ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻՆ ԴՐՍՈՒՄ ԶԻՆՎԱԾ ՋՈԿԱՏ Է ՍՊԱՍԵԼ
Մայիսի 14-ի դատական նիստի ընթացքում Ն.Հունանյանը իր ցուցմունքները սկսեց այն պահից, թե ինչպես հոկտեմբերի 27-ին ներխուժեցին ԱԺ դահլիճ եւ ավարտեց այն պահով, երբ Ալեքսան Հարությունյանի միջոցով ցանկացել էր Ռ.Քոչարյանին հրավիրել ԱԺ դահլիճ, իր խոսքերով ասած՝ երկրի հետագա ճակատագիրը միասին որոշելու համար: Գլխավոր ոճրագործը հիշեց նաեւ, թե ինչպես էր պատգամավորներին հրահանգել դահլիճ հրավիրել դաշնակցական Հրանտ Մարգարյանին, Սամվել Բաբայանին, Վազգեն Մանուկյանին եւ այլոց, սակայն Ն.Հունանյանը չհիշեց (կարծում եմ՝ դիտավորյալ), թե ինչպես էր դահլիճում իր բանդայի անդամ Դ.Բեջանյանին հանձնարարել, որ զանգի եւ ԱԺ դահլիճ կանչի իրենց ջոկատի անդամներին:
Հոկտեմբերի 27-ին ոճրագործների ԱԺ դահլիճ ներխուժելուց մոտավորապես մեկ- երկու ժամ հետո Նաիրի Հունանյանը Դերենիկ Բեջանյանին հանձնարարել էր օգնության կանչել իրենց ջոկատի անդամներին: Այդ փաստն են ապացուցում քր. գործում տեղ գտած՝ դեպքի պահին ԱԺ դահլիճում գտնվող թվով 91 վկաների, մեղադրյալներ Դ. Բեջանյանի եւ Է.Գրիգորյանի ցուցմունքները, ինչպես նաեւ դեպքի պահին դահլիճում տեղի ունեցածի ռադիոձայնագրության այն հատվածի ունկնդրումը, երբ Դ. Բեջանյանը հեռախոսազրույց էր ունեցել գործով վկա Հովհաննես Պետրոսի Ավագյանի հետ: Ինչպես նաեւ այդ է ապացուցում N զորամասի մի քանի զինվորների՝ Դ.Բեջանյանի վաղեմի ընկերների տված ցուցմունքների տրամաբանական վերլուծությունը, որով հանգում եմ այն եզրակացության, որ Ն.Հունանյանը վախի մթնոլորտ ստեղծելու համար չէ, որ Դ.Բեջանյանից պահանջել է ԱԺ կանչել օգնող ուժերի, իրոք, եղել են այդ ջոկատի անդամները: Մեղադրական եզրակացությունից փորձեմ մեջբերումներ անել այդ ջոկատին վերաբերող վերը նշված ցուցմունքներից եւ դրանք վերլուծելով՝ եզրակացություն անենք միասին :
Եվ այսպես՝
ա. Գործով վկաներ՝ ԱԺ պատգամավորների, ՀՀ կառավարության անդամների (թվով 90) եւ ՀԱՀ-ի օպերատոր Խ.Ավետիսյանի ցուցմունքներով Ն.Հունանյանը հանձնարարել է Դ.Բեջանյանին օգնության կանչել իրենց ջոկատի անդամներին: (Մ-Ե էջ 34)
բ. Գործով վկա « Զորավար Անդրանիկ» ջոկատի նախկին մարտիկ Սմբատ Ղազարի Խաչատրյանի ցուցմունքներով 1990 թ.-ին իր անձնական միջոցներով ռուս զինվորներից 3 ինքնաձիգ է գնել: 1995 թ.-ին ջոկատի անդամ Դ.Բեջանյանը իր խնդրանքով դրանք մաքրել եւ յուղել է: Միառժամանակ ինքը պատվիրել է Դ. Բեջանյանին տղաների՝ ջոկատի անդամների հարցնելու դեպքում նրանց ասի, իբր, այդ զենքերը ինքը՝ Ս.Խաչատրյանը տարել է Եղեգնաձոր: Սակայն իրականում դրանք թաքցրել է Երեւանյան լճի մոտ, որոնք դեպքից հետո, 1999 թ.-ի դեկտեմբերի 7-ին կամովին հանձնել է : (Մ-Ե էջ 44 , Մ-Ե էջ110)
գ. Գործով վկա նույն ջոկատի անդամ Հովհաննես Պետրոսի Ավագյանի ցուցմունքներով, ահազանգ ստանալով կատարված դեպքի մասին՝ հայտարարվել է տագնապ, եւ ջոկատի հրամանատար Ավետիս Գրիգորյանի ( 1999 թ.-ին պատգամավորի թեկնածու, որի վստահված անձն է հանդիսացել Դ.Բեջանյանը) հանձնարարությամբ ջոկատի անդամներով հավաքվել են Օ. Կոշեւոյի փողոցի վրա գտնվող խորտկարանում: Մեկ- երկու ժամ անց խորտկարանում գտնվող հեռախոսահամարով զանգահարել է Դ. Բեջանյանը, լսափողը վերցրել է ինքը: Բեջանյանը հայտնել է, որ ինքը գտնվում է ԱԺ-ում, հանդիսանում է տեռորիստներից մեկը: Թեեւ վկա Հ.Ավագյանը ժխտում է այն հանգամանքը, որ Դ. Բեջանյանը նույն հեռախոսազանգի ժամանակ ասել է ՝ «գնացեք Սմբատից զենքերը վերցրեք-եկեք այստեղ , դրանք Եղեգնաձորում են, սաղ սուտ է , զենքերը Սմբատի մոտ են»: Դա արժանահավատ չէ, քանզի այդ նույն խոսակցությունը, բառերն ու բառակապակցությունները նույնությամբ լսվել ու արձանագրվել են ռադիոձայնագրությամբ: (Մ-Ե էջ 45 ,Մ-Ե էջ 110):
դ. Գործով մեղադրյալ Դերենիկ Բեջանյանի ցուցմունքներով, Ն. Հունանյանի հանձնարարությամբ, հայտնել է նրանց իրենց օգնության գալու անհրաժեշտության մասին: (Մ-Ե էջ 90)
ե. Գործով մեղադրյալ Դերենիկ Բեջանյանի ցուցմունքներով իրենց ջոկատի՝ օգնության կանչելու անհրաժեշտության մասին իրեն ասել, հանձնարարել է նաեւ Կարեն Հունանյանը : (Մ-Ե էջ 72)
զ. Գործով մեղադրյալ Էդվարդ Գրիգորյանի ցուցմունքներով, Ա. Կնյազյանը Դ. Բեջանյանին ներկայացնելով իրենց, հավաստիացրել է , որ նա ( Բեջանյանը - Վ . Ղ.) ասել է, որ անհրաժեշտության դեպքում կարող է բերել իրենց ջոկատի անդամներին՝ թվով 30 անձ: (Մ-Ե էջ114)
Վերը նշված ցուցմունքները տրամաբանորեն վերլուծելով՝ միանշանակ հանգում ես այն եզրակացության, որ, իրոք, այդ՝ հանցավոր խմբին աջակցելու պատրաստակամություն հայտնած ջոկատը գոյություն ունեցել է: Ուշադրություն դարձնելով Հ.Ավագյանի ցուցմունքներին՝ հարց է ծագում.
1. Ինչպե±ս է պատահում, որ հոկտեմբերի 27-ին զորամասում ահազանգ ստանալով դեպքի մասին՝ տագնապ է հայտարարվում, եւ ջոկատի հրամանատար Ա.Գրիգորյանը փոխանակ ջոկատի անդամներին անհրաժեշտ պատրաստվածության բերի, նրանց հանձնարարում է հավաքվել Օ.Կոշեւոյի փող. վրա գտնվող ինչ-որ խորտկարանում, այսինքն՝ լքել զորամասը:
2. Ինչպե±ս է պատահում, որ ջոկատի հրամանատար Ա.Գրիգորյանը, նույն ինքը՝ 99 թ.-ի մայիսին պատգամավորի թեկնածուն, նույն ինքը տարիներ առաջ « Զորավար Անդրանիկ» ջոկատի հրամանատարը, ահազանգ ստանալով, ջոկատի տղաներին հանձնարարում է հավաքվել մի խորտկարանում, որտեղ մի-երկու ժամ հետո Ն.Հունանյանի հանձնարարությունը կատարելով՝ Դ.Բեջանյանը, նույն ինքը՝ «Զորավար Անդրանիկ» ջոկատի անդամ, նույն ինքը՝ պատգամավորի թեկնածու Ա.Գրիգորյանի վստահված անձը զանգահարում է եւ հայտնում իր որտեղ լինելն ու ով լինելը: Եւ ինչպե±ս եղավ, որ Դ. բեջանյանը գիտեր, որ այդ տղաները հենց այդ խորտկարանում են, եւ ինչպե±ս եղավ, որ նա գիտեր նաեւ այդ խորտկարանի հեռախոսի համարը:
3. Այդ ինչպե±ս է պատահում, որ ԱԺ-ից զանգահարող տեռորիստի զանգին ի պատասխան լսափողը վերցնում է ոչ թե խորտկարանի աշխատակիցը, այլ զանգող տեռորիստի վաղեմի ծանոթ եւ զինակից Հովհաննես Ավագյանը:
Այս ամենի ֆոնի վրա ուշադրության արժանի են նաեւ հետեւյալ հանգամանքները. Մեղադրական եզրակացության մեջ առկա՝ քննչական խմբի ղեկավար Ա. Հ. Հարությունյանի ստորագրությամբ տեղեկանքից պարզվում է, որ Ավետիս Գրիգորյանի եւ Հովհաննես Ավագյանի նկատմամբ հոկտեմբերի 27-ի գործով ընդհանրապես քր. գործ չի հարուցվել: (Մ-Ե էջ 189): Իսկ ահա Մ-Ե 195-րդ էջից պարզվում է, որ Սմբատ Խաչատրյանի նկատմամբ հարուցված քր. գործը կարճվել, եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է 2000 թ.-ի մայիսի 23-ին, այսինքն, Անդրանիկ Մարգարյանի կառավարության ձեւավորման հաջորդ օրը:
Հ.Գ. Մեղադրական եզրակացությունից, այնուամենայնիվ, անհասկանալի է մնում, թե վերը նշված ջոկատի տղաները ինչու «Սմբատից զենքերը չեն վերցրել» եւ Նաիրի Հունանյանին օգնության չեն հասել:
Վահագն Ղուկասյան
19.05.2001
Aucun commentaire:
Enregistrer un commentaire