անունները ուշագրավ են այնքանով, որ վերջին երկուսը հոկտեմբերի 27-ի գործով կասկածյալներ են հանդիսացել եւ մոտ 6 ամսով ձերբակալվել: Ի դեպ մեղադրական եզրակացության 195-րդ էջից տեղեկանում ենք, որ նրանց՝ երկուսի նկատմամբ քր.գործի մասը կարճվել, եւ քրեական հետապնդումը դադարեցվել է ՀՀ քր.դատ օր-ի 35 հոդվածի 2-րդ մասով, ինչը նշանակում է, որ նրանք ոչ թե հանցակցություն չեն ունեցել, այլ նախաքննության մարմինը ապացույցների անբավարարվածության պատճառով է քր.գործը կարճել: Իսկ Ռ.Մարտիրոսյանի անունը ուշադրության է արժանանում, քանի որ 1999թ. հունվարից մինչեւ հոկտեմբերի 27-ը ԱԺ մուտք գործելու համար Նաիրի Հունանյանը 3 անգամ օգտվել է նրա կողմից իջեցրած անցագրից, ինչպես նաեւ սոցապահովության նախարար Ռ.Մարտիրոսյանին հանդիպելու պատրվակով հոկտեմբերի 27-ին Ն.Բադալյանը գտնվում էր ԱԺ-ում (չմոռանանք, որ Ռ.Մարտիրոսյանը պատգամավոր չէ, այլ նախարար է): Այս առումով ուշագրավ են նաեւ մեղադրական եզրակացության մեջ տեղ գտած ԱԺ անցագրային բաժնի գրանցման տվյալները, որտեղ նշվում է, որ 1999թ. հունվարից մինչեւ հոկտեմբերի 25-ը Ն.Հունանյանը ԱԺ մուտք է գործել 9 անգամ, այդ թվում՝ 3 անգամ Կ.Հունանյանի, 2 անգամ Էդիկ Գրիգորյանի հետ, որոնցից երեքը Ռ.Մարտիրոսյանի մոտ (կրկին հիշեցնեմ, որ Ռ.Մարտիրոսյանը նախարար էր, ոչ թե պատգամավոր_Վ.Ղ.): /մեղադրական եզրակացություն, էջ 64/:
Արմենակ Արմենակյանի սպանությունը տեռորիստների ձեռքին եղած ԱԿՄ տեսակի երկու ինքնաձիգներից ո՞ր մեկով է իրականում կատարվել, չի պարզաբանվում նաեւ մեղադրական եզրակացության մեջ տեղ գտած դատաքրեագիտական-ձգաբանական եւ դատաբժշկական համալիր փորձաքննության 22569907 եզրակացությամբ, որում նշվում է, որ «Ա.Արմենակյանի հագուստների վրա եղած վնասվածքները պատճառվել են 7,62մմ տրամաչափի գնդակով՝ մեկական ռեժիմով կատարված երեք կրակոցների արդյունքում» /մեղադրական եզրակացություն, էջ 143/:
Այս է ապացուցում նաեւ հետեւյալը՝ Վազգեն Սարգսյանի մարմնից հանված երկու գնդակներից մեկը 5,45մմ տրամաչափի է, կրակվել է թիվ 3401525 ինքնաձիգից /Ն.Հունանյանի կողմից/, իսկ երկրորդը՝ 7,62մմ տրամաչափի է, որը արձակվել է ԱՊ0891 ինքնաձիգից /Կ.Հունանյանի կողմից/:
Ռ.Միրոյանի մոտ հայտնաբերված գնդակը 5,45մմ տրամաչափի է եղել եւ կրակվել է դարձյալ Ն.Հունանյանի մոտ գտնվող թիվ 3402515 ինքնաձիգից /մեղ. եզրակ. էջ 146/:
Այնուամենայնիվ, մեղադրական եզրակացության մեջ ոչ մի տեղ չի նշվում, թե Արմենակյանը ԱԿՄ տեսակի կոնկրետ որ համարանիշի ինքնաձիգից է սպանվել:


19.06.2001թ.

Aucun commentaire: