10.12.08

«Դիսկոտեկ Erasmus Party»

«Դիսկոտեկ Erasmus Party»
(նվիրում եմ հայ աղջիկներին)

Փարիզի այգիներն ինձ շատ են դուր գալիս, հատկապես մայիսի վերջին, երբ այգիներում զբոսնելիս քթիդ է զարկում մի քանի տասնյակ ծաղիկների բույրը: Այս գեղեցիկ այգիներում ամռան շոգ եղանակներին գրեթե ոտք դնելու տեղ չի լինում, և չնայած Փարիզում մութն ընկնելուն պես կողպում են բոլոր այգիների բոլոր դռները, այնուամենայնիվ, փարիզցիներն էլ են սիրում չարաճճիություններ անել, գիշերվա տարբեր ժամերին պարիսպների վրայով ներս ու դուրս թռչող բազմաթիվ անձանց կարող ենք տեսնել` անկախ տարիքից ու սեռից...

Նախորդ հինգշաբթի օրը, մայիսի 27-ի գիշերը շոգ էր, որոշեցի գոնե մի քանի ժամ անցկացնել այգում: Որոշեցի ու դուրս եկա` հետս վերցնելով թուղթ ու գրիչ, որ եթե նախորդ անգամների նման որևէ հետաքրքիր իրադարձության ականատես լինեմ, ապա մոտս նշումներ անեմ, որ հետո չմոռանամ, վերադառնամ ու գրեմ. Ընդհանրապես, վաղուց եմ որոշել փարիզյան այգիների գիշերային կյանքից մի քանի դրվագ անմահացնել... գեղեցիկ, հետաքրքիր ու նաև ուսուցողական բնույթի անակնկալներ հաճախ եմ նկատում:
Որոշեցի, դուրս եկա, հետս թուղթ ու գրիչ վերցրի, գրել էի ուզում, բայց ոչ թուղթն ու գրիչը օգտագործեցի, ոչ էլ այգի գնացի, և ինչպես հիմա տեսնում ենք, այնուամենայնիվ, գրելու թեմա ունեցել եմ...
Երբ քայլում էի Բուրգ Լաբե փողոցով, նկատեցի ERASMUS PARTY անվանումը կրող ցուցավահանակը, իսկ շրջակայքում, փողոցի երկու կողմերում բազմաթիվ երիտասարդներ էին հավաքված, ու միայդ հենց այդ պահին հիշեցի, որ այդ օրը հինգշաբթի է...
Հինգշաբթի գիշերները Փարիզում դիսկոտեկների օրն է, իսկ հերթում կանգնած երիտասարդների մի խումբ ինձ հետաքրքրեց, ցանկություն առաջացավ ուսումնասիրել նրանց... 10-15 րոպե անց դիսկոտեկի դռները բացվեցին, ու քիչ հետո արդեն պարասրահում էի, սակայն ինչպես այդ օր, մյուս կանխավ որոշումներս չիրականացան` այգի չգնացի ու այգու գիշերային կյանքը չարձանագրեցի, այդպես էլ այդ խմբին չկարողացա ուսումնասիրել...

Դիսկոտեկում հնչող երաժշտությանը համահունչ վառվռող լուսարձակները պարասրահի մի անկյունում ավելի խավար էին, օդը պատված էր մխով ու այնտեղից երբեմն հաշիշի սուր հոտ էր գալիս: Դիսկոտեկի անվտանգության աշխատակիցները հաճախ են պտտվում այնտեղ, իսկ երբեմն էլ բռնացնում են... Քայլերս ուղղեցի հենց այդ կողմ, ու մի փոքր այս կողմ նստեցի, որտեղ նույնպես բոլորը ծխում էին, բայց հաշիշի հոտ չկար, սովորական սիգարետներ էին ծխում... Հարմար տեղավորվեցի, որ կողքի հայացքով ինձ տեսանելի լինի հաշիշ ծխողների անկյունը, ու մինչև անվտանգության աշխատակցի հերթական հայտնվելը, սկսեցի նայել ինձանից մի 1.5-2 մ հեռավորության վրա` ձախ կողմում նստած մի երիտասարդի: Նա դեմքով դեպի պարասրահի կողմն էր նստած, իսկ այդ դիրքում աջ կողմից դեմքը երևում էր: Աջ ականջին մի փոքր օղ էր կրում, երևի կլիներ 28-30 տարեկան, հասակը մոտավորապես 180 սմ, սպորտային կազմվածք, բաց կապտավուն աչքեր, կարճ կտրած մազեր, դեմքի բաց գույնից մի փոքր ավելի թուխ մորուքն էլ հազիվ 3-4 օրական... Սպորտային կոշիկներ, ջինսե տաբատ ու դեղնավուն շապիկ... Տղայի դեմքին մի յուրատեսակ խորամանակ ժպիտ էի նկատում: Ես մի պահ կարծեցի, թե տղան նույնպես հաշիշի ազդեցության տակ է, բայց նույն րոպեին էլ բացառեցի, նկատի ունենալով, որ այդտեղ հաշիշ չեն ծխում: Նա նստած էր. ձախ ձեռքի բաժակից երևում էր, որ ինչ-որ զովացուցիչ է խմում, իսկ աջը ամբողջովին օդում պարզած` խլացուցիչ ուժգնությամբ հնչող երաժշտության ռիթմին համապատասխան այնպիսի շարժումներ էր անում, որ երևի պարասրահի բոլոր պարողները կերազեին նույն շարժումները պարելիս անել: Նա նստած տեղը մարմնով էլ էր պարում, բայց ուշադրություն գրավողը աջ ձեռքի շարժումներն էին... Աչքիցս չվրիպեց, որ նա երբեմն, աչքի պոչով իմ կողմն էր նայում, ինձ էր ուսումնասիրում, բայց, ի տարբերություն ինձ, նա հնարավորինս աննկատ էր դա անում: Կողքի սեղանի մոտ, որ նույնպես ինձանից մի փոքր առաջ էր, նստած ինչ-որ աղջիկները ինչ-որ բան էին խոսում, ի՞նչ էին խոսում, չգիտեմ, որովհետեւ դիսկոտեկի երաժշտությունը չէր թողնի, որ նրանց խոսակցությունը իրենցից բացի այլոք էլ լսեն: Սակայն պարզ էր, որ նրանք խոսում էին առջևս նստած երիտասարդի մասին, երբեմն նրան էին նայում, ձեռքի շարժումներին, փսփսում, ծիծաղում. դա նաև երիտասարդն էր նկատել, նա երբեմն շուռ էր գալիս աղջիկների կողմը, ինչ-որ բան բղավելով ասում, ծիծաղում, ծիծաղեցնում նաև աղջիկներին, չմոռանալով իհարկե ձեռքի գավաթի ձողիկը երբեմն բերանը տանել, իսկ աջն էլ որպես կանոն մշտապես օդում պարեցնել... Ես ուշադիր նայում էի աղջիկներին, հատկապես նրանցից մեկին, որ երևի թե արաբական ծագում ուներ: Նրա աչքերից պարզ երևում էր, որ երիտասարդի նկատմամբ հետաքրքրություններ են առաջացել, հանկարծ նրա դեմքի արտահայտությունը ակնթարթորեն փոխվեց, հայացքս ուղղեցի նրա հայացքի ուղղած կողմը և հենց այդ պահին էլ նկատեցի երիտասարդի աջ կողմից մի փոքր հեռու, 20-21 տարեկան մի աղջիկ է հայտնվել, աղջիկ չէ, այլ` գեղեցկուհի... պարում էր ուղղակի հոյակապ, գեղեցիկ` պարարվեստում պահանջվող շատ նրբություններին տիրապետելով, նա պարելիս ժպտում էր, իսկ ժպտալիս նրա վերին շուրթը մի փոքր վեր էր բարձրանում` ի ցույց դնելով վերին ատամնաշարի առջևի 6-7 սպիտակ ատամները, որոնք էլ իրեն հերթին ավելի հիասքանչ էին դարձնում գեղեցկուհուն, հատկապես երբ ժպտացող դեմքին էին զարկվում դիսկոտեկի ճառագայթող լուսարձակները, ու դրանք էլ արտացոլվում էին աղջկա սպիտակ ատամներից: Նա շատ գեղեցիկ էր պարում, այնքան լավ, մեկ ակնթարթում արժանացավ մի քանի տասնյակ գոհունակություն հայտնող հայացքների, կարողացավ մի առ ժամանակ բոլորի աչքերում նկատելի դառնալ, փայլել, բայց դրանցից ընդամենը մի զույգ աչքեր արժանացան աղջկա փայլին. դա խորամանկ դեմքով երիտասարդն էր: Նրա դեմքն ավելի պայծառացավ, իսկ խորամանակ ժպիտն ավելի ընդգծվեց... Ձեռքի բաժակը դրեց սեղանին, մի սիգարետ վառեց, այն բռնեց ձախ ձեռքում, իսկ աջը, ինչպես մինչ այդ` օդում պարեցնելով, վեր կացավ, մոտեցավ գեղեցկուհուն, ու նրանք սկսեցին միասին պարել: Պարում էին` միասին, առաձին, միանման, իրարից տարբեր, բայց պարում էին շատ լավ, բարձր որակով, որ տեսադաշտումս գտնվող բոլորն էլ, նույնիսկ այդ բնագավառում հրաշքներ գործող սևամորթները շատ կցանկանային նրանց հավասարվել: Աղջկա դեմքը փայռում էր, ակնհայտ երևում էր, որ խորամանկ հայացքով երիտասարդը նրա մոտ հետաքրքրություններ է առաջացրել: Գեղեցկուհին կարծես թե գոհ էր, նա ներկաների մեջ ընտրել էր իր ստիլին մոտ մեկին: Աղջկա այս տեսակը, ընկեր, տղամարդ ընտրելիս նախ հաշվի է առնում տարիք, արտաքին կազմվածք, չափսեր... Աղջիկներ էլ կան` առաջնայինը սերն են համարում, բայց մենք դառնանք մեր գեղեցկուհուն, որ գոհ է ընտրությունից և հիմա փայլում է: Դա նաև երիտասարդն էր նկատել, թերևս գեղեցկուհին իր գոհունակությունը չէր էլ թաքցնում: Նրանք երբեմն նստում էին, մի փոքր հանգստանում, տղան ծխում էր, հետո նորից վեր էին կենում ու շարունակում պարել: Նկատեցի, որ ամեն հերթական անգամ, երբ նստում էին հանգստանալու, երիտասարդը նստելուց անմիջապես հետո վեր էր կենում, ու իր քայլերն ուղղում դեպի բառի կողմ, իսկ վերադառնալուց իր հետ չէր մոռանում զովացուցիչի նոր բաժակը, ձողիկն էլ մեջը: Առաջին անգամ նա իր հետ բերեց նաև «1664» անունը կրող մեկ բանկա գարեջուր: Դա գեղեցկուհու համար էր... Իսկ մի անգամ էլ, երբ նրանք նստեցին, աղջիկնը դեմքին մի փոքր թթված արտահայտություն տալով, ինչ-որ բան ասաց, ենթադրում եմ, որ երևի բողոքում էր ոտքերի մկաններից` պարելուց հոգնել են, բռնվել, ձգվել: Հաստատ նմանատիպ մի բան ասաց, որովհետև հաջորդ պահին տղայի ձեռքերը հայտնվեցին գեղեցկուհու` շագանակագույն տաբատի մեջ պրկված ազդրերին ու սկսեցին մասաժի գիտելիքները ցուցադրել:
Խորամանկ հաացքի տերը ինչ-որ բան էր պատմում, թե ի՞նչ, բնականաբար չգիտեմ, բայց որ նրա պատմածը իր իմաստով, թե ներկայացվելու ձևով, միգուցե երկուսով միաժամանակ, հաստատ դուր էր գալիս գեղեցկուհուն: Նա, գլուխը մի փոքր առաջ բերած, իսկ վիզն էլ մի քիչ թեքած, իր փայլատակող աչիկներով ուշադիր երիտասարդին էր նայում ու լսում նրան ու ժպտում` ցուցադրելով վերին առջևի 6 մարգարիտները: Ամեն անգամ, երբ երաժշտության ռիթմը կտրուկ փոխվում էր, այդ ակնթարթին աղջիկը մի ակնթարթ հայացքը վեր էր գցում, ըմբռնում երաժշտությունը ու նստած տեղը սկսում հնչող ռիթմի պարը բռնել: Հա, էն էլ ասեմ, որ տղան էլ, ամեն անգամ երաժշտության նոր ռիթմին համահունչ աջն էր բարձրացնում ու մի որոշակի ժամանակ ցուցադրում նրա արվեստը...
Հերթական անգամ, երբ երաժշտության ռիթմը փոխվեց, տղան աջից բացի մարմինն էլ պարելով բարձրացրեց, մի ակնթարթ ստարտային դիրք ընդունեց ու սկսեց պարել, երևի հնչածների մեջ սա իր ամենասիրածն էր: Իսկ գեղեցկուհին, ինչպես որ քիչ առաջ նստած էր կիսաթեք ու փայլատակող աչքերով երիտասարդին էր նայում, հիմա էլ, նույն դիրքով նրա պարն էր դիտում: Երիտասարդն իրոք գեղեցիկ էր պարում, յուրատեսակ, արտիստական շարժումներով: Նա, ինչպես գրեթե միշտ, աջը օդում, պարելով մոտեցավ աղջկան, սեղանից սիգարետ վերցրեց, դրեց այն բերանը. հետո երաժշտության տակտին համապատասխան պարային շարժումներով, քիչ-քիչ աջ թեքվեց. մի փոքր կռացավ, գրպանից դուրս հանեց կրակայրիչը, գլանակը այրեց, կրակայրիչը նորից դրեց ջինսի աջ գրպանը ու ձեռքը, ափի կողմով, փորին սահեցնելով դեպի վեր բարձրացրեց, դեմքի վրայով հասցրեց ճակատին ու գլխին քսելով ձեռքը ետ տարավ, ինչպես որ կաներ ճակատին թափված երկարամազ մեկը: Տղան երկարամազ չէր, դա ընդամենը պարելու նրա ձևն էր, պետք է մտածեի ես...
Հենց այն պահին, երբ նա ձեռքի ափով ինքն իր ճակատը շոյեց, այդ նույն ակնթարթին էլ նրա հայացքը կայծակնային արագությամբ ինձ բռնացրեց, որ ուշադիր իրեն եմ նայում, չուշացավ նաև երկրորդ կայծակնային հայացքը, առաջինից աննշան երկար: Այս սովորական թվացող տեսարանը հազիվմեկ-երկու ակնթարթ տևեց, ու հենց այդ նույն ակնթարթին, ես ինքս ինձ հրաման տվեցի` STOP!: Ինչպես տեսած կադրը լավ չմբռնելու դեպքում տեսաերիզը մի փոքր ետ կտաինք ու ավելի ուշադիր կդիտենք …
Քիչ հետո ես, և տղան համոզվեցինք, որ «Stop» տվածս կադրը նաև աննկատ չմնաց աղջկա գեղեցիկ հայացքից, վերջինս, տղայի շարժումներով հիացած, նրա ամեն մի շարժումն էր ուսումնասիրում, հիանում այս յուրահատուկ պարաձևով ու հանկարծ նկատում է որ իր տեսածը, հիացածը տղան չէր, այլ սպիտակ փոշին, դրա ուժը, ազդեցությունը… Նա, իհարկե, բարձրաձայն ոչինչ էլ չասաց, տեղից պարելով վեր կացավ, ու պարելով քայլերն ուղղեց մուտքի կողմը: Քիչ հեռվում նա կանգնեց հայելու առջև, հետո գողտրիկ հայացքն ուղղեց մեր կողմը, ես կարծեցի, թե նա իր այդ կանգնելով ու այս կողմը նայելով, տղային է կանչում... Տղան էլ այդպես կարծեց , դեմքի փայլը ավելի արտահայտիչ դարձրած ու մարմինն էլ ավելի կոտրատելով, մոտեցավ նրան, բայց նույն պահին էլ արդեն մանթրաժային իրավիճակին բնորոշ քմծիծաղով հետ դարձավ: Հենց այդ պահին էլ տղան հասկացավ, որ ձեռքի ակնթարթային շարժումը աննկատ չէր մնացել ոչ միայն իմ կողմից, այլ նաև...գեղեցկուհին հիասթափված էր...նա գնաց:
Երիտասարդը վերադարձավ, սեղանից վերցրեց մեկ ծխախոտ և այրեց... Թե ինչ էր մտածում նա այդ պահին, դժվար է ասել: Միգուցե ափսոսում էր, որ կորցրեց գեղեցկուհուն, չէ՞ որ նա իրոք լավիկն էր: Միգուցե ընդամենը դարդ էր արել, որ գեղեցկուհին խորամանակ հայացքին չխաբվեց...
Վահագն Ղուկասյան
4 հունիսի, 2005, Փարիզ

Aucun commentaire: