Ո՞Վ է ԱՅՍ ՄՈՒԹ ԱՆՁԸ՝ ԱԱ գեներա՞լ, գնդապե՞տ, թե՞...
Գաղտնիք չէ, որ Հայաստանի հանրային հեռուստատեսությունը (ՀՀՀ) ֆինանսավորվում է պետական բյուջեից: Հետեւաբար, ենթադրվում է, որ «ՀՀ»-ի կողմից արտասահման գործուղվող լրագրողների ֆինանսական ծախսերը եւս պետք է, որ hոգա «ՀՀ»-ն:
Ասել է, թե մեր՝ ՀՀ քաղաքացիներիս վճարած հարկերի հաշվին էին Կ. եւ Ն.Հունանյանները ժամանակին Թուրքիա մեկնում:
Հոկտեմբերի 27-ի գործով շատ կարեւոր վկաներից մեկը` ՀԱՀ-ի լրագրող Տիգրան Նազարյանը, արդեն 18-ամսից ավելի է, ինչ որպես «ՀՀ»-ի սեփական թղթակից գործուղվել է ԱՄՆ: Սակայն, այս ընթացքում ո´չ «Հայլուր»-ով, ո´չ էլ «Օրակարգ»-ով այդպես էլ չլսեցինք, որ «ՀՀ»-ի սեփական թղթակիցը ԱՄՆ-ից գոնե մեկ անգամ որեւիցե լուր հաղորդեր: Սեպտեմբերի 11-ի հայտնի դեպքերի ժամանակ անգամ բավարարվեց CNN-ի թողարկումները թարգմանաբար ներկայացնելով միայն: Հարց է առաջանում. Նաիրի Հունանյանի մտերիմ ընկերը, որը «Հոկտեմբերի 27»-ի գործով 19 անգամ հարցաքննվել է եւ որի անունը 5 տասնյակից ավելի վկաների հարցաքննություններում է հիշատակվում, գուցե՝ 1. խուսափելով դատաքննչական հետագա հարցաքննություններից դիմել է փախուստի, 2. հնարավոր է նաեւ, որ Տ.Նազարյանն իր այս քայլով, իր կամքից անկախ, դարձյալ՝ դատաքննչական հետագա գործողություններից հեռու մնալու դիտավորությամբ ուղղակի հանձնարարություն է կատարել, 3. չխախտելով անմեղության կանխավարկածը, չեմ բացառում, որ շատ հնարավոր է. ոչ մի դիտավորություն էլ չկա, ուղղակի «ՀՀ»-ի թղթակցի մասնագիտական կարողություններն են կաղում՝ հայաշատ Լոս Անջելեսից հաղորդագրություններ ուղարկելու «զլանալու» առումով: Եվ, քանի որ երեք տարբերակներն էլ չեն բացառվում (կա նաեւ չորրորդ տարբերակը, բայց այդ մասին՝ սույն հրապարակման վերջում), ապա, առաջարկում եմ ուշադրություն դարձնել «Հոկտեմբերի 27»-ի գործի քրեական նյութերին՝ փորձելով հասկանալ, թե իրականում ո՞ր տարբերակն է ավելի հավանականը, եւ իրականում ո՞վ է այս մութ անձնավորությունը՝ շարքային լրագրո՞ղ, ԱԱ հատուկ գործակա՞լ, կադրային գաղտնի աշխատակի՞ց, թե՞...
Եվ այսպես: Ինչպես գիտենք, ահաբեկիչներից Ն. եւ Կ.Հունանյաններն ու Է.Գրիգորյանը մինչեւ 1999 թ.-ի հոկտեմբերի 27-ը շատ անգամ են եղել ԱԺ-ում, որտեղ էլ՝ կատարել են ահաբեկչությանը նախորդած նախապատրաստական աշխատանքները՝ գծագրելով դահլիճի հատակագիծը, մասնավորապես՝ ՀՀ ԱԺ նիստերի դահլիճի շարքերն ու տեղերը՝ ըստ պատգամավորների եւ կառավարության ներկայացուցիչների, դահլիճից դուրս՝ ոստիկանական պահակակետերը, թիկնապահների եւ ոստիկանների հիմնական եւ հավանական գտնվելու վայրերը: Եվպատորիայից ետ վերադառնալուց հետո Ն.Հունանյանը, բացառությամբ մի դեպքի, մնացած ժամանակ ԱԺ տարածք է մտել ԱԺ Հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ Վարդուհի /Անուշ/ Հարությունյանի կողմից պատվիրված անցաթղթով, ոճրագործության օրը, նույնպես: Վերջինիս նման միջնորդությամբ դիմողը եղել է Տիգրան Նազարյանը. «Նաիրիի հետ ինձ ծանոթացրել է իմ գործընկեր Տիգրան Նազարյանը՝ մոտ մեկ տարի առաջ», «նախկինում իմ տված ցուցմունքը պնդում եմ եւ հայտնում. իրոք 1999 թ. հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանին անցագիր ես եմ իջեցրել: Անցագիր եմ իջեցրել ոչ միայն իր, այլ նաեւ իր եղբոր՝ Կարեն Հունանյանի եւ քեռու՝ Վռամ ալստյանի համար»: (հատվածներ Վ.Հարությունյանի ցուցմունքներից (հատոր 7, գ.թ 71, հ.13, գ.թ. 104): Ուշագրավ է նաեւ այն, որ Վ.Հարությունյանը թեեւ ունենալով անցագրեր պատվիրելու (իջեցնելու) իրավունք, ոճրագործության օրը խուսափել է այն իր անունով ձեւակերպել, եւ դա արել է իր գործընկերոջ՝ Է.Խաչատրյանի անվան տակ: Տիգրան Նազարյանը նույնպես փորձում է քննիչից թաքցնել իր եւ Ն.Հունանյանի վերջին օրերի հանդիպումները. «Իմ հիշելով, մեր վերջին հանդիպումը եղել է սեպտեմբերի 13-ին, երբ խորհրդարանում քննարկվում էր բյուջեի ճեղքվածքի հարցը: Նաիրին եւ Էդիկը եկել էին խորհրդարան: Դրանից հետո Նաիրիին, որքան հիշում եմ, չեմ տեսել եւ ոչ էլ հեռախոսով եմ խոսել» /հ.13 գ.թ. 57/: Ն.Հունանյանը այդ կապակցությամբ ցուցմունք է տվել. «Սովորաբար ես ԱԺ շենք մտնում էի Տիգրան Նազարյանի օգնությամբ, նա էլ իր հերթին դա անում էր ԱԺ լրատվության բաժնում աշխատող Անուշի միջոցով, այդ անգամն էլ, եթե չեմ սխալվում, նույն ձեւով մտա ԱԺ շենք» /հ.17, գ.թ. 67/, «Հոկտեմբերի 25-ին ես մենակ գնացի ԱԺ, անցաթուղթ իջեցրեց իմ խնդրանքով Տ.Նազարյանը» /հ.17 գ.թ. 64/, «Այդ օրը ես Ազգային Ժողովում եղել եմ մենակ, ինչպես արդեն նշել եմ, տեսել եմ Մուշեղ Մովսիսյանին, Տիգրան Նազարյանին, որի հետ ճաշարանում սուրճ ենք խմել» /հ.19 գ.թ.78/: «Որքան հիշում եմ, Տիգրանին ասել եմ, որ երեք անցագիր է պետք եւ կարծեմ նշել եմ Կարենի եւ Վռամի մասին: Տիգրանին կարծեմ չեմ ասել, թե ինչու համար ենք ուզում երեքով ԱԺ գնալ (ուշադրություն դարձրեք, կարծես ակնարկում է, եւ ընդհանրապես տեղեկացնեմ, որ քր.գործում Ն.Հունանյանի կողմից բազմաթիվ ակնարկներ կան, որոնք, ըստ ինձ, նրա թիկունքում կանգնածների համար հնչեցված «զանգեր» են) եւ նա էլ հետաքրքրություն չի ցուցաբերել /հ.19 գ.թ. 80/: Ուշագրավ է, որ Տ.Նազարյանը Ն.Հունանյանենց տանը եղած ժամանակ (ահաբեկիչներից այնտեղ են գտնվել նաեւ Կարենն ու Է.Գրիգորյանը) անմիջապես հեռացել է, երբ նրանց տուն է եկել ապագայում «Հոկտեմբերի 27»-ի գործով նախկին մեղադրյալ Նաիրի Բադալյանը: «Հոկտեմբերի 27»-ի գործով ապագա մեղադրյալ-վկայի ներկայությամբ Տ.Նազարյանը Ն.Բադալյանի կողքին երեւալուց խուսափել է նաեւ դեպքի օրը. «Ես նրանց տուն երբ մտել եմ, Տ.Նազարյանը անմիջապես հեռացել է տնից: ... Ստույգ հիշում եմ, որ դեպքի օրը՝ հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի դահլիճին հարող միջանցքում ժամը 14:30-ից հետո ընկած ժամանակահատվածում անկյունի բազկաթոռներին միայնակ նստած տեսել եմ Տիգրան Նազարյանին: Ես նրան մոտեցա, բարեւեցի, հարցրեցի գործերից, որին նա շատ խուսափողական պատասխան տվեց, սառը, ինչից ես հասկացա, որ նա հակված չէ ինձ հետ զրուցելու եւ իր մոտ չնստելով, միանգամից հեռացա» /33 գ.թ. 146/: Ն.Բադալյանը ԱԺ միջանցքում Տ.Նազարյանին է մոտեցել Ն.Հունանյանի կողմից վերջինիս զանգահարելուց առաջ: Համաձայն «Արմենթելի» տված տեղեկանքի, Տ.Նազարյանի 40-94-80 բջջային հեռախոսին Ն.Հունանյանի կողմից 99թ.-ի մարտի 25-ից հետո մինչեւ դեպքի օրը հեռախոսազանգեր են եղել 29 անգամ, որոնք բացի հոկտեմբերի 13-ին եւ դեպքի օրը եղած զանգերից տեւել են 1-2 րոպե: Իսկ այդ երկու զանգերի տեւողությունը եղել է՝ համապատասխանաբար հոկտեմբերի 13-ինը՝ 5 րոպե 45 վայրկյան, դեպքի օրը՝ 5 րոպե (խոսքը վերաբերում է միայն Ն.Հունանյանի տան`72-03-73, իսկ Տ.Նազարյանի միայն բջջային՝ 40-94-80 հեռախոսահամարներին):
Իսկ ահա, երբ քննիչը հարցնում է՝ «Կոնկրետ պատասխանեք, զանգե՞լ եք, թե՞ ոչ ժամը 16:32-ին եւ 16:34-ին Տիգրան Նազարյանին», Ն.Հունանյանը պատասխանում է. «Ես ստույգ չեմ հիշում, բայց շատ հնարավոր է, որ նիստի սկզբում նախագահողի կողմից վարչապետի ներկա գտնվելու հանգամանքը չհիշատակելուց հետո ես փորձած լինեմ կապվել Տ. Նազարյանի հետ՝ նրանից հարցնելու համար, թե արդյոք վարչապետը եկե՞լ է ԱԺ, թե՞ ոչ: Եթե խոսել եմ հետը, ապա նա դժվար ինձ կոնկրետ բան ասած լինի, այլապես մենք չէինք շարունակի ռադիո լսել: Դա նշանակում է նաեւ, որ Տ.Նազարյանը նույնպես չէր կարող տեղյակ լինել վարչապետի գալու մասին, կամ էլ երեւի շենքից դուրս է գտնվել /հ.17 գ.թ. 183/ :
Ուշադիր վերլուծելով այս մեջբերումը, հասկանալի է դառնում, որ Ն.Հունանյանը ոչ միայն ուղղակի պատասխանում է հարցին, այլեւ գիտակցում՝ հարցի «ծածուկ» նպատակը եւ իր պատասխանով քննիչի կողմից հարցի մանրամասնումը կանխում: Նմանատիպ՝ նպատակաուղղված պատասխանները քր.գործում բազմաթիվ են, ինչը նշանակում է, որ նախաքննության հաջողությունը ի սկզբանե դատապարտված է եղել ձախողման, քանի որ, մտավոր կարողություններով հարցաքննվողին զիջող քննիչը չէր կարող հաջողության հասնել, իսկ որ հարցաքննողները իրենց մտային կարողությամբ զիջել են հարցաքննվածներին` Ն.Հունանյանին, Տ.Նազարյանին, Տ.Նաղդալյանին, Ն.Բադալյանին. Ա.Հարությունյանին դա ակնհայտ է: Նույնը չի կարելի ասել Կ.Հունանյանի, Մուշեղ Մովսիսյանի, Հարություն Հարությունյանի... մասին, եւ երեւի թե հենց այդ պատճառով էլ վերջիններս նախաքննության ընթացքում գրեթե մշտապես խուսափել ու չեն պատասխանել հարցերին:
Վերադառնանք Տ.Նազարյանին: Հիշեցնեմ նաեւ, որ ահաբեկչությունը պետք է կատարվեր սեպտեմբերի 13-ին, որը հետաձգել էին 2 շաբաթով: Եվ ահա պարզվում է, որ Տ.Նազարյանը ոչ միայն խուսափել է մարդկանց աչքին Ն.Բադալյանի հետ միասին երեւալուց, այլեւ փորձել է նախաքննությունից թաքցնել Ն.Հունանյանի հետ դեպքի օրը իր ունեցած հեռախոսազրույցները: Քննիչի՝ «Դուք նշել եք, որ 27.10.99 թ.-ին Ն. Հունանյանի հետ խոսել եք մեկ անգամ Ձեր բջջային հեռախոսով՝ ժամը 14:45-ից ժամը 15:45-ի սահմաններում, մինչեւ դեպքը Դուք նրա հետ էլի խոսե՞լ եք հեռախոսով, թե՞ ոչ» հարցին պատասխանում է. «Ոչ, չեմ խոսել: Խոսել եմ մեկ անգամ, ինչի մասին հայտնել եմ» /հ.13 գ.թ. 57/: Տ.Նազարյանի զոքանչը պնդում է, որ դեպքի օրը, ժամը 15:00-15:30-ի սահմաններում, Տիգրանը գնացել է տուն եւ անմիջապես քնել, ինչպես նաեւ պնդել է, որ ժամը 15:00-15:30-ից մինչեւ 18:00-ը Տիգրանը ոչ մեկի հետ հեռախոսազրույց չի ունեցել: Իր ցուցմունքներում նույնն է պնդել Տ.Նազարյանը, սակայն, ակնհայտ է, որ Տ.Նազարյանն ու իր զոքանչը ինչ-որ բան թաքցնելու նպատակով կեղծում են, քանի որ համաձայն «Արմենթել»-ում գրանցված տվյալների` դեպքի օրը՝ ժամը 16:32-16:34 ժամանակահատվածում Ն.Հունանյանենց տնից 18 եւ 42 վայրկյան խոսակցության տեւողությամբ երկու հեռախոսազրույց է գրանցվել Տ.Նազարյանի բջջայինի վրա: Նույն օրը ժամը 16:00-18:00-ն ընկած հատվածում նրա բջջային հեռախոսից եւս 3 հեռախոսազազրույց է գրանցվել ՀԱՀ-ի ռեժիսոոր Սուրիկ Սահակյանի հետ: Նախաքննության ընթացքում պարզվել ու հաստատվել է նաեւ, որ ժամը 16-16:30-ը ԱԺ-ում Տ.Նազարյանը զրուցել է իր օպերատոր Հակոբ Մարգարյանի հետ:
Պարզվում է նաեւ, որ Ն.Հունանյանը Եվպատորիայից վերադառնալուց հետո Տ.Նազարյանի միջոցով ծանոթացել է Ռազմիկ Մարտիրոսյանի հետ եւ ցանկություն հայտնել հայտնվել Հանրապետական կուսակցության շարքերում: «Հանրապետականների» հանդեպ բացասական վերաբերմունք ունենալով հանդերձ, դժվարանում եմ կռահել, թե իրականում ինչ նպատակով է նա ցանկացել հայտնվել «Երկրապահների» շրջապատում, բայց կարող ենք ենթադրել, մանավանդ որ Ն.Հունանյանը դեպքից 1,5 տարի առաջ փորձել էր հայտնվել ՀԺԿ-ում՝ իբրեւ Դեմիրճյանի կողմնակից: Փաստորեն, ԱԱՆ-գործակալ ու ապագա ահաբեկիչը, 98-ի նախագահական ընտրությունների ժամանակ Վ.Սարգսյանի եւ Ռ.Քոչարյանի հակառակորդ Դեմիրճյանի կողքին է հայտնվում, իսկ 99-ին փորձում է Քոչարյանին ոչ ցանկալի դարձած Վ.Սարգսյանի եւ Դեմիրճյանի կողքին էլ հայտնվել:
Չմոռանանք նաեւ, որ ԱԱՆ-ի ղեկավարը Ս.Սարգսյանն էր, եւ Հայաստանի, պայմաններում, բնական է, որ նա ամեն կերպ իր գործակալներին պիտի խցկեր 98-ին` ՀԺԿ, 99-ին` ՀՀԿ, որպեսզի խոչընդոտեր իր զինակից Քոչարյանի հետ մրցակցության մեջ գտնվող եւ հաղթելու ամենամեծ հնարավորությունն ունեցող Կ.Դեմիրճյանին: Իսկ Ն.Հունանյանը այդպես էլ վարվել էր՝ խցկվել եւ խոչընդոտել էր: Եվ այս ամենը, ինչպես նկատում ենք, դարձյալ Տիգրան Նազարյանի ակտիվ միջամտության շնորհիվ:
Նախաքննության ընթացքում, երբ արդեն պարզ դարձավ, որ Ն.Հունանյանն ամիսներ շարունակ նախապատրաստվել է ահաբեկչության իրականացմանը, բնական հարց է ծագում. արդյոք նա ԱԱՆ-ի ուշադրությանը երբեւիցե չի՞ արժանացել: Պարզվում է, ոչ միայն արժանացել է, այլեւ հատուկ ծրագրեր իրականացնելու մտադրությամբ ուսումնասիրվել: Այս առումով հետաքրքիր են ՀՀ ԱԱՆ աշխատակիցներ Կարեն Պարունակյանի, Արամ Բեգոյանի, Լեւոն Բաբայանցի, Վահան Արտուշի Մանուկյանի ցուցմունքները, որոնցից վերջինի ցուցմունքը եւս նկատելի է դարձնում Տիգրան Նազարյանի դերակատարությունը թե´ «Հոկտեմբերի 27»-ին, եւ թե´ դրա նախապատրաստական աշխատանքներին: Բայց մինչ Վ.Մանուկյանի ցուցմունքների վերլուծությանն անցնելը, անդրադառնանք Կ.Պարունակյանի ցուցմունքի այն մասին, որ Ն.Հունանյանը ԱԱՆ 2-րդ վարչության (հետախուզություն-հակահետախուզություն) կողմից ոչ միայն ուսումնասիրվել է, այլեւ հավաքագրվել ու ինչ-որ առումով օգտագործվել է: Իր ցուցմունքում Կ.Պարունակյանը նշում է, որ Թուրքիա մեկնելու կապակցությամբ ինքը զրուցել ու համապատասխան հանձնարարություններ է տվել Նաիրիին: Նա նաեւ իրենց (ԱԱՆ-ի) նպատակներին է անդրադառնում. «Փաստորեն մեր նպատակը նրան լիարժեք ուսումնասիրելն ու հետագայում՝ ՀՀ շահերը ապահովելու առումով հնարավորինս օգտագործելն էր»: Իսկ որեւիցե արդյունք ունեցե՞լ են՝ քննիչի հարցին դրական է պատասխանում. «Փաստորեն տեղեկություններ ենք ունեցել որոշակի պաշտոնատար անձանց մասին: Նրանց կեցվածքի, խառնվածքի, ՀՀ-ի նկատմամբ ունեցած դիրքորոշման ու վերաբերմունքի մասին» / Հ. 7 գ.թ. 95/:
Իսկ Կ.Պարունակյանը, ըստ իր իսկ ցուցմունքի, Ն.Հունանյանին ճանաչել է միայն օպերատիվ տեղեկություն ստանալու կապակցությամբ եւ, ինչպես ինքն է պնդում, մինչ այդ Նաիրիի մասին ոչ լսել է, ոչ էլ ճանաչել , սակայն Կ.Պարունակյանի պատասխանը խիստ կասկածելի է, քանի որ Ն.Հունանյանը ոչ միայն Թուրքիա մեկնող լրագրող էր, այլեւ Տիգրան Նազարյանի վաղեմի ու շատ մտերիմ ընկերը, իսկ թե ով էր Կ,Պարունակյանը Տ.Նազարյանի համար, կարող ենք կռահել ստորեւ ներկայացվող Տ.Նազարյանի ցուցմունքներից: Ըստ Տ.Նազարյանի ցուցմունքների, դեպքի օրը ժամը 18:00-ին քաղաքային հեռախոսով իրենց տուն է զանգահարել ու քնից արթնացրել ԱԱՆ աշխատակից Վահան Մանուկյանը, որից իմանալով, որ ինչ-որ մարդիկ գրավել են ԱԺ-ն, մեկնել է ստուդիա, իսկ այնտեղից էլ տեղեկանալով, թե ովքեր են ահաբեկիչները, անմիջապես անցել է գործի: Ահա թե որն էր այդ գործը. «... Բարձրացա Նորք, որտեղից զանգեցի ընկերոջս՝ ԱԱՆ աշխատակից Վահան Մանուկյանին եւ ասացի, որ կարող եմ փորձել Նաիրիին համոզել՝ զենքը վար դնել: Վահանը ասաց, որ կզեկուցի ղեկավարությանը եւ ինձ կպատասխանի: Մի քանի րոպեից զանգեց եւ ասաց, որ գալիս է իմ ետեւից: ... Նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանը հեռախոսով Նաիրիին ասաց, որ Տիգրանը եկել է եւ հեռախոսը փոխանցեց ինձ: Ասացի՝ ես եմ, կարո՞ղ եմ ներս գալ, Նաիրին ասաց՝ արի» /Հ.12 գ.թ. 101-103 /:
Տիգրան Նազարյանի ամբողջ ցուցմունքը հնարավոր չէ ներկայացնել, ուստի այն մեկ-երկու բառով կարելի է հետեւյալ կերպ ձեւակերպել` նրա ասածից հասկանալի է դառնում, որ ինքը դահլիճ մտնելու առաջին իսկ պահից սկսել է Նաիրիին կողմնորոշել, որ նա հանձնվի, հանձն է առել եւ ինքն էլ կազմակերպել է Ալեքսան Հարությունյանի հետ տեղի ունեցած «բանակցությունը», իսկ բանակցության ժամանակ ինքն ու ԱԱ առաջին փոխնախարարը հսկել են միջանցքը, որպեսզի որեւիցե մեկը չխանգարի այդ բանակցությանը: 20 րոպե տեւած այդ բանակցության ժամանակ Ա.Հարությունյանի եւ Ն.Հունանյանի համար Տ.Նազարյանը բացված շշերով «Ջերմուկ» է բերել, բայց ոչ թե վերջիններիս նախաձեռնությամբ՝. «Մի անգամ միայն մոտեցա, հարցրեցի, թե ջուր ուզո՞ւմ են: Նաիրին ասաց՝ այո... «, իսկ Նաիրիի եւ Քոչարյանի «բանակցությունների» ընթացքում էլ նրանք հսկել են դուռը. /հ.13 գ.թ. 57/ :
Այս առումով ուզում եմ ընթերցողին հիշեցնել, որ Ն.Հունանյանի արյունը անալիզի ենթարկելիս նրանում թմրանյութի բաղադրություն էր հայտնաբերվել, եւ դա հաստատված փաստ է, բայց է´լ ավելի կարեւոր փաստ է այն, որ այդ տականքն ընդհանրապես թմրանյութեր չի օգտագործում: Ուրեմն, մնում է միայն ենթադրել, որ նրա օրգանիզմում թմրանյութի բաղադրությունը կարող էր հայտնվել արյան քննությունից ոչ ավել՝ քան 15-20 ժամ առաջ, իսկ այդ ընթացքում նա մշտապես գտնվել է պատանդների աչքի առջեւ, իսկ թե արդյոք մաքուր «Ջերմուկ» էր նրան հրամցվել, թե ոչ՝ չգիտենք: Այստեղ նաեւ կասկածելի է այն, որ դեռ տեռորիստների ԱԺ-ում գտնվելու պահին Ռ.Քոչարյանի խորհրդական՝ Կասիա Աբգարյանը արտասահմանյան լրատվամիջոցներին արդեն հայտարարում էր, որ ահաբեկիչները մի քանի թմրամոլներ են: Վերոնշյալ հայտարարությունը ոչ այլ ինչ՝ է, քան` «մեկ կրակոցով՝ երկու նապաստակ» հայտնի ասույթով, քանի որ Կասիա Աբգարյանը միջազգային հանրությանը ներկայացնում է, որ տեռորիստ կոչվածները ընդամենը թմրամոլներ են եւ սա ասում է ոչ թե ուղղակի կարծիք, այլ մեկ-երկու օր հետո քննության արդյունքներով հիմնավորվող փաստ, իսկ «երկրորդ կրակոցը» այն էր, որ Ն.Հունանյանին լավ ճանաչողները լսելով թմրանյութի մասին, ի սկզբանե, սկսում են կասկածել նախաքննության անաչառությանը:
Իր ցուցմունքում Տ.Նազարյանը նաեւ նշում է. «Առավոտյան 8:00-ին տեղի ունեցավ Նաիրիի եւ նախագահի հանդիպումը, որին ներկա էր նաեւ Ալեքսան Հարությունյանը: Ես եւ Գրիգորյանը նախագահի անվտանգության ծառայության պետի հետ միասին սպասում էինք նախասրահում» / Հ.12 գ.թ. 101-103 /:
Առանց ավելորդ մեկնաբանությունների, փաստորեն կարող ենք արձանագրել, որ Տ.Նազարյանը մեծ վստահություն է ունեցել ոչ միայն Ն.Հունանյանի մոտ, այլեւ իր դիրքով չի զիջել ԱԱ առաջին փոխնախարարին (հասկանալի է, ամենեւին էլ ոչ լրագրողական դիրքով) անգամ: Այս առումով հետաքրքիր է նաեւ Տ.Նազարյանի դահլիճ մտնելն ու, ինչպես ինքն է նշում՝ «Նաիրիի հետ բանակցությունների եզրեր էր գտել ԱԱ փոխնախարարը եւ ես սկսել էի օգնել նրան», Իրենց ցուցմունքներում սրա մասին նույնն են պնդում նաեւ բազմաթիվ վկա պատգամավորները:
Այստեղ, կարծում եմ, ուշագրավ է այն, որ եթե ահաբեկչի հետ ոչ մի կերպ բանակցել չէր լինում, այդ, թերեւս, հասկանալի լիներ նրա ընկերոջ միջամտությունը, բայց, ինչպես տեսնում ենք, բանակցությունների եզրը գտնված ժամանակ է թույլատրվել Տ.Նազարյանի միջամտությունը, իսկ նման բան թույլ տալ չէր կարող ԱԱՆ պրոֆեսիոնալը, քանի որ այն կարող էր հակառակ ազդեցություն ունենալ: Եվ, ուրեմն, եթե Գ.Գրիգորյանը, որը նաեւ պրոֆեսիոնալ է, բանակցության եզրեր գտնելով հանդերձ թույլ է տալիս Տ.Նազարյանի միջամտությունը, ուրեմն նա` 1. իր վերադասից ունեցել է նման հանձնարարություն, իսկ ՀՀ ԱԱ փոխնախարարի վերադասը դա Սերժ Սարգսյանն ու Ռ.Քոչարյանն են, 2. Գ.Գրիգորյանը շատ մոտիկից է ճանաչել Տ.Նազարյանին եւ վստահել է նման իրավիճակներում Տ.Նազարյանի դրսեւորելիք ունակություններին, 3. Գ.Գրիգորյանը լավ է ճանաչել Ն.Հունանյանի բնավորությունը, նրա կապերն ու վերաբերմունքը Տ.Նազարյանի եւ միաժամանակ՝ Տ.Նազարյանի ազդեցությունը Հունանյանի նկատմամբ: Հակված եմ կարծելու, որ ամենահավանականը նշածս 3-րդ տարբերակն է, որ է´լ ավելի պարզ լեզվով ասած, հետեւյալն է` Ն.Հունանյանը ԱԱՆ գործակալ է, իսկ Տ.Նազարյանը վերջինիս նկատմամբ մշտապես հսկողություն իրականացնողն ու, հարկ եղած դեպքում, նրան ուղղորդողն է եղել: Վահան Մանուկյանը Տ.Նազարյանի միջոցով Ն.Հունանյանին հանձնարարություններ տվողն է եւ այս դեպքում, ինչ խոսք, ԱԱ առաջին փոխնախարարը, ասել է թե՝ օպերատիվ գծով տեղակալը, պարտավոր էր քաջատեղյակ լինել թե նրանց շարժուձեւին, թե բնավորություններին... :
Հիշենք նաեւ, որ դեպքից հետո, հենց Հանրային հեռուստատեսությունն էր, որ փորձում էր ամեն գնով տպավորություն ստեղծել, որ Ն.Հունանյանը մշտապես Թուրքիայի հետ կապի մեջ է եղել եւ, այդ առումով, ամենաակտիվը Տ.Նազարյանն էր: Հիշենք նաեւ, որ դարձյալ նույն Տիգրան Նազարյանն էր Նաիրիին Թուրքիայի հետ կապող հանդիսացել, որի արդյունքում Ն.Հունանյանին «հեռացրել» էին ՀՅԴ-ից: Տ.Նազարյանը սովորել է ԵՊՀ ռոմանո-գերմանական բաժնում: Իսկ որ ԽՍՀՄ օրոք համալսարանի այդ եվ արեւելագիտության բաժնի ուսանողների զգալի մասին ԿԲ-ն հավաքագրում էր, դրանում, կարծում եմ, ոչ ոք չի կասկածում:
Չնայած դեպքի օրը ԱԺ-ում էին գտնվում ԱԱՆ բազմաթիվ աշխատակիցներ, բայց ԱԱ փոխնախարարը հենց Տ.Նազարյանին է հանձնարարում գործել. «Ա.Հարությունյանի եւ Ն.Հունանյանի հանդիպումից մոտ մեկ ժամ հետո Գրիգորի Գարեգինովիչն ինձ ասաց, որ գնամ եւ դահլիճ ուղեկցեմ ՀՀ գլխավոր դատախազության քննիչներին, որպեսզի նրանք տեղազննություն կատարեն» / Հ.13 գ.թ. 223 /: Հիշեցնեմ նաեւ, որ դատավարության ընդացքում, Ն.Հունանյանը բազմաթիվ անգամներ հայտարարեց (հնարավոր է, նաեւ ակնարկեց, որ ԱԺ դահլիճ եկած քննիչներից մեկը իր մտերիմն էր):
Կարծում եմ, բնական է, որ ԱԺ դահլիճը գրավելու պահից սկսած Ն.Հունանյանին պետք է, հետաքրքրեր թե դրսում ինչ է կատարվում եւ դա բնական է, բայց արի ու տես, որ Նաիրին այդ մասին գերադասում է միայն Տ.Նազարյանից լսել: Վերջինիս կողմից առաջին անգամ ԱԺ դահլիճ մտնելու պահին (ժամը 22-ի սահմաններում) Նաիրիի նրան ողղված առաջին հարցը եղել է հետեւյալը՝ «ժողովուրդ կա դրսում, ինչպես են ընդունել», իսկ երբ նա պատասխանել է` շատ վատ, Ն.Հունանյանը հարցրել է՝ «բա ինչ ենք անելու»: Իրենց ցուցմունքներով այս խոսքերի իսկությունը հաստատել են ինչպես պատանդները, այնպես էլ Տիգրանն ու Նաիրին:
Բազմաթիվ պատգամավորների ցուցմունքներում, ինչպես նաեւ դահլիճում տեղի ունեցած ձայնագրառումների արձանագրությունից հասկացվում է, որ Ն.Հունանյանը դահլիճից զանգահարելով ինչ-որ Տիգրանի, ասել է. «...Հա, Տի´կ, դու՞ես ...Ինքը դուրս է եկել ...Վերցրու արի ...Բա իմ ասածն ի՞նչ է ...Տիգրան հիմա դուրս արի...», «...Տի´կ, շուտ արեք, զենքը բերեք, ժողովրդին էլ բերեք», «սատկացրել եմ...ասեք թող գան...», «...Տիկոի հետ էի խոսում», «...Հովսեփ համարը ո՞նց է ...Արտաշես հլա մի հատ ասա, թող զանգի....(այս առումով, տեղեկացնեմ, որ Ն.Հունանյանին ճանանչողները, լավ գիտեն, որ վերջինս Տ.Նաղդալյանին մշտապես «Տիկո» է ասել, իսկ Տ.Նազարյանին՝ «Տիկ»)»: Բազմաթիվ պատգամավորների ցուցմունքներում նշվում է նաեւ, որ դահլիճում Նաիրին ու Տ.Նազարյանը հաճախակի են առանձնացել լրագրողներին հատկացված հատվածում եւ փսփսոցով երկար զրուցել: Ձայնագրված հեռախոսազրույցների առումով քննիչի հարցին Ն.Հունանյանը տալիս է հետեւյալ պարզաբանումը. «Ամփոփելով նշեմ, որ բացառությամբ դահլիճ մտնելու առաջին րոպեներից, դեպքից անմիջապես հետո Տիգրան Նաղդալյանին կապվելու փորձերից, մնացած ամբողջ ժամանակ իմ կողմից հոլոված Տիկո անունը վերաբերվում է միայն Տիգրան Նազարյանին եւ, որեւէ երրորդ Տիգրանի հետ ես չեմ խոսել» /հ.19 գ.թ. 39/:
Իսկ ահա պատգամավոր Դավիթ Հովհաննիսյանը նկատել է, որ դահլիճ եկած քննիչներից մեկին Նաիրին կարմիր գույնի վկայական է տվել, սակայն քր.գործի արձանագրություններում այն բացակայում է: Այս առումով քննիչը փորձել է պարզաբանել, թե ինչ վկայականի մասին է խոսքը, բայց Նաիրին հերքել է վկայականի գոյության մասին եւ ավելացրել. «Ինձ մոտ նմանատիպ փաստաթուղթ չի եղել: Մի փոքրիկ, կարմիր ծոցատետր է եղել, որ ես տվել եմ Տիգրան Նազարյանին: Հավանաբար, պատգամավոր Հովհաննիսյանը դա է տեսել» /հ.19 գ.թ.70/: Կրկին հիշեցնեմ, որ «Հոկտեմբերի 27-ի» դատական նիստերից մեկի ժամանակ Նաիրին բառացի ասաց, որ դահլիճ եկած քննիչներից մեկին ինքը մոտիկից ճանաչում էր եւ նրանց ուղեկցողն էլ Տ.Նազարյանն էր:
Այնուամենայնիվ, եթե հավատանք, որ պատգամավոր Դ.Հովհաննիսյանը վկայականն ու ծոցատետրը իրարից չի տարբերել, ինչպես միմյանցից չի տարբերել քննիչին ու Տ.Նազարյանին, ապա այս դեպքում էլ Տիգրան Նազարյանի արարքը պատժելի էր, քանի որ նա Նաիրիից ստանալով այդ ծոցատետրը՝ այն անմիջապես պարտավոր էր հանձնել նախաքննության մարմնին: Ավելացնեմ, որ Տիգրան Նազարյանը կարմիր ծոցատետրից չի հրաժարվում եւ այդ առումով ասում է, որ իրեն Նաիրին խնդրեց, որ այդ ծոցատետրը փոխանցի Նաիրիի հորը, որպեսզի վերջինս օծանելիքների հարցով կապվի Մոսկվայում գտնվող ինչ-որ Կամոյի:
Կասկածելի է նաեւ ԱԱ փոխնախարարի եւ Տ.Նազարյանի հանդեպ Նաիրի Հունանյանի վերաբերմունքը` վստահությունը, քանի որ երբ երկու օպերատորների հետ ԱԺ դահլիճ է մտել լրագրող Ռուզաննա Խաչատրյանը, տեռորիստները անմիջապես նրանց խուզարկել են (Ռ.Խաչատրյանի խուզարկելը կասեցվել է՝ միայն Ռազմիկ Մարտիրոսյանի միջնորդությունից հետո): Իսկ ահա, երբ Տ.Նազարյանն ու ԱԱ փոխնախարարը բազմաթիվ անգամներ դահլիճից դուրս ու ներս են արել, նրանց չեն խուզարկել եւ դա այն դեպքում, երբ ԱԱ փոխնախարարի մոտ զենք կար: Հիշեցնեմ նաեւ, որ դահլիճը գրավելուց հետո տեռորիստները պատգամավորներից պահանջել ու հավաքել էին նրանց զենքերը, եւ զարմանալի է, որ իմանալով հանդերձ Գ.Գրիգորյանի ով լինելը... նրանից վտանգ չեն սպասել:
Իսկ ահա շատ հետաքրքիր է լրագրող Լիլիթ Բլեյանի ցուցմունքը. «Ես դժվարանում եմ 100 տոկոսով ասել, որ այո´, իսկապես տեսել եմ Տիգրան Նազարյանին, քանի որ հիմնվում եմ տեսողական հիշողության վրա, այդ պահին այդ հանգամանքը չեմ ֆիքսել, քանի որ չէի կարող իմանալ, որ հետո այն ինձ կարող է պետք գալ: Նորից եմ կրկնում, որ դահլիճ մտնելիս շատ էի շտապում (ուշացել էի մոտ 10 րոպե), եւ շատ թռուցիկ եմ նայել միջանցքին: Որքան հիշում եմ, միջանցքում կա չորս սեղան՝ իրենց բազկաթոռներով, եւ եթե չեմ սխալվում, դահլիճի երկրորդ դռան դիմացի բազկաթոռներին կարծեմ երկու լրագրող էին նստած, որոնցից մեկը, ինչքան հիշում եմ, Տիգրան Նազարյանն էր» / հ. 13 գ.թ. 86 /... Ճիշտ է, Լ.Բլեյանը շտապելու պատճառով կարող է նաեւ շփոթել, բայց այստեղ նորից հարց է առաջանում. դեպքի օրը` ժամը 15:30-18:00-ն ինչով է զբաղված եղել Տիգրան Նազարյանը, որ այդպես համառորեն իսկությունը թաքցնում է պատճառաբանելով, թե տանը բջջային հեռախոսը անջատել ու քնել է, այն դեպքում, երբ մենք վերեւում արդեն համոզվեցինք, որ այդ ընթացքում նրա հեռախոսի վրա 5 զանգ եւ խոսակցություն է եղել:
Պարզվում է նաեւ, որ իր տեսադաշտում ոչ միայն Լ.Բլեյանն է նկատել Տ.Նազարյանին, այլեւ նրան նկատել է նաեւ ահաբեկիչներից Դ.Բեջանյանը՝ դահլիճ ներս խուժելու պահին, որը եւ նշել է, որ ԱԺ միջանցքում ինքը նկատել է Ն.Հունանյանին, որը կապույտ կոստյումով եւ մորուքով մի երիտասարդի հետ զրուցելիս է եղել, այդ նույն անձնավորությանը ինքը նմանեցրել է հետագայում դահլիճ եկած այն անձնավորությանը, որին Տիգրան Նազարյան են կոչել:
Այստեղ, թերեւս, անտեղի չէ ընթերցողին հիշեցնել, որ կարմիր ֆոյեում գտնվող Արմենակ Արմենակյանին դահլիճ ներխուժած մեզ հայտնի 5 տեռորիստներից ոչ մեկը հանգամանքների բերումով չէր կարող սպանել (տես` «Ա.Արմենակյանին սպանողն ազատության մեջ է». «Հայկական Ժամանակ»՝ 17.07.2001թ.): Այդ վերլուծության մեջ տեսակետ ե´մ արտահայտել, որ կամ Ն.Հունանյանի խմբում 6-րդ տեռորիստն էլ է եղել, կամ էլ նրանց թիկունքում նրանց իսկ թողած հետքերը մաքրող է եղել:
Եզրափակելով՝ ուզում եմ դարձյալ մեկ անգամ կրկնել, որ ինչպես Ն.Հունանյանն ու վերեւում նշածս անձինք, այնպես էլ Տիգրան Նազարյանը, իրենց մտավոր կարողություններով (ինտելեկտով) առավելություններ են ունեցել իրենց հարցաքննող քննիչների հանդեպ: Որպես օրինակ բերեմ Տ.Նազարյանի ու քննիչի «մենամարտերից» մի դրվագ՝ քննիչի գրեթե բոլոր հարցերին Տ.Նազարյանը սկզբում պատասխանել է. «Նման բան չի եղել», քննիչի կողմից հարցը երկրորդելու ժամանակ նա պատասխանել է. «Հնարավոր է, չեմ բացառում, պարզապես չեմ հիշում», իսկ երբ քննիչը նրա առջեւ որեւիցե հաստատող փաստ է դրել եւ հարցրել՝ թե ինչու՞ է նա թաքցնում, ապա այդ դեպքում Տ.Նազարյանը պատասխանել է՝ «թաքցնելու ոչ մի դիտավորություն չունեմ, ես ուղղակի չէի հիշում»: Սա նշանակում է, որ ոչ թե քննիչն է հարցաքննել Տ.Նազարյանին, այլ վերջինս իր պատասխաններով նախ համոզվել է, թե ինչ չափի եւ տեսակի ինֆորմացիայի է տիրապետում քննիչը, եւ միայն դրանից հետո է պատասխանել՝ ասելով միայն այն, ինչը քննիչը գիտի:
Ամփոփենք: Փաստորեն, Տիգրան Նազարյան կոչվածը ոչ այլ ոք է, քան՝ ԱԱՆ-ի հատուկ գործակալ, «Հոկեմբերի 27»-ի գործում իր ունեցած դերակատարությամբ՝ խիստ կասկածելի, եւ այդպիսին էլ կմնա, քանի դեռ չի ավարտվել կազմակերպիչների մասով թե´ նախաքննությունը, եւ թե´ դատաքննությունը:
2001թ.-ի սեպտեմբերի 11-ից հետո ԱՄՆ-ում լուրջ պայքար են ծավալել ահաբեկչության դեմ, երեւի մտքներով իսկ չանցկացնելով, որ լրագրողի անվան տակ արդեն երկու տարի է ինչ իրենց երկրում է ծպտվում (հնարավոր է նաեւ հատուկ հանձնարարություններ է կատարում) այս Տիգրան Նազարյան կոչեցյալը՝ չեկիստը: 16-ը սեպտեմբերի 2001թ.
Aucun commentaire:
Enregistrer un commentaire