17.11.07

ԱՂՎԱՆԻ ՀԵՔԻԱԹԸ

«Դեգեներատները արդարադատությունում» հրապարակումով մենք եւ համոզվեցինք, թե ինչպես է Աղվան Հովսեփյանին կից ՀԳԿ քննիչ Սերգեյ Աբրահամյանը դատարկ թղթերից «իրավական» փաստաթուղթ ստանում ու չեղած տեղից գործ սարքում:
Այժմ հաշվի առնելով այն իրողությունը, որ հենց այնպես ոչինչ չի լինում, փորձենք հասկանալ, թե ինչն էր այդ ամենի բուն պատճառը եւ հետագա ինչ զարգացումներ ունեցան դրանք:
.
Փաստորեն, ՀԳԿ քննիչի «աշխատանքի» շնորհիվ նրա շեֆը՝ Աղվան Հովսեփյանը 99-ի հունվարի 25-ին եւ փետրվարի 17-ին պատգամավորին կալանավորելու միջնորդությամբ մտավ ԱԺ:
.
Սակայն առաջին անգամ պատգամավորների մեծ մասը ինքնուրույնություն ցուցաբերեց եւ դատախազից պահանջեց հարգել օրենքն ու օրինականությունը եւ ոչինչ չասող թղթերը իբրեւ փաստաթուղթ չներկացնել: ԱԺ-ն այդ միջնորդությունը մերժեց: Սակայն, ինչպես հիշում եք, 23 օր հետո դարձյալ նույն թղթապանակն ու նույն՝ ոչինչ չասող թղթերը ձեռքին Աղվանը հայտնվեց ԱԺ-ում, բայց այդ 23 օրը բավական եղավ Աղվանին ու Ն եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանին, որպեսզի ստվերային տնտեսությամբ զբաղվող ու պուտանկի պես օրը մեկին ծախվող «մեր» պատգամավորները վերանայեին իրենց որոշումը:
.
Կրկնում ենք, խոսքը ոչ թե տարբեր «միջնորդությունների» մասին է, այլ նույն՝ ոչինչ չասող թղթի կտորի: Եվ որպեսզի ընթերցողին էլ հասկանալի լինի, որ Աղվանի ներկայացրածը ոչ թե իրավական փաստաթուղթ, այլ թղթի կտոր էր, առաջարկում եմ այդ «միջնորդություն» կոչվածից հատվածներ մեջբերել եւ հետո դրանք միասին փորձենք տրամաբանորեն վերլուծել: Նշեմ նաեւ, որ անկողմնակալ արդյունք ստանալու համար պետք է ձերբազատվել Վանո Սիրադեղյանի նկատմամբ ունեցած թե´ համակրանքից եւ թե´ հակակրանքից:
.
Եվ այսպես.
.
1. «ՀՀ լխավոր դատախազության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վանո Սմբատի Սիրադեղյանը, հանդիսանալով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար, անձնական շահագրգռվածությունից ելնելով 1993թ. դեկտեմբերին Ներքին զորքերի վարչության պետ Վահան Հարությունյանին հանձնարարել Է կազմակերպել եւ Մոսկվա քաղաքում իրականացնել «Հայկական Միջազգային Ասամբլեայի» նախագահ Սերժ Ջիլավյանի սպանությունը»:
.
2. «Նորայր Թադեւոսյանն Արթուր Հովհաննիսյանի, Կարեն Ռաֆայելյանի եւ մի խումբ այլ անձանց հետ համատեղ Մոսկվայում ձեռնարկել Է սպանությունն իրագործելուն ուղղված միջոցառումներ, սակայն հանցագործության նախապատրաստական փուլում ՌԴ իրավապահ մարմինների կողմից նրանք ձերբակալվել ու վնասազերծվել են, որի հետեւանքով սպանությունը մինչեւ վերջ չի հասցվել՝ Վանո Սիրադեղյանի կամքից անկախ պատճառներով:
.
Ձերբակալվելուց հետո Արթուր Հովհաննիսյանը ՌԴ հեռուստատեսությամբ հանդես Է եկել Վանո Սիրադեղյանին որպես սպանության կազմակերպչի մերկացնող խոստովանական հայտարարություններով, ապա Կարեն Ռաֆայելյանի հետ միասին վերադարձել Երեւան»:
.
3. «...ձեռք են բերվել բավարար ապացույցներ այն մասին, որ Սերժ Ջիլավյանի սպանությունը ձախողելու համար, ինչպես նաեւ այդ հանցագործությունը թաքցնելու միտումով Վանո Սիրադեղյանը պաշտոնական դիրքի չարաշահմամբ կազմակերպել է Արթուր Հովհաննիսյանի եւ Կարեն Ռաֆայելյանի առեւանգումը, ապօրինի ազատազրկումն ու սպանությունը»:
.
Այժմ եկեք բացենք մեջբերումների չակերտները եւ միասին հասկանանք դրանք: Նախ արձանագրենք, որ իրավաբանության մեջ հայտնի տերմին կա՝ մոտիվ (դրդապատճառ) բառը, սակայն Աղվանի ջանքերով հորինված 39 հատոր կազմող այդ քրեական գործի նյութերում գոնե մեկ բառ անգամ չկա այն մասին, թե Ս. Ջիլավյանին սպանելու համար այդ ինչ անձնական շահագրգռվածություն է ունեցել Վանո Սիրադեղյանը: Այսինքն, կարող ենք արձանագրել, որ քր.գործում բացակայում է ամենակարեւորը՝ մոտիվը: Ուշադրություն դարձրեք ինչ-որ մեկի հավին «քշշ» չեն ասել, այլ խոսքը օտար պետության տարածքում եւ օտար պետության քաղաքացուն սպանելուն է վերաբերվում: Հետեւաբար, այն պետք է ունենար ոչ միայն պատճառ, այլ նաեւ պետք է լիներ լուրջ հիմնավորված: Սակայն «մեր» պատգամավորներին դա չէր հետաքրքրում: Երեւի նրանք Աղվանին տեսնելով հիշեցին ու սարսռացին այն փաստից, որ իրենց առջեւ կանգնածը Աղվան Հովսեփյանն է՝ մարդ, որը ՀՀ գլխ. դատախազ Հենրիկ Խաչատրյանի սպանության ժամանակ գտնվել էր վերջինիս աշխատասենյակում (տես՝ ընդունարանի մուտքի եւ ելքի գրանցման մատյանը), բայց զարմանալիորեն նա առնվազն վկայի կարգավիճակում հայտնվելու փոխարեն, իրավունք ստացավ այդ գործի նախաքննությունը վարել եւ արդյունքում սպանված դատախազի պաշտոնը զբաղեցրեց:
.
Ինչեւիցե, անցնենք մեջբերման երկրորդ հատվածին: Ըստ Աղվանի ներկայացրածի, այդ տղաները մեկնել են Մոսկվա, որպեսզի սպանեն Ջիլավյանին, բայց անկախ իրենց կամքից չեն կարողացել, քանի որ ՌԴ իրավապահները օպերատիվ աշխատանքների շնորհիվ վնասազերծել ու ձերբակալել են նրանց: Այսինքն, կարող ենք ֆիքսել, որ եթե չբռնվեին, ապա պիտի սպանեին զոհին: Բայց այստեղ արդեն կարող ենք հաստատապես ասել, որ Աղվանը ուղղակի չափն անցել էր եւ ՀՀ բարձրագույն ամբիոնից լուրջ մեղադրանք հնչեցրել մեկ այլ պետության (Ռուսաստանի Դաշնության) հասցեին՝ վտանգավոր հանցագործներ բռնելու եւ բաց թողնելու: Չէ՞ որ խոսքը սպանության փորձի մասին է եղել, իսկ այդ արարքը ՌԴ-ում ծանր հանցագործություն է համարվում: Սակայն Աղվանը իր ասածում ավելի համոզիչ տպավորություն ստեղծելու դիտավորությամբ ավելացնում է, որ այդ տղաներից մեկը՝ Արթուր Հովհաննիսյանը, ՌԴ հեռուստատեսությամբ հանդես Է եկել ինքնախոստովանությամբ:
.
Սակայն «մեր» պատգամավորները այդպես էլ չկարողացան հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Իսկ իրականությունը հասկանալու համար պետք է ընդամենը մտովի տեղափոխվել 1994թ. եւ հիշել, որ Ա. Հովհաննիսյանի «ինքնախոստովանությունը» տեղի է ունեցել ոչ թե ՌԴ պետական հեռուստատեսությամբ, այլ ինչ-որ մեկի կողմից գնված վճարովի գովազդային եթերում: Իսկ ցուցադրված կադրերն էլ ոչ թե մոսկովյան Ն բաժանմունքներից մեկում համապատասխան մարմիններն էին կատարել, այլ ՌԴ անվտանգության մարմինների կողմից բազմիցս ձերբակալված, մոսկովյան հայտնի հանցախմբերից մեկի պարագլուխ, «ոհար» կոնցեռնի նախագահ Սերժ Ջիլավյանի ամառանոցում սիրողական մակարդակով կատարված տեսագրություն էր: Իսկ որ նման պայմաններում Ա. Հովհաննիսյանից ցանկացած կեղծ հայտարարություն լսելը որեւիցե դժվարություն չի ներկայացրել` երկրորդ կարծիք չի կարող լինել: Բնականաբար, օբյեկտիվության դեպքում նման «փաստերը» չէին կարող իրավական հիմք հանդիսանալ դատախազության համար: Սակայն եկեք երեւակայություններիս զոռ տանք ու մի պահ ենթադրենք, թե մոսկովյան ոստիկանները մոռացել էին, որ սպանության փորձը նույնպես հանցագործություն է: Ենթադրենք, որ մոսկովյան միլիցիայի նույնիսկ մտքովն անգամ չի անցել հետաքրքրվել, թե ինչով էին իրագործելու սպանությունը (ըստ գործի նյութերի, մարդասպանները սպանության գործիքը՝ խլացուցիչով ատրճանակը, Մոսկվայում պահել են հյուրանոցի համարում՝ ջեռուցիչի ետեւում, որը հետագայում իբր թե բերվել ու հանձնվել է Վահանին) եւ այդ տղաներին, որոնց մինչ այդ վնասազերծել ու ձերբակալել էին, վերցնում ու բաց են թողել:
.
Ու ի՞նչ, ըստ Աղվանի, ՀՀ Ն նախարարին ծանր հանցագործության մեջ հրապարակավ մեղադրելուց հետո նրանք վերցրին ու ոչ թե մեկնեցին, ասենք, Բուլղարիա կամ Աֆրիկա, այլ եկան ուղիղ Երեւա՞ն: Սակայն այստեղ, կարծում եմ, ուշագրավն այն է, որ այդ տղաները եկել են Հայաստան եւ դա արդեն խոսում է այն մասին, որ նրանք շատ հիմնավոր ու համոզիչ փաստարկներ են ունեցել Մոսկվայում իրենց կատարածն արդարացնելու առումով: Եվ ուրեմն, ստացվում է, որ այդ տղաների` հետագայում կատարելիք հայտարարություններով պիտի շահագրգռված լիներ ՀՀ Ն նախարարը, եւ ճիշտ հակառակը՝ նրանց լռելը ձեռնտու կարող էր լինել միայն նրանց, ովքեր լավ գիտեին, թե ինչ պայմաններում էր տեղի ունեցել Ա. Հովհաննիսյանի «ինքնախոստովանության» տեսագրումը: Ծիծաղելի է, չէ՞:
.
Ինչեւիցե, կարծում եմ, որ կարող ենք փաստել, որ այս ամենը մեզ ավելի շատ հեքիաթ է հիշեցնում եւ ոչ թե գլխավոր դատախազի միջնորդություն: Անցնենք առաջ, տեսնենք, թե վերը նշված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված «ապացուցողական» նյութերից բացի էլ ի՞նչ հիմքեր ուներ Աղվանը, որ այդպես պնդում էր ԱԺ-ում: Ըստ գործում եղած նյութերի, ընդամենը մեկ անձ է Վանո Սիրադեղյանի դեմ ցուցմունք տվել. դա Վահան Հարությունյանն է: Սակայն համաձայնեք, որ եթե նույնիսկ մեկի փոխարեն 100-ը այն պնդեին, դա չպետք է հիմք ծառայեր մարդուն մարդասպանության մեջ մեղադրելու համար: Հակառակ դեպքում ստացվում է, որ եթե վաղը ես վեր կենամ ու ինձ պես մի հարյուրի հետ միասին հայտարարեմ, որ Ռ. Քոչարյանը ինձ ասել է «այսինչին սպանեք», այդ դեպքում Թամազյան Արամը պիտի վազի պառլամենտ ու Ռոբին կալանելու թույլտվություն խնդրի՞...
.
Բայց ահա մի քիչ առավել ուշադրության եւ հիշողության դեպքում այստեղ նկատելի է դառնում ամենակարեւորը՝ թե ինչն է դրդել Վահան Հարությունյանին նման հայտարարություն անելու: Այս հարցի պատասխանը մեզանից յուրաքանչյուրը լսել է բազմաթիվ անգամներ՝ Արմեն Տեր-Սահակյանի դատավարության ժամանակ. «Աղվանը զենքը դնում էր գլխիս ու պահանջում Վանոյի դեմ ցուցմունք տալ», «Աղվանը ասում է` Վանոյի դեմ ցուցմունք տուր, 6-7 տարի կդատվես ու մի 2 տարուց դուրս կգաս»: Դե ի՞նչ, չէ որ այդ ամենը, ինչը 2-3 տարի առաջ Աղվանը պահանջել էր Արմենից, Վահանը կատարեց, եւ նա էլ ստացավ այն ամենը, ինչը Տեր-Սահակյանին առաջարկել էր Աղվանը:
.
Ինչեւիցե, այս ամենը հարցեր են, որոնց իրական պատասխանները մենք լավագույն դեպքում կիմանանք 1-2, իսկ վատագույն դեպքում 6-7 տարի հետո: Իհարկե, կիմանանք նաեւ շատ այլ հարցերի պատասխաններ՝ թե ինչպես էին Մոսկվայից ֆինանսավորվում «31»-ի ու Վազգեն Մանուկյանի ծրագրած ահաբեկչությունները, թե ինչ քննարկումներ էին կազմակերպում ու ծրագրեր էին համատեղ մշակում ՀՀ ԱԱՆ մեկուսարանն ու 4-րդ հարկը: Կիմանանք, թե ինչպես սպանվեցին Հենրիկ Խաչատրյանը, Արծրուն Մարգարյանը, Խորխոռունին: «ՆԻՎԱ՞», թե՞ այլ մակնիշի մեքենա էր Տիգրանին վրաերթի ենթարկողը, թե ինչպես կարողացան «5 ռոմանտիկները» ներխուժել ԱԺ ու Բաղրամյան 26 հասցեում անգլիական թագուհուց «պրեզիդենտ» ստացվեց: Ես էլ կփորձեմ վերջապես հասկանալ, թե որն է այս 12-13 տարիների ընթացքում եղել Աշոտ Մանուչարյանի իրական առաքելությունը, թե ում է ծառայում...
.
Այո´ սրանք հարցեր են որոնց պատասխանը մենք կսկսենք ստանալ մի քանի տարուց: Բայց սույն «քրեական» գործում կան նաեւ հարցեր, որոնց պատասխանների համար տարիներ չեն պահանջվում եւ ես «ԳՈՐԾԱՐՔԸ ԿԱՅԱՑԱՎ ՄԵՐ ԱՉՔԻ ԱՌԱՋ» հրապառակումով առաջիկայում կփորձեմ ընթերցողին տեղեկացնել թե որն էր, այդ Հեքիաթի արդյունքներն ու հետեւանքն:

3 commentaires:

ruzan a dit…

Paron Gukasyan!!
Inchu ek mi hodvac@ eydkan hachax krknum?
Tpavorutyan hamar?

Վահագն Ղուկասյան a dit…
Ce commentaire a été supprimé par l'auteur.
Վահագն Ղուկասյան a dit…

Հարգելի տիկին Ռուզան, եւս մեկ անգամ շնորհակալություն ինձ ուղղված գնահատականների համար:

Այժմ Ձեր հարցերի վերաբերյալ: Հոդվածներիս մեյ երբեմն իրոք կրկնություններ կան, սակայն դա պայմանավորված է այն հանգամանքով, որ դրանք տարիներ առաջ, տարբեր տպագիր թերթերում գրած իմ հոդվածներն են:

Ինչ վերաբերվում է Ձեր մյուս հարցերին, ապա պետք է Ձեր ներողամտություն հայցեմ, ւղղակի խնդրում եմ ինձ ճիշտ հասկանաք, չեմ խուսափում, այլ ֆիզիկապես չեմ հասցնում՝ շատ եմ հոգնում: Ես այժմ բնակվում եմ Փարիզում, եթե ուշադրություն դարձնեք նյութերս տեղադրված ժամանակացույցին, ապա կնկատեք որ օրվա մեծ մասը, դրանց թվում նաեւ գիշերվա մեծ մասն ու երբեմ մինչեւ լուսադեմ անց եմ կացնում համակարգչի առջեւ: Ավելացրած որ պարտադիր կարդում եմ հայկական բոլոր թերթերն ու լրատվական տեղեկատուները: Քնում եմ միայն այն ժամանակ, երբ աչկերս արդեն հոգնածությունից ցավում են... Իսկ այս ամենից բացի ես նաեւ դպրոց եմ հաճախում, որպեսզի ֆրանսերեն սովորեմ, քանզի առանց լեզվի իմացության աշխատանք գտնելն անհնարին է:
Մի խոսքով եւս մեկ անգամ ներող եղեք:

P.S. Ամեն դեպքում ես Ձեր տված հարցերի մեծ մասի պատասխանները գտնում եմ որ մամուլում հնչել են: Դրանց թվում նաեւ Վանո Սիրադեղյանի հարցազրույցում:

http://septemberi21.blogspot.com/2007/11/1992-1996.html

Հուսով եմ Դուք նույնպես այդ հարցազրույցում կգտնեք Ձեր հարցերի, թեքուզ մի մասի, բայց այնուամենայնիվ՝ ամբողջական, լիարժեք ու տրամաբանված պատասխխանները:
Շնորհակալություն