28.10.07

ԹԻՐԱԽՈՒՄ ԴԱՐՁՅԱԼ Վ.ՍԻՐԱԴԵՂՅԱՆՆ ԷՐ


Սիրելի բարեկամ, «ֆոտո ռոբոտի» միջոցով պատկերված սույն հաստագլուխը, 99-թ. Նոյեմբերին, դեկտեմբերին եւ 2000-թ.-ի փետրվարին, ,անհասկանալի, պայմաններում հնարավորություն է ստացել մուտք գործել՝ ՀՀ ԱԱՆ մեկուսարան, որտեղ բռնության միջոցով, ահաբեկիչներից Կարեն Հունանյանին ստիպել է, որ նա հարցաքննությունների ժամանակ սուտ մատնություն կատարի Վանո Սիրադեղյանի նկատմամբ : Կ.Հունանյանը սկզբում տեղի է տվել ու կատարել պահանջվածը, սակայն, գլխի ընկնելով որ այդ կեղծ ցուցմունքը՝ հավիտյան անփոփոխ թողնելու նպատակով, իրեն պատրաստվում են վերացնել : Հաջորդ օրը տեղի ունեցող հարցաքննության ժամանակ, նա հրաժարվել է իր կեղծ ցուցմունքից եւ այդ առումով մանրամասն ցուցմունք տվել եւ նկարագրել՝ մեկուսարան մութք գործածի արտաքինը :

Վահագն Ղուկասյան 20.08.2002թ.


ԹԻՐԱԽՈՒՄ ԴԱՐՁՅԱԼ ՍԻՐԱԴԵՂՅԱՆՆ ԷՐ

Ինչպես հիշում եք, 2000 թվականի փետրվարին ՀՀ քաղաքական որոշ ուժեր սկսեցին անհանգստության նշաններ ցույց տալ, թե «Հոկտեմբերի 27-ի» քր. գործով կալանավորներին ծեծում են եւ ստիպում իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տալ: Քրեական գործի նյութերն ուսումնասիրելիս, իրոք, կարելի է եզրակացնել, որ գոնե Կարեն Հունանյանի նկատմամբ բռնություն է կիրառվել:
Սակայն հարցի էությունն այն է, թե այդ բռնություններն ում կողմից են կիրառվել եւ ամենակարեւորը՝ ինչ նպատակով: Իրոք, «Հոկտեմբերի 27-ի» քր.գործում (հատոր 21, թերթեր 125-197) արձանագրված են բազմաթիվ քննչական գործողություններ, որոնք կատարվել են Կ.Հունանյանի նկատմամբ ԱԱՆ մեկուսարանի քննչական սենյակներում՝ տեղի ունեցած բռնությունները բացահայտելու նպատակով: Հասկանալու համար, թե ինչ էր կատարվում այդ օրերին, դիտարկենք դրանցից մի քանիսը:
Այսպես՝ 2000թ. փետրվարի 8-ին հարցաքննության ժամանակ Կ.Հունանյանը ցուցմունք է տվել, թե իբր Նաիրին իրեն ասել է (իսկ նրան էլ Ալիկն է այդ մասին հայտնել), որ իրենց թիկունքում Վանո Սիրադեղյանն է կանգնած: Այստեղ ամենաուշագրավն այն է, որ հարցաքննությունը տեւել է ուղիղ 7 ժամ (10.35-17.30), բայց քննիչ Եղոյանին այդպես էլ չի հաջողվել Կ.Հունանյանից լսել ավելին, քան, որ նրանց ետեւում Սիրադեղյանն է կանգնած: Այս տակտիկան մեզ ծանոթ է անգամ «հոկտեմբերի 27-ի» դատաքննությունից, երբ ամբաստանյալները սկզբում մեկ-երկու բառով ինչ-որ բան են հայտնում, հետո հրաժարվում են պատասխանել մասնավորեցնող հարցերին, որպեսզի հարցերի միջոցով չբացահայտվի իրենց ասածի կեղծ լինելը:
Սակայն իր այս ցուցմունքը տալու հենց հաջորդ օրը՝ փետրվարի 9-ին, մեղադրյալը հերքում է այն եւ հայտնում, որ նախորդ օրը Վ. Սիրադեղյանի առումով իր տված ցուցմունքը կեղծ է եւ այն իրեն պարտադրվել է անծանոթ անձանց կողմից: Սակայն, ի տարբերություն նախորդ անգամվա, Կ.Հունանյանը սկսում է խոսել մանրամասներով, հիմնավորում է իր ասածը եւ անգամ նկարագրում իր նկատմամբ բռնություն կիրառածներին, ինչի հիման վրա էլ կազմվում են նրանց ֆոտոռոբոտները :
Հունանյանը ցուցմունք է տալիս նաեւ այն մասին, որ ինքը ենթարկվել է անծանոթի այդ պահանջին, քանի որ վերջինս իրեն դաժանորեն ծեծել է եւ խորհուրդ տվել ինքնուրույն կախվել, որպեսզի իր փոխարեն մեկ ուրիշը այդ չանի: Հատկանշական է, որ իրադարձություններից մի քանի օր հետո Կարեն Հունանյանին տեղափոխել են մեկ այլ խուց, որի առաստաղը նախորդի նման հարթ չի եղել, այսինքն՝ առաստաղի տակ սանհանգույցի խողովակներ են եղել՝ ամենահարմար միջավայրը կախվելու համար: «...ինձ ծեծի էին ենթարկում եւ այդ ընթացքում ասում էին Նաիրին չկա (չի մասնավորեցնում, թե ինչ ասել է «չկա», բայց ենթադրվում է, որ նրան ասել են, թե Նաիրին կենդանի չէ - Վ.Ղ.) եւ որ իմ ապրելը ոչ մեկին պետք չի, որ կախվելու միջոցով ինքնասպան լինեմ: (...) Այդ դեպքից հետո ես հաճախակի եմ մտածել ինքնասպան լինելու մասին եւ այդ մասին հայտնել եմ ինձ հետ խցում նստած Մերուժին»,- նշում է Կարեն Հունանյանը:
Համաձայնեք, որ երբ Կ.Հունանյանը հոգեբանորեն պատրաստվում էր ինքնասպան լինել եւ անգամ բարձրաձայն արտահայտվում էր այդ մասին, դրանից հետո նրա ինքնասպան լինելը (թեկուզ ուրիշի ձեռքով) միայն տեխնիկայի խնդիր էր: Ընթերցողները պետք է, որ լավ հիշեն 2000թ.-ի սկզբներին Երեւանում շրջանառության մեջ դրված այն լուրերը, ըստ որոնց «Կ.Հունանյանը սկսում է ցնորվել», «զինդատախազության քննիչները այնքան են ծեծում կալանավորներին, որ վերջիններս հոգեկան հիվանդ կդառնան» եւ այլն: Այս «նախապատրաստական» աշխատանքներից հետո Կարեն Հունանյանի ինքնասպանությունը կդառնար խիստ տրամաբանական, իսկ դրա միակ մեղավորը՝ նրան «ծեծած քննիչները»: Դրան վրադիր՝ Կարենի՝ Սիրադեղյանի մասին տված ցուցմունքները կմնային առանց հերքման հնարավորության: Սա, թերեւս, հասկացել էր նաեւ Կ.Հունանյանը, ինչի մասին փաստում են փետրվարի 9-ին նրա տված ցուցմունքները:
«Այդ ցուցմունքը (Վանոյին զրպարտող-Վ.Ղ.) գրելուց հետո ես վերլուծեցի տեղի ունեցածը եւ եկա այն համոզմունքին, որ այդ պայմաններում, այսինքն, երբ արդեն գրել էի այդ ցուցմունքը, ավելի հավանական է, որ ինձ կսպանեն, որպեսզի չկարողանամ հրաժարվել այդ ցուցմունքից: Այդ մտորումների մեջ ես ամեն րոպե սպասում էի, որ ինձ կսպանեն: Այդ պատճառով էլ որոշեցի սխալս ուղղել եւ փետրվարի 9-ին, այսինքն հենց հաջորդ օրը ցուցմունք տվեցի այս ամենի մասին»,- գրում է Կարեն Հունանյանը (հատ. 21 թերթ 135): Կ.Հունանյանի այս հայտարարությունից հետո, քննչական խումբը փորձել է հայտնաբերել այդ խորհրդավոր «անծանոթներին», որոնցից մեկը, փաստորեն, 3 անգամ կարողացել է մուտք գործել ԱԱՆ քննչական մեկուսարան եւ այնտեղից, առանց պահանջագրի, «27-ի» գործով կալանավորին բարձրացնել է տվել հարցաքննությունների սենյակ: Է´լ ավելի հետաքրքիր է, որ Կ.Հունանյանն իր ցուցմունքում նշել է, թե այդ մեկին նկատել է նաեւ ԱԺ-ում՝ դեպքերի վերարտադրում կոչվող քննչական գործողության ժամանակ:
Այստեղ հարկ է հիշեցնել, որ մինչեւ 2000 թ. մարտ-ապրիլ ամիսները, այսպես կոչված, «Ջհանգիրյանի խումբը», գոնե մեր կարծիքով, անկողմնակալ նախաքննություն էր վարում: Այդ շրջանում էլ հենց սկսվեցին բուռն հարձակումները զինդատախազի վրա՝ զոհված զինծառայողների հարազատների արդարացի բողոքները, Ջհանգիրյանի տան ներքնահարկում տեղի ունեցած պայթյունը, քաղաքական որոշ ուժերի վայնասունը, թե՝ «27-ի» գործով կալանավորներին ծեծում են եւ ստիպում իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տալ եւ այլն: Ու Ջհանգիրյանը կոտրվեց: Իսկ ի՞նչ կլիներ, եթե զինդատախազության քննիչները, այնուամենայնիվ, բացահայտեին խորհրդավոր «անծանոթների» ինքնությունը: Պարզելով նրանց անձը՝ քննիչներին հայտնի կդառնար նաեւ, թե ում են նրանք ծառայում, ըստ այդմ, թե ով է ուզում շեղել նախաքննության ընթացքը Վանո Սիրադեղյանի ուղղությամբ: Չնայած այն, որ «անծանոթի» մուտքը ԱԱՆ քննչական մեկուսարան՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով, հնարավորություն ունեին կազմակերպել միայն այդ գերատեսչության ղեկավարները, նրանց վերադասը կամ նրանցից ոչ պակաս ազդեցություն ունեցող որեւէ անձ, կարծում ենք վիճարկելը դժվար է: Ու սրանով էլ հենց կարելի է պատասխանել հետեւյալ հարցին՝ ինչո՞ւ հատկապես Վանո Սիրադեղյանը:


Հ.Գ. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հոկտեմբերի 27»-ի քր.գործի, կազմակերպիչների մասով անջատված մասը ներկայումս գտնվում է նախաքննության մարմնի վարույթում, եւ վերջիններիս պետք է որ այսօր էլ հետաքրքրի ԱԱՆ մեկուսարան մուտք գործած «խորհրդավոր» անծանոթը, ուստի մեր ընդերցողներին առաջարկում եմ Կ.Հունանյանի նկարագրմամբ ֆօտոռոբոտի կազմած այս լուսանկարի տիրոջը ճանանչելու դեպքում տեղյակ պահել զին.դատախազությանը: Տեղեկությունները զինդատախազությանը չվստահելու դեպքում կարող եք Ձեր նամակները ուղղարկել խմբագրություն, կամ ուղակի՝ ինձ:


Վահագն ՂՈՒԿԱՍՅԱՆ 2.06.2002թ.

Aucun commentaire: